Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-663
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
03.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ


Քաղ. Երևան

3 նոյեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի մայիսի 25-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն պայմանագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծումը:

 2. Պայմանագրի կնքման համար հիմք են հանդիսացել 2005 թ. մայիսի 8-ի` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության մասին հռչակագիրը և 2005 թ. օգոստոսի 26-ին Կազանում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության մասին համաձայնագիրը:

 3. Պայմանագրով Կողմերը համաձայնության են եկել ստեղծել  Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամ (այսուհետ` Հիմնադրամ) և հաստատել վերջինիս կանոնադրությունը, որը կազմում է պայմանագրի անբաժանելի մասը:

4. Հիմնադրամի նպատակն է մարդասիրական համագործակցության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության խորհրդի հետ համաձայնեցված միջոցառումների (նախագծերի) ֆինանսավորման ապահովումը:

5. Հիմնադրամը, ի թիվս իրավաբանական անձի համար նախատեսված այլ իրավունքների, կարող է Կողմերի տարածքներում, նրանց օրենսդրությանը համապատասխան, ստեղծել իր բաժանմունքները, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները:

Հիմնադրամի գույքը ձևավորվում է մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվական և զանգվածային հեռահաղորդակցության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդների հետ աշխատանքի բնագավառում համատեղ միջոցառումների համար Կողմերի կամավոր ներդրումների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր վճարումների և նվիրատվությունների, ինչպես նաև բարեգործական և մշակութային միջոցառումների, խաղարկությունների անցկացումից ստացված միջոցների հաշվին:

Հիմնադրամի գույքն ուղղվում է Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացմանը: 

6. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- մարդասիրական համագործակցության համատեղ միջոցառումների (նախագծերի) համար միջոցները և կամավոր վճարումներն իրականացնել ՀՀ ազգային արժույթով, այլ պետությունների արժույթներով, ինչպես նաև ֆինանսական և նյութական միջոցների, ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների տեսքով,

- Հիմնադրամում ՀՀ կողմից լիազորված ներկայացուցչի միջոցով Հիմնադրամի ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ այն հարցերով, որոնք մտնում են Հիմնադրամի գործունեության ոլորտի մեջ, և մասնակցել դրանց քննարկմանը,

- Հիմնադրամում ՀՀ կողմից լիազորված ներկայացուցչի միջոցով մասնակցել Հիմնադրամի և դրա կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված միջոցների բաշխմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի մայիսի 25-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


3 նոյեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-663