Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-673
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.31/8(532) Հոդ.143
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.01.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

16 հունվարի 2007 թ.

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12 ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՆՈՐՄԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հ. Մարգարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 68 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի երկրորդ նախադասությունում ամրագրված նորմի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի թվով 30 պատգամավորների դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի հունվարի 17-ին և ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 14-ին։

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածը սահմանում է.

«Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով։ Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման և փոփոխման ենթակա չեն»։

2. Դիմող կողմը գտնում է, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի երկրորդ նախադասությունում ամրագրված նորմը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 5, 18, 27.1. և 31.1. հոդվածներին։

Դիմող կողմն իր դիրքորոշումը պատճառաբանում է հետևյալ հիմնավորումներով.

ա) օրենքի վիճարկվող դրույթը դատական իշխանությանը զրկում է իրեն բնորոշ այն լիազորությունից, որով կկարողանար լիարժեք իրականացնել արդարադատություն, քանի որ սպառողները զրկված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների մեծությունների հարցով դատարան դիմելու իրավունքից,

բ) հանրային ծառայություն մատուցողը և սպառողը զրկվում են իրենց իրավունքների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության իրավունքից,

գ) սպառողներն իրենց կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով չեն կարող իրավասու պետական մարմիններին ներկայացնել առաջարկություն և վերջիններից ստանալ պատշաճ պատասխան, քանի որ սակագների մեծությունն անփոփոխ է և չի կարող բողոքարկվել,

դ) վիճարկվող նորմը պետությանը հնարավորություն չի ընձեռում վերահսկելի դարձնել ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների սակագները և լիարժեք իրագործել սպառողների շահերի պաշտպանությունը։

3. Առարկելով դիմող կողմի պնդումների դեմ, պատասխանող կողմը գտնում է, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի վիճարկվող նորմը չի հակասում ՀՀ Սահմանադրության 5, 18, 27.1. և 31.1.  հոդվածներին, քանի որ օրենքի 12 հոդվածի առաջին նախադասությունում ամրագրված նորմը, համաձայն որի` հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով, հնարավորություն է ընձեռում դատարանին քննելու սակագին սահմանելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման օրինականությունը, այսինքն` օրենքով սահմանված կարգավորման սկզբունքներին համապատասխանությունը: Այս առումով սակագների մեծության դատական կարգով բողոքարկման և փոփոխման օրենսդրական արգելքը չի կարող հակասահմանադրական համարվել: Բացի դրանից, հանձնաժողովն օրենքով իրավասու է շահագրգիռ անձանց կամ իր նախաձեռնությամբ վերանայել հանրային ծառայությունների սակագների մեծությունները։

4. Սույն գործի հանգամանքների գնահատման համար սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

նախ` պետական իշխանության միասնական համակարգում հանձնաժողովի կարգավիճակի ու գործունեության սահմանադրաիրավական բովանդակությունը,

երկրորդ` հանձնաժողովի իրավաստեղծ գործունեության օրինականության նկատմամբ դատական վերահսկողության շրջանակները` այնքանով, որքանով այն առնչվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող նորմի սահմանադրականության խնդրին,

երրորդ` օրենքի վիճարկվող նորմով անձանց (այդ թվում` սպառողների) իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների ապահովման լիարժեքությունը։

Դիմող կողմն իր հիմնավորումներում բարձրացնում է նաև հանձնաժողովի նորմաստեղծ գործունեության բնագավառում անձանց (այդ թվում` սպառողների, կարգավորվող գործունեություն իրականացնող սուբյեկտների) խախտված իրավունքների, ըստ էության, վարչական (գերատեսչական) պաշտպանության իրավական հնարավորության խնդիրը։ Այդ առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանձնաժողովի և հանրային ծառայությունների բնագավառում ընդգրկված սուբյեկտների ու շահագրգիռ այլ անձանց միջև ծագած վեճերի արտադատական քննման և լուծման իրավական հնարավորությունը, որպես նաև ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածում ամրագրված իրավունքի իրացման միջոց, մանրամասնված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով և հանրային ծառայությունների բնագավառը կարգավորող օրենսդրական այլ ակտերով։ Բացի դրանից, հանձնաժողովն իր ընդունած որոշումների կիրառման բնագավառում ծագած հարցերի ճշտման նպատակով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87 հոդվածում նախատեսված հիմքով ու կարգով իրավասու է տալ պաշտոնական պարզաբանումներ։

5. Հանրային ծառայությունների կարգավորումը պետական կառավարման գործառույթ է, որը բխում է պետության` ՀՀ Սահմանադրության 31.1. հոդվածում նախատեսված խնդիրներից, համաձայն որի` պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ։

Սահմանադրական այդ նորմն իրացվել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում, որի 2, 4, 5 և 6 հոդվածների համաձայն պետության անունից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է իրավասու սակագնային քաղաքականություն իրականացնելու և լիցենզավորելու (գործունեության թույլտվություն տրամադրելու) միջոցով հանրային ծառայությունների ոլորտում իրականացնել պետական քաղաքականություն, որի նպատակն է` սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերի հավասարակշռումը, կարգավորվող անձանց համար գործունեության միատեսակ պայմանների ստեղծումը, մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը նպաստելը և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը խթանելը։

6. ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի համաձայն պետական իշխանությունն իրականացվում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա, պետական մարմինների` Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների շրջանակում։

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքով հստակեցված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավական կարգավիճակը, ըստ որի` հանձնաժողովն անկախ է իր իրավասության շրջանակներում և օժտված հանրային ծառայությունների սակագներ սահմանելու (կարգավորելու) բացառիկ լիազորությամբ։

Հանձնաժողովին օրենքի ուժով այդպիսի կարգավիճակ տրամադրելու առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ իշխանությունների բաժանման հիման վրա պետական իշխանության կազմակերպման սահմանադրաիրավական սկզբունքն ունենալով հիմնարար նշանակություն, միաժամանակ չի բացառում տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության պայմաններում կառավարման այնպիսի գործառույթի առկայությունը պետական իշխանության բնագավառում, ինչպիսին անկախ կարգավորումն է, որը բխում է ՀՀ Սահմանադրության ինչպես 83.2., 83.3. հոդվածների, այնպես էլ 83.5. հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի իրավական բովանդակությունից։ Որպես պետական կառավարման գործառույթ, ՀՀ Սահմանադրության 5 հոդվածին համապատասխան, այն ենթակա է հավասարակշռման պետական իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործառնական, հակակշռող և զսպող լիազորությունների շրջանակներում։ Սահմանադրաիրավական այդ սկզբունքն իր որոշակիությունն է ստացել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 13, 14, 16 և 19 հոդվածներում, որոնցում նախատեսված են օրենսդիր և գործադիր մարմինների հետ հանձնաժողովի գործառնական փոխհարաբերությունների, իսկ 12 հոդվածում` գործունեության դատական վերահսկողության շրջանակները։

7. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի համաձայն կարգավորվող ոլորտն ընդգրկում է էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառները և ջրային համակարգը։ Այդ բնագավառներում հանձնաժողովի լիազորությունները և իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները նախատեսված են նաև «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներով և ՀՀ ջրային օրենսգրքով։

Վերոհիշյալ բնագավառներում իրականացնելով սակագնային քաղաքականություն և լիցենզավորող (գործունեության թույլտվություն տրամադրող) գործունեություն, հանձնաժողովը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 5, 11 հոդվածներին, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4, 18 հոդվածներին և օրենսդրության այլ ակտերին համապատասխան ընդունում է նորմատիվ իրավական ակտեր` որոշումներ, որոնք ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են և սահմանված կարգով ենթակա պետական իրավական փորձաքննության, պետական գրանցման և պաշտոնական հրապարակման։

Կազմակերպական հարցերով հանձնաժողովն իրավասու է ընդունել նաև անհատական իրավական ակտի ուժ ունեցող որոշումներ` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածին համապատասխան։ Նույն հոդվածում սահմանված են նաև հանձնաժողովի որոշումների ընդունման կարգն ու պայմանները։

Հանձնաժողովի իրավաստեղծ գործունեության վերլուծությունը վկայում է, որ նորմատիվ իրավական ակտերով սահմանվել և գործողության մեջ են դրվել կարգավորվող բնագավառներում մատուցվող ծառայությունների սակագները, դրանց սահմանման ու վերանայման կարգը, հաշվարկման մեթոդիկան, անհրաժեշտ ցուցանիշները, կարգավորվող անձանց կողմից հանձնաժողովին հաշվետվություն և տեղեկատվություն ներկայացնելու կարգը և այլն։

8. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի երկրորդ նախադասությունում ամրագրված նորմի սահմանադրականությունը վիճարկելու հիմքում ըստ էության ընկած է հանձնաժողովի գործունեության նկատմամբ դատական լիարժեք վերահսկողության սահմանադրաիրավական շրջանակների որոշման հարցը, և նաև այն խնդիրը, թե որքանով է օրենքի վիճարկվող նորմն ապահովում ՀՀ Սահմանադրության 18 հոդվածում երաշխավորված արդարադատության մատչելիության սկզբունքի  իրականացումը։

Պետական կառավարման բնագավառում դատական վերահսկողության օրենսդրական ընդհանուր լիազորություններից հետևում է, որ կարգավորման ոլորտում դատարանի խնդիրն է ՀՀ քաղաքացիական, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով քննել.

ա) հանձնաժողովի մասնակցությամբ` պետաիրավական, վարչաիրավական և այլ իշխանական ենթակայության վրա հիմնված իրավահարաբերություններից ծագող վեճերը,

բ) անձի (այդ թվում` սպառողի, կարգավորվող գործունեություն իրականացնող սուբյեկտի) իրավունքները, ազատությունները և օրինական շահերը խախտող, հանձնաժողովի` օրենքին հակասող ակտերն ամբողջովին կամ մասնակի անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերը։

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14 հոդվածում նախատեսված են վերոհիշյալ բնագավառում անձանց խախտված իրավունքների դատական պաշտպանության հնարավոր եղանակները։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների դատական բողոքարկման պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ հանրային ծառայությունների սակագների մեծությունների վերաբերյալ քննության է ընդունվել 1 բողոք, արդյունքում Երևան քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2006 թ. մայիսի 2-ի որոշմամբ մերժել է այն` հիմք ընդունելով սակագների մեծության բողոքարկման արգելքի վերաբերյալ օրենսդրական պահանջը։

Դատական նման պրակտիկայի ձևավորումը թերևս մասամբ բխում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի ինչպես 12 հոդվածի վիճարկվող նորմի, այնպես էլ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի իրավական բովանդակությունից, որոնցում պարզորոշ հստակեցված չեն հանձնաժողովի` որպես կարգավորիչ մարմնի, իրավաստեղծ գործունեության օրինականության նկատմամբ դատական վերահսկողության չափանիշները, այդ թվում` նաև սակագների մեծությունների մասով։ Մինչդեռ հանձնաժողովի որոշումների դատական բողոքարկման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հայեցակարգային խնդիրը հստակ լուծում է ստացել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 58 հոդվածում։

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանձնաժողովի որոշման բողոքարկման հարց քննելիս` դատական վերահսկողության խնդիրը ոչ թե այդ մարմնի` օրենքով սահմանված բացառիկ գործառույթների կրկնօրինակումն է, մասնավորապես` հանրային ծառայությունների սակագների դրույքաչափ սահմանելու, փոփոխելու միջոցով, կամ անկախ գործելու իրավասությամբ օժտված մարմնի գործունեությանը շարունակական և գործառնական վերահսկողությամբ միջամտելը, այլ` հիմնվելով հանրային ծառայությունների բնագավառում հանձնաժողովի սակագնային և լիցենզավորման (գործունեության թույլտվություն տրամադրող) գործունեության, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական և օրենսդրական չափանիշների վրա, այդ մարմնի որոշումների` այդ թվում նաև սակագների սահմանման վերաբերյալ, օրինականությունը վերահսկելը։ Այդ է վկայում նաև այլ պետությունների պրակտիկայի ուսումնասիրությունը, համաձայն որի` սակագնային գործունեություն իրականացնող անկախ մարմինների որոշումները կարող են բողոքարկվել վարչաարդարադատական կարգով և այն էլ` օրենքին կամ իրավասությանը վերաբերող առարկայական հարցերի շրջանակներում։

Անձի իրավունքների ապահովման ու պաշտպանության տեսանկյունից Սահմանադրության 18 հոդվածի նպատակն իրավունքների խախտումների մասին անձի պնդումների դատական քննության և այդպիսի խախտումների հետևանքները վերացնելու իրավունքի երաշխավորումն է: Այդ իրավունքը սահմանափակման ենթակա չէ, և արդար դատավարության իրավունքը ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնական հատկանիշներից մեկն է:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում միաժամանակ արձանագրել, որ օրենքը պետք է ոչ թե արգելափակի անձանց սահմանադրական իրավունքը` դատական կարգով բողոքարկելու հանձնաժողովի որոշումները, այլ հստակեցնի այդ ակտերի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության չափանիշները` պարտադիր ապահովելով ինչպես անձի իրավունքների դատական պաշտպանության լիարժեք մատչելիությունը, այնպես էլ պետական այդ մարմնի` օրենքով երաշխավորված անկախությունն ու գործառույթների բացառիկությունը։ Խնդիրն այս հարցում ողջամիտ հավասարակշռության ապահովումն է: Այդ նպատակով դատական վերահսկողության խնդիրն է, մասնավորապես,  պարզել.

- ակտերի համապատասխանությունն օրենսդրությանը և հանձնաժողովի լիազորություններին,

- ակտերի հիմքում դրված փաստական հանգամանքների անվիճելիությունը,

- ընթացակարգային նորմատիվ կանոնների պահպանումը,

- կիրառված սահմանափակումների իրավական հիմնավորվածությունը, անխտրականությունը և ողջամտությունը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ որևէ դատարան չի կարող սահմանել հանրային ծառայության սակագին կամ փոփոխել հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը, այլ վերոհիշյալ ընդհանուր խնդրի շրջանակներում կարող է պարզել հանձնաժողովի կողմից կարգավորման օրենսդրական կարգի ու սկզբունքների պահպանումը։ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածում, մասնավորապես, ամրագրված են կարգավորման այդպիսի հետևյալ հիմնական սկզբունքները.

ա) կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից` օրենքներով լիազորված իրավասությունների շրջանակում,

բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը,

գ) կարգավորման թափանցիկության ապահովումը հասարակության համար,

դ) սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը,

ե) սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը,

զ) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց` կարգավորման շրջանակների սահմանափակումը։

Հանրային ծառայության սակագնի վերաբերյալ հանձնաժողովի որոշումը վերոհիշյալ որևէ չափանիշի չհամապատասխանելու դեպքում` դատական վերահսկողության խնդիրն այդ ակտն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը մատնանշելն է` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում և որոշակի կարգով վերանայել իր որոշումը։

9. ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում կարևորել նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող նորմի սահմանադրականությունը նաև պետական կառավարման բնագավառում նորմատիվ ակտերի դատական բողոքարկման արդյունավետության ապահովման տեսանկյունից` շեշտելով նյութական և ընթացակարգային նորմատիվ իրարամերժ կարգավորման արդյունքում` անձի իրավունքների պաշտպանության իրավական միջոցների սահմանափակման անթույլատրելիությունը` վերահաստատելով իր` 2006 թ. նոյեմբերի 16-ի ՍԴՈ-665 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը։

Հայաստանի Հանրապետության` որպես իրավական, ժողովրդավարական պետության, Սահմանադրությունն անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավորման վերաբերյալ պարունակում է բազմաթիվ նորմեր, որոնց իրականացումն ապահովվում է նորմատիվ իրավական ակտերի միջոցով։ Դրանք կիրառելի են ՀՀ Սահմանադրության 6 հոդվածից բխող իրավական գերակայության սկզբունքով։ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ մասում, 9 հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում, 24 հոդվածում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1, 3, 6 և 8 հոդվածներում մանրամասնված է սահմանադրաիրավական այդ սկզբունքի կիրառման բովանդակությունը քաղաքացիական իրավահարաբերությունների կարգավորման բնագավառում, որից բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի գերակայող նշանակությունը, այդ թվում՝  նաև քաղաքացիական իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության բնագավառում։

Սակայն «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի վիճարկվող նորմի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 15 հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15, 16 հոդվածների նորմերի համադրումից ակնհայտ է անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրարամերժ երաշխավորումը, մասնավորապես` պետական մարմնի իրավական ակտի բողոքարկման իրավունքի իրացման մասով։ Այսպիսի դեպքերում, իրավական համակարգում առկա միմյանց հակասող նորմերը ոչ միայն չեն ապահովում հասարակական հարաբերությունների արդյունավետ կարգավորում, այլև սահմանափակում են ՀՀ Սահմանադրությամբ (18, 19 հոդվածներ) երաշխավորված անձի իրավունքների պաշտպանության իրավական հնարավորությունները, այդ թվում` դատական կարգով, արդյունքում չեն բխում ՀՀ միջազգային պարտավորություններից, հետևաբար` նաև ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի (2րդ մաս) պահանջներից։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 2-րդ նախադասությունում ամրագրված դրույթը, համաձայն որի` հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 2րդ նախադասությունում ամրագրված դրույթը, համաձայն որի` հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 (1-ին մաս) և 43 (2-րդ մաս) հոդվածներին հակասող և անվավեր։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


16 հունվարի 2007 թվականի
ՍԴՈ-673