ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
3 նոյեմբերի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի մայիսի 25-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն պայմանագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծումը:
2. Պայմանագրի կնքման համար հիմք են հանդիսացել 2005 թ. մայիսի 8-ի` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության մասին հռչակագիրը և 2005 թ. օգոստոսի 26-ին Կազանում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության մասին համաձայնագիրը:
3. Պայմանագրով Կողմերը համաձայնության են եկել ստեղծել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամ (այսուհետ` Հիմնադրամ) և հաստատել վերջինիս կանոնադրությունը, որը կազմում է պայմանագրի անբաժանելի մասը:
4. Հիմնադրամի նպատակն է մարդասիրական համագործակցության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության խորհրդի հետ համաձայնեցված միջոցառումների (նախագծերի) ֆինանսավորման ապահովումը:
5. Հիմնադրամը, ի թիվս իրավաբանական անձի համար նախատեսված այլ իրավունքների, կարող է Կողմերի տարածքներում, նրանց օրենսդրությանը համապատասխան, ստեղծել իր բաժանմունքները, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները:
Հիմնադրամի գույքը ձևավորվում է մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվական և զանգվածային հեռահաղորդակցության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդների հետ աշխատանքի բնագավառում համատեղ միջոցառումների համար Կողմերի կամավոր ներդրումների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր վճարումների և նվիրատվությունների, ինչպես նաև բարեգործական և մշակութային միջոցառումների, խաղարկությունների անցկացումից ստացված միջոցների հաշվին:
Հիմնադրամի գույքն ուղղվում է Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացմանը:
6. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- մարդասիրական համագործակցության համատեղ միջոցառումների (նախագծերի) համար միջոցները և կամավոր վճարումներն իրականացնել ՀՀ ազգային արժույթով, այլ պետությունների արժույթներով, ինչպես նաև ֆինանսական և նյութական միջոցների, ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների տեսքով,
- Հիմնադրամում ՀՀ կողմից լիազորված ներկայացուցչի միջոցով Հիմնադրամի ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ այն հարցերով, որոնք մտնում են Հիմնադրամի գործունեության ոլորտի մեջ, և մասնակցել դրանց քննարկմանը,
- Հիմնադրամում ՀՀ կողմից լիազորված ներկայացուցչի միջոցով մասնակցել Հիմնադրամի և դրա կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված միջոցների բաշխմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի մայիսի 25-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|