Գլխավոր տեղեկություն
Համար
N 1491-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2006-09.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.16/20(255) Հոդ.1180
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2006 թվականի N 1491-Ն

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության, դրանց շուրջ պահպանական գոտիների ստեղծման կարգը և սահմանափակումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հողամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված կարգով` հետևյալ չափերով`

օդերևութաբանական կայանի, այդ թվում` դիտահրապարակի համար` 0.5-1.0 հեկտար,

ջրաչափական դիտակետի համար` 0.10-0.15 հեկտար (առանց  ջրային տարածքի),

բնակավայրերում օդի աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանի համար` 30-50 քառ. մետր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 1
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1491-Ն որոշման

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Սույնով կանոնակարգվում են`

ա) շրջակա միջավայրի օդերևութաբանական, հիդրոլոգիական, կլիմայական, աերոլոգիական, երկրաֆիզիկական, ագրոօդերևութաբանական, ակտինոմետրական, օզոնոմետրական և մթնոլորտի, հողի, ջրերի, ձնածածկույթի ֆիզիկական, քիմիական (այդ թվում՝ ռադիոակտիվ) քանակաորակական բնութագրերի դիտարկումների (այսուհետ` շրջակա միջավայրի  դիտարկումներ) պետական ցանցի օբյեկտների պահպանությունը.

բ) շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ պահպանական գոտիների ստեղծումը.

գ) շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ ստեղծված պահպանական գոտիներում տնտեսական և այլ գործունեության սահմանափակումները:

2. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտը համակարգ է, որն ընդգրկում է կայանի շենքը, դիտահրապարակը կամ դիտակետերի զբաղեցրած տարածքը, որտեղ տեղադրված են շրջակա միջավայրի որակական և քանակական բնութագրերի որոշման համապատասխան սարքեր և սարքավորումներ, այլ օժանդակ շինություններ, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները:

3. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանությունը դրանց  գոյության պահպանվածությունն է և բխում է այդ օբյեկտներում ստացվող շրջակա միջավայրի մասին հավաստի տվյալների բազմամյա շարքերի պահպանության և շարունակելիության անհրաժեշտությունից:

4. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի կազմակերպումը, դիտարկումների պետական ցանցի օբյեկտների տեղադրման ընտրությունը կատարվում է և հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի գործունեության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) որոշման հիման վրա:

5. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների տեղադրումը, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը և դրանց նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Բնական երևույթների մասին հավաստի տեղեկատվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի դիտարկումներ իրականացնող անշարժ օբյեկտների շուրջ ստեղծվում են պահպանական գոտիներ` դրանցում տնտեսական և այլ գործունեության սահմանափակմամբ, որպես կանոն, ոչ պակաս, քան 150 մետր շառավղով հողատարածքների տեսքով` հաշվարկված օբյեկտի սահմաններից: Պահպանական գոտիների չափերը և սահմանները կարող են փոփոխվել` կախված տեղանքի ռելիեֆից և այլ պայմաններից:

7. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտները (այսուհետ` հենակետային օբյեկտներ) այն օբյեկտներն են, որոնք ունեն դիտարկման տվյալների երկարատև և ամբողջական շարքեր: Դիտարկման տվյալների կարճատև և ոչ ամբողջական շարքեր ունեցող օբյեկտները ոչ հենակետային օբյեկտներ են: Հենակետային և ոչ հենակետային օբյեկտների ցանկը հաստատում է լիազորված մարմինը:

8. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ պահպանման գոտիների սահմանանշումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից` համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության դրույթները:

9. Դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտները տեղափոխման ենթակա չեն: Դրանց շուրջ ստեղծված պահպանական գոտիներում տնտեսական և այլ գործունեության սահմանափակումներն են`

ա) շենքերի և շինությունների կառուցումը,

բ) ոռոգման և չորացման համակարգերի կառուցումը,

գ) լեռնային, շինմոնտաժային, պայթեցման և հողահարթեցման աշխատանքների իրականացումը,

դ) անտառահիմնումը,

ե) պարարտանյութերի կուտակումը,

զ) թափոնների տեղադրումը,

է) թթուների, աղերի և ալկալիների լուծույթների թափումը,

ը) ավտոմոբիլային և ջրային տրանսպորտի, տրակտորների և այլ մեքենաների ու մեխանիզմների կուտակումը, կայանատեղերի հիմնումը:

10. Ոչ հենակետային օբյեկտների շուրջ ստեղծված պահպանական գոտիներում սույն կարգի 9-րդ կետով սահմանված աշխատանքները կարող են իրականացվել լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

11. Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանական գոտիներ մուտք գործող ճանապարհներին տեղադրվում են համապատասխան տեղեկություններ պարունակող ցուցանակներ:
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2023, N 908-Ն 09.06.2023, N 1491-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան