ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 դեկտեմբերի 2006 թ. |
N 109 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԿԱՄ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻՆ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով քրեական դատավարությունում մեղադրյալին կամ ամբաստանյալին (այսուհետ՝ մեղադրյալ) անվճար իրավաբանական օգնություն տրամադրելիս Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների կիրառման դատական պրակտիկան, արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում վերոնշյալ օրենքներով սահմանված դրույթները։
Այնուհանդերձ, դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատարանները մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելիս չեն կայացնում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին որոշում կամ տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ (այսուհետ՝ Հանրային պաշտպանի գրասենյակ) դիմում ներկայացնելիս չեն կցում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին որոշումը։ Հանդիպում են նաև դեպքեր, երբ գործում հանրային պաշտպան ներգրավելու մասին Հանրային պաշտպանի գրասենյակին ուղղված դատարանի դիմումը նախորդում է մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին դատարանի որոշման կայացմանը։ Արդյունքում լինում են դեպքեր, երբ հանրային պաշտպանը ներկայանում է դատարան, սակայն դատավարությանը մասնակից չի դարձվում և ձեռք չի բերում պաշտպանի կարգավիճակ։
Մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասով, ըստ որի «օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ մեղադրյալն իրավունք ունի օգտվել նշանակովի պաշտպանի ծառայություններից անվճար, եթե նա բավարար միջոցներ չունի պաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, երբ դա պահանջում են արդարադատության շահերը։
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին՝ ելնելով նրա գույքային դրությունից»։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցը լուծելիս դատարանը պետք է գնահատի մեղադրյալի գույքային դրությունը և արդարադատության շահի առկայությունը։
Դատարանը մեղադրյալի գույքային դրությունը գնահատելիս պետք է հաշվի առնի նրա տարեկան եկամտի չափը, ընտանիքի կազմը, առողջական վիճակը և այլ հանգամանքներ։
Արդարադատության շահը գնահատելիս դատարանը պետք է ելնի մեղադրյալի տարիքից, կրթությունից, քրեական գործի բարդությունից, մեղսագրվող արարքի համար նախատեսվող պատժի խստությունից և այլ հանգամանքներից:
2. Մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում։
3. Մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին որոշումը դատարանը կարող է կայացնել դատական քննության ցանկացած փուլում։ Դատարանը կարող է մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցը քննարկել ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ մեղադրյալի միջնորդությամբ։ Մեղադրյալի միջնորդությունը պետք է լինի պատճառաբանված և պարունակի սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկությունները։ Քրեական գործով արդարադատությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու համար անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցը դատավորի կողմից կարող է լուծվել նաև դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելիս։
4. Մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին դատարանի որոշման պատճենը՝ գործին հանրային պաշտպան ներգրավելու դիմումի հետ միասին պետք է ուղարկվի Հանրային պաշտպանի գրասենյակ։
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ |
Հ. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|