Գլխավոր տեղեկություն
Համար
N 130
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.1999-22.05.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.04.21/8
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.1997

041.0130.090497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 1997 թվականի N 130
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը (կցվում են):

(կետը աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասով ուժը կորցրել է 29.06.98 N 378)

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ նախարարության ատյանի (կոլեգիայի) անդամների պաշտոնների ցանկի վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 08.07.97 N 297)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հուլիսի 12-ի «Հայկական ՍՍՀ սոցիալական ապահովության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 450 և 1991 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 406 որոշումները:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 9-ի N 130 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում բնակչության սոցիալական ապահովության ոլորտում վարվող քաղաքականության, դրա հեռանկարների և կառուցվածքային բարեփոխումների համար:

Նախարարությունը մասնակցում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի սոցիալական քաղաքականության մշակման աշխատանքներին և դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ:

3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններով ու սույն կանոնադրությամբ:

4. Սույն կանոնադրությունը սահմանում է նախարարության հիմնական լիազորությունները և դրանք իրականացնելու նպատակով նախարարության աշխատանքների կազմակերպման սկզբունքները:

5. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթուղթ:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումն ու իրագործումը, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

բ) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան հանրապետական և տարածքային զբաղվածության ծրագրերի մշակումն ու դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

գ) լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանն աջակցելը` փոքր և միջին գործարարության զարգացման, ինչպես նաև պետությանը տրամադրվող վարկերի և օտարերկրյա մասնավոր ներդրումների միջոցով.

դ) զբաղվածության կենտրոնների կողմից բնակչության զբաղվածության վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման կազմակերպումը և դրա նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և աշխատանքի պայմանների պետական փորձաքննության իրականացումը.

զ) պետական կենսաթոշակային ապահովության համակարգի կատարելագործման և կամավոր կենսաթոշակային ապահովության համակարգերի ձևավորման ուղղությամբ քաղաքականության մշակումը.

է) պետական կենսաթոշակների նշանակման ու վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ը) սոցիալական անհատական ապահովագրության վրա հիմնված սոցիալական ապահովության համակարգի ձևավորման ուղղությամբ քաղաքականության մշակումը.

թ) կարիքավոր ընտանիքների սոցիալական պաշտպանվածությանն ուղղված առավել նպատակային ու հասցեագրված հատկացումների մեխանիզմների մշակումը և այդ հարցերի վերաբերյալ օրենսդրության ստեղծման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը.

ժ) սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից սոցիալական պաշտպանվածության հանրապետական ծրագրերի իրականացման կազմակերպումը և վերահսկողության իրականացումը.

ժա) բնակչության բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամների վերականգնման, պրոթեզաոսկրաբուժական օգնության աշխատանքների կազմակերպումը, հաշմանդամներին անհրաժեշտ հարմարանքներով ապահովումը.

ժբ) ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ուղղությամբ քաղաքականության մշակումը.

ժգ) (ենթակետը հանվել է 27.10.99 N 672)

ժդ) (ենթակետը հանվել է 27.10.99 N 672)

ժե) միայնակ տարեց քաղաքացիների խնամքի կազմակերպումը մասնագիտացված հաստատություններում, ինչպես նաև սպասարկման նոր ձևերի ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

ժզ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի սոցիալական քաղաքականության մասի քննարկմանն ու մշակմանը մասնակցելը.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

(6-րդ կետը խմբ. 13.10.97 N 470, փոփ. 27.10.99 N 672)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Նախարարությունը ղեկավարում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

8. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության համակարգի գործունեությունը, պատասխանատվություն կրում նախարարության առջև դրված խնդիրների կատարման համար.

բ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և աշխատողների իրավասությունները.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար.

դ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում նախարարության աշխատակազմի աշխատողներին.

ե) հաստատում է նախարարությանը ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դրանց ղեկավարներին.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

է) խորհրդակցական և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասության հստակ սահմանման հիման վրա քննարկում ու լուծում է համակարգի կառավարման կազմակերպման հարցերը.

ը) նախարարին կից ստեղծում է գիտնականներից և մասնագետներից կազմված սոցիալական հարցերով զբաղվող խորհրդակցական մարմին, որն իր նիստերում քննության է առնում սոցիալական ապահովության համակարգի զարգացման հիմնահարցերը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորվում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.

ժ) մարզպետին ներկայացնում է առաջարկություն մարզպետարանի համապատասխան բաժնի, ծառայության ղեկավարի` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ.

ժա) Հայաստանի Հանրապետության նախարարների և գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ, հրահանգներ.

ժբ) սահմանված կարգով խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում համակարգի աշխատողների նկատմամբ.

ժգ) անցկացնում է խորհրդակցություններ, պաշտոնական հանդիպումներ, որոնց վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, տրվում հանձնարարականներ.

ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության ատյանի (կոլեգիայի) անդամների պաշտոնների ցանկը:

Նախարարության ատյանի կազմի մեջ են մտնում նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ.

ժե) կազմակերպում և ղեկավարում է նախարարության ատյանի և գործակարգավարական նիստերը, իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(8-րդ կետը փոփ. 08.07.97 N 297)

9. Նախարարության ատյանի նիստերում քննության են առնվում ոլորտի զարգացման հարցերը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, նախարարի հրամանների, հրահանգների նախագծերը, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, աշխատողների ուսուցման կազմակերպման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման, նախարարության վարչությունների և բաժինների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:

10. Նախարարության ատյանի նիստ գումարվում է առնվազն ամիսը մեկ անգամ, նախարարի կողմից հաստատված` ատյանի աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:

11. Ատյանի նիստերին նրա անդամների ներկայությունը պարտադիր է: Ատյանի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են ատյանի անդամների կեսից ավելին: Ատյանի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում նախարարի հրամաններով:

12. Նախարարի և ատյանի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ ատյանի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է` տեղակալներից մեկը:

(13-րդ կետը փոփ. 27.10.99 N 672)

14. Նախարարությունն իրականացնում է համակարգի պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման լիազորություններ, ապահովում այդ գույքի պահպանումը:

15. Նախարարությունը կազմակերպում է աշխատակազմի և համակարգի աշխատողների մասնագիտական ուսուցում և որակավորման ստուգում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման աշխատանքները:

16. Նախարարությունը կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում նրանց դիմումներն ու գանգատները, ինչպես նաև դրանցում բարձրացված հարցերն ու առաջարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նախարարի հրամաններին համապատասխան:

Վերլուծում և ամփոփում է նախարարությանը հասցեագրված` քաղաքացիների դիմումները, գանգատներն ու առաջարկությունները:

(կանոնադրությունը փոփ. 08.07.97 N 297, խմբ. 13.10.97 N 470, փոփ. 27.10.99 N 672)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 9-ի N 130 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

(կառուցվածքը ուժը կորցրել է 29.06.98 N 378)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան