«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2006 թվականի N 1392-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏՎՅԱԼ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՆՇԱՆԻ ԵՎ ՄԱԿԱՆՇՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և ելնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏՎՅԱԼ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՆՇԱՆԻ ԵՎ ՄԱԿԱՆՇՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանին և մականշվածքին ներկայացվող պահանջները:
2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում`
1) գյուղատնտեսական ապրանքների վրա, որոնք մշակման (աճեցման) վայրից դուրս բերվելուց հետո`
ա) վաճառվում կամ հանձնվում են ժամանակավոր պահեստավորման, նախապատրաստման (վերամշակման) կամ փաթեթավորման կազմակերպություններին (կայաններին).
բ) տեղափոխվում են սննդամթերք արտադրող կազմակերպություններ,
գ) հավաքվում և անմիջապես հանձնվում են արտադրող կամ վերամշակող կազմակերպություններին.
2) վաճառքի կետերում վերջնական սպառողին հանձնված չփաթեթավորված սննդամթերքի վրա, որը փաթեթավորվում է գնորդի պահանջով կամ չափածրարվում է անմիջապես վաճառքից առաջ.
3) այն փաթեթվածքների կամ տարաների վրա, որոնց ամենամեծ կողմի մակերեսը չի գերազանցում 10 սմ2.
4) պաղպաղակների կոնկրետ չափաբաժինների վրա: Խմբաքանակի նույնականացման հնարավորություն տվող տեղեկությունը պետք է նշված լինի խմբային տարայի (փոխադրական տարայի) վրա.
5) ներմուծվող սննդամթերքի վրա:
3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների հետ համատեղ:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`
խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի կողմից գործողության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներին համապատասխանող սննդամթերքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից մեկ փաստաթղթով.
փաթեթավորում` փաթեթվածքի կիրառմամբ սննդամթերքի նախապատրաստումը փոխադրմանը, պահմանը, իրացմանը և սպառմանը.
փաթեթվածք` միջոց կամ միջոցների համալիր, որն ապահովում է արտադրանքի պահպանումը վնասվածքներից և կորուստներից, շրջակա միջավայրի աղտոտումից, ինչպես նաև ապահովում է սննդամթերքի շրջանառության (փոխադրման, պահման, իրացման) գործընթացը.
մականշվածք` փաթեթվածքի և արտադրանքի վրա նշված տեքստը, պայմանական նշագրերը և պատկերները.
խմբաքանակի նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով որոշվում է սննդամթերքի պատկանելությունը տվյալ խմբաքանակին.
սպառողական տարա` տարա, որն սպառողին է հանձնվում արտադրանքի հետ միասին և որը չի կատարում փոխադրական տարայի գործառույթ.
փոխադրական տարա` տարա, որն ինքնուրույն փոխադրական միավոր է.
չափաբաժին` փաթեթվածքում չափածրարված սննդամթերք, որը բնութագրվում է սպառողին հանձնվող յուրաքանչյուր փաթեթվածքի վրա նշված սննդամթերքի անվանական քանակի արժեքով:
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Սննդամթերքի խմբաքանակի մականշվածքը պետք է սահմանվի սննդամթերքն արտադրող կամ փաթեթավորող կազմակերպության կողմից` պահպանելով սննդամթերքի տվյալ տեսակի մականշվածքին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետով սահմանված պահանջները:
6. Սննդամթերքի խմբաքանակի չափը պետք է որոշի տվյալ սննդամթերքն արտադրող կամ փաթեթավորող կազմակերպությունը:
7. Սննդամթերքի տվյալ խմբաքանակի յուրաքանչյուր փաթեթվածքի կամ սպառողական տարայի, կամ սպառողական և փոխադրական տարայի վրա արտադրող կամ փաթեթավորող կազմակերպության կողմից պետք է մակնշվի սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը` կազմված «L» տառից և խմբաքանակի համարից (օրինակ` L 200):
Մինչև 3 ամիս պիտանիության ժամկետ ունեցող սննդամթերքի խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի կիրառումը պարտադիր չէ, եթե սննդամթերքի պիտակի վրա նշված է պիտանիության ժամկետը` օրը, ամիսը:
Խմբաքանակի համարի կառուցվածքը որոշում է արտադրող կամ փաթեթավորող կազմակերպությունը:
Խմբաքանակի համարը պետք է նշվի նաև արտադրող կամ փաթեթավորող կազմակերպության կողմից վարվող համապատասխան գրանցամատյանում:
8. Սննդամթերքի խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը պետք է լինի երևացող, ընթեռնելի և չջնջվող:
9. Սննդամթերքի խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը պետք է նշվի նաև տվյալ սննդամթերքի խմբաքանակի ապրանքաուղեկից փաստաթղթում:
IV. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
10. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2022, N 2011-Ն | 01.01.2023, N 1392-Ն | |
14.07.2011, N 967-Ն | 28.01.2012, N 1392-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|