Գլխավոր տեղեկություն
Համար
N 331
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.12.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.06/20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.1997

040.0331.09.08.97

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
9 օգոստոսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 1997 թ. N 331
քաղ. Երևան


ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև վթարային շենքերի բնակչության բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու մասին կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
օգոստոսի 9-ի N 331 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Երկրաշարժից տուժած աղետի գոտում մշտական բնակության վայր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն աղետի գոտում բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով դիմում են ներկայացնում մարզպետարան` պետական միջոցների հաշվին վարկ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) շինարարություն (վերականգնում, ամրացում, վերակառուցում) իրականացնելու մասին համապատասխան թույլտվության վերաբերյալ տեղեկանք.

բ) դիմողի ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների վերաբերյալ համապատասխան բնակշահագործման տեղամասի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք.

գ) անավարտ կամ վթարային բնակելի տան (առանձնատան) դեպքում` դիմումը ներկայացնելու պահին անավարտ բնակելի տան (առանձնատան) շինարարության պատրաստվածության կամ վթարայնության աստիճանի վերաբերյալ տեղեկանք.

դ) նոր բնակելի տան շինարարության դեպքում` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման ցուցակներում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանք.

ե) շինարարական աշխատանքների նախահաշիվ.

զ) դիմողի և նրա ընտանիքի չափահաս անդամների անձնագրային տվյալները` ներառյալ մշտական բնակության հասցեն:

Անհրաժեշտության դեպքում մարզպետարանի հարցումով դիմումին կցվում են շենքերի և շինությունների գույքագրման մարմնի, սոցիալական ապահովության բաժնի, բժշկական հիմնարկի և շահագրգիռ այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքները և այլ փաստաթղթեր:

2. Դիմումները քննարկվում են մարզի առանձին համայնքների բնակիչներին վարկ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո:

(2-րդ կետը խմբ. 23.04.98 N 258)

3. Վարկի տրամադրման հետ կապված հարցերի քննարկման նպատակով մարզպետի որոշմամբ (կարգադրությամբ) ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

(3-րդ կետը խմբ. 23.04.98 N 258)

4. Հանձնաժողովը վարում է գրանցման հատուկ մատյաններ, որտեղ գրանցվում են դիմումների ստացման, դրանց քննարկման արդյունքով հանձնաժողովի կայացրած որոշումների, ուղարկված ծանուցումների մասին բոլոր տվյալները:

(4-րդ կետը փոփ. 23.04.98 N 258)

5. Հանձնաժողովը քննարկում է դիմումները` դրանք ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` ըստ փաստաթղթերի ստացման հաջորդականության:

Հանձնաժողովը կարող է մերժել դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կամ ներկայացված տեղեկություններում առկա են ոչ ճիշտ տվյալներ: Հանձնաժողովը դիմումը մերժելու որոշում կայացնելու մասին ծանուցում է և դիմողին` ոչ ուշ, քան դիմումը ստացվելու օրվանից 15-օրյա ժամկետում:

(5-րդ կետը փոփ. 23.04.98 N 258)

6. Վարկի տրամադրման հարցը քննարկելիս առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված հերթականությամբ:

(6-րդ կետը խմբ. 02.12.99 N 731)

7. Հանձնաժողովը դիմումը բավարարելու դեպքում 5-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է դիմողին` նշելով հատկացվող վարկի գումարի չափը, մարման ժամկետը, և առաջարկում դիմել գործակալ բանկին` վարկային պայմանագիր կնքելու համար:

(7-րդ կետը խմբ. 23.04.98 N 258)

8. (կետն ուժը կորցրել է 23.04.98 N 258)

9. (կետն ուժը կորցրել է 23.04.98 N 258)

10. (կետն ուժը կորցրել է 23.04.98 N 258)

11. (կետն ուժը կորցրել է 23.04.98 N 258)

12. (կետն ուժը կորցրել է 23.04.98 N 258)

13. (կետն ուժը կորցրել է 23.04.98 N 258)

14. Գործակալ բանկի և վարկառուի հարաբերությունները կարգավորվում են վարկային գրավի (այդ թվում` կառուցվող կամ վերակառուցվող բնակարանի գրավի) պայմանագրով:

Վարկառուին իրավունք է վերապահվում ժամկետից շուտ մարելու վարկի ամբողջ գումարը կամ դրա մի մասը:

(14-րդ կետը փոփ., լրաց. 23.04.98 N 258)

15. Վարկային պայմանագրում նախատեսվում են լրացուցիչ պայմաններ` կապված դրամի արժեզրկման հետ: Դրամի արժեզրկումը հաշվարկվում է վարկային պայմանագրի գործողության յուրաքանչյուր տարվա համար նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության արձանագրած սղաճի ցուցանիշով, ընդ որում, վարկի տրամադրման տարվանից սկսած առաջին 5 տարվա համար ինդեքսավորում չի կատարվում: Յուրաքանչյուր տարվա ցուցանիշը բազմապատկվում է նախորդ տարվա սղաճի ցուցանիշով` հաշվարկված վարկի գումարով, արդյունքում ստացվում է վարկի ինդեքսավորված գումարը` տվյալ տարվա համար, որի համաձայն կատարվում են տվյալ տարվա բոլոր հաշվարկները:

(15-րդ կետը փոփ. 23.04.98 N 258)

16. Տրամադրվող վարկի գումարի չափը սահմանվում է ելնելով շինարարական աշխատանքների խոշորացված ծավալից և շենքերի շինարարության խոշորացված արժեքից` չգերազանցելով 5 մլն դրամ ընդհանուր գումարը:

17. Գործակալ բանկի կողմից վարկը տրամադրվում է մինչև 25 տարի ժամկետով` ըստ հանձնաժողովի որոշման` տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով (տարին հաշվարկելով 365 օր`) հետևյալ չափերով`

ա) անհատական նոր բնակարանի (առանձնատան) շինարարության համար` 4-5 մլն դրամ.

բ) բաժնային ընդհանուր սեփականություն հանդիսացող բազմաբնակարան նոր շենքերի կառուցման համար` յուրաքանչյուր մասնակցին` 3-5 մլն դրամ.

գ) անհատական կիսակառույց բնակարանի (առանձնատան) շինարարությունն ավարտելու համար` ելնելով պատրաստվածության աստիճանից` 1-4 մլն դրամ.

դ) անավարտ բազմաբնակարան շենքերի շինարարության համար` յուրաքանչյուր բնակարանատիրոջը` 2-4 մլն դրամ.

ե) անհատական վթարային տների (առանձնատների) և բազմաբնակարան շենքերի վերականգնման ու ամրացման համար` 2,5 - 3,5 մլն դրամ.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 98 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող շենքերից հատկացվող բնակարանի շինարարության արժեքի վերադարձման համար` 2,5 - 3,5 մլն դրամ:

(17-րդ կետը փոփ. 23.04.98 N 258)

18. Վարկի մարումն սկսվում է այն ստանալու օրվանից 3 տարի հետո: Տոկոսների վճարումն սկսվում է վարկի ստացման օրվանից մեկ տարի հետո: Տոկոսները հաշվարկվում են վարկառուի վարկային հաշվին փաստացի հաշվեգրված գումարների նկատմամբ` հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետով նախատեսված արժեզրկումը:

Վարկի գումարի և հաշվարկված տոկոսագումարի մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով, ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 3-րդ բանկային օրը:

(18-րդ կետը փոփ. 23.04.98 N 258)

19. Որպես գործակալ բանկեր հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մրցույթով ընտրված այն բանկերը, որոնք համաձայն են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրենց հատկացվող վարկային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունից վարկավորել հանձնաժողովի կողմից որոշված վարկառուներին: Գործակալ բանկը պատասխանատվություն է կրում հատկացված վարկերի վերադարձման ուղղությամբ ժամանակին միջոցներ ձեռնարկելու համար` առանց ստանձնելու վարկերի վերադարձման ռիսկը, և պարտավոր է վարկի ապահովման համար վարկառուի հետ կնքել գրավի (այդ թվում` կառուցվող կամ վերակառուցվող բնակարանի գրավի) պայմանագիր: Գործակալ բանկի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև հարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով, որով որոշվում է նաև գործակալության վճարի չափը:

(19-րդ կետը խմբ. 23.04.98 N 258)

20. Մարզպետը վարկառուների ցուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, որը վարկառուների ցուցակն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 20 տոկոսը փոխանցում է գործակալ բանկի թղթակցային հաշվին: Յուրաքանչյուր առանձին վարկի գումարի մնացած մասը գործակալ բանկ է փոխանցվում տվյալ վարկի առաջին մասի օգտագործման վերաբերյալ վարկառուի հաշվետվությունը մարզպետի և գործակալ բանկի կողմից հաստատվելու մասին համապատասխան ծանուցումն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:

Գործակալ բանակը վարկի գումարը տրամադրում է վարկային պայմանագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան:

Գործակալ բանկը վարկի գումարի առաջին 20 տոկոսը վարկառուին է հատկացնում ամբողջությամբ, իսկ մնացած մասը` վարկառուի և մատակարարի կամ կապալառուի միջև կնքված պայմանագրի համաձայն գնված շինությունների հանձնման-ընդունման ակտերի կամ շինարարական աշխատանքների որոշակի փուլերի կատարողական ակտերի հիման վրա:

(20-րդ կետը լրաց. 16.02.98 N 89, խմբ. 23.04.98 N 258, լրաց. 02.12.99 N 731)

21. Վարկի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

22. Սույն կարգում նախատեսված պայմանները տարածվում են միայն սույն կարգի համաձայն կնքվող վարկային պայմանագրերի և դրանք կնքող կողմերի վրա ու չեն կարող պարտադիր ուժ ունենալ սույն կարգի հետ չառնչվող այլ անձանց համար կամ վերջիններիս կողմից մեկնաբանվել կամ վկայակոչվել որպես քաղաքացիական-իրավական նորմեր սահմանող իրավական ակտ:

23. 1999 թվականի բնակարանային շինարարության համար հատկացվող վարկային ծրագրից չեն կարող օգտվել այն քաղաքացիները, որոնք 1988 թվականի երկրաշարժից հետո բնակարանային շինարարության նպատակով արդեն թեկուզ մեկ անգամ վարկ են ստացել:

(23-րդ կետը լրաց. 02.12.99 N 731)

(հավելվածը խմբ., լրաց. 16.02.98 N 89, խմբ., փոփ., լրաց. 23.04.98 N 258, խմբ., լրաց. 02.12.99 N 731)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.12.1999, N 731 02.12.1999, N 331
23.04.1998, N 258 25.05.1998, N 331
16.02.1998, N 89 16.02.1998, N 331
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան