Գլխավոր տեղեկություն
Համար
N 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.1999-23.09.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.14/27(262)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Վավերացման ամսաթից
26.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2021

040.0116.26.02.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
26 փետրվարի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 1998 թվականի N 116
քաղ. Երևան 

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ:

2. Հաստատել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգը (կցվում է):

3. Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակներ շնորհելու համար հավակնորդների մրցութային ընտրության, նրանց արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի փորձաքննության անցկացման ու համապատասխան առաջարկությունների նախապատրաստման նպատակով ստեղծել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողով:

4. Հաստատել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը (կցվում են):

 5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի մշակած` արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամսյա մրցանակների հուշանշանների նախագծերը.

բ) արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակներ շնորհելու մրցույթի կազմակերպման և հուշանշանների պատրաստման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը հատկացված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում լավագույն արդյունքների հասած ձեռնարկություններին ու անհատ ձեռներեցներին, որպես մրցանակ, տալիս է հուշանշան և պարգև, որի արժեքը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը:

2. Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակը (այսուհետև` մրցանակ) շնորհվում է ամեն տարի մրցութային կարգով` արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում տվյալ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար:

Մրցանակների բաշխման չափանիշները յուրաքանչյուր տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովը (այսուհետև` մրցանակաբաշխության հանձնաժողով):

3. Մրցանակաբաշխության հանձնաժողովը տարեկան շնորհում է 10-ից ոչ ավելի մրցանակ: Որպես կանոն, մրցանակները հաղթողներին են հանձնվում որակի համաշխարհային օրը (նոյեմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը):

4. Մրցանակների կարող են հավակնել ապրանքներ արտադրող (բացառությամբ ռազմական տեխնիկայի արտադրության) և ծառայություններ մատուցող ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) և անհատ ձեռներեցներ:

5. Մրցանակաբաշխության հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է մրցույթ ու մրցույթի պայմանները:

6. Մրցույթին մասնակցել ցանկացող ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները հայտը և համապատասխան նյութերը մրցանակաբաշխության հանձնաժողով են ներկայացնում վերջինիս կողմից սահմանված կարգով:

7. Մրցանակաբաշխության հանձնաժողովը հայտ ներկայացրած ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների ներկայացրած նյութերը քննարկման է ընդունում այն դեպքում, եթե դրանք գործնականում կիրառվել են մրցույթին նախորդած առնվազն մեկ տարվա ընթացքում:

8. Մրցանակաբաշխության հանձնաժողովը մրցույթին մասնակցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների ներկայացրած նյութերի փորձաքննության արդյունքների հիման վրա նախապատրաստում է մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկություններ:

9. Մրցանակների շնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությամբ կարգավորվում են արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի (այսուհետև` մրցանակաբաշխության հանձնաժողով) ստեղծման և գործունեության կազմակերպման հարցերը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով ստեղծում է աշխատանքային խումբ` կազմված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության աշխատողներից:

2. Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Մրցանակաբաշխության հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակների (այսուհետև` մրցանակներ) հավակնորդներին մրցույթի անցկացման մասին տեղեկացնելը.

բ) մրցույթին մասնակցել ցանկացող հավակնորդների կողմից մրցանակաբաշխության հանձնաժողով` հայտի և համապատասխան նյութերի ներկայացման կարգը սահմանելը.

գ) մրցանակաբաշխության համար արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի չափանիշներ սահմանելը:

4. Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) նախապատրաստում է մրցանակների բաշխման վերաբերյալ առաջարկություններ.

բ) ուսումնասիրում է ստացված նյութերը, այդ թվում` անցկացնում է դրանց փորձաքննություն` համապատասխան ոլորտների առաջատար գիտնականների և մասնագետների ներգրավմամբ.

գ) կազմակերպում է մրցույթում հաղթող ձեռնարկությունների պարգևատրման արարողությունը.

դ) աջակցում է մրցույթում հաղթող ձեռնարկությունների փորձի և նվաճումների տարածմանը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովը մրցանակների հավակնորդների կողմից մրցույթին ներկայացված նյութերի նախնական փորձաքննության և դրանց բազմակողմանի գնահատման նպատակով ստեղծում է փորձաքննական խմբեր:

 

III. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Մրցանակաբաշխության հանձնաժողովը կազմվում է պետական կառավարման մարմինների ղեկավարներից, արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի կառավարման ասպարեզի առաջատար գիտնականներից ու մասնագետներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

7. Մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

Արտահերթ նիստ կարող է հրավիրվել մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների 1/3-ի պահանջով:

8. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին նիստերի հրավիրման, անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը` նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել խորհրդատուներ և փորձագետներ:

9. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

10. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

11. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքներն ու վերահսկողություն իրականացնում մրցանակաբաշխության հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.

դ) ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.

ե) մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

12. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում են մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարին:

13. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը, ինչպես նաև գործունեությունն ու ընդունված փաստաթղթերը մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին առաքումն իրականացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խումբը, որի տեխնիկական սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը:

14. Մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը`

ա) նախապատրաստում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման ու կատարման վերաբերյալ.

դ) մշակում և մրցանակաբաշխության հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում նրա գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները և նախապատրաստում դրանց վերաբերյալ առաջարկություններ.

ե) վերլուծում է մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահին:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ. Մարտիրոսյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ազիզյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Մովսիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար

Ա. Վարդանյան

- ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Ա. Գալստյան -  ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Վ. Դավիդյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ո. Մարուխյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Կ. Խանգելդյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
Յու. Խոջամիրյան - Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ
Է. Գաբրիելյան - ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ
Հ. Հովհաննիսյան -  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
Ռ. Բագոյան - Հայկոոպի վարչության նախագահ
Ա. Պողոսյան - ՀՀ սպառողների միության նախագահ
Ա. Վարդանյան - ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ
Ա. Մելիքյան -  տեխնիկական էսթետիկայի ինստիտուտի տնօրեն
Կ. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կենտրոնի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար
Լ. Գյումիշյանին - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)


(Կազմը փոփ. 02.07.98 N 415, փոփ., լրաց. 19.03.99 N 170)