Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Մեղրու քաղաքային համայնքի ավագանի
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2006

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձԵՎերի վերացման մասին կոնվենցիայի կամընտիր

Ա ր ձ ա ն ա գ ր ու թ յ ու ն

 

Սույն Արձանագրության Մասնակից պետությունները,

նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը վերահաստատում է հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքների, մարդու արժանապատվության և պատվի ու տղամարդկանց և կանանց  իրավահավասարության նկատմամբ,

նշելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 217 Ա (III) Բանաձևը հռչակում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, և որ յուրաքանչյուր ոք օժտված է Հռչակագրում ամրագրված իրավունքներով ու ազատություններով` առանց որևէ տարբերակման, այդ թվում` նաև հիմնված սեռի վրա,

վկայակոչելով, որ Մարդու իրավունքների 2200 Ա (XXI) Բանաձևի վերաբերյալ միջազգային դաշնագրերը, հավելվածը և միջազգային այլ փաստաթղթերն արգելում են խտրականությունը` հիմնված սեռի վրա,

վկայակոչելով նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան (Կոնվենցիա), որում Մասնակից պետությունները դատապարտում են կանանց նկատմամբ խտրականությունը իր բոլոր ձևերով և համաձայնում են բոլոր համապատասխան միջոցներով և առանց հետաձգման հետամուտ լինել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականությանը,

վերահաստատելով իրենց վճռականությունը` ապահովել կանանց կողմից մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք և հավասար ապահովումը և արդյունավետ քայլեր ձեռնարկել այդ իրավունքների և ազատությունների ոտնահարման կանխարգելման ուղղությամբ,

համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Հոդված 1

 

Սույն Արձանագրության Մասնակից պետությունը (Մասնակից պետություն) ընդունում է Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (Կոմիտե)` 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված հաղորդագրություններն ընդունելու և քննարկելու իրավասությունը:

 

Հոդված 2

 

Հաղորդագրությունները կարող են ներկայացվել Մասնակից պետության իրավազորության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ նրանց անունից, ովքեր պնդում են Մասնակից պետության կողմից՝ Կոնվենցիայում նշված իրենց իրավունքների ոտնահարման մասին: Երբ հաղորդագրությունը ներկայացվում է անհատների կամ անհատների խմբերի անունից, այն ուղեկցվում է այդ անձանց համաձայնությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հեղինակը կարող է հիմնավորել առանց իրենց համաձայնության իրենց անունից կատարվող գործողությունները:

 

Հոդված 3

 

Հաղորդագրությունները ներկայացվում են գրավոր և չպետք է լինեն անանուն: Կոմիտեն չի ընդունում որևէ հաղորդագրություն, եթե այն վերաբերում է սույն Արձանագրության մասնակից չհանդիսացող` Կոնվենցիայի Մասնակից պետության:

 

Հոդված 4

 

1. Կոմիտեն չի քննարկում հաղորդագրությունը, քանի դեռ չի համոզվում, որ սպառվել են ներպետական բոլոր միջոցները` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների կիրառումը ոչ խելամիտ կերպով ձգձգվում է, կամ եթե դրանց կիրառումը ակնհայտորեն չի  հանգեցնում արդյունավետ լուծման:

2. Կոմիտեն անընդունելի է հայտարարում հաղորդագրությունը, եթե.

ա) նույն գործն արդեն քննվել է Կոմիտեի կողմից, կամ եթե այն քննվում կամ արդեն քննվել է միջազգային հետաքննչական կամ կարգավորման այլ ընթացակարգով.

բ) այն անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ.

գ) այն ակնհայտորեն թերի է կամ բավարար հիմնավորված չէ.

դ) այն հաղորդագրություն ներկայացնելու իրավունքի չարաշահում է.

ե) հաղորդագրության հիմք հանդիսացող փաստերը տեղի են ունեցել սույն Արձանագրության` շահագրգիռ Մասնակից պետության համար ուժի մեջ մտնելուց առաջ` բացառությամբ, եթե տվյալ փաստերը շարունակել են գրանցվել վերոհիշյալ պահից հետո:

 

Հոդված 5

 

1. Հաղորդագրությունը ստանալուց հետո` ցանկացած պահի, և մինչև գործի բովանդակության վերաբերյալ որոշում կայացնելը Կոմիտեն կարող է շահագրգիռ Մասնակից պետությունից պահանջել քննարկելու բողոքի ապահովման ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին դիմումը, որոնք անհրաժեշտ կարող են լինել ենթադրվող խախտման զոհին կամ զոհերին անհատուցելի վնասի պատճառումը կանխելու համար:

2. Եթե Կոմիտեն իրականացնում է սույն հոդվածի 1-ին կետում նշված իր իրավասությունը, ապա դրանից չի բխում, թե նա որոշում է կայացրել գործի ընդունելի լինելու կամ բովանդակության վերաբերյալ:

 

Հոդված 6

 

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ Կոմիտեն անընդունելի է համարում` առանց վկայակոչելու շահագրգիռ Մասնակից պետությանը և պայմանով, որ անհատը կամ անհատները տվել են իրենց համաձայնությունը` իրենց ինքնությունը Մասնակից պետությանը բացահայտելու համար, Կոմիտեն գաղտնի կերպով Մասնակից պետության ուշադրությանն է ներկայացնում սույն Արձանագրության համաձայն իրեն ուղարկված ցանկացած հաղորդագրություն:

2. Վեց ամսվա ընթացքում ստացող Մասնակից պետությունը գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ է ներկայացնում Կոմիտեին՝ պարզաբանելով խնդիրը և այդ Մասնակից պետության կողմից դրան տրված լուծումները, եթե այդպիսիք եղել են:

 

Հոդված 7

 

1. Կոմիտեն սույն Արձանագրության համաձայն ստացված հաղորդագրությունը քննության է առնում անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ նրանց անունից և շահագրգիռ Մասնակից պետության կողմից տրամադրված տեղեկությունների լույսի ներքո՝ պայմանով, որ այդ տեղեկությունները փոխանցված են երկու կողմերին:

2. Սույն Արձանագրության համաձայն ստացված հաղորդագրությունները քննելիս Կոմիտեն անցկացնում է փակ նիստեր:

3. Հաղորդագրությունը քննելուց հետո Կոմիտեն շահագրգիռ կողմերին է ուղարկում հաղորդագրության վերաբերյալ իր տեսակետները առաջարկությունների հետ միասին, եթե այդպիսիք կան:

4. Մասնակից պետությունը պատշաճ կերպով ուսումնասիրում է Կոմիտեի տեսակետները և, առկայության դեպքում, առաջարկությունները և վեց ամսվա ընթացքում Կոմիտեին է ուղարկում գրավոր պատասխան` ներառյալ Կոմիտեի տեսակետների և առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված ցանկացած գործողության վերաբերյալ տեղեկատվությունը:

5. Կոմիտեն կարող է Մասնակից պետությանը առաջարկել լրացուցիչ տեղեկություն տրամադրել Կոմիտեի տեսակետներին և, եթե այդպիսիք առկա են, առաջարկություններին ի պատասխան ձեռնարկված ցանկացած միջոցի մասին, այդ թվում` նաև, եթե Կոմիտեն նպատակահարմար է գտնում, այդ մասին նշել Մասնակից պետության կողմից Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն տրամադրվող հետագա հաշվետվություններում:

 

Հոդված 8

 

1. Եթե Կոմիտեն հավաստի տեղեկատվություն է ստանում Մասնակից պետության կողմից Կոնվենցիայում ամրագրված իրավունքների լուրջ և պարբերական խախտումների մասին, Կոմիտեն առաջարկում է Մասնակից պետությանը համագործակցել տեղեկատվությունը քննելու ուղղությամբ և այդ նպատակով ներկայացնել համապատասխան տեղեկությունների վերաբերյալ դիտարկումներ:

2. Հաշվի առնելով գործի վերաբերյալ տվյալ Մասնակից պետության կողմից ներկայացված ցանկացած դիտարկումը, ինչպես նաև այդ առնչությամբ տրամադրված այլ հավաստի տեղեկատվությունը, Կոմիտեն կարող է իր մեկ կամ ավելի անդամներին հանձնարարել անցկացնել հետաքննություն և հրատապ զեկույց ներկայացնել Կոմիտեին: Հիմնավորված լինելու և Մասնակից պետության համաձայնության դեպքում այդ հետաքննությունը կարող է ներառել նաև այդ պետության տարածք այցելությունը:

3. Հետաքննության արդյունքները քննելուց հետո Կոմիտեն այդ արդյունքները մեկնաբանությունների և առաջարկությունների հետ միասին փոխանցում է շահագրգիռ Մասնակից պետությանը:

4. Շահագրգիռ Մասնակից պետությունը Կոմիտեի կողմից փոխանցված արդյունքները, մեկնաբանությունները և առաջարկությունները ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, իր դիտարկումներն է ներկայացնում Կոմիտեին:

5. Այսպիսի հետաքննությունն անցկացվում է գաղտնի, և ընթացակարգերի բոլոր փուլերում ապահովվում է շահագրգիռ Մասնակից պետության համագործակցությունը:

 

Հոդված 9

 

1. Կոմիտեն կարող է շահագրգիռ Մասնակից պետությանը առաջարկել Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն ներկայացվող իր հաշվետվությունում ընդգրկել Արձանագրության 8-րդ հոդվածի համաձայն անցկացված հետաքննությունների արդյունքներին ի պատասխան ձեռնարկված ցանկացած միջոցառման մանրամասները:

2. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված վեցամսյա ժամկետի ավարտից հետո շահագրգիռ Մասնակից պետությանն առաջարկել տեղեկացնել այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են` ի պատասխան այդպիսի հետաքննության:

 

Հոդված 10

 

1. Ցանկացած Մասնակից պետություն կարող է սույն Արձանագրությունը ստորագրելու կամ վավերացնելու կամ դրան միանալու ժամանակ հայտարարել, որ ինքը չի ճանաչում 8-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված` Կոմիտեի իրավասությունները:

2. Ցանկացած Մասնակից պետություն, որը հայտարարություն է արել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ հայտարարությունը՝ այդ մասին ծանուցելով Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 11

 

Մասնակից պետությունը ձեռնարկում է բոլոր համապատասխան քայլերը, որպեսզի երաշխավորի, որ իր իրավասության ներքո գտնվող ոչ մի անձ չենթարկվի վատ վերաբերմունքի կամ ահաբեկման` սույն Արձանագրության համաձայն հաղորդագրություն ուղարկելու պատճառով:

 

Հոդված 12

 

Կոնվենցիայի 21-րդ հոդվածով նախատեսված իր տարեկան հաշվետվությունում Կոմիտեն ներառում է սույն Արձանագրությամբ նախատեսված իր գործունեության մասին ամփոփ տեղեկություններ:

 

Հոդված 13

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն հանրությանը ծանոթացնում և հասարակական հնչեղություն է տալիս Կոնվենցիային ու սույն Արձանագրությանը և դյուրացնում է Կոմիտեի տեսակետների և առաջարկությունների մատչելիությունը, մասնավորապես, այդ Մասնակից պետությանը վերաբերող հարցերում:

 

Հոդված 14

 

Կոմիտեն մշակում է սեփական ընթացակարգային կանոնները, որոնք  կիրառվելու են Արձանագրությամբ նախատեսված իր գործառույթները իրականացնելիս:

 

Հոդված 15

 

1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է Կոնվենցիան ստորագրած, վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության համար:

2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման ցանկացած պետության կողմից, որը վավերացրել է Կոնվենցիան կամ միացել է դրան: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Արձանագրությունը միանալու համար բաց է Կոնվենցիան վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության համար:

4. Միանալն իրականացվում է միանալու վերաբերյալ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

 

Հոդված 16

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

2. Ցանկացած պետության համար, որը վավերացրել է սույն Արձանագրությունը կամ միացել է դրան ուժի մեջ մտնելուց հետո, սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում տվյալ պետության կողմից դրա վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելու պահից երեք ամիս հետո:

 

Հոդված 17

 

Սույն Արձանագրությանը որևէ վերապահում չի թույլատրվում:

 

Հոդված 18

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ուղղումներ առաջարկել սույն Արձանագրության մեջ և դրանք ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարը ցանկացած առաջարկված ուղղում փոխանցում է Մասնակից պետություններին՝ խնդրելով իրեն ծանուցել առաջարկված ուղղումների քննարկման և դրանց վերաբերյալ քվեարկելու համար Մասնակից պետությունների խորհրդաժողով հրավիրելու իրենց հավանության մասին: Եթե Մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը հավանություն է տալիս այդպիսի խորհրդաժողով հրավիրելու առաջարկին, Գլխավոր քարտուղարը հրավիրում է խորհրդաժողով Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Խորհրդաժողովին ներկա և քվեարկող Մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ուղղումն ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի հաստատմանը:

2. Ուղղումներն ուժի մեջ են մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից հաստատվելուց և սույն Արձանագրության Մասնակից պետությունների երկու երրորդ մեծամասնության կողմից ներպետական  սահմանադրական ընթացակարգով ընդունվելուց հետո:

3. Ուղղումների ուժի մեջ մտնելուց հետո դրանք պարտադիր են այն Մասնակից պետությունների համար, որոնք ընդունել են դրանք. մյուս Մասնակից պետությունների համար պարտադիր են սույն Արձանագրության դրույթները և նախկինում արված ուղղումները, որոնք նրանք ընդունել են:

 

Հոդված 19

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը՝ այդ մասին գրավոր ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու պահից վեց ամիս հետո:

2. Չեղյալ հայտարարելը չի ազդում սույն Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն ցանկացած հաղորդագրության կամ 8-րդ հոդվածի համաձայն կատարվող հետաքննությանը վերաբերող դրույթների շարունակական կիրառման վրա` մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 20

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է բոլոր Մասնակից պետություններին.

ա) սույն Արձանագրության համաձայն` ստորագրությունների, վավերացումների և միացումների մասին.

բ) սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու և 18-րդ հոդվածի համաձայն կատարված բոլոր ուղղումների մասին.

գ) 19-րդ հոդվածի համաձայն կատարված ցանկացած չեղյալ հայտարարման մասին:

 

Հոդված 21

 

1. Սույն Արձանագրությունը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվներին:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Արձանագրության հաստատված պատճենները փոխանցում է Կոնվենցիայի 25-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. դեկտեմբերի 14-ից: