ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
6 սեպտեմբերի 2006 թ. |
N 11-Ն |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` որոշում եմ.
1. Ստեղծել «ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում:
2. Հաստատել`
ա) «ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի.
բ) «ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կառուցվածքը` համաձայն հավելված 2-ի:
Հ. Մանուկյան |
Հավելված 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանին (այսուհետ` դատարան) վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
2. Աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է դատարանի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:
3. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, սույն կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով:
4. Աշխատակազմն ունի հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
6. Աշխատակազմն ունի ՀՀ զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք: Աշխատակազմն ունի ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Աշխատակազմի անվանումն է՝ «ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում:
8. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Օտյան 53/2:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Աշխատակազմն իր խնդիրների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով դատարանին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը.
բ) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
10. Աշխատակազմը կառավարում են դատարանների նախագահների խորհուրդը և հիմնադիրը՝ օրենքով և իրավական այլ ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:
11. Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:
12. Աշխատակազմի ղեկավարը՝
ա) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.
բ) աշխատակազմի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.
գ) օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնադրի սահմանած կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
դ) ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
ե) ապահովում է աշխատակազմի բնականոն գործունեությունը.
զ) դատարանի նախագահին և դատական դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին.
է) պարբերաբար ուսումնասիրում է դատարանի աշխատակազմի գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում դատարանի նախագահին ու դեպարտամենտի ղեկավարին.
ը) ղեկավարում է աշխատակազմի աշխատանքները.
թ) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
ժ) աշխատակազմի անունից ներկայացնում է հաշվետվություններ.
ժա) ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին է ներկայացնում աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ժբ) ապահովում է աշխատակազմում դատական ծառայության իրականացումը.
ժգ) ՀՀ օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ աշխատակազմի դատական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.
ժդ) նշանակում և ազատում է աշխատակազմի տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին.
ժե) ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ աշխատակազմի դատական ծառայողի կողմից թույլ տրված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.
ժզ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում դատական դեպարտամենտի ղեկավարին.
ժէ) հանդիսանում է աշխատակազմում դատական ծառայողների անձնական գործերի վարման պատասխանատուն.
ժը) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ։
13. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է պաշտոնի անձնագրով նման լիազորություն ունեցող դատական ծառայող։
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
14. Դատարանի գրասենյակն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով`
ա) ստանում է դատարան ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը.
բ) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները և հանձնում հասցեատերերին.
գ) ստանում է դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք.
դ) ապահովում է դատարանում գործավարության իրականացումը.
ե) ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը.
զ) պահպանում է փաստաթղթերը, գրասենյակում վարվող մատյանները և ներկայացնում արխիվացման.
է) վարում է պետական տուրքի հաշվառում.
ը) կազմում է վիճակագրական հաշվետվություններ.
թ) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:
15. Հաշվապահությունը օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետներում`
ա) կազմում է աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.
բ) կազմում է ծախսերի նախահաշիվներ և ներկայացնում ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին՝ հաստատման.
գ) միջոցներ է ձեռնարկում աշխատակազմին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
դ) ներկայացնում է առաջարկություններ պահպանման ծախսերի տնտեսագիտական հոդվածների միջև գումարային տեղաբաշխումներ կատարելու վերաբերյալ.
ե) հաշվառում և ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին առաջարկություն է ներկայացնում ապրանքանյութական արժեքները հաշվառումից հանելու վերաբերյալ.
զ) իրականացնում է առանձնացված ստորաբաժանումներին (աշխատակազմերին) վերապահված հաշվապահական հաշվառման գործառույթներից բխող ՀՀ օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ ու պարտականություններ:
16. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման պատասխանատուն հանդիսանում է գլխավոր հաշվապահը:
17. Տեխնիկական սպասարկման բաժինը`
ա) ապահովում է աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.
բ) ապահովում է աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների, համակարգչային, հեռախոսակապի, կապի համապատասխան ծառայության անխափան աշխատանքը.
գ) ապահովում է դատարանի նախագահի, աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական օժանդակությունը.
դ) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.
ե) սահմանված կարգով ապահովում և սպասարկում է աշխատակազմում կառավարման տեխնիկական միջոցների, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների նախագծումը, կազմակերպումը և շահագործումը:
18. Աշխատակազմն իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, կանոնադրությամբ, հիմնադրի հրամաններով, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, դատարանի նախագահի հրամաններով և այլ իրավական ակտերով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:
V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
19. Աշխատակազմի գույքը ձևավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
20. Աշխատակազմն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
21. Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
22. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
Հավելված 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«ՀՀ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Գրասենյակ
2. Հաշվապահություն
3. Տեխնիկական սպասարկման բաժին