«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1581-Ն
ՍԵՅՍՄԱՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի ու 17-րդ հոդվածի 20-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ընդունել համատեղ հրաման սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ` նախագծի մշակման աշխատանքներում ներգրավելով շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների իրավասու մասնագետների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՍԵՅՍՄԱՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Սեյսմամիկրոշրջանացման քարտեզը, համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
2. Սեյսմամիկրոշրջանացման քարտեզը կազմվում է ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների և այլ նյութերի հիման վրա` առանձնացնելով գրունտների հորիզոնական արագացումների արժեքներն ըստ g-ի մասերի` 0.05 g ճշտությամբ, սեյսմիկ վտանգի գոտիները` գունավորելով դրանք:
3. Պատվիրատուն սեյսմամիկրոշրջանացման քարտեզը հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալություն (այսուհետ` ՍՊԱԾ գործակալություն)` համապատասխան եզրակացությամբ ներկայացնելու համար լիազոր մարմին` հաստատման:
Սեյսմամիկրոշրջանացման քարտեզին կից ներկայացվում են հետևյալ նյութերը`
ա) սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների մասին հաշվետվության տեքստային մասը, որը պարունակում է հետևյալ բաժիններն ու տեղեկությունները`
ներածություն,
տարածքի ուսումնասիրվածության մասին ընդհանուր տեղեկություններ,
աշխատանքների կատարման մեթոդիկան,
տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները,
գործիքային հետազոտությունների արդյունքները,
չափանմուշային գրունտների ընտրությունը,
սեյսմամիկրոշրջանացման քարտեզի համառոտ նկարագրությունը,
եզրակացություններ և առաջարկություններ,
տեսական հաշվարկներ,
օգտագործված գրականության ցուցակ.
բ) տեքստային հավելվածները, որոնք պետք է պարունակեն`
պատվիրատուի տեխնիկական առաջադրանքը` ներառյալ դրա մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները,
գրանցված երկրաշարժերի գրացուցակ,
գրունտների հատկությունների լաբորատոր չափումների արդյունքների ամփոփիչ աղյուսակներ,
սեյսմիկ վտանգի հաշվարկների աղյուսակ,
այլ երկրաֆիզիկական պարամետրերի հաշվարկների տվյալներ.
գ) հաշվետվության գրաֆիկական մասը, որը պետք է պարունակի`
սեյսմամիկրոշրջանացման քարտեզ,
փաստացի նյութերի քարտեզ,
ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզ՝ առանձնացվող տարրերի բնութագրմամբ, աղյուսակային ձևով և ինժեներաերկրաբանական կտրվածքներ,
ուժեղ երկրաշարժերի հաշվարկային ակսելերագրամներ, սպեկտրային բնութագրեր, գրունտների հակազդման սպեկտրներ.
դ) անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման կարգում նշված այլ նյութեր:
4. ՍՊԱԾ գործակալությունը հաշվետվությունը կարող է ներկայացնել սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի հաշվառմամբ:
5. ՍՊԱԾ գործակալությունը հաշվետվությունը պատվիրատուից ստանալուց հետո 10 օրվա ընթացքում իր կողմից ստեղծված փորձագիտական խմբում քննարկում և սեյսմամիկրոշրջանացման քարտեզը հաշվետվության վերաբերյալ կարծիքի հետ միասին հաստատման է ներկայացնում լիազոր մարմին կամ կից գրավոր դիտողություններով վերադարձնում է պատվիրատուին` լրամշակման:
Սեյսմամիկրոշրջանացման քարտեզը վերադարձվում է լրամշակման, եթե հաշվետվությունը չի բավարարում սույն կարգի 1-ին և 2-րդ կետերի պահանջները:
6. Պատվիրատուն համապատասխան լրամշակումից հետո ընդունում է հաշվետվությունը և կրկին հանձնում ՍՊԱԾ գործակալություն` ներկայացնելու համար լիազոր մարմին` հաստատման:
7. ՍՊԱԾ գործակալությունը եռօրյա ժամկետում քննարկում է սեյսմամիկրոշրջանացման քարտեզը և իր եզրակացության հետ միասին ներկայացնում է լիազոր մարմին` հաստատման:
8. Լիազոր մարմինը 5 օրվա ընթացքում հաստատում է սեյսմամիկրոշրջանացման քարտեզը և վերադարձնում պատվիրատուին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |