Գլխավոր տեղեկություն
Համար
N 1579-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.10.2006-07.12.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.30/83(455) Հոդ.1066
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1579-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով ու Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի բարեփոխումների ու մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 203 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 30
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է հայաստանի հանրապետության` օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարության անվանումն է`

հայերեն` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,

ռուսերեն` Ìèíèñòåðñòâî îáðàçîâàíèÿ è íàóêè Ðåñïóáëèêè Àðìåíèÿ,

անգլերեն` Ministry of Education and Science of the Republic of Armenia:

6. Նախարարության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375010, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3:

(6-րդ կետը փոփ. 28.04.05 N 539-Ն)

7. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, նախարարության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

8. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

9. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդումը, ազգային և համամարդկային արժեքների պահպանումը և զարգացումը, կրթության և գիտության համակարգի բնականոն գործունեության ապահովումը.

բ) կրթության բնագավառի հիմքը հանդիսացող ազգային դպրոցի գլխավոր նպատակի` մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորման ապահովումը.

գ) կրթության և գիտության բնագավառների պահպանման ու զարգացման ապահովումը, որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) կրթության և գիտության բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի ու կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակում.

բ) կրթության և գիտության բովանդակային ու կառուցվածքային բարեփոխում, դրանց առաջանցիկ զարգացման ապահովում.

գ) կրթության և գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակում ու դրանց իրականացման կազմակերպում.

դ) կրթական հաստատությունների գործունեության ու կրթական ծառայությունների արդյունավետության գնահատում, այդ հաստատությունների գործունեության վերլուծություն, զարգացման ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և դրանց իրականացման խթանում.

ե) համակարգի կրթական հաստատությունների ու նախարարության առանձնացված ստորաբաժանումների միջազգային կապերի զարգացմանը նպաստելը, նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.

զ) դրսեկության ձևով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կազմակերպման կարգի սահմանում.

է) կրթության և գիտության զարգացման հարցերով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն.

Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի մշակում և հաստատում.

ը) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ուսումնադաստիարակչական բնույթի միջոցառումների, կրթության և գիտության հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպում.

թ) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգում և վերահսկում` կրթական հաստատությունների ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով.

ժ) սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ցույց տրվելիք օգնության կազմակերպում, սփյուռքում հայապահպան կրթական գործունեությանն աջակցելու ծրագրերի մշակում ու իրականացում, Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեությանն սփյուռքի մասնակցությանը նպաստելը,

ժա) երկրի բնապահպանական վիճակի բարելավմանը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու մարդու, հասարակության և պետության անվտանգության ապահովմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացում.

ժբ) հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացում և ռացիոնալ տեղաբաշխում ու պահպանում, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման կազմակերպում`

գիտատեխնիկական համակարգի զարգացման և տարածման, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրման ապահովում,

գիտության ժամանակակից ենթակառուցվածքի և տեղեկատվական ապահովման համակարգի ձևավորում,

գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի մշակում ու պետական պատվերի տեղադրում.

ժգ) միջպետական գիտատեխնիկական ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպում.

ժդ) կրթության զարգացման պետական ծրագրի, պետական կրթական չափորոշիչների մշակում և դրանց իրականացման աշխատանքների համակարգում.

ժե) ուսումնական հաստատությունների կողմից մշակված ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի հաստատում.

ժզ) օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակման ու հրատարակման ապահովում.

ժէ) ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման կարգերի մշակում և հաստատում.

ժը) ուսումնական հաստատություններում «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական կրթական քաղաքականության սկզբունքների պահպանում և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

ժթ) տարրական և հիմնական ընդհանուր կրթության ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագրերը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառության կարգի սահմանում.

ի) վերահսկողություն «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ`

Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի մշակումը և դրա իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողություն,

գրական հայերենի կանոնարկման աշխատանքների կազմակերպում,

անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշների մշակում և հաստատում,

Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումների հաստատում ժամանակակից գրական հայերենի անաղարտության չափանիշների և համակարգչային տեխնոլոգիաներում դրա կիրառման պահանջների սահմանում,

հանրակրթության համակարգում ազգային փոքրամասնությունների` մայրենի լեզուներով կրթություն և դաստիարակություն ստանալու իրավունքի ապահովում,

հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանման, տարածման և զարգացման աշխատանքների կազմակերպում և համակարգում.

իա) գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի և գիտական կոչումներ շնորհելու կարգի մշակում.

իբ) ատենախոսությունների թեմաների հաստատման և ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների հանձնման կարգի սահմանում.

իգ) կրթական և գիտական աստիճանների պետական նմուշի ավարտական և գիտական կոչումներին վերաբերող փաստաթղթերի ձևերի մշակում.

իդ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

իե) նախարարության և նրա համակարգի բյուջետային գործընթացի ապահովում.

իե1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգ, այդ բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման արդյունավետության գնահատում.

իե2) կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

իզ) Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորությունների իրականացում:

իէ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումը և իրականացումը

(10-րդ կետը խմբ., լրաց. 30.12.04 N 1927-Ն, լրաց. 30.12.04 N 1928-Ն, 28.04.05 N 539-Ն, 25.08.05 N 1356-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

13. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին:

14. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` նախարարության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) եռօրյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ առաջարկություն.

զ) աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին.

է) օրենքով սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ը) նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը.

թ) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ժ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժբ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժգ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժզ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժէ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժը) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է տվյալ բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների ու մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մովսես Խորենացու 13:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ իրականացնող ու պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը, իսկ ղեկավարումը` նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է նախարարության աշխատակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(43-րդ կետը լրաց. 28.09.06 N 1372-Ն)

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ


1. Վարչություններ

Հանրակրթության վարչություն

Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչություն

Բարձրագույն մասնագիտական կրթության վարչություն

Գիտության և հետբուհական կրթության վարչություն

Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչություն

Միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Օրենսդրության և իրավաբանական վարչություն

Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

2. Քարտուղարություն


Նախարարության աշխատակազմի քարտուղարություն

3. Բաժիններ

Զարգացման ծրագրերի բաժին

Առաջին բաժին

(3-րդ կետը լրաց. 28.09.06 N 1372-Ն)

II. Առանձնացված ստորաբաժանումներ

1. Գործակալություններ

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով

Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն

2. Տեսչություններ

Լեզվի պետական տեսչություն

Կրթության պետական տեսչություն

(2-րդ կետը լրաց. 30.12.04 N 1927-Ն, խմբ. 24.11.05 N 2290-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը

 

NN ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

Գրասենյակային գույք

13139584

2.

Էլեկտրական ապրանք

11213531

3.

Համակարգչային տեխնիկա

60761318

4.

Կապի սարքավորում

2236016

5.

Շենք, շինություն

24213351

6.

Ավտոմեքենա

12545510

7.

Գորգ, ուղեգորգ

1520134

8.

Ռեզոգրաֆ

7894743

9.

Պատճենահանող սարք

6335195

10.

Կրակմարիչ

60000

11.

Խոհանոցի սեղան

206123

12.

Լաբորատոր սարքավորում

1818531

13.

Կարող մեքենա

203000

14.

Ավտոմեքենայի մագնիտոֆոն

279180

 

Ընդամենը

105667355

 

 

2.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալություն

 

NN ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

Գրասենյակային գույք

2103237

2.

Կապի սարքավորում

125000

3.

Համակարգչային տեխնիկա

2128882

4.

Ավտոմեքենա

4106585

5.

Գորգ, ուղեգորգ, նկար

467040

6.

Ջեռուցման սարքավորում

131330

7.

Պատճենահանման սարքավորումներ

492142

8.

Էլեկտրական ապրանք

142000

 

Ընդամենը

9696216

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչություն

 

NN ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

Գրասենյակային գույք

2643600

2.

Պատճենահանման սարքավորումներ

363000

3.

Համակարգչային տեխնիկա

1455800

4.

Ավտոմեքենա

4755000

5.

Գորգ, ուղեգորգ, նկար

262400

6.

Գրականություն

98900

 

Ընդամենը

9578700

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալություն

 

Իր հաշվեկշռում գույք չունի:

 

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան