Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-654
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

20 հոկտեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հունիսի 2-ին Թբիլիսիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարում և դրանց վերադարձն ապահովելու գործում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2006թ. հունիսի 2-ին Թբիլիսիում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև` ավտոտրանսպորտային  միջոցների հափշտակությունը կանխելու և դրանց վերադարձն ապահովելու համար համաձայնեցված միջոցներ իրականացնելու նպատակով:

2. Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի համագործակցությունն ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության հետ կապված հանցագործությունները կանխելու, հայտնաբերելու, բացահայտելու, քննելու, հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները հետախուզելու և դրանց վերադարձն ապահովելու գործում: Համագործակցությունն իրականացվելու է Կողմերի իրավասու մարմինների միջոցով, որոնց ցանկերը փոխանցվելու են միմյանց: Պետք է օգտագործվեն նաև Ինտերպոլի միջոցները, այդ թվում Գլխավոր քարտուղարության կենտրոնական բազան:

3. Ըստ համաձայնագրի` Կողմերից մեկի տարածքում հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի հայտնաբերման, առգրավման կամ կալանման դեպքում այդ Կողմի իրավասու մարմինը 20 օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է մյուս Կողմի իրավասու մարմնին, որի վարույթում գտնվում է քրեական գործը: Հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը հայտնաբերած կամ առգրաված Կողմի իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել համապատասխան միջոցներ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովելու համար և չեն կարող օգտագործել կամ տնօրինել այն:

4. Ըստ համաձայնագրի` ծանուցում ստացած Կողմի իրավասու մարմինը կարող է գրավոր հարցում ուղարկել մյուս Կողմի իրավասու մարմնին` ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման վերաբերյալ: Հարցվող Կողմի իրավասու մարմինն ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման վերաբերյալ հարցումն ստանալուց 30 օրվա ընթացքում կայացնում է համապատասխան որոշում և այդ մասին տեղեկացնում հարցնող Կողմի իրավասու մարմնին:

5. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ապահովի մյուս Կողմից ստացված տվյալների գաղտնիությունը, իսկ դրանք երրորդ Կողմին փոխանցելու անհրաժեշտության դեպքում պետք է ստանա մյուս Կողմի գրավոր համաձայնությունը:

6. Ըստ համաձայնագրի` ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման վերաբերյալ հարցման կատարումը կարող է մերժվել կամ հետաձգվել: Կողմերը դադարեցնում են հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի հետախուզումը հարցնող Կողմի իրավասու մարմնի որոշմամբ:

7. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ` ծագող վիճելի հարցերը լուծելու, ծախսերի, համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու և դադարելու վերաբերյալ։

8. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ ֆինանսական պարտավորությունները`

ա) վերադարձվող ավտոտրանսպորտային միջոցները ՀՀ սահմանները հատելիս ազատվում են հարկային, մաքսային և այլ գանձումներից ու վճարներից,

բ) կրում է ավտոտրանսպորտային միջոցն առգրավելու և մինչև սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին կամ մյուս Կողմի իրավասու մարմնին հանձնելու պահը դրա պահպանման ծախսերը:

9. Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակով` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Համաձայնագրի մեկնաբանման դեպքում գերակայությունը տրվում է ռուսերեն տեքստին։

10. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին համահունչ  ապահովում են Կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի հունիսի 2-ին Թբիլիսիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարում և դրանց վերադարձն ապահովելու գործում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված  պարտավորությունները  համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


20 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-654

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան