«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2002 թվականի N 2154-Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
4. Սահմանել, որ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական և հրատարակչական գործունեության իրականացումն է:
5. Թույլատրել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.
դ) ցուցահանդեսների և մշակութային այլ միջոցառումների կազմակերպում.
ե) հրատարակչական գործ.
զ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:
6. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
7. Սահմանել, որ`
ա) մինչև վերակազմակերպումը` «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկի վերակազմակերպումից հետո նշված հատկացումները ներառվում են «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.
բ) «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ակադեմիա) կրթական, գիտական և մշակութային պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացմանը:
2. Ակադեմիան 1945 թվականին հիմնադրված` Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 26-ի N 257 որոշմամբ վերանվանված` «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկի իրավահաջորդն է:
3. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
4. Ակադեմիան շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրներին համապատասխան իրավունքներ և պարտականություններ:
5. Ակադեմիան կարող է իր գործունեության նպատակներին համապատասխան իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
6. Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ ու բանկային հաշիվ:
7. Ակադեմիան ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
8. Ակադեմիայի անվանումն է`
հայերեն լրիվ` «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
հայերեն կրճատ` «ԵԳՊԱ» ՊՈԱԿ.
ռուսերեն լրիվ` “Армянская художественная государственная академия” государственная некоммерческая организация.
ռուսերեն կրճատ` “АХГА” ГНО
անգլերեն լրիվ` "Yerevan State Academy Of Fine Arts" state non-commercial organization.
անգլերեն կրճատ` "YSAFA" SNCO:
9. Ակադեմիայի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Իսահակյան 36:
II. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
10. Ակադեմիայի խնդիրներն են`
ա) արվեստագիտության, դիզայնի, կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի տարբեր ճյուղերի գծով բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.
բ) մանկավարժական, ուսումնագիտական և մեթոդական հետազոտությունների իրականացումը.
գ) ազգային մշակութային արժեքների քարոզումը.
դ) կերպարվեստի տեսական, ստեղծագործական և գիտական մշակումների կատարումն ու տարածումը.
ե) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան հաստատությունների հետ համագործակցելով` ուսուցման ձևերի բովանդակության կատարելագործումը.
զ) սփյուռքի հայ համայնքների հետ կապերի զարգացումը և սփյուռքահայ շնորհաշատ երիտասարդների համար ակադեմիայում ուսանելու պայմանների ստեղծումը:
11. Առաջադրված խնդիրներին համապատասխան ակադեմիան իրավասու է`
ա) որոշելու իր կառուցվածքը.
բ) շնորհելու մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ, ակադեմիայի պատվավոր կոչումներ և մրցանակներ.
գ) ծավալելու համագործակցություն միջազգային ասպարեզում.
դ) ունենալու գեղարվեստական սրահներ, ցուցասրահներ, թանգարաններ, կրթահամալիրներ, հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, հրատարակչություն.
ե) կնքելու պայմանագրեր գիտական, ուսումնական և մշակութային հաստատությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ.
զ) վարձակալության հանձնելու ամրացված գույքը` օրենքով սահմանված կարգով.
է) տնօրինելու իր ֆինանսական միջոցները:
12. Ակադեմիան կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) ցուցահանդեսների և մշակութային այլ միջոցառումների կազմակերպում.
բ) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
գ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
դ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.
ե) հրատարակչական գործ.
զ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:
13. Ակադեմիայում արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով:
III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
14. Ակադեմիայի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան: Հիմնադիրն ունի ակադեմիայի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ակադեմիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
15. Ակադեմիայի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանն ակադեմիայի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:
16. Ակադեմիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է նախարարությունը, որը`
ա) ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումն ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) իրականացնում է վերահսկողություն ակադեմիայի գործունեության նկատմամբ.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ակադեմիայի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.
դ) լսում է ակադեմիայի գործունեության մասին հաշվետվություններ.
ե) վերահսկողություն է իրականացնում ակադեմիային ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ, համաձայնություն է տալիս ակադեմիայի սեփական գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
զ) հաստատում է ակադեմիայի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը:
17. Ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը հինգ տարի է` խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 140-ը: Խորհրդի անդամների առնվազն 65 տոկոսը պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական անձնակազմը, 25 տոկոսը` ուսանողները և մինչև 10 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները: Խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը (խորհրդակցական ձայնի իրավունքով), պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ակադեմիայի կազմում գործող այլ ստորաբաժանումների ղեկավարներ, ակադեմիայի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը: Խորհրդի մնացած անդամներն ընտրվում են ակադեմիայի կոլեկտիվի կողմից` ըստ ստորաբաժանումների` ռեկտորատի սահմանած համամասնությամբ:
18. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Խորհրդի որոշումները կենսագործվում են ակադեմիայի ռեկտորի հրամանով: Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
19. Խորհուրդը`
ա) ընտրում է նախագահ.
բ) հաստատում է իր աշխատակարգը.
գ) կազմակերպում և անցկացնում է ակադեմիայի ռեկտորի ընտրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
դ) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ակադեմիայի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.
ե) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում ակադեմիայի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.
զ) սահմանված կարգով նախարարություն է ներկայացնում ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ.
է) քննարկում և հաստատում է ակադեմիայի տարեկան հաշվապահական և այլ հաշվետվություններ.
ը) քննարկում է ռեկտորի հաշվետվությունը ակադեմիայի տարեկան գործունեության մասին և հաստատում այն.
թ) հիմնադրի կողմից սահմանված կարգով սահմանում է ակադեմիայի շահույթի տնօրինման ուղղությունները:
20. Ակադեմիայի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
21. Գիտական խորհուրդը`
ա) հաստատում է իր կանոնակարգը.
բ) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.
գ) քննարկում է ակադեմիայի միջազգային համագործակցության ծրագրերը.
դ) մշակում է դիմորդների ընդունելության կանոնակարգի նախագծեր և դրանք ներկայացնում նախարարություն.
ե) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ակադեմիայի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.
զ) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերը և ներքին կարգապահական կանոնները.
է) քննարկում է ակադեմիայի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.
ը) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն.
թ) քննարկում է ակադեմիայի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ակադեմիայում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.
ժ) հաստատում է ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, կազմակերպում է թափուր տեղերի թեկնածուների մրցութային ընտրությունները.
ժա) շնորհում է ակադեմիայի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում է ակադեմիայի մեդալով, պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում թեկնածություններ.
ժբ) իրականացնում է ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից:
22. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 60-ը:
23. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ակադեմիայի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական վարչությունների (մասերի) վարիչները (պետերը), ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև ռեկտորի ընտրությամբ` կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):
24. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:
25. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում են ռեկտորի հրամանով:
26. Ակադեմիայի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ակադեմիայի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր կանոնակարգով սահմանված լիազորությունների սահմաններում, քննարկում է ակադեմիայի գործունեությանը վերաբերող հարցեր:
27. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ակադեմիայի գիտական քարտուղարը, ռեկտորի օգնականը և խորհրդականը, ֆակուլտետների դեկանները, գիտական ու ուսումնական վարչությունների (մասերի) ղեկավարները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամանով:
28. Ակադեմիայի ընթացիկ ղեկավարումը, իր իրավասության սահմաններում, իրականացնում է գործադիր մարմինը` ռեկտորը, որն ընտրվում է խորհրդի կողմից սահմանված կարգով, փակ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով: Ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող գիտությունների դոկտորը կամ պրոֆեսորը: Ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:
(28-րդ կետը լրաց. 13.03.03 N 250-Ն)
29. Ռեկտորը`
ա) ղեկավարում է ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.
բ) ներկայացնում է ակադեմիան պետական մարմիններում, կազմակերպություններում, հիմնարկներում, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ օտարերկրյա պետություններում.
գ) ապահովում է, ըստ մասնագիտությունների, մասնագետների պատրաստման և գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների կատարումը.
դ) կնքում է պայմանագրեր, բանկերում բացում է հաշիվներ.
ե) սահմանում է ակադեմիայի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
զ) կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ: Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանում է նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները.
է) հրավիրում է ակադեմիայի խորհրդի, գիտական խորհրդի ու ռեկտորատի նիստեր և ապահովում դրանց սերտ համագործակցությունը.
ը) սահմանված կարգով կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատողների և սովորողների նկատմամբ.
թ) ակադեմիայի ֆինանսական միջոցների շրջանակներում սահմանում է աշխատողների աշխատավարձերի և հավելավճարի չափերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծում է աշխատողների և սովորողների պարգևատրման ու ֆինանսական օգնությունների հետ կապված հարցերը.
ժ) հրամաններ է արձակում ուսանողների և ասպիրանտների ընդունելության, կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.
ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ակադեմիայի պրոռեկտորներին` սահմանելով նրանց գործունեության ոլորտներն ու պարտականությունները.
ժբ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
IV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Ակադեմիայի ստորաբաժանումներ են համարվում ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, քոլեջները, վարժարանները: Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով:
31. Ակադեմիան իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական և գիտական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը` նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:
32. Ակադեմիայի ֆակուլտետները գործում են ֆակուլտետների կանոնադրությունների հիման վրա:
Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Ֆակուլտետն իր խնդիրներին և իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական աշխատանքներին համապատասխան, մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից:
Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական ու այլ ստորաբաժանումներից:
33. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ակադեմիայի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում է դեկանի ամենամյա հաշվետվություններն ու գնահատում նրա գործունեությունը:
34. Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ:
Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:
35. Ֆակուլտետի խորհուրդը`
ա) ակադեմիայի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ.
բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցերը.
գ) ռեկտորին ներկայացնում է ֆակուլտետի ուսումնական պլանները` ակադեմիայի գիտական խորհրդում հաստատելու համար.
դ) ընտրում է ակադեմիայի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.
ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար:
36. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան:
Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` հինգ տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Խորհրդի նիստը իրավազոր է նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Ռեկտորն իր հրամանով դեկանին պաշտոնի է նշանակում քվեարկության արդյունքների և դեկանի ընտրությունների հիման վրա:
37. Ֆակուլտետի դեկանը`
ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, միջազգային և այլ գործունեություն.
բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.
գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալներին.
դ) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:
38. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ակադեմիայի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների օրինակելի կանոնադրության հիման վրա:
Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից և դասախոսներից:
39. Ակադեմիայի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է մրցութային կարգով` պայմանագրային հիմունքներով:
V. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
40. Ուսանողների ընդունելությունն ակադեմիա կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
41. Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության (էքստեռն) ձևերով:
42. Ակադեմիայում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:
43. Ակադեմիայում սահմանվում է ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություններ, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, արտադրական պրակտիկաներ, խորհրդատվություններ, ստուգողական աշխատանքներ:
44. ՈՒսումնառության ընթացքում ակադեմիան ուսանողներին ապահովում է ուսման համար անհրաժեշտ պայմաններով (ուսումնական և այլ գրականություն, լսատեսողական և այլ տեխնիկական միջոցներ, արվեստանոցներ, լաբորատորիաներ ու լսարաններ):
45. Ակադեմիայում կարող են կիրառվել ինչպես բարձրագույն կրթության եռաստիճան, այնպես էլ երկաստիճան համակարգեր: Ակադեմիայի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
46. Ակադեմիայում կատարվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ ու սեմինարներ:
47. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ակադեմիայի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:
VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
48. Ակադեմիայի աշխատողները պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատողներն են:
49. Ակադեմիայի սովորողները ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողներն ու հայցորդներն են:
50. Ակադեմիայի աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և ակադեմիայի այլ ակտերով:
51. Ակադեմիայի աշխատողները և սովորողներն իրավունք ունեն`
ա) ընտրելու և ընտրվելու ակադեմիայի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.
բ) մասնակցելու ակադեմիայի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.
գ) միավորվելու արհմիություններում և հասարակական այլ կազմակերպություններում.
դ) օգտվելու ակադեմիայի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:
52. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
53. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:
54. Ակադեմիայի աշխատողները և սովորողները պարտավոր են`
ա) կատարել սույն կանոնադրությունից և ակադեմիայի այլ իրավական ակտերից բխող հանձնարարականներ.
բ) կատարել ակադեմիայի ղեկավար մարմինների որոշումները.
գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.
ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ակադեմիայի գույքը.
զ) հոգալ ակադեմիայի հեղինակության բարձրացման մասին:
55. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
56. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմն ունի`
ա) մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման իրավունք.
բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.
գ) կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության իրավունք.
դ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:
Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ակադեմիայի աշխատողներին շնորհվում են ակադեմիայի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:
57. Ակադեմիայի ուսանողներ են համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:
58. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ակադեմիայի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, մրցույթով կազմակերպված ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքերում:
Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է համաձայն կնքված պայմանագրի և նախարարության կողմից սահմանված կարգի:
59. Ակադեմիայի ուսանողն իրավունք ունի`
ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.
բ) հաճախելու դասախոսություններին.
գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու ակադեմիայում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.
դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, ակադեմիայի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.
ե) օգտվելու ակադեմիայի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից.
զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.
է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար.
ը) սահմանված կարգով ընդգրկվելու ակադեմիայի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում.
թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն 7 շաբաթ տևողությամբ երկու արձակուրդ:
60. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Ակադեմիան իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:
61. Արգելվում է ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:
62. Ակադեմիայի ուսանողները պարտավոր են`
ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.
բ) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.
գ) պահպանել ակադեմիայի կանոնադրությունը և ներքին կանոնները.
դ) հաճախել դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.
ե) բարձր պահել ակադեմիայի պատիվն ու հեղինակությունը.
զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:
63. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ակադեմիան: ՈՒսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել ակադեմիայից:
64. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով, կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ակադեմիայից հեռացվելը:
65. Ակադեմիայի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
66. Դիպլոմում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): ՈՒսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:
67. Ակադեմիայի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը ակադեմիայի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:
68. Ակադեմիայի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:
69. Ակադեմիայի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:
70. Ակադեմիայի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել հինգ տարուց ավելի ժամկետով:
71. Ակադեմիայի գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
72. Ակադեմիայի կրթական, գիտական և այլ գործունեությունը ապահովելու նպատակով հիմնադիրը ակադեմիային ամրացնում է հիմնադրման պահին նրա ունեցած շենքերը, շինությունները, կառույցները, հողամասերը և անշարժ գույքի այլ տեսակներ, ինչպես նաև սարքավորումներ ու սպառողական, սոցիալական ու մշակութային նշանակության շարժական այլ միջոցներ` անժամկետ և անհատույց` տիրապետման, տնօրինման ու օգտագործման իրավունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
73. Ակադեմիայի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրների հաշվին`
ա) պետական գույք, որը հանձնվել է ակադեմիային անհատույց օգտագործման համար.
բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի համար, ինչպես նաև այլ ձևերով հատկացված միջոցներ.
գ) միջոցներ, որոնք գոյանում են ակադեմիայի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.
դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումներ, կտակված գույք.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
74. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթն ուղղվում է ակադեմիայի կանոնադրական խնդիրների իրականացմանը:
75. Ակադեմիայի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
76. Ակադեմիան իրավունք ունի հիմնադրի կողմից սահմանված կարգով վարձակալության տալու ամրացված գույքը: Այդպիսի գործունեությունից ստացված վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
77. Ակադեմիայի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում նախարարությունը, օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
78. Ակադեմիայի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման) նախարարության կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:
79. Ակադեմիան հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
VIII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
80. Ակադեմիայի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:
81. Ակադեմիայի լուծարման հետևանքով գոյացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.03.2012, N 245-Ն | 22.03.2012, N 2154-Ն | |
15.09.2005, N 1715-Ն | 17.11.2005, N 2154-Ն | |
09.06.2005, N 888-Ն | 21.07.2005, N 2154-Ն | |
13.03.2003, N 250-Ն | 03.04.2003, N 2154-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|