«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 օգոստոսի 2006 թ. |
N 496-Ն |
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել «Ինկասացիոն կազմակերպությունների և դրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման և պահպանման կարգն ու պայմանները»՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն իրավական ակտը կարգավորում է ինկասացիոն կազմակերպությունների և դրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման և պահպանման հետ կապված հարաբերությունները:
1.2. Սույն իրավական ակտը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն կազմակերպությունների և դրանց հետ հարաբերությունների մեջ մտած բոլոր սուբյեկտների վրա:
1.3. Սույն իրավական ակտի 6.11-6.14 կետերը չեն տարածվում բանկերի և վարկային կազմակերպությունների վրա: Բանկերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, 6.11-6.14 կետերում նկարագրված գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 199-Ն որոշմամբ, իսկ վարկային կազմակերպություններում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հուլիսի 13-ի թիվ 175-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 2
ՍՈՒՅՆ ԱԿՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Կազմակերպություն՝ ինկասացիոն կազմակերպության հաճախորդ,
2.2. հաճախորդ՝ ինկասացիոն կազմակերպության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած իրավաբանական կամ ֆիզիկական անձ,
2.3. ինկասացիոն գործողություններ՝ ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, հանձնման, փոխադրման (տեղափոխման) կամ պահպանման հետ կապված գործողություններ,
2.4. ինկասացիոն գործընթաց՝ կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման և հանձնման գործընթաց,
2.5. ինկասացիոն խումբ՝ ինկասատոր վարորդ, ինկասատոր-գանձապահ հսկիչ, հավաքագրող ինկասատոր,
2.6. այլ արժեքներ փոխադրող ինկասացիոն խումբ՝ հաճախորդի և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրին համապատասխանող թվաքանակից բաղկացած ինկասացիոն կազմակերպության ղեկավարի կողմից կազմված խումբ,
2.7. ինկասատոր-վարորդ՝ ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված այն աշխատակիցը, որն իրավունք ունի վարելու ինկասացիոն ավտոմեքենան, և որը ինկասացիոն գործողությունների ժամանակ պետք է լինի ինկասացիոն ավտոմեքենայի ղեկին,
2.8. ինկասատոր-գանձապահ հսկիչ՝ հավաքագրող ինկասատորից կանխիկ դրամը և այլ արժեքներն ընդունող և հանձնող ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված այն աշխատակիցը, որն ինկասացիոն գործողությունների ժամանակ պետք է գտնվի ինկասացիոն ավտոմեքենայում,
2.9. հավաքագրող-ինկասատոր՝ կանխիկ դրամը և այլ արժեքներն ընդունող կամ հանձնող ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցը,
2.10. դրամական պայուսակ՝ կտորից (բրեզենտից) չվնասված պարկ կամ մետաղական չվնասված արկղ, որի մեջ տեղադրվում են կանխիկ դրամը և այլ արժեքները (եթե այլ արժեքները չափերով կարելի է տեղավորել),
2.11. գանձապահ՝ կազմակերպության աշխատակից, որն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից կամ նման պարտականություններ իրականացնող այլ աշխատակից,
2.12. ինկասացիոն տարածք՝ կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման և հանձնման համար նախատեսված տարածք,
2.13. ինկասացիոն երթուղի՝ ինկասացիոն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված, կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման) և հանձնման համար նախատեսված ամբողջ ճանապարհը,
2.14. ինկասացիոն պահեստային երթուղի՝ ինկասացիոն երթուղով անցնելն անհնար լինելու դեպքում (արգելք, դարան, հնարավոր հարձակման մասին տեղեկություն ստանալու դեպքում և այլն) այլընտրանքային ինկասացիոն երթուղի,
2.15. ինկասացիոն կազմակերպության ղեկավար՝ ինկասացիոն կազմակերպության ստորաբաժանման ղեկավար կամ նրա պարտականություններն իրականացնող այլ աշխատակից:
3. Սույն ակտում օգտագործվող մյուս հասկացությունները համապատասխանում են «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններին:
Գ Լ ՈՒ Խ 3
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԻՆԿԱՍԱՑԻԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Ինկասացիոն կազմակերպությունը կանխիկ դրամի ինկասացիան և պահպանումն իրականացնում է սույն կարգին ու պահանջներին և ինկասացիոն կազմակերպության և հաճախորդի, անհրաժեշտության դեպքում՝ կանխիկ դրամն ընդունող կամ հանձնող անձի միջև կնքված պայմանագրին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 4
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ) ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4.1. Ինկասացիոն գործողությունների, ինչպես նաև կանխիկ դրամի ընդունման համար նախատեսված ինկասացիոն խմբում ընդգրկվող անդամների անունների, ժամանման ժամանակի, ինկասացիոն երթուղու մասին ինկասացիոն կազմակերպության ղեկավարը ինկասացիոն խմբին տեղեկացնում է նախապես՝ մեկնումից ոչ շուտ, քան 20 րոպե առաջ: Ինկասացիոն խմբի ժամանումը ինկասացիոն տարածք նախապես տեղեկացված ժամանակի համեմատ չպետք է գերազանցի տասնհինգ րոպեն:
4.2. Ինկասացիոն խումբը բաղկացած է առնվազն երեք անդամից, իսկ այլ արժեքներ փոխադրող ինկասացիոն խմբում ներառվող անդամների քանակը որոշվում է հաճախորդի և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրով: Ինկասացիոն խումբը կամ այլ արժեքներ փոխադրող ինկասացիոն խումբը պետք է բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտի նախքան մեկնումը:
4.3. Ինկասացիոն կազմակերպության ղեկավարը իրականացնում է հետևյալ նախապատրաստական ինկասացիոն գործողությունները.
4.3.1. իր կողմից հաստատված ինկասացիոն երթուղու վերաբերյալ ցուցումներ է տալիս արդեն ձևավորված ինկասացիոն խմբին կամ այլ արժեքներ փոխադրող ինկասացիոն խմբին,
4.3.2. ստուգում է ինկասացիոն ավտոմեքենան, հաստատում դրա սարքին վիճակը և համապատասխան վառելիքով լիցքավորված լինելու փաստը,
4.3.3. ստուգում է ինկասացիոն խմբի կամ այլ արժեքներ փոխադրող ինկասացիոն խմբի անդամների հագուստը, նրանց կողմից օգտագործվող զենքը:
4.4. Կազմակերպությունը իրականացնում է հետևյալ նախապատրաստական ինկասացիոն գործողությունները (միայն կանխիկ դրամի ինկասացիայի դեպքում).
4.4.1. ստուգում է ներքին դռան ներքին փականի ապահովությունը,
4.4.2. բացառում է ինկասացիոն գործընթացը տվյալ կազմակերպության աշխատակիցների կողմից լսելու և տեսնելու հնարավորությունը,
4.4.3. ստուգում է դրամական պայուսակների վնասված չլինելը,
4.4.4. վերահաշվում է գումարը, փաթեթավորում, դնում դրամական պայուսակների մեջ, լարանցում (կտորից լինելու դեպքում), վրան փակցնում պիտակ և կնքում դրանք կնիքով (որը համապատասխանում է տվյալ կազմակերպության դրամարկղին հանձնած օրինակին), իսկ ֆիզիկական անձ հաճախորդի կողմից կանխիկ դրամ հանձնելու դեպքում, կնիքի բացակայության պարագայում, վավերացնում է դրանք ստորագրությամբ,
4.4.5. յուրաքանչյուր դրամական պայուսակի համար երկու օրինակից լրացնում է կանխիկ դրամին ուղեկցող ցուցակ՝ նշելով պայուսակի համարը և այդ պայուսակում տեղադրված գումարի չափը, կնքում ցուցակները կազմակերպության կամ գանձապահի անձնական կնիքով, մեկ օրինակը դնում պայուսակի մեջ, մյուսը՝ փակ սոսնձված ծրարով ստորագրությամբ հանձնում հավաքագրող ինկասատորին: Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից կանխիկ դրամ հանձնելու դեպքում, կնիքի բացակայության պարագայում, ցուցակի երկու օրինակները վավերացվում են ստորագրությամբ: Ծրարի փակված մասում պետք է լինի գանձապահի կնիքը կամ դրա բացակայության դեպքում՝ կազմակերպության կնիքը և գանձապահի ստորագրությունը, իսկ ֆիզիկական անձ հաճախորդի կողմից կանխիկ դրամ հանձնելու դեպքում՝ կնիքի բացակայության պարագայում, գանձապահի ստորագրությունը,
4.4.6. Երեք օրինակից լրացնում է ընդհանուր դրամական պայուսակների քանակության մասին ամփոփագիր՝ նշելով դրամական պայուսակների համարները,
4.4.7. Յուրաքանչյուր ամփոփագրի օրինակ ստորագրվում է գանձապահի կողմից և կնքվում գանձապահի կնիքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ կազմակերպության կնիքով, ֆիզիկական անձ հաճախորդի կողմից կանխիկ դրամ հանձնելու դեպքում՝ կնիքի բացակայության պարագայում, գանձապահի ստորագրությամբ:
4.5. 4.4 կետում նկարագրված գործողությունները պետք է ավարտված լինեն մինչև ինկասացիոն խմբի ժամանումը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ) ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5.1. Ինկասացիոն կազմակերպությունը կանխիկ դրամը փոխադրում է (տեղափոխում է) ինկասացիոն մեքենաների միջոցով՝ ինկասացիոն երթուղով:
5.2. Ինկասացիոն խումբը չի կարող ամբողջ ինկասացիոն երթուղու ընթացքում՝
5.2.1. կանգնեցնել ինկասացիոն մեքենան այլ անձանց խնդրանքով և խոսակցություններ ունենալ նրանց հետ,
5.2.2. ազատ ռադիոկապով հայտնել գաղտնի տեղեկություններ,
5.2.3. կատարել կանգառներ ինկասացիոն երթուղուց դուրս,
5.2.4. տեղեկություններ տարածել ինկասացիոն երթուղու ուղղության մասին,
5.2.5. տարածել փոխադրվող դրամական միջոցների և այլ արժեքների անվանումների մասին տեղեկություններ,
5.2.6. ինկասացիոն մեքենա մուտք գործելու հնարավորություն ընձեռել այլ անձանց,
5.2.7. ինկասացիոն գործողության ժամանակ այցելել ինկասացիոն երթուղով չնախատեսված վայրեր,
5.2.8. կատարել խմբի ղեկավարի ցուցումներից տարբերվող այլ գործողություններ,
5.2.9. փոխադրել հաճախորդի կողմից չտրամադրված այլ գույք,
5.2.10. իր մոտ ունենալ անձնական բջջային հեռախոսներ կամ կապի անձնական այլ միջոցներ:
Գ Լ ՈՒ Խ 6
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6.1. Ինկասացիոն խումբը կանխիկ դրամի ընդունումը կատարում է, որպես կանոն, կազմակերպության գաղտնամուտքից կամ ներսի բակից: Ինկասացիոն տարածքը և դրան հարող տարածքները պետք է ազատ լինեն կողմնակի անձանցից և իրերից: Ճանապարհը դեպի ինկասացիոն տարածք պետք է լինի լավ լուսավորված: Ինկասացիոն խմբին դիմավորում է կազմակերպության անվտանգության աշխատակիցը տվյալ կազմակերպության մուտքի մոտ, եթե այդ կազմակերպությունը ունի անվտանգությունն ապահովող աշխատակից:
6.2. Ինկասացիոն խմբի կողմից կանխիկ դրամի ընդունման գործընթացը չպետք է գերազանցի 10 րոպեն: Ընդ որում, ժամանակի հաշվարկը սկսվում է ինկասացիոն մեքենայից հավաքագրող ինկասատորի իջնելու պահից և ավարտվում նրա՝ մեքենա վերադառնալու պահին:
6.3. Կանխիկ դրամի ընդունման ժամանակ ինկասացիոն խմբի վարորդը ինկասացիոն գործողությունների ընթացքում մնում է ինկասացիոն ավտոմեքենայի ղեկին՝ չանջատելով ինկասացիոն մեքենայի շարժիչը:
6.4. Ինկասատոր-գանձապահ հսկիչը (խմբի ավագը) ինկասացիոն գործողությունների ընթացքում մնում է ինկասացիոն մեքենայի խցիկում: Ինկասատոր-գանձապահ հսկիչը պետք է ունենա ուղիղ կապով հաղորդակցվելու հնարավորություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության տարածքային ստորաբաժանման հետ, ինչպես նաև ինկասացիոն խմբի և ինկասացիոն կազմակերպության ղեկավարի հետ:
6.5. Կազմակերպության անվտանգության աշխատակիցը (եթե այդպիսին կա տվյալ կազմակերպությունում) դիմավորում է հավաքագրող-ինկասատորին մուտքի մոտ և նրան առջևից ուղեկցում ինկասացիոն տարածք, որտեղ իրականացվում է կանխիկ դրամի ընդունումն ու հանձնումը:
6.6. Կազմակերպության գանձապահը յուրաքանչյուր անգամ ինկասացիոն տարածք մուտք գործելուց առաջ ստուգում է հավաքագրող-ինկասատորի անձը հաստատող փաստաթուղթը և ինկասացիոն կազմակերպության կողմից տվյալ հավաքագրող ինկասատորին տրամադրված դրամական պայուսակներ ստանալու լիազորագիրը, ներկայացման քարտը:
6.7. Հավաքագրող-ինկասատորի անձի կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում անհրաժեշտ է ինկասացիոն կազմակերպության ղեկավարից հեռախոսով ստուգել տվյալ հավաքագրող-ինկասատորի իրավունքը ինկասացիա կատարելու համար: Եթե կասկածները չեն փարատվում, ապա կազմակերպությունը կարող է չհանձնել կանխիկ դրամը (արժեքները չեն տրամադրվում) և անմիջապես հայտնել այդ մասին տվյալ ինկասացիոն կազմակերպությանը:
6.8. Կասկածների բացակայության դեպքում հավաքագրող-ինկասատորը մուտք է գործում ինկասացիոն տարածք:
6.9. Ինկասացիոն տարածք հավաքագրող-ինկասատորի մուտք գործելուց հետո դուռը պետք է փակել փականով, իսկ կազմակերպության անվտանգության աշխատակիցը մնում է դրսում, դռան մոտ:
6.10. Հավաքագրող-ինկասատորը ինկասացիոն տարածք մուտք գործելուց հետո ստուգում է դռան ապահով փակված լինելը և այլ անձանց կողմից լսելու ու դիտելու անհնարինությունը:
6.11. Դրամական պայուսակները ընդունելու համար հավաքագրող-ինկասատորը՝
6.11.1. համեմատում է պարկերն ուղեկցող ամփոփագրում առկա տեղեկությունների համապատասխանությունը դրամական պայուսակների համարներին, ինչպես նաև գանձապահի (կազմակերպության) կնիքների և ստորագրությունների առկայությունը:
Հայտնաբերված թերությունները վերացվում են անմիջապես գանձապահի կողմից և ամփոփագրում կատարված յուրաքանչյուր ուղղում հաստատվում է գանձապահի ստորագրությամբ ու կնիքով, իսկ վրադիրները փոխարինվում են նորերով,
6.11.2. վավերացնում է անձնական ստորագրությամբ և անձնական կնիքով կազմակերպության դրամարկղ փոխանցելու՝ պարկերի ընդունման ամփոփագրերի օրինակները:
Հավաքագրող-ինկասատորին արգելվում է մասնակցել դրամի վերահաշվարկին և (կամ) որևէ առիթով շփվել դրամանիշերի հետ:
6.12. Պայուսակների և փաստաթղթերի ընդունումից հետո հավաքագրող-ինկասատորը գանձապահին է ներկայացնում՝
6.12.1. ներկայացման քարտը,
6.12.2. հավաքագրող-ինկասատորին տրված լիազորագիրը,
6.12.3. պարկերն ուղեկցող ամփոփագրի օրինակը,
6.12.4. դատարկ, անվնաս պարկերի անհրաժեշտ քանակությունը (ինկասատոր-գանձապահ հսկիչին նախապես տեղեկացրած):
6.13. Գանձապահը ստուգում է՝
6.13.1. հավաքագրող-ինկասատորի կողմից փոխանցվող փաստաթղթերում նրա ստորագրությունների և կնիքների առկայությունը,
6.13.2. հավաքագրող-ինկասատորի կողմից փոխանցվող պարկերի անվնասությունը և ամբողջականությունը,
6.13.3. յուրաքանչյուր պայուսակի համար առկա ամփոփագիրը:
Հայտնաբերված թերությունները վերացվում են հավաքագրող-ինկասատորի կողմից անմիջապես:
6.14. Գանձապահը հանձնում է հավաքագրող-ինկասատորին անձամբ իր կողմից լրացված ներկայացման քարտը, որտեղ նշվում են կանխիկ դրամի ընդունման ժամը, ամիսը և ամսաթիվը, պարկերի համարները: Ներկայացման քարտը վավերացվում է գանձապահի ստորագրությամբ և կնիքով, իսկ ֆիզիկական անձ հաճախորդի կողմից կանխիկ դրամ հանձնելու դեպքում՝ կնիքի բացակայության պարագայում, վավերացնում ստորագրությամբ: Հավաքագրող-ինկասատորին արգելվում է ներկայացման քարտում կատարել որևէ նշում կամ գրառում:
6.15. Նախատեսված գործողությունների անցկացումից հետո հավաքագրող- ինկասատորը՝
6.15.1. ստացված բոլոր դրամական պայուսակները և փաստաթղթերը տեղավորում է հատուկ ճամպրուկի (կոնտեյների) մեջ,
6.15.2. փակում է ճամպրուկը և ամրացնում այն իր ձախ կամ աջ դաստակին:
6.16. Հավաքագրող ինկասատորը ռադիոկապի միջոցով խմբի ինկասատոր-գանձապահ հսկիչին (ավագին) զեկուցում է կանխիկ դրամի ընդունման ավարտի մասին և խնդրում ինկասացիոն տարածքից դուրս գալու թույլտվություն: Հավաքագրող ինկասատորը չի կարող դուրս գալ ինկասացիոն տարածքից մինչև չստանա ինկասատոր-գանձապահ հսկիչի թույլտվությունը:
6.17. Հավաքագրող-ինկասատորը կարող է ամրացված ճամպրուկը դաստակից հանել միայն ինկասացիոն մեքենայի մեջ նստելուց և մեքենայի դռները փակելուց հետո:
6.18. Ինկասացիոն կազմակերպության կողմից կազմակերպություններին կանխիկ դրամի հանձնումը կատարվում է սույն կարգին ու պահանջներին համապատասխան:
6.19. Ինկասացիոն կազմակերպությունում ինկասատոր-գանձապահ հսկիչը հանձնում է կանխիկ դրամը հետևյալ կերպ.
6.19.1. դրամական պայուսակները հանձնում է կազմակերպության ղեկավարին ընդունման և հանձնման ակտին համապատասխան, որի մեջ նշվում են պայուսակների քանակը և յուրաքանչյուր պայուսակի համարը, կազմակերպության անվանումը,
6.19.2. դրամական պայուսակների հետ հանձնվում են նաև ներկայացման քարտը, սոսնձված ծրարը, դրամական պայուսակները ուղեկցող ամփոփագիրը և ինկասացիոն կազմակերպության և կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն նախատեսված փաստաթղթերը՝ այդ մասին նշելով ընդունման և հանձնման ակտի մեջ:
6.20. Ընդունման և հանձնման ակտը կազմվում է երկու օրինակից, որոնք ստորագրում են ինկասացիոն կազմակերպության ղեկավարը և ինկասատոր հավաքագրող հսկիչը և կնքում իրենց անձնական կնիքներով:
Գ Լ ՈՒ Խ 7
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ) ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7.1. Արժեթղթերը կամ վճարահաշվարկային փաստաթղթերը ինկասացիոն կազմակերպության միջոցով փոխադրելու համար կազմակերպությունում լրացվում է առաքվող արժեքների ցուցակ (ձև 1): Ցուցակը արժեթղթերի կամ վճարահաշվարկային փաստաթղթերի հետ միասին նախապես դրվում է դրամական պայուսակի մեջ, որը փակվում և կնքվում է գանձապահի կամ կազմակերպության կնիքով, իսկ ֆիզիկական անձ հաճախորդի կողմից այլ արժեքներ հանձնելու դեպքում, կնիքի բացակայության պարագայում, գանձապահը վավերացնում է դա ստորագրությամբ:
7.2. Կազմակերպությունում արժեթղթերով կամ վճարահաշվարկային փաստաթղթերով դրամական պայուսակը ինկասատորից ընդունվում է փակ և կնքված վիճակում` ստուգելով պայուսակի և կնիքի անվնաս լինելն ու ամբողջականությունը:
Դրամական պայուսակի կամ դրա կնիքի վնասված լինելու, կամ արժեթղթերի, կամ վճարահաշվարկային փաստաթղթերի և առաքվող արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ` թվարկված դեպքից յուրաքանչյուրի համար՝ առանձին, որը ստորագրվում է արժեքներն ընդունող կազմակերպության պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից:
Այլ արժեքների փոխադրման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանության դեպքում կողմերի հարաբերությունները կարգավորվում են կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրով, իսկ դրանով կարգավորված չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Ինկասացիոն կազմակերպության կողմից հաճախորդներից այլ արժեքների ընդունումը և հանձնումը իրականացվում է կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիման վրա, սույն կարգի կետերի դրույթներին համապատասխան:
7.4. Ինկասացիոն կազմակերպության միջոցով կազմակերպության այլ գույքի ընդունումն ու հանձնումը (բացառությամբ՝ ի պահ ընդունված կամ գրավ վերցված թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, սարքավորումների, դրանց պահեստամասերի) իրականացվում են սովորական բեռների ընդունման և հանձնման համար սահմանված ձևով:
Ի պահ ընդունված կամ գրավ վերցված թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, սարքավորումների, դրանց պահեստամասերի ընդունումն ու հանձնումն իրականացվում են սույն գլխի դրույթներին համապատասխան:
7.5. Ինկասացիոն կազմակերպությունում ինկասատոր-գանձապահ հսկիչը հանձնում է այլ արժեքները՝ հետևյալ կերպ.
7.5.1. այլ արժեքների պայուսակները (եթե դրանք պայուսակների մեջ են) հանձնում է կազմակերպության ղեկավարին՝ ընդունման և հանձնման ակտին համապատասխան, որի մեջ նշվում են՝
7.5.2. պայուսակների քանակը և յուրաքանչյուր պայուսակի համարը:
7.6. Ընդունման և հանձնման ակտը կազմվում է երկու օրինակից, որոնք ստորագրում են ինկասացիոն կազմակերպության ղեկավարը և ինկասատոր գանձապահ հսկիչը և կնքում իրենց անձնական կնիքներով:
Գ Լ ՈՒ Խ 8
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Կանխիկ դրամի և այլ արժեքների պահպանությունն իրականացվում է ինկասացիոն կազմակերպության տարածքում շուրջօրյա տեսախցիկների ներքո գտնվող դրամապահոցի մեջ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 91-Ն հրամանով հաստատված պահանջներին: Տեսախցիկին շուրջօրյա հերթափոխի միջոցով հետևում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցը: Հերթապահի աշխատասեղանի մոտ տեղադրվում է տագնապի ազդարարման համակարգ, որը միացված է անվտանգության ազդարարման կենտրոնացված պահպանության դիտավահանակին:
Անվտանգության ազդարարման համակարգը պետք է ուղիղ կապի գծով միացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան տարածքային բաժինների հետ:
Ձև
Առաքվող արժեքների ցուցակ
___ ______ 20 թ.
Առաքող կազմակերպությունը _____________________ (կազմակերպության անվանումը) |
Ստացող կազմակերպությունը _____________________ (կազմակերպության անվանումը) |
Ինկասացիոն կազմակերպությունը ______________ (անվանումը) |
Առաքում ենք արժեքներ (նշել արժեքները՝ ելնելով դրանց բնութագրող չափանիշներից) ___________________ միջոցով (ինկասատորի անունը, ազգանունը) |
Պարկը կնքված է թիվ ___ կնիքով
Արժեքների ընդունման-հանձնման համար
պատասխանատու աշխատակից (ներ)`
Ինկասատոր (ներ)`
Դրոշմակնիքի տեղը`
U Տ Ա Ց Ա Գ Ի Ր
__________ 200 -թ. ցուցակում նշված արժեքները (նշել արժեքները՝ ըստ
տեսակների), որոնք առաքվել են ինկասատորի (անունը, ազգանունը) միջոցով,
ստացանք:
Արժեքների ընդունումը կատարվել է` ստուգելով ____________________ |
___________________________________________________ |
___________________________________________________ |
Արժեքները հանձնեցին
Ինկասատոր (ներ)`