Գլխավոր տեղեկություն
Համար
N 681
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.03.2005-17.11.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2002 թվականի N 681

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 3-ի N 681 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետև` համալսարան) կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բժշկական, դեղագիտական, հասարակագիտական, հումանիտար, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով ու կրթական ծրագրերի ձևերով:

2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

Համալսարանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 703 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 450 որոշմամբ վերակազմակերպվել է պետական ոչ առևտրային կազմակերպության:

3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, պետական ոչ առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրթական ու գիտական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

Համալսարանն իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական, կանխարգելիչ, բուժական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:

Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, մեդալ և բժշկի երդում:

4. Համալսարանի անվանումն է`

հայերեն լրիվ` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան,

հայերեն կրճատ` ԵՊԲՀ,

ռուսերեն լրիվ` Ереванский государственный медицинский университет имени Мхитара Гераци,

ռուսերեն կրճատ` ЕГМУ,

անգլերեն լրիվ` Yerevan State Medical University after Mkhitar Heratsi,

անգլերեն կրճատ` YSMU:

5. Համալսարանի գտնվելու վայրն է` Երևան, 375025, Կորյունի 2:

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Համալսարանի խնդիրներն են`

ա) առողջապահության համակարգի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը.

բ) բժշկական բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպումը.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացումը.

ե) բնակչության բժշկական օգնության կազմակերպումը.

զ) բժշկականխարգելիչ գործունեության ծավալումը.

է) բժշկական փորձագիտական գործունեության կազմակերպումը.

ը) բժշկական խորհրդատվական ծառայության կազմակերպումը.

թ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմաբժշկական բարձրագույն կրթությամբ սպաների պատրաստումը.

ժ) բժշկական, բնական, հասարակագիտական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը.

ժա) կրթության ու գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացման համակարգերի մշակումն ու արմատավորումը, ուսումնաարտադրական և ուսումնագիտաարտադրական համալիրների ստեղծումը.

ժբ) բժշկագիտության և դեղագիտության, ինչպես նաև գործնական առողջապահության նվաճումների քարոզչությունը, լուսավորչական գործունեությունը.

ժգ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպումը:

7. Համալսարանն իրավասու է`

ա) որոշելու իր կառուցվածքը, կառավարման սկզբունքները, կազմելու ուսումնական պլաններ և ծրագրեր.

բ) սահմանված կարգով իր կազմում ստեղծելու հիմնարկներ, բաժանմունքներ, ֆակուլտետներ, գիտահետազոտական կենտրոններ, կլինիկաներ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող վարժարաններ, ուսումնափորձարարական, ուսումնաարտադրական տնտեսություններ և այլ առողջապահական ստորաբաժանումներ (դեղատներ, ճամբար-առողջարաններ և այլն).

գ) շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի մեդալով.

դ) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, գերատեսչությունների, այլ կազմակերպությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ հաստատելու կապեր, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների ու ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն).

ե) կազմակերպելու կլինիկական օրդինատորների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների ընդունելությունը համալսարան.

զ) իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն և վճարովի ծառայություններ.

է) իրականացնելու բարեգործական գործունեություն:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան: Հիմնադիրն ունի համալսարանի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Համալսարանի ընդհանուր կառավարումն իրականացնում է լիազորված պետական մարմինը:

9. Համալսարանի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

10. Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը հինգ տարի է` այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի կազմը չի կարող գերազանցել աշխատողների թվի 10 տոկոսը: Խորհրդի անդամների 65 տոկոսը պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմը, 25 տոկոսը` ուսանողները, 10 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները: Խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, համալսարանի կազմում գործող այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդի մնացած անդամներն ընտրվում են համալսարանի կոլեկտիվի կողմից` ըստ ստորաբաժանումների` ռեկտորատի սահմանած համամասնությամբ:

11. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան երկու անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Խորհրդի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

12. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը և կազմակերպում ռեկտորի ընտրությունը.

դ) սահմանված կարգով մշակում և հաստատում է համալսարանի գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետև` վերահսկողություն իրականացնող մարմին) ընտրության կարգը, աշխատակարգը և կազմակերպում դրա անդամների ընտրությունը.

ե) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

զ) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

է) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

ը) քննարկում և հաստատում է վերահսկողություն իրականացնող մարմնի տարեկան հաշվետվությունը.

թ) քննարկում է համալսարանի տարեկան գործունեության մասին ռեկտորի հաշվետվությունը և հաստատում այն.

ժ) քննարկում ու հաստատում է համալսարանի կառուցվածքը, դրանում կատարվող փոփոխությունները և համալսարանի ստորաբաժանումների կանոնակարգերը:

13. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

14. Համալսարանի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական ու գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

գ) ընդունում է «Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր», «Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի պատվավոր վարիչ», «Երևանի պետական բժշկական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր», «Երևանի պետական բժշկական համալսարանի վաստակավոր դասախոս», «Երևանի պետական բժշկական համալսարանի վաստակավոր աշխատող» կոչումները շնորհելու, համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, համալսարանի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու մասին որոշումներ.

դ) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան` իրականացնում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունը.

ե) սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.

զ) հաստատում է ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունը.

է) նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.

ը) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

15. Համալսարանի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 45-ը:

Համալսարանի գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև, ռեկտորի նշանակմամբ, այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համալսարանի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

Ի պաշտոնե և ռեկտորի կողմից ընտրվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի թվակազմի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

16. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամաններով:

17. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իր կանոնակարգի համաձայն և իր լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը:

18. Ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի ղեկավարները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

19. Համալսարանի ընթացիկ ղեկավարությունը, իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան, իրականացնում է ռեկտորը, որն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

20. Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը:

21. Ռեկտորի ընտրությունները կատարվում են խորհրդի կողմից սահմանված կարգով` փակ գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

22. Համալսարանի ռեկտորը`

ա) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, առանց լիազորագրի հանդես է գալիս համալսարանի անունից, ներկայացնում նրա շահերը.

բ) կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

գ) հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստերը.

դ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տարեկան հաշվետվություն.

ե) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում համալսարանի կառուցվածքը, ինչպես նաև առաջարկություններ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու կամ լուծարելու վերաբերյալ.

է) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ը) սույն կանոնադրությանը համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքում ընդունված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ.

թ) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.

ժ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունները.

ժա) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կնքում է խոշոր գործարքներ.

ժբ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

23. Պրոռեկտորներն իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

24. Ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

25. Ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով համալսարանին պատճառված վնասի համար:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

26. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներն են մասնաճյուղերը, գիտական կենտրոնները, ֆակուլտետները, ռազմաբժշկական ֆակուլտետը, կլինիկական համալիրները, ամբիոնները, քոլեջը, բաժինները, գիտական գրադարանը, հրատարակչությունը, ուսումնաարտադրական բազաները և այլ ստորաբաժանումներ:

Համալսարանի կառուցվածքը սահմանվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից և հաստատվում ռեկտորի հրամանով:

Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված իրենց կանոնադրություններով:

27. Ֆակուլտետը համալսարանի ուսումնագիտական ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որը ձևավորվում է ըստ ընդհանուր մասնագիտական կողմնորոշման կամ ըստ գործունեության բնույթի: Ֆակուլտետի կազմում գործում են ամբիոններ և այլ ուսումնագիտական ստորաբաժանումներ:

Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը: Ֆակուլտետի խորհուրդը կազմավորվում է մինչև հինգ տարի ժամկետով` ֆակուլտետի ընդհանուր ժողովում և հաստատվում համալսարանի գիտական խորհրդում:

Ֆակուլտետի խորհուրդն ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում նրա ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ռեկտորին է ներկայացնում առաջարկություններ`

ֆակուլտետի դեկանի թեկնածության կամ նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման,

ֆակուլտետի կառուցվածքում նոր ամբիոններ, լաբորատորիաներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու,

ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, դասախոսի, ասիստենտի թափուր պաշտոնների մրցույթ անցկացնելու վերաբերյալ.

բ) համալսարանի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլաններն ու ծրագրերը.

գ) լուծում է ֆակուլտետի կրթական, բուժական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր.

դ) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին:

Ֆակուլտետի խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների 2/3-ը:

Ֆակուլտետի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Դրանք պարտադիր են ֆակուլտետի բոլոր աշխատողների և ուսանողության համար:

28. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է դեկանը, որին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով ընտրում է ֆակուլտետի խորհուրդը` մինչև հինգ տարի ժամկետով:

29. Ֆակուլտետի դեկանը`

ա) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

բ) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, բուժական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները.

դ) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

30. Ռազմաբժշկական ֆակուլտետն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բարձրագույն ռազմաուսումնական ստորաբաժանում է:

Ռազմաբժշկական ֆակուլտետն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմաբժշկական բարձրագույն կրթությամբ սպաների պատրաստումը, հետբուհական և հետդիպլոմային մասնագիտական կրթության կազմակերպումը, ֆակուլտետի համար գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը: Ֆակուլտետի կազմում գործում են նեղ մասնագիտական ամբիոններ և այլ ստորաբաժանումներ: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և ֆակուլտետի պետը:

(30-րդ կետը փոփ. 10.02.05 N 126-Ն)

31. Ռազմաբժշկական ֆակուլտետի խորհուրդը կազմավորվում է մինչև հինգ տարի ժամկետով` ֆակուլտետի ընդհանուր ժողովում և հաստատվում համալսարանի գիտական խորհրդում:

32. Ռազմաբժշկական ֆակուլտետի խորհուրդը`

ա) ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ռեկտորի հաստատմանը.

բ) լսում է ֆակուլտետի պետի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը.

գ) ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետի կազմում նոր ամբիոններ, լաբորատորիաներ ու այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու վերաբերյալ, որոնք հաստատվում են ռեկտորի կողմից` համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ.

դ) համալսարանի գիտական խորհուրդ է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլաններն ու ծրագրերը, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ռեկտորի կողմից.

ե) լուծում է ֆակուլտետի գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր.

զ) իրականացնում է ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Ֆակուլտետի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի բոլոր աշխատողների և ուսանողության համար:

(32-րդ կետը փոփ., լրաց. 10.02.05 N 126-Ն)

321 . Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`

ա) ռեկտորի հետ համատեղ հաստատում է ռազմաբժշկական ֆակուլտետի հաստիքացուցակները, ռազմաբժշկական և զինվորական պատրաստության ավարտական ու պետական քննական հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական և այլ անձնակազմի, կուրսանտների դրամական բավարարման, կրթաթոշակների, սննդի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերը, որոնք հատկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից.

բ) իրականացնում է ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(321 կետը լրաց. 10.02.05 N 126-Ն)

33. Ռազմաբժշկական ֆակուլտետը ղեկավարում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` համաձայնեցնելով ռեկտորի հետ:

34. Ռազմաբժշկական ֆակուլտետի պետը`

ա) համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի անդամ է.

բ) կենսագործում է ֆակուլտետի խորհրդի որոշումները.

գ) կազմակերպում է ֆակուլտետի ուսումնամեթոդական, ինչպես նաև կուրսանտների, ունկնդիրների, ուսանողների և սովորողների զինվորական դաստիարակության, աշխատանքային, զինվորական կարգապահության, ֆակուլտետի անձնակազմի մշտական ու զորահավաքային պատրաստականության և ուսումնանյութական բազաների ամրապնդման հետ կապված աշխատանքները.

դ) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ կուրսանտներին, ունկնդիրներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ.

ե) ռեկտորի հետ համաձայնեցնում է ամբիոնի պետի, պրոֆեսորի, դոցենտի, ավագ դասախոսի, դասախոսի, ասիստենտի թափուր պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցերը:

35. Համալսարանի կլինիկական համալիրը դրա ուսումնական, գիտական, բժշկաախտորոշիչ ստորաբաժանումներն են, որոնք ուսումնագիտական աշխատանքից բացի, ապահովում են նաև բնակչությանը ցույց տրվող բարձրորակ բժշկական օգնությունը:

36. Համալսարանական կլինիկաների կառուցվածքն ու կառավարումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և համալսարանական կլինիկաների կանոնադրություններով:

37. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) համալսարանի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսներին ու հետազոտողներին:

38. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է մրցութային հիմունքներով, մինչև հինգ տարի ժամկետով` ֆակուլտետի խորհրդի կողմից ամբիոնի կոլեկտիվի երաշխավորության ստացումից հետո:

Ֆակուլտետի խորհրդի որոշումը հաստատվում է համալսարանի գիտական խորհրդում` փակ գաղտնի քվեարկությամբ, որից հետո ռեկտորի հրամանով նշանակվում է ամբիոնի վարիչ, և նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

39. Ռազմաբժշկական ֆակուլտետի ամբիոնների պետերը նշանակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով` համաձայնեցվելով ռեկտորի հետ:

40. Ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմն աշխատանքի է ընդունվում մրցութային կարգով, որից հետո նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Ռազմաբժշկական ֆակուլտետի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմն աշխատանքի է ընդունվում մրցութային կարգով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ռեկտորի հրամաններով:

41. Համալսարանում միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է քոլեջում:

Քոլեջի կառուցվածքն ու կառավարման կարգը սահմանվում են սույն կանոնադրությամբ և քոլեջի կանոնադրությամբ:

42. Գիտահետազոտական կենտրոնը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որտեղ գիտական աշխատանք են կատարում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները, ասպիրանտները, կլինիկական օրդինատորները, հետազոտողները, ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով աշխատող այլ անձինք:

Գիտահետազոտական կենտրոնի կառուցվածքն ու կառավարման կարգը սահմանվում են սույն կանոնադրությամբ և գիտահետազոտական կենտրոնի կանոնադրությամբ:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

43. Համալսարանում կրթության գործընթացը կազմակերպվում և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով` ուսումնական ժամանակացույցին և դասացուցակներին համապատասխան:

44. Ուսանողների ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

45. Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը պետական պատվերի շրջանակներում կատարվում է ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այնպես էլ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կանոնակարգերով:

46. Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը պայմանագրային ու վճարովի հիմունքներով կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգի համաձայն:

47. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

48. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով. յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:

49. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

50. Համալսարանում հետդիպլոմային ուսուցումն իրականացվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

51. Համալսարանը կարող է անցնել բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում են համապատասխան մասնագիտական որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ): Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

52. Համալսարանի քոլեջի շրջանավարտներին տրվում են միջին մասնագետի որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ): Քոլեջի շրջանավարտների համալսարան տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

53. Համալսարանի գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

54. Համալսարանի գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աղբյուրները սահմանվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

55. Համալսարանին իրավունք է վերապահվում կազմակերպելու գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

56. Գիտական աստիճաններ շնորհում են համալսարանում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

57. Համալսարանի աշխատողներն են պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատողները: Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և համալսարանի այլ ակտերով:

58. Համալսարանի սովորողներն են ուսանողները, ինտերները, կլինիկական օրդինատորները, ասպիրանտները, հետազոտողները և այլ հայցորդներ: Համալսարանը նրանց ընձեռում է դասընթացների, մասնագիտացումների, ուսումնառության ձևերի ու մեթոդների այլընտրանքի հնարավորություններ:

59. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողների ուսման վարձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պետական պատվերից դուրս համալսարան ընդունված ուսանողները, ինչպես նաև այլ բուհերից տեղափոխվածները և երկրորդ մասնագիտությամբ սովորողները սահմանված կարգով վճարում են ուսման վարձ:

60. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են կրթաթոշակ:

61. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է համալսարանի կառավարման համապատասխան մարմիններում ուսանողների մասնակցությունը, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Ուսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է խորհրդի կանոնակարգով:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

62. Համալսարանի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից: Որպես սեփականություն հանձնվող գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ:

63. Համալսարանն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին ու իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

64. Համալսարանը կարող է անժամկետ և անհատույց օգտագործել հիմնադրի կողմից իրեն ամրացված ցանկացած գույք: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները համալսարանի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

65. Համալսարանի գույքի ստեղծման աղբյուրներն են`

ա) հիմնադրի կողմից համալսարանին սեփականության իրավունքով հատկացված գույքը,

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցները,

գ) միջոցներ, որոնք գոյանում են վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, հրատարակչական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից,

դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած նվիրատվությունները, բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները և կտակված գույքը,

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:

66. Համալսարանն օրենքով սահմանված կարգով ինքնուրույն է որոշում իրեն ամրացված գույքի, այդ թվում` բյուջետային միջոցների, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման կարգը:

67. Համալսարանն իրավունք ունի պետական լիազորված մարմնի համաձայնությամբ իրականացնելու ուսանողների ընդունելություն, մասնագետների պատրաստում ու վերապատրաստում` վճարովի պայմանագրային հիմունքներով:

68. Համալսարանի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

69. Համալսարանի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

70. Համալսարանի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով: Համալսարանի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.09.2005, N 1716-Ն 17.11.2005, N 681
10.02.2005, N 126-Ն 03.03.2005, N 681
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան