Գլխավոր տեղեկություն
Համար
N 1369-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2006-03.10.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.18/54(509) Հոդ.1101
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.10.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1369-Ն

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վերականգնողական օգնության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել սոցիալ-հոգեբանական անհատական վերականգնողական ծրագրի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 4
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1369-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների (այսուհետ՝ հաճախորդ) վերականգնողական օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնողական տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնողական տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1780-Ն որոշման:

3. Վերականգնողական օգնությունը տրամադրվում է հաճախորդին սոցիալ-հոգեբանական անհատական վերականգնողական ծրագրի համաձայն:

4. Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը (այսուհետ` գործակալություն) անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունելու դեպքում կազմում է հաճախորդի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիր (այսուհետ` ծրագիր)` ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական աջակցության կազմակերպման և տրամադրման սկզբունքներով:

5. Գործակալությունը ծրագրերը հաշվառում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրերի հաշվառման գրանցամատյանում, որտեղ նշվում են ծրագրի հերթական համարը, ծրագրի կազմման ամսաթիվը, հաճախորդի անունը, ազգանունը և բնակության վայրը:

6. Գործակալությունը հաճախորդին կամ նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնում է ծրագրով նախատեսված միջոցառումների, հաճախորդի իրավունքների և պարտականությունների հետ:

7. Հաճախորդը ծրագրից կամ ծրագրով նախատեսված որոշակի ծառայություններն ստանալիս կարող է հրաժարվել միայն գրավոր, որի մասին ծրագրում կատարվում է գրառում: Միաժամանակ հաճախորդին զգուշացվում է դրա հնարավոր հետևանքների մասին:

8. Ծրագիրն ընդգրկում է հաճախորդի սոցիալական խնդիրների նկարագիրը և դրանց լուծման հնարավոր ուղիներն ու եղանակները:

9. Ծրագրում առաջարկվող սոցիալական ծառայությունների տեսակներն ու ձևերն ընտրվում են անձի պահանջմունքներին համապատասխան և համարժեք` ապահովելով դրանց շարունակականությունը:

10. Ծրագրի նպատակը հաճախորդի հիմնական պահանջմունքները հնարավորինս բավարարելն է, նրա ինքնօգնության և խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը խթանելն է, ինչպես նաև նրա սոցիալական և ֆինանսական խնդիրների լուծմանն օժանդակելն է:

11. Գործակալությունը ծրագիրն իրականացնում է ինքնուրույն կամ համագործակցելով համապատասխան կազմակերպությունների հետ, որի մասին նշվում է ծրագրում:

 

II. ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

12. Գործակալությունը հաճախորդի դիմելուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպում է տնային այցելություն և գնահատում նրա սոցիալական խնդիրներն ու կարիքները և դրանք ամրագրում ծրագրում:

13. Գործակալությունը պարզում է հաճախորդի`

ա) կենսաթոշակի իրավունքի հարցը, այն իրացված չլինելու դեպքում, հաճախորդին է ուղղորդում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմին.

բ) գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության իրավունքի հետ կապված հարցը և այն իրացված չլինելու դեպքում նրան ուղղորդում է զբաղվածության պետական ծառայություն.

գ) խնամք ստանալու իրավունքի հարցը և դրա կարիքն ունենալու դեպքում կազմակերպում է խնամքի տրամադրումը տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

դ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու հանգամանքը և նրան ներկայացնում է բժշկահոգեբանամանկավարժական գնահատման.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվելու կամ դրանց դիմաց դրամական օգնություն ստանալու իրավունքը և այն իրացված չլինելու դեպքում նրան ուղղորդում է իրավասու մարմին.

զ) առողջապահական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունքի հարցը և տրամադրում տեղեկանք ընտանիքի անապահովության միավորի մասին:

14. Հաճախորդի մոտ օրգանիզմի ֆունկցիաների խանգարումների առկայության դեպքում գործակալությունը նրան ուղղորդում է իր բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատություն` բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման համար:

15. Ընտանեկան նպաստի համար հաճախորդի դիմելու դեպքում գործակալությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ սահմանված լիազորությունները:

16. Գործակալությունը պարզում է հաճախորդի բնաիրային օգնություն ստանալու իրավունքի հարցը և իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 958-Ն որոշմամբ իրեն վերապահված լիազորությունները:

17. Գործակալությունն ուսումնասիրում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող հաճախորդի բնակարանային ապահովության իրավունքը և իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983-Ն որոշմամբ սահմանված լիազորությունները:

18. Գործակալությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող փախստականների բնակարանային պայմանները և իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշմամբ սահմանված լիազորությունները:

19. Գործակալությունը սույն կարգի 13-18-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացման մասին համապատասխան գրառումներ է կատարում ծրագրում:

20. Գործակալությունը հաշմանդամ հաճախորդի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրում ներառում է հաշմանդամի համար Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հաստատած վերականգնողական անհատական ծրագիրը:

21. Հաճախորդի` սույն կարգի 20-րդ կետով սահմանված ծրագրով տրամադրվող սոցիալական ծառայություններից գրավոր հրաժարվելու դեպքում գործակալությունը մեկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացնում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան տարածքային մարմնին:

22. Ծրագրում նշվում են սոցիալական ծառայության տեսակը, տրամադրման ժամկետի սկիզբը, եթե այն տրամադրվում է ժամկետով, ապա դրա ավարտը, կատարողը, ծառայության տրամադրման արդյունքը, այն չիրականացվելու դեպքում դրա պատճառը, առաջարկություն այլ ծառայություններ տրամադրելու մասին, շարունակական վերահսկման ժամկետները:

23. Ծրագրով սահմանված շարունակական վերահսկման ժամկետներում գործակալությունն ուսումնասիրում է ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը և արդյունքների մասին նշում ծրագրում:

 

III. ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Գործակալությունը կազմակերպում է ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության, կրթություն իրականացնող կազմակերպությունների, սոցիալական ապահովագրության տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնների հետ:

25. Գործակալությունը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին տեղեկանում է ծրագրով շարունակական վերահսկողության սահմանված ժամկետներում` հաճախորդի և (կամ) համապատասխան կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ` դրա մասին ծրագրում կատարելով գրառումներ:

26. Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին դրանք իրականացրած կազմակերպությունները հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրում կատարում են համապատասխան գրառում:

 

IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

27. Հաճախորդի պահանջմունքներին համապատասխան` պետական ծրագրերում չներառված սոցիալական ծառայության տրամադրման անհրաժեշտության դեպքում, գործակալությունը տվյալ հաճախորդի ծրագիրը ներկայացնում է սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը և դիմում սոցիալական ծառայություններ մատուցող այն կազմակերպությանը, որը կարող է մատուցել անհրաժեշտ ծառայությունը:

28. Գործակալությունը հաճախորդի սոցիալական խնդիրների լուծման ընթացքում համագործակցում է նրա բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի հետ, որն իր լիազորությունների շրջանակներում նպաստում է հաճախորդի հասարակությանն ինտեգրվելուն, սոցիալական մեկուսացման կանխարգելմանը և նմանատիպ այլ խնդիրների լուծմանը:

 

V. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

29. Բժշկական վերականգնման օգնությունը տրամադրվում է համապատասխան բուժօգնության տեսակ իրականացնող հանրապետական, մարզային, քաղաքային և համայնքային բժշկական հաստատություններում, վերականգնողական կենտրոններում և առողջարաններում` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից:

30. Հոգեբանական վերականգնման օգնությունը տրամադրվում է հոգեբանական օգնություն տրամադրող մասնագիտացված հաստատություններում, ինչպես նաև հանրապետական, մարզային, քաղաքային և համայնքային բժշկական հաստատություններում և վերականգնողական կենտրոններում (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) գործող հոգեբանական ծառայությունների կողմից:

31. Մասնագիտական վերականգնման օգնությունը տրամադրվում է`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում և նրա տարածքային մարմիններում.

բ) միջին մասնագիտական և պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում.

գ) կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման գործառույթներ իրականացնող կազմակերպություններում:
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան