Գլխավոր տեղեկություն
Համար
N 1926-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.2004-28.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1355
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2002 թվականի N 1926-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 13
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1926-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Ծառայության լիազորությունները սահմանվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

4. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

5. Ծառայությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

6. Ծառայության հարկային և քաղաքացիական ծառայողներին «Հարկային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն շնորհվում են և (կամ) հատուկ կոչումներ:

7. Ծառայության հարկային ծառայողների համար նախատեսվում են ծառայողական համազգեստ և զենք:

8. Ծառայությունն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից`

ա) ձեռք է բերվում և իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող.

բ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն ամրացված պետական գույքը, այդ թվում` նաև տիրապետում է ընկերությունների բաժնետոմսերը (բաժնեմասերը).

գ) ղեկավարում է իր ենթակայության տակ գտնվող պետական այլ հիմնարկներ:

9. Ծառայության պահպանման ծախսերը ֆինանսավորվում եմ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Ծառայության նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների խախտումների (հարկային հանցագործությունների) կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը.

գ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը.

դ) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային ու իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

ե) ծառայության իրավասության սահմաններում պետական տուրքի, ոչ հարկային եկամուտների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարների վճարման նկատմամբ հսկողության իրականացումը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Ծառայության գործառույթներն են`

ա) հարկ վճարողների սպասարկումը (հարկ վճարողներին իրազեկում, հարկային հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունում, օրենքով նախատեսված դեպքերում հարկերի հաշվարկում).

բ) հարկ վճարողների հաշվառումը.

գ) հարկերի և պարտադիր այլ վճարների հավաքման կազմակերպումը.

դ) հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.

ե) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.

զ) հարկ վճարողների բողոքների քննարկումը և որոշումների ընդունումը.

է) բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը.

ը) հարկային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

թ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրեն վերապահված գործերով հետաքննության կատարումը.

ժ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացումը.

ժա) հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը` օրենքով սահմանված կարգով.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման իրականացումը և հսկողությունը.

ժգ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

12. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով անցկացվում են ստուգումներ:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Ծառայությունը պարտավոր է`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, հարկ վճարողների իրավունքները և օրինական շահերը.

բ) իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, պետական տուրքի և պարտադիր այլ վճարների վերաբերյալ օրենքների ու դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.

գ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության` հանցագործության հատկանիշներով խախտումների հայտնաբերման դեպքում` օրենքով սահմանված կարգով անցկացնել հետաքննություն.

դ) իրականացնել հարկ վճարողների հաշվառումը.

ե) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ տալ պաշտոնական պարզաբանումներ, իրականացնել բացատրական աշխատանքներ, հարկ վճարողներին տեղեկացնել գործող հարկերի և պարտադիր այլ վճարների մասին.

զ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափից ավելի վճարված (բռնագանձված) հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվանցումը (կամ վերադարձման համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների, տեղեկանքների տրամադրումը).

է) պահպանել հարկային գաղտնիքը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում տրամադրել հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

ը) սահմանված ժամկետներում քննարկել հարկ վճարողի ներկայացրած բողոքը հարկային մարմնի (ստորաբաժանման) կամ հարկային ծառայողի գործունեությունների (անգործության) դեմ և ընդունված որոշման մասին տեղյակ պահել հարկ վճարողին.

թ) իրականացնել հարկային ծառայողների կողմից կատարված խախտումների ծառայողական քննություն:

14. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կրում է նաև այլ պարտականություններ:

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

15. Ծառայությունն իրավունք ունի`

ա) հարկ վճարողներից, հարկային գործակալներից և հարկային հարաբերություններին առնչվող այլ անձանցից պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, հարկեր և պարտադիր այլ վճարների հաշվարկման ու վճարման համար հիմք հանդիսացող օրենքի հիման վրա սահմանված հաշվետվություններ, հաշվարկներ.

բ) հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, վճարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով անցկացնելու ստուգումներ և ուսումնասիրություններ` նախարարությունների, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների աշխատակազմերում, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց մոտ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերցնելու փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.

դ) ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու ստուգվող սուբյեկտի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային և ստուգվող այլ ստորաբաժանումներ,Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կապարակնքելու (կնքելու) այդ տարածքները.

ե) օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն հաշվարկելու հարկ վճարողի հարկերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները, կատարելու գույքագրումներ, չափագրումներ, ինչպես նաև հսկիչ գնումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

զ) հարկային պարտավորությունները ճշտելու և հարկերի վճարման հետ կապված այլ խնդիրներ քննարկելու նպատակով գրավոր ծանուցմամբ առաջարկելու հարկ վճարողներին (հարկ վճարողների ներկայացուցիչներին), հարկային գործակալներին և այլ անձանց` ներկայանալ հարկային մարմին.

է) հարկային հսկողության գործընթացում ներգրավելու մասնագետների, փորձագետների և թարգմանիչների.

ը) պահանջելու հայտնաբերված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության խախտումների վերացում և վերահսկելու առաջադրված պահանջի կատարումը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահելու, կրելու, օգտագործելու զենք և զինամթերք (ռազմամթերք).

ժ) օրենքով նախատեսված կարգով իրականացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործության կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում.

ժա) ելնելով օպերատիվ անհրաժեշտությունից` օգտագործելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների փոխադրական և կապի միջոցները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելով ծախսերը.

ժբ) լիազորված մարմիններ ներկայացնելու ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրեր.

ժգ) օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության դատարաններ ներկայացնելու հայց`

հարկային պարտավորությունների բռնագանձման,

հարկ վճարողին սնանկ ճանաչելու,

այլ վիճահարույց հարցերի վերաբերյալ:

16. Ծառայությունն օգտվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

17. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, համայնքների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող կամ եկամուտ ստացող (վճարող) այլ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար:

 

VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Ծառայությունը`

ա) ընդհանրացնում է ծառայության համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերի կիրառման պրակտիկան, մշակում և սահմանված կարգով ապահովում է հարկային, ինչպես նաև դրան առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների հետագա ընթացքը` դրանք ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն և կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին.

բ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի մշակմանը, քննարկմանը և կնքմանը.

գ) կազմակերպում է ուսուցում, հավաքում, մշակում ու տարածում է տեղեկատվություն, զարգացնում այլ պետությունների հարկային մարմինների հետ համագործակցությունը և համակարգում դրա հետ կապված աշխատանքները.

դ) կազմակերպում է համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով ուսուցում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում հարկային ծառայողների և օրենքով նախատեսված դեպքերում` նաև քաղաքացիական ծառայողների ատեստավորում.

ե) իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` այն փաստացի տվյալների ճշտությունն ու ամբողջությունը հայտնաբերելու, արձանագրելու, ստուգելու համար, որոնք կարող են ապացույց հանդիսանալ կամ օգնել իրավախախտումների կանխմանը, կասեցմանն ու բացահայտմանը.

զ) ապահովում է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ ներգրավված քաղաքացիների իրավական պաշտպանությունը.

է) միջոցներ է ձեռնարկում հարկային իրավախախտումների մասին նախազգուշացնելու, դրանք կանխելու, հայտնաբերելու, հարկային իրավախախտումների վերաբերյալ գործերով հետաքննություն կատարելու, ծառայության մարմինների գործունեության անվտանգությունն ապահովելու, ծառայության աշխատողներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս հակաօրինական գործողություններից պաշտպանելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և այլ նպատակներով:

19. Ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ- հետախուզական միջոցառումներ` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային իրավախախտման վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործության կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար հիմք հանդիսացող տեղեկություններ կարող են պարունակվել քաղաքացիների, պաշտոնատար անձանց, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հայտարարություններում և հաղորդումներում, իրավապահ կամ այլ մարմինների ունեցած նյութերում:

20. Օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտներ են ծառայության օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները:

21. Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում արգելվում են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված հիմքերի բացակայության դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ սկսելը կամ դրանք դադարեցնելը.

բ) այնպիսի գործողություններ կատարելը, որոնք վտանգ են սպառնում անձանց կյանքին, առողջությանը և գույքին.

գ) քաղաքացիների նկատմամբ, անկախ նրանց ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրույթներից, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելը,

դ) քաղաքացիներին հարկադրելն ու իրավախախտումների կատարմանը դրդելը.

ե) բռնություն, սպառնալիքներ, շանտաժ գործադրելը, քաղաքացիների և պաշտոնատար անձանց իրավունքները, ազատությունը և օրինական շահերը սահմանափակող և այլ անօրինական գործողություններ իրականացնելը:

22. Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է օրինականության, պետական մարմինների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ու քաղաքացիների հետ համագործակցության, անօրինական գործողությունների կանխման, հրապարակային և անլուր միջոցառումների համատեղման, մասնագիտական էթիկայի պահանջների խիստ պահպանման ու հանցագործություններին ակնհայտ կերպով առնչություն չունեցող քաղաքացիների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կիրառման բացառման հիման վրա:

23. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման պատճառ հանդիսացող տվյալների չհաստատման, ինչպես նաև դրանց իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների առկայության դեպքում այդ միջոցառումները դադարեցվում են:

24. Ծառայությունը կազմակերպում է անձանց նամակների, դիմումների, բողոքների ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում նրանց նամակներում հաղորդվող` ծառայության համակարգի գործունեության մեջ տեղ գտած խախտումների ու թերությունների վերացման համար:

25. Ծառայությունում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

26. Ծառայությունը կառավարում է ծառայության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Ծառայության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով ծառայության պետի հետ:

27. Ծառայության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

28. Ծառայության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին:

29. Ծառայության պետը`

ա) ղեկավարում է ծառայության ընթացիկ գործունեությանը և պատասխանատու է հարկային մարմնի օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է իր տեղակալների, ծառայության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները, հաստատում ծառայության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, հարկային տեսչությունների և ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառնական պարտականությունները և հարկային ծառայության ընթացակարգերը.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հանձնարարականներ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի կառուցվածքը, հաստիքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հարկային տեսչությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ առաջարկություններ.

զ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության տարեկան գործունեության մասին հաշվետվություններն ու հաշվեկշիռը, իրականացնում է վերահսկողություն հարկային մարմնին ամրացված պետական սեփականության պահպանման և օտարման նկատմամբ.

է) ծառայության հարկային և, օրենքով նախատեսված դեպքերում, քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում (իջեցնում կամ զրկում) է դասային և (կամ) հատուկ կոչումներ.

ը) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության համակարգի ղեկավարների և աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում ծառայության աշխատողներին.

ժ) իրականացնում և ապահովում է «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը.

ժա) ըստ անհրաժեշտության ստեղծում է աշխատանքային հանձնաժողովներ և հանձնախմբեր.

ժբ) կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է հարկային և քաղաքացիական ծառայողներին.

ժդ) հաստատում է ծառայության տարեկան հաշվեկշիռը, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

30. Ծառայության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, ծառայության պետի պարտականությունները կատարում է ծառայության պետի տեղակալներից մեկը:

31. Ծառայության պետի տեղակալը`

ա) համակարգում է ծառայության համակարգի աշխատանքները` ծառայությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) ծառայության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորությունների սահմաններում համակարգում է ծառայության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` ծառայության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում է ծառայության պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար ծառայության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության պետի հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում ծառայության պետին.

ժ) ծառայության պետին և ծառայության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ.

ժա) ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

VIII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

32. Ծառայության աշխատակազմի նպատակն ու խնդիրը ծառայության (այդ թվում` նրա կազմում գործող տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ծառայության մասնակցության ապահովումն է:

33. Ծառայության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

34. Ծառայության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

35. Ծառայության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Ծառայության աշխատակազմն ունի ծառայության տարբերանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

37. Ծառայության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

38. Ծառայության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Ծառայության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

39. Ծառայության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Ծառայության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև բյուջետային ծրագրերի շրջանակներում ծառայության լիազորությանը վերապահված գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

40. Ծառայության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

41. Ծառայության աշխատակազմի անվանումն է` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

42. Ծառայության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մովսես Խորենացու 7:

 

IX. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

43. Ծառայության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված գույքից, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

44. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու ծառայության աշխատակազմի գույքը:

45. Ծառայության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակների և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

X. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

46. Ծառայության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են ծառայության կառուցվածքային ստորաբաժանումները` վարչություններ, բաժիններ, հարկային տեսչություններ (տարածքային (մարզային), և առանձնացված ստորաբաժանումները:

47. Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ընթացակարգերը հաստատում է ծառայության պետը:

48. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ծառայության պետի ներկայացմամբ:

49. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է ծառայության առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

50. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

51. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի ծառայության տարբերանշանի պատկերով և ծառայության ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

 

XI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

52. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ծառայության պետը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

53. Ծառայության աշխատակազմը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ղեկավարը:

54. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է ծառայության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է ծառայության աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է ծառայության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

55. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, ծառայության պետի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ծառայության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և ծառայության պետի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

56. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Ծառայության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունը չկատարելու համար:

57. Ծառայության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, ծառայության պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

58. Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է տեղակալը` ծառայության պետի հրամանով:

59. Ծառայության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ծառայության պահպանման համար նախատեսված ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է ծառայության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

զ) ծառայության պետի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է ծառայության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ծառայության պահպանման համար նախատեսված ֆինանսական միջոցների մասով ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ծառայության պետի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ֆինանսական խախտումների վերացման համար.

է) ծառայության պետին է ներկայացնում առաջարկություններ ծառայության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է ծառայությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է ծառայության աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) ծառայության պետի ստորագրությունն է ներկայացնում ծառայության պետի կազմակերպչական բնույթի հրամանների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է ծառայության գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

60. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները և գործում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

61. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

XII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

62. Ծառայության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

63. Ծառայության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

XIII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

64. Ծառայության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1926-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Հարկային վարչարարության կատարելագործման վարչություն

Եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն

Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման N 1 վարչություն

Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման N 2 վարչություն

Հարկային հաշվանցումների հսկողության վարչություն

Օպերատիվ-հետախուզության վարչություն

Վերահսկողության վարչություն

Իրավաբանական վարչություն

 

2. Բաժիններ

 

Հետաքննության բաժին

Կադրերի բաժին

Ֆինանսահաշվային բաժին

Անձնակազմի սպասարկման բաժին

Գնումների և տրանսպորտի բաժին

Քարտուղարություն

 

3. Հարկային տեսչություններ (մարմիններ)

 

1. Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն

2. Ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչություն

3. Բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչություն

4. Արաբկիրի հարկային տեսչություն

5. Էրեբունու հարկային տեսչություն

6. Խորհրդայինի հարկային տեսչություն

7. Մաշտոցի հարկային տեսչություն

8. Սպանդարյանի հարկային տեսչություն

9. Մյասնիկյանի հարկային տեսչություն

10. Շահումյանի հարկային տեսչություն

11. Շենգավիթի հարկային տեսչություն

12. Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություն

13. Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

14. Ախուրյանի տարածքային հարկային տեսչություն

15. Անիի տարածքային հարկային տեսչություն

16. Ապարանի տարածքային հարկային տեսչություն

17. Արարատի տարածքային հարկային տեսչություն

18. Արթիկի տարածքային հարկային տեսչություն

19. Արմավիրի տարածքային հարկային տեսչություն

20. Արտաշատի տարածքային հարկային տեսչություն

21. Գավառի տարածքային հարկային տեսչություն

22. Գյումրու հարկային տեսչություն

23. Գորիսի տարածքային հարկային տեսչություն

24. Դիլիջանի տարածքային հարկային տեսչություն

25. Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն

26. Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն

27. Թալինի տարածքային հարկային տեսչություն

28. Թումանյանի տարածքային հարկային տեսչություն

29. Իջևանի տարածքային հարկային տեսչություն

30. Կապանի տարածքային հարկային տեսչություն

31. Կոտայքի տարածքային հարկային տեսչություն

32. Հրազդանի տարածքային հարկային տեսչություն

33. Մասիսի տարածքային հարկային տեսչություն

34. Մարտունու տարածքային հարկային տեսչություն

35. Մեղրու տարածքային հարկային տեսչություն

36. Նաիրիի տարածքային հարկային տեսչություն

37. Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն

38. Չարենցավանի տարածքային հարկային տեսչություն

39. Սպիտակի տարածքային հարկային տեսչություն

40. Ստեփանավանի տարածքային հարկային տեսչություն

41. Սիսիանի տարածքային հարկային տեսչություն

42. Սևանի տարածքային հարկային տեսչություն

43. Վայքի տարածքային հարկային տեսչություն

44. Վանաձորի հարկային տեսչություն

45. Վարդենիսի տարածքային հարկային տեսչություն

46. Տաշիրի տարածքային հարկային տեսչություն

47. Տավուշի տարածքային հարկային տեսչություն

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

(Հավելվածը խմբ. 21.10.04 N 1474-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան