040.0149.09.03.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 1998 թվականի N 149
քաղ. Երևան
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի տարածքներում 1997 թվականին հորդառատ անձրևների, կարկտահարության, հեղեղումների և 1998 թվականի հունվար-փետրվար ամիսներին տեղացած առատ ձյան հետևանքով առանձին համայնքների տնտեսություններին ու բնակչությանը հասցված վնասի դիմաց միանվագ որոշակի օգնություն ցույց տալու և առաջնահերթ աշխատանքներ ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել.
ա) Արագածոտնի մարզպետարանին` 57,4 մլն. դրամ` 1998 թվականի փետրվար ամսին ուժեղ քամիների հետևանքով մարզի մի շարք համայնքների ուսումնական, նախադպրոցական, առողջապահության և մշակույթի հիմնարկների վնասված շենքերի վերանորոգման-վերականգնման աշխատանքներն իրականացնելու և բնակչությանը հասցված վնասը փոխհատուցելու համար.
բ) Վայոց ձորի մարզպետարանին` 5,1 մլն. դրամ` 1997 թվականի հունիս-հուլիս ամիսներին սելավի և կարկտահարության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը վերացնելու նպատակով կատարված վերանորոգման աշխատանքների դիմաց պարտքը մարելու համար.
գ) Սյունիքի մարզպետարանին` 80 մլն. դրամ` 1997 թվականի հունիս ամսին Գորիս քաղաքում սելավների հետևանքով վնասված սելավապատերի, հեղեղատարների, կամուրջների առափնյա հենապատերի վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար.
դ) Գեղարքունիքի մարզպետարանին` 109,9 մլն. դրամ` որից 15,1 մլն. դրամը 1998 թվականի հունվար ամսին Վարդենիս քաղաքում տեղացած առատ ձյան հետևանքով վնասված 7 բնակելի շենքերի ձեղնահարկերի վերանորոգման, իսկ 94,8 մլն. դրամը 1997 թվականի հունիս-հուլիս ամիսներին մարզի տարածքում հորդառատ անձրևների, կարկտահարության և հեղեղումների հետևանքով բնակելի տներին ու բնակչությանը պատկանող շինություններին պատճառված վնասների վերացման աշխատանքներն իրականացնելու համար:
(1-ին կետը փոփ. 26.03.98 N 205)
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղերի բնակիչներին 1997 թվականի հուլիս ամսին բնական աղետի հետևանքով անօգտագործելի դարձած տնամերձ հողամասերի փոխարեն պահուստային ֆոնդի հողերից համապատասխանաբար 1,5 և 2,5 հեկտար հատկացնելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասները վերացնելու նպատակով 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սահմանված կարգով կազմված նախահաշիվները, համապատասխան հանձնաժողովների ակտերն ու հաշվարկները` հիմնավորող փաստաթղթերով:
Նշված հանձնաժողովների կազմում ընդգրկել մարզպետարանի, համայնքի, տեղական գանձապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչներին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մարզպետարաններին նշված գումարների հատկացումը կատարել ներկայացված և ճշտված հաշվարկների ու նախահաշվային փաստաթղթերի հիման վրա:
5. Հանձնաժողովների ստեղծման, թերությունների ակտերի և նախահաշիվների կազմման ու վճարումների կատարման պարտականությունը դնել համապատասխան մարզպետների վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.07.1998, N 483 | 31.07.1998, N 149 | |
26.03.1998, N 205 | 26.03.1998, N 149 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|