Գլխավոր տեղեկություն
Համար
N 1816-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2007-28.11.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.39
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1816-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա) 15-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական մասի և տարածքային ծառայությունների կառուցվածքն ու հաստիքացանկը.

բ) մեկամսյա ժամկետում` նորմատիվ հրամանով հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական մասի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 20-ի N 239 որոշման 2-րդ կետի «ե» ենթակետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
 նոյեմբերի 30-ի N 1816-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայությունն է:

2. Ճանապարհային ոստիկանությունն ստեղծվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ճանապարհային ոստիկանության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ օրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ` ոստիկանության պետ) հրամաններով:

4. Ճանապարհային ոստիկանությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Ճանապարհային ոստիկանության անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն,

հայերեն կրճատ՝ Ճանապարհային ոստիկանություն.

ռուսերեն լրիվ` Служба «Дорожная полиция» полиции Республики Армения,

ռուսերեն կրճատ ՝ Дорожная полиция.

անգլերեն լրիվ` Road police of the police of the Republic of Armenia,

անգլերեն կրճատ՝ Road police:

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ճանապարհային ոստիկանության խնդիրներն են՝

ա) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը.

բ) ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև քննությունը.

գ) ճանապարհներին հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը.

դ) ճանապարհներին հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը.

ե) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց` իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը ճանապարհներին:

7. Ճանապարհային ոստիկանության լիազորություններն են՝

ա) մասնակցությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.

բ) բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր մշակելը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ներկայացնելը.

գ) իր իրավասության սահմաններում վերահսկողությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության, ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների կատարման նկատմամբ.

դ) օրենքով իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի իրականացումը.

ե) իր իրավասության սահմաններում հսկողությունը ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ ներկայացնելը.

զ) փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքներ, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը սահմանափակելը կամ արգելելը, եթե ապահովված չեն ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները.

է) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ.

ը) օրենքով նախատեսված դեպքերում հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալը.

թ) իր իրավասության սահմաններում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների պետական հաշվառում իրականացնելը.

ժ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի օգտագործման իրավունքի աճուրդների կազմակերպումն ու անցկացումը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ տալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականներ տալը.

ժբ) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցում իրականացնելու լիցենզիա տվող մարմնին առաջարկություններ ներկայացնելը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելը.

ժդ) ճանապարհային երթևեկությունը կարգավորելը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տրանսպորտային միջոցները կանգնեցնելը, ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռի փաստաթղթերն ստուգելը և դրանց երթևեկությունը (շահագործումը) արգելելը.

ժե) տրանսպորտային միջոցները վարելուց այն անձանց մեկուսացնելը, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց` արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը.

ժզ) հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցներն արգելանքի տակ դնելը.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցների ուղեկցում իրականացնելը.

ժը) տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն տալը.

ժթ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.

ի) ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհված և վիրավորված անձանց և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում իրականացնելը.

իա) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում՝ վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը զննելը.

իբ) օրենքով սահմանված վճարովի ծառայություններ մատուցելը.

իգ) իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու առաջարկություններ ներկայացնելը.

իդ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող՝ օրենքով չարգելված տեղեկություններ հրապարակելը.

իե) համագործակցությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.

իզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

Ճանապարհային ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանում հանդես է գալիս որպես քաղաքացիական հայցվոր կամ դիմող, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ որպես քաղաքացիական պատասխանող:

 

III. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

8. Ճանապարհային ոստիկանությունը բաղկացած է ճանապարհային ոստիկանության վարչական մասից և նրան ենթակա ծառայություններից ու տարածքային՝ հաշվառման-քննական և ճանապարհապարեկային ծառայության շարային (գումարտակ, վաշտ, դասակ, խումբ) ստորաբաժանումներից, որոնք տեղակայվում են Երևան քաղաքում և մարզերում:

9. Ճանապարհային ոստիկանության վարչական մասի և նրան ենթակա ծառայությունների ու տարածքային ստորաբաժանումների կառուցվածքն ու հաստիքացանկը հաստատում է ոստիկանության պետը:

 

IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Ճանապարհային ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետը:

11. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոստիկանության պետին վերապահված՝ ճանապարհային ոստիկանության ղեկավարման լիազորությունների իրականացումը նրա կողմից կարող է հանձնարարվել ոստիկանության պետի տեղակալներից մեկին:

12. Ճանապարհային ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է ճանապարհային ոստիկանության պետը, որին «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ոստիկանության պետը:

13. Իր լիազորություններն իրականացնելիս ճանապարհային ոստիկանության պետը պատասխանատու է ոստիկանության պետի և (կամ) նրա իրավասու տեղակալի, և հաշվետու՝ միայն ոստիկանության պետի առջև:

14. Ճանապարհային ոստիկանության նկատմամբ ներգերատեսչական հսկողության ոլորտները, հսկողություն իրականացնող ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների շրջանակը և դրանց հսկողական լիազորությունները սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:

15. Ճանապարհային ոստիկանության պետը՝

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս ճանապարհային ոստիկանության անունից, ներկայացնում նրա շահերն ու կնքում է գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ճանապարհային ոստիկանության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է ճանապարհային ոստիկանության անունից հանդես գալու լիազորագրեր.

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ճանապարհային ոստիկանության քաղաքացիական աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.

ե) ոստիկանության պետին առաջարկություններ է ներկայացնում ճանապարհային ոստիկանության կառուցվածքի և հաստիքացանկի վերաբերյալ.

զ) պատասխանատու է ճանապարհային ոստիկանությունում տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար.

է) պատասխանատվություն է կրում ճանապարհային ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

ը) իր լիազորությունների սահմաններում ստորագրում է լոկալ և անհատական հրամաններ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ, լսում ճանապարհային ոստիկանության պետի տեղակալների հաշվետվությունները և տալիս համապատասխան գնահատական.

թ) միջնորդություն է ներկայացնում ոստիկանության պետին ճանապարհային ոստիկանության ծառայողներին պաշտոնում տեղաշարժելու, պաշտոնից ազատելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղելու կամ ոստիկանության հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ.

ժ) ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրամադրում է արձակուրդ, թույլատրում գործուղման, իր իրավասության սահմաններում խրախուսում կամ ենթարկում կարգապահական տույժի.

ժա) միջոցներ է ձեռնարկում ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստվածության, կատարողական և ծառայողական կարգապահության բարձրացման, ծառայողական գաղտնիքի պահպանումն ապահովելու ուղղությամբ.

ժբ) աշխատանքներ է տանում անձնակազմի համալրման, ուսուցման և դաստիարակության ուղղությամբ.

ժգ) իրականացնում է ճանապարհային ոստիկանության լիազորությունների կատարմանն ուղղված պարտականությունների բաշխումն իր տեղակալների և ճանապարհային ոստիկանության վարչական մասի կառուցվածքային ստորաբաժանումների միջև.

ժդ) հաստատում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի ծառայողների հերթապահության գրաֆիկը.

ժե) ստորագրում է ճանապարհային ոստիկանությունից առաքվող (այդ թվում` պետական այլ մարմիններ) փաստաթղթերը.

ժզ) ճանապարհային ոստիկանությունը ներկայացնում է պետական մարմիններում և կազմակերպություններում.

ժէ) իր ժամանակավոր բացակայության դեպքում ճանապարհային ոստիկանությունը ղեկավարելու լիազորությունը, ոստիկանության պետի հետ համաձայնեցնելով, հանձնարարում է իր տեղակալներից որևէ մեկին.

ժը) իրացնում է ոստիկանության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

16. Վարչական տույժ նշանակելու իրավասություն ունեցող ճանապարհային ոստիկանության ծառայողների` վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով որոշումը գանգատարկվելու դեպքերում այն քննելու իրավասություն ունեցող վերադաս պաշտոնատար անձ է հանդիսանում ճանապարհային ոստիկանության պետը կամ նրա կողմից լիազորված տեղակալը:

17. Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալները`

ա) պատասխանատվություն են կրում ճանապարհային ոստիկանությունում իրենց համադասմանը վերապահված լիազորությունների պատշաճ ապահովման համար, իրականացնում են ճանապարհային ոստիկանության՝ անմիջականորեն իրենց ենթակայության տակ գտնվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ ղեկավարումը.

բ) ենթակա ծառայողներին տալիս են պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ, լսում նրանց կատարողական հաշվետվությունները և զեկույցները.

գ) ենթակա ծառայողներին ցույց են տալիս անհրաժեշտ մեթոդական և գործնական օգնություն, միջոցներ ձեռնարկում նրանց մասնագիտական պատրաստվածության, կատարողական և ծառայողական կարգապահության բարձրացման, ծառայողական գաղտնիքի պահպանումն ապահովելու ուղղությամբ.

դ) անմիջականորեն կատարում են ճանապարհային ոստիկանության պետի անհատական հանձնարարականներն ու ցուցումները.

ե) առաջարկություններ են ներկայացնում ճանապարհային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, աշխատանքի պատշաճ կազմակերպման վերաբերյալ.

զ) առաջարկություններ են ներկայացնում ճանապարհային ոստիկանության կադրային համալրման վերաբերյալ.

է) ճանապարհային ոստիկանության պետին ներկայացնում են միջնորդություններ ենթակա ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական տույժի ենթարկելու, արձակուրդ տրամադրելու, պաշտոնում տեղաշարժելու վերաբերյալ.

ը) հաշվետու և պատասխանատու են ճանապարհային ոստիկանության պետին, վերջինիս բացակայության դեպքում փոխարինում են նրան.

թ) իրացնում են ոստիկանության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

 

V. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

18. Ճանապարհային ոստիկանության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև սույն կանոնադրության 19-րդ կետով նախատեսված ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցներից:

19. Արտաբյուջետային ֆոնդը կազմավորվում է՝

ա) մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումից ստացվող միջոցներից.

բ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի օգտագործման իրավունքի աճուրդների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշեր տրամադրելու արդյունքում ստացվող միջոցներից.

գ) օրենքով չարգելված տեղեկատվության վճարովի տրամադրումից ստացվող միջոցներից.

դ) ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներից.

ե) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարներից, այդ թվում` տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար.

զ) լուսացույցների խափանման դեպքերում` ճանապարհային երթևեկությունը վճարովի հիմունքներով կարգավորելու արդյունքում ստացվող միջոցներից.

է) արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման համար գանձվող վճարներից.

ը) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու համար նախատեսված վճարներից.

թ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար գանձվող վճարներից.

ժ) ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական նվիրատվություններից.

ժա) արտաբյուջետային ֆոնդի միջոցներով ձեռք բերված տեխնիկական սարքավորումների և տրանսպորտային միջոցների օտարումից ստացվող միջոցներից.

ժբ) ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման, ինչպես նաև իրավական իրազեկման նպատակով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին իրավական ակտերի և (կամ) դրանց մեկնաբանությունների վերաբերյալ հրատարակվող նյութերի վաճառքից.

ժգ) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին տրվող հաշվառման կտրոն տալու համար նախատեսված վճարներից:

20. Արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է՝

ա) ճանապարհային ոստիկանության համար տեխնիկական սարքավորումներ (համակարգչային ծրագրեր) և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, վարձակալելու, սպասարկելու և դրանց վառելիքաքսայուղային կարիքների համար.

բ) ճանապարհային ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավման և նյութական խրախուսման համար.

գ) ճանապարհային ոստիկանության ծառայողների վերապատրաստման (որակավորման) համար.

դ) ճանապարհային ոստիկանության շենքերի, շինությունների, ծառայության պայմանների բարելավման համար.

ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումների (համաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ և այլն) կազմակերպման, ինչպես նաև այդպիսի միջոցառումներին մասնակցելու (այդ թվում` այլ երկրներում կազմակերպվող) նպատակով գործուղումների համար.

զ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ կազմակերպող հասարակական կազմակերպություններին աջակցելու համար.

է) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների լուսաբանման նպատակով լրատվական գործունեության (հեռուստառադիոհաղորդումների կազմակերպում, հրատարակչական նյութերի տպագրում, գովազդների պատրաստում և տեղադրում) իրականացման համար.

ը) ճանապարհային ոստիկանության համար հուշանվերների, պատվոգրերի, մեդալների, կրծքանշանների և այլ խորհրդանիշերի պատրաստման համար.

թ) անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար:

21. Արտաբյուջետային ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով` պետական ֆինանսների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն:

22. Արտաբյուջետային ֆոնդի ծախսման հաշվետվությունը ներառվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տարեկան հաշվետվության մեջ:

23. Արտաբյուջետային ֆոնդի հաշվի միջոցների շրջանառությունը բյուջետային տարվա ընթացքում իրականացվում և այդ հաշվի մուտքերի նախահաշվային ու փաստացի, ինչպես նաև ելքերի դրամարկղային և փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան մուտքեր ու ելքեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան