ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 հոկտեմբերի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հունիսի 2-ին Թբիլիսիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարում և դրանց վերադարձն ապահովելու գործում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2006թ. հունիսի 2-ին Թբիլիսիում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև` ավտոտրանսպորտային միջոցների հափշտակությունը կանխելու և դրանց վերադարձն ապահովելու համար համաձայնեցված միջոցներ իրականացնելու նպատակով:
2. Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի համագործակցությունն ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության հետ կապված հանցագործությունները կանխելու, հայտնաբերելու, բացահայտելու, քննելու, հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները հետախուզելու և դրանց վերադարձն ապահովելու գործում: Համագործակցությունն իրականացվելու է Կողմերի իրավասու մարմինների միջոցով, որոնց ցանկերը փոխանցվելու են միմյանց: Պետք է օգտագործվեն նաև Ինտերպոլի միջոցները, այդ թվում Գլխավոր քարտուղարության կենտրոնական բազան:
3. Ըստ համաձայնագրի` Կողմերից մեկի տարածքում հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի հայտնաբերման, առգրավման կամ կալանման դեպքում այդ Կողմի իրավասու մարմինը 20 օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է մյուս Կողմի իրավասու մարմնին, որի վարույթում գտնվում է քրեական գործը: Հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը հայտնաբերած կամ առգրաված Կողմի իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել համապատասխան միջոցներ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովելու համար և չեն կարող օգտագործել կամ տնօրինել այն:
4. Ըստ համաձայնագրի` ծանուցում ստացած Կողմի իրավասու մարմինը կարող է գրավոր հարցում ուղարկել մյուս Կողմի իրավասու մարմնին` ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման վերաբերյալ: Հարցվող Կողմի իրավասու մարմինն ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման վերաբերյալ հարցումն ստանալուց 30 օրվա ընթացքում կայացնում է համապատասխան որոշում և այդ մասին տեղեկացնում հարցնող Կողմի իրավասու մարմնին:
5. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ապահովի մյուս Կողմից ստացված տվյալների գաղտնիությունը, իսկ դրանք երրորդ Կողմին փոխանցելու անհրաժեշտության դեպքում պետք է ստանա մյուս Կողմի գրավոր համաձայնությունը:
6. Ըստ համաձայնագրի` ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման վերաբերյալ հարցման կատարումը կարող է մերժվել կամ հետաձգվել: Կողմերը դադարեցնում են հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի հետախուզումը հարցնող Կողմի իրավասու մարմնի որոշմամբ:
7. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ` ծագող վիճելի հարցերը լուծելու, ծախսերի, համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու և դադարելու վերաբերյալ։
8. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ ֆինանսական պարտավորությունները`
ա) վերադարձվող ավտոտրանսպորտային միջոցները ՀՀ սահմանները հատելիս ազատվում են հարկային, մաքսային և այլ գանձումներից ու վճարներից,
բ) կրում է ավտոտրանսպորտային միջոցն առգրավելու և մինչև սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին կամ մյուս Կողմի իրավասու մարմնին հանձնելու պահը դրա պահպանման ծախսերը:
9. Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակով` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Համաձայնագրի մեկնաբանման դեպքում գերակայությունը տրվում է ռուսերեն տեքստին։
10. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին համահունչ ապահովում են Կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հունիսի 2-ին Թբիլիսիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարում և դրանց վերադարձն ապահովելու գործում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|