Գլխավոր տեղեկություն
Համար
N 1739-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2007-24.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1390
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1739-Ն

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 186-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել թափոնների պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. դեկտեմբերի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 7-ի N 1739-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների պետական հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Թափոնների պետական հաշվառման հիմնական նպատակը թափոնների գոյացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումն է, որն անհրաժեշտ է թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման համար:

3. Պետական հաշվառման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացող արտադրության և սպառման թափոնների ծավալները:

4. Թափոնների պետական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սույն կարգի համաձայն:

5. Թափոնների պետական հաշվառումն իրականացվում է վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության և սպառման) տեղադրում իրականացնող իրավաբանական անձանց (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերի) կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» N 1 ձևի-թափոն տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ` վարչական վիճակագրական հաշվետվություններ) տվյալների հիման վրա:

6. Վարչական վիճակագրական հաշվետվությունները կազմվում են դրանց հաստատված ձևին և լրացման հրահանգին համապատասխան և ներկայացվում լիազոր մարմին:

7. Վարչական վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան