Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/9
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
17.03.1978
Ստորագրման ամսաթիվ
17.03.1978
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2004

ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Սույն Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

ցանկանալով ֆինանսական հանցագործությունների ոլորտում դյուրացնել «Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի» կիրառումը, որը ստորագրման համար բացվել է Փարիզում 1977թ. դեկտեմբերի 13-ին (այսուհետ` Կոնվենցիա),

հաշվի առնելով, որ ցանկալի է նաև որոշ առումներով լրացումներ կատարել Կոնվենցիայում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.


Գ լ ու խ  1

 

Հոդված 1

 

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետը լրացվում է հետևյալ դրույթով. «Սույն իրավունքը կիրառվում է նաև այն հանցագործությունների նկատմամբ, որոնց համար նշանակվում են դրամական բնույթի պատիժներ:»:


Գ լ ու խ  2

 

Հոդված 2

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածը փոխարինվում է հետևյալ դրույթներով.

«Ֆինանսական հանցագործություններ»

1. Հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի և փոխանակման հետ կապված հանցագործությունների դեպքում Պայմանավորվող կողմերի միջև հանձնում տեղի է ունենում համաձայն Կոնվենցիայի դրույթների, եթե հանցագործությունը, հայցվող Կողմի օրենսդրության համաձայն, համապատասխանում է նույնաբնույթ հանցագործությանը:

2. Հանձնումը չի կարող մերժվել այն հիմքով, որ Հայցվող կողմի օրենսդրությամբ չեն սահմանված նույնաբնույթ հարկեր կամ տուրքեր, կամ չի նախատեսվում հարկի, տուրքի, մաքսատուրքի և փոխանակման նույնաբնույթ կարգավորում, ինչը նախատեսվում է Հայցող կողմի օրենսդրությամբ:


Գ լ ու խ  3

 

Հոդված 3

 

Կոնվենցիան լրացվում է հետևյալ դրույթներով.

«Ամբաստանյալի  բացակայությամբ կայացված վճիռներ»

1. Եթե մի Պայմանավորվող կողմը դիմում է մյուս Պայմանավորվող կողմին` խնդրելով իրեն հանձնել անձին` վերջինիս նկատմամբ ի կատար ածելու համար պատիժ կամ կալանք, որը նշանակվել է նրա բացակայության պայմաններում կայացված դատավճռով, ապա Հայցվող կողմը կարող է հրաժարվել այդ նպատակով անձին հանձնելուց, եթե, համարում է, որ վճռին հանգեցնող վարույթում չեն ապահովվել պաշտպանական նվազագույն իրավունքները, որոնք ճանաչվում են պատշաճ կերպով, յուրաքանչյուրի համար, ում նկատմամբ հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել: Այսուհանդերձ, հանձնումը  թույլատրվում է, եթե Հայցող կողմը տալիս է երաշխիք, որը բավարար է` երաշխավորելու պահանջվող անձի գործով կրկնակի դատավարության իրականացումը` ապահովելով նրա պաշտպանության իրավունքը: Այս որոշումը Հայցող կողմին լիազորում է կամ ի կատար ածել կայացված դատավճիռը, եթե դատապարտված անձը չի առարկում, կամ, եթե առարկում է, վարույթ իրականացնել հանձնված անձի նկատմամբ:

2. Երբ հայցվող Կողմը տեղեկացնում է անձին, որի հանձնումը հայցվել էր իր բացակայությամբ կայացված դատավճռից ելնելով, Հայցող կողմը չի համարի դա որպես պաշտոնական ծանուցում տվյալ պետության քրեական դատավարության նպատակների առումով:


Գ լ ու խ  4

 

Հոդված 4

 

Կոնվենցիան լրացվում է հետևյալ դրույթներով.

«Համաներում»

Հանձնում չի կատարվում այն հանցագործության  համար, որի վերաբերյալ հայտարարվել է համաներում  Հայցվող պետության տարածքում, և որի կատարման համար տվյալ պետությունը իրավասություն է ունեցել հետապնդում իրականացնել իր քրեական օրենսդրության համապատասխան:


Գ լ ու խ  5

 

Հոդված 5

 

Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետը փոխարինվում է հետևյալ դրույթով.

«Դիմումը պետք է ներկայացվի գրավոր` հասցեագրվելով Հայցող կողմի արդարադատության նախարարությունից Հայցվող կողմի արդարադատության նախարարությանը. այսուհանդերձ, չի բացառվում դիվանագիտական ուղիների օգտագործումը: Երկու կամ ավելի Կողմերի ուղղակի համաձայնությամբ կարող են ապահովվել հաղորդակցության այլ ձևեր:»:


Գ լ ու խ  6

 

Հոդված 6

 

1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց կլինի Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այն պետք է վավերացվի, ընդունվի կամ հաստատվի: Վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են տրվում  Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարին:

2. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացումը, ընդունումը կամ հաստատումը ծանուցող երրորդ փաստաթուղթն ի պահ տալու օրվանից 90 օր հետո:

3. Արձանագրությունը ուժի մեջ է մտնում վավերացնող, ընդունող կամ հաստատող՝ ստորագրած Պետությունների նկատմամբ վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթղթի ի պահ տալու օրվանից 90 օր հետո:

4. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը, եթե նախկինում կամ զուգահեռաբար չի վավերացրել Կոնվենցիան:

 

Հոդված 7

 

1. Կոնվենցիային միացած ցանկացած պետություն կարող է սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո միանալ նաև Արձանագրությանը:

2. Այսպիսի միացման դեպքում Արձանագրությունը պետության համար ուժի մեջ կմտնի միացման մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ տալու օրվանից 90 օր հետո:

 

Հոդված 8

 

1. Ստորագրելու, ընդունման, հաստատման, միանալու փաստաթուղթը կամ վավերագիրը ի պահ տալիս ցանկացած Պետություն կարող է մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Արձանագրությունը:

2. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ տալիս կամ դրանից հետո ցանկացած Պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղվող հայտարարությամբ սույն Արձանագրության գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների պատասխանատու է, և որոնց անունից ինքը իրավասու է հանձնառություններ կատարել:

3. Նախորդ կետի դրույթների համաձայն արվող հայտարարությունից հայտարարության մեջ նշվող տարածքի առնչությամբ Կողմը կարող է  հրաժարվել` այդ մասին ծանուցում ուղարկելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Հրաժարման մասին ծանուցումը ուժի մեջ է մտնում նման ծանուցումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Հոդված 9

 

1. Կոնվենցիայի դրույթների նկատմամբ Պետություններից մեկի վերապահումները պետք է կիրառվեն նաև սույն Արձանագրության նկատմամբ, բացառությամբ այն դեպքի, եթե Կողմն այլ կերպ է հայտարարում ստորագրման, ընդունման, հաստատման, միանալու մասին փաստաթուղթը կամ վավերագիրը ի պահ տալիս:

2. Ցանկացած պետություն կարող է ստորագրելու, ընդունման, միանալու մասին փաստաթուղթը կամ վավերագիրը ի պահ տալիս հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում.

ա) չընդունել 1-ին գլուխը,

բ) չընդունել 2-րդ գլուխը կամ այն ընդունել միայն որոշ հանցագործությունների տարատեսակների մասով, որոնք նշված են 2-րդ հոդվածում,

գ) չընդունել 3-րդ գլուխը կամ ընդունել միայն 3-րդ հոդվածի 1-ին կետը,

դ) չընդունել 4-րդ գլուխը,

ե) չընդունել 5-րդ գլուխը:

3. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հրաժարվել նախորդ կետի համաձայն կատարած հայտարարությունից` նոր հայտարարություն ուղղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որն  ուժի մեջ է մտնում վերջինիս  ստանալու պահից:

4. Պայմանավորվող կողմը, որ սույն Արձանագրության նկատմամբ կիրառել է Կոնվենցիայի որևէ դրույթի վերաբերյալ կատարված վերապահումը կամ վերապահում է կատարել Արձանագրության որևէ դրույթի նկատմամբ, չի կարող պահանջել, որ որևէ այլ Պայմանավորվող կողմ կիրառի այդ դրույթը, սակայն կարող է պայմանական կամ մասնակի վերապահման դեպքում պահանջել, որ մյուս Կողմը կիրառի խնդրո առարկա դրույթն այն  չափով, որ չափով ինքն է ընդունել:

5. Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ որևէ այլ վերապահում չի կարող արվել:

 

Հոդված 10

 

Եվրոպայի խորհրդի` Քրեական հարցերով եվրոպական կոմիտեին պետք է տեղեկացված լինի սույն Արձանագրության կիրառման մասին և անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է դյուրացնել` կիրառման արդյունքում առաջացող դժվարությունները խաղաղ կարգով լուծելու համար:

 

Հոդված 11

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ հայտարարել Արձանագրությունը` այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այդպիսի ծանուցում ստանալուց վեց ամիս հետո:

3. Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը ինքնաբերաբար հանգեցնում է Արձանագրության չեղյալ հայտարարման:

 

Հոդված 12

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիային միացած բոլոր պետություններին ծանուցում է`

ա) սույն Արձանագրությունը ստորագրած պետությունների մասին,

բ) վավերագիրը, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթն  ի պահ  տալու մասին,

գ) սույն Արձանագրության 6-րդ և 7-րդ հոդվածների համաձայն` Արձանագրության ուժի մեջ մտնելու տվյալների մասին,

դ) 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն ստացված հայտարարությունների մասին,

ե) 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված հայտարարությունների մասին,

զ) 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված վերապահումների մասին,

է) 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` որևէ վերապահումից հրաժարվելու մասին,

ը) 11-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների և հրաժարումն ուժի մեջ մտնելու տվյալների մասին:

 

Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Ստրասբուրգ քաղաքում 1978 թվականի մարտի 17-ին, մեկ օրինակով, անգլերենով և ֆրանսերենով, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք կպահվեն Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի ստորագրած և միացած բոլոր պետություններին:

 

*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 17-ից: