Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-674
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.01.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 407 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

30 հունվարի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող քաղաքացիներ Հ. Վարդանյանի, Գ. Սարգսյանի և պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Հրաչ Վարդանյանի և Գագիկ Սարգսյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետի և 407 հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ քաղաքացիներ Հ. Վարդանյանի և Գ. Սարգսյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը վերաբերում են նույն հարցին, որոշել է դրանք միավորել և քննել դատարանի նույն նիստում:

Գործի քննության առիթը քաղաքացիներ Հ. Վարդանյանի և Գ. Սարգսյանի դիմումներն են սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչ Ա. Մկրտչյանի պարզաբանումները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 և 407 հոդվածները, գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թ. սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածը վերնագրված է. «Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք»: Մինչև 01.06.2006 թ. փոփոխությունները գործած` այդ հոդվածի 3-րդ կետում ամրագրված է եղել, որ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն` վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ` ամբաստանյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մասով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով: Նշված հոդվածի 3-րդ կետը` 01.06.2006 թ. ընդունված նոր խմբագրությամբ, սահմանում է, որ առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև վերաքննիչ դատարանի դատավճիռների և որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մասով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 3-րդ մասում ամրագրված է. «Այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը ... բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, վճռաբեկ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

3. Ըստ դիմողների` իրենց նկատմամբ կիրառված քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետի և 407 հոդվածի 3-րդ մասի նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 14, 14.1., 18, 19, 20 հոդվածներին, 91 հոդվածի 1-ին, 92 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, քանի որ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքներն առանց քննության թողնելով, խախտել է դատական պաշտպանության` արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործերի հրապարակային քննության իրավունքը, այսինքն` զրկվել են իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Հ. Վարդանյանի` իրավասու մարմիններին ուղղված բողոքի էությունը կայանում է նրանում, որ մինչև 2004 թ. հունվարի 16-ն ինքն աշխատել է «Արմենտել» 32 հեռախոսահաղորդակցման բաշխիչ ցանցում, սակայն 13.01.2004 թ. աշխատանքից ազատվելու մասին իր անունից կեղծ դիմում է գրվել և 16.01.2004 թ. իրեն ազատել են աշխատանքից, բացի դրանից, իրեն անհիմն կերպով դատապարտել են խուլիգանության համար: Նա, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, խնդրել է պարզել, թե ով է գրել դիմումն ու կեղծել իր ստորագրությունը և այդ առնչությամբ հարուցել քրեական գործ:

27.05.2005 թ. նախաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Հ. Վարդանյանի ստորագրությունը կեղծելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ` հանցակազմի բացակայության պատճառով: Նշված որոշման մասին 08.06.2005 թ. գրությամբ տեղյակ է պահվել Հ. Վարդանյանը:

Հ. Վարդանյանը 17.02.2006 թ. քննիչի կողմից իր ստորագրությունը կեղծելու փաստով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոք է բերել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որի հիման վրա դատարանը 21.02.2006 թ. Հ. Վարդանյանի բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

Գործում եղած նյութերով հիմնավորված է նաև, որ Գ. Սարգսյանը բազմիցս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակի, ԴԱՀԿ-ի և ՆԳ աշխատակիցների նկատմամբ, հայտնելով, որ վերջիններս դեռ դատաքննությունը չավարտված, առանց իր գիտության ներխուժել են իր սեփական բնակարան և տնօրինել իր գույքը:

ՀՀ գլխավոր դատախազությունը 16.03.2006 թ. գրությամբ տեղեկացրել է Գ. Սարգսյանին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն իր իրավունքների պաշտպանության համար կարող է դիմել դատարան:

Գ. Սարգսյանը 20.04.2006 թ. դիմել է վերաքննիչ դատարան՝ խնդրելով դատախազության կողմից իրեն ուղղված գրությունը «... դիտել որպես նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում և այն վերացնել անհիմն լինելու պատճառաբանությամբ»:

Վերաքննիչ դատարանը 03.05.2006 թ. Գ. Սարգսյանի բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ ՀՀ դատախազության գրությունը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի` կարող է բողոքարկվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան և ոչ թե վերաքննիչ դատարան, ինչը հիմք է բողոքն առանց քննության թողնելու համար (դատավորը որոշումը կայացրել է միանձնյա):

Վերաքննիչ դատարանի կողմից Հ. Վարդանյանի և Գ. Սարգսյանի նկատմամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքները ՀՀ վճռաբեկ դատարանը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ Հ. Վարդանյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետի համաձայն վճռաբեկ բողոք բերող սուբյեկտ չէ, իսկ Գ. Սարգսյանի դեպքում` վճռաբեկ դատարանը պատճառաբանել է, որ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ դատարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը և կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից: Այդ պայմաններում օրինական ուժի մեջ չմտած մինչդատական վարույթի ցանկացած որոշման բողոքարկումը բարձրագույն ատյան չի բխում նրա սահմանադրական կարգավիճակից: Բացառիկ դեպքերում նման բողոքները վճռաբեկ դատարանի քննարկման առարկա կարող են դառնալ, եթե այդ հարցն ունի սկզբունքային նշանակություն դատական պրակտիկայի համար»:

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողների փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Պատասխանողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանում գործը քննելու ժամանակ (2006 թ. փետրվարի 21-ին) ՀՀ քր. դատ. օր.-ի 185 հոդվածի 3-րդ մասով սահմանված էր հետևյալը. «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան»: Մեջբերված դրույթը բողոքարկման ժամկետային սահմանափակում չի բովանդակել: Վերոգրյալից բխում է, որ դատական կարգով քննիչի` նյութերով քրեական գործի հարուցելը մերժելու մասին որոշումը բողոքարկելու համար ՀՀ քր. դատ. օր.-ով սահմանափակումներ չեն եղել:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2006 թ. ապրիլի 7-ի որոշման պատճառաբանական մասում հղում կատարելով ՀՀ քր. դատ. օր.-ի 404 հոդվածի 3-րդ կետին` նշել է, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերող սուբյեկտների սպառիչ ցանկը: Հ. Վարդանյանը նշված սուբյեկտներից որևէ մեկի դատավարական վիճակ ձեռք չի բերել, հետևաբար, ՀՀ քր. դատ. օր.-ի 407 հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավունք չունի բողոքարկել վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումը: Այդ հիմքով վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր.-ի 404 հոդվածի 3-րդ կետով, Հ. Վարդանյանի 2006 թ. մարտի 24-ի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության: Նշվածից, ըստ պատասխանողի, կարելի է փաստել, որ Հ. Վարդանյանի գործով վերաքննիչ դատարանի վճիռը համարվել է վերջնական և բողոքարկման ոչ ենթակա:

ՀՀ քր. դատ. օր.-ի 404 հոդվածի 3-րդ կետի և 407 հոդվածի 3-րդ մասի նորմերը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու գործի քննության ընթացքում անհրաժեշտ է, ըստ պատասխանողի, հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀՀ քր. դատ. օր.-ի 185 հոդվածի 3-րդ մասը 2006թ. մայիսի 25-ի ՀՕ-91-Ն օրենքով փոփոխվել և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»: Այդ կարգը սահմանված է ՀՀ քր. դատ. օր.-ի 278 և 290 հոդվածներով:

Գ. Սարգսյանի գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ վերաքննիչ դատարանն իր` 03.05.2006 թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ ՀՀ գլխավոր դատախազության գրությունը ՀՀ քր. դատ. օր.-ի 290 հոդվածի համաձայն կարող է բողոքարկվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան և ոչ թե վերաքննիչ դատարան, ինչը հիմք է բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար: Ըստ պատասխանողի` Գ. Սարգսյանը  չի օգտվել ՀՀ քր. դատ. օր.-ի 290 հոդվածում նախատեսված բողոքարկման կարգից:

5. Գործի նյութերի վերլուծությունը վկայում է, որ.

ՀՀ վճռաբեկ դատարանն իր 07.04.2006 թ. և 06.06.2006 թ. որոշումներով բողոքները թողել է առանց քննության: Հ. Վարդանյանի վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշումը հիմնավորվել է ՀՀ քր. դատ. օր.-ի 407 հոդվածի 3-րդ մասով, այսինքն` Հ. Վարդանյանը չի հանդիսանում վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձ: Գ. Սարգսյանի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ «... օրինական ուժի մեջ չմտած մինչդատական վարույթի ցանկացած որոշման բողոքարկումը բարձրագույն ատյան, չի բխում նրա սահմանադրական կարգավիճակից: Բացառիկ դեպքերում նման բողոքները վճռաբեկ դատարանի քննարկման առարկա կարող են դառնալ, եթե այդ հարցն ունի սկզբունքային նշանակություն դատական պրակտիկայի համար»:

Առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի պահանջներով` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը Սահմանադրությամբ և օրենքով լիազորված չլինելով մեկ դատավորի կազմով կայացնելու որոշում բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ, 03.05.2006 թ. կայացրել է նման որոշում: Մյուս կողմից, այդ պահին գործել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի այն դրույթը, համաձայն որի` «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան»: Տվյալ դեպքում բողոքը ներկայացնելու համար օրենքով ժամկետային որևէ սահմանափակում չի նախատեսվել, որը փաստեց նաև պատասխանող կողմը: Լիազորված չլինելով գնահատելու ընդհանուր իրավասության դատարանի ակտերի սահմանադրականությունը, միաժամանակ կոչված լինելով ապահովելու ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը, սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հարցն ուղղակիորեն առնչվում է մարդկանց սահմանադրական իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանը, միայն դատական սխալի հաղթահարման և գործի հանգամանքների համակողմանի քննության արդյունքում է հնարավոր ստեղծել անհրաժեշտ արդարադատական նախադեպ և երաշխավորել Սահմանադրության 1, 3, 5, 6, 14 և մի շարք այլ հոդվածների պահանջների հետևողական կատարումը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ սույն գործի շրջանակներում ուշադրություն է հրավիրում իր այն իրավական դիրքորոշումների վրա, որոնք արտահայտվել են դատարանի 18 հոկտեմբերի 2006 թ. ՍԴՈ-652 որոշման պատճառաբանական մասում և վերաբերում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի սահմանադրականության գնահատմանը:

6. Ըստ ՀՀ քր. դատ. օր.-ի 404 հոդվածի 3-րդ կետի` վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև վերաքննիչ դատարանի դատավճիռների և որոշումների դեմ` ամբաստանյալը, արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մասով: Փաստորեն, օրենքի տվյալ նորմով վճռաբեկ բողոք բերելու իրավունք է վերապահվել քրեական դատավարության բոլոր մասնակիցներին: Նման իրավունքով օժտված չեն «այլ անձինք», քանի  որ խոսքը վերաբերում է առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի այն դատավճիռների և վերջինիս այն որոշումների բողոքարկմանը, որոնցով կատարվել է դատաքննություն և գործերին տրվել է վերջնական լուծում:

Մինչդեռ քրեական դատավարությունը բաղկացած է մի քանի փուլերից` հետաքննություն, նախաքննություն և այլն, որոնցով վարույթն իրականացնող մարմինները տարբեր են, և դատարանը քրեական գործն իր վարույթ է ընդունում միայն դատաքննության փուլում: Դատավարական մյուս փուլերի, մասնավորապես` մինչդատական վարույթի նկատմամբ, օրենսդիրը սահմանել է դատական վերահսկողության առանձնակի կարգ, որը բխում է այդ հարաբերություններում անձի իրավական կարգավիճակի առանձնահատկություններից:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ քննության առարկա գործով դիմողների դատական պաշտպանության իրավունքի չապահովման պատճառը ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետի և 407 հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության խնդրով է պայմանավորված, այլ իրավակիրառական պրակտիկայի արդյունք է, ուստի նպատակահարմար է համարում սույն գործով որոշման պատճառաբանական մասի վրա հրավիրել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուշադրությունը` դիմող կողմերի սահմանադրական իրավունքի օրենքով սահմանված կարգով իրացումն ապահովելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետը և 407 հոդվածի 3-րդ մասը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


30 հունվարի 2007 թվականի
ՍԴՈ-674

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան