Գլխավոր տեղեկություն
Համար
N 1282-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2006-30.07.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.1050
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 19 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1282-Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2006-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև 1996 թվականի ապրիլի 22-ին ստորագրված, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1997 թվականի հուլիսի 23-ի N Ն-188-1 որոշմամբ վավերացված և 1999 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրոպական միության ինտեգրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության և եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի իրականացման 2006-2009 թվականների ազգային ծրագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդ և Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողով:

2. Հաստատել`

ա) Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կանոնադրությունը և խորհրդի կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

բ) Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի կանոնադրությունը և հանձնաժողովի կազմը` համաձայն NN 3 և 4 հավելվածների։

3. Սահմանել, որ Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կազմում ընդգրկվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ընտրման չափորոշիչներն են նրանց ներկայացրած կազմակերպության փորձը և կանոնադրական նպատակները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտերի հիման վրա հաստատել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անհատական կազմը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 16
Երևան

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1282-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվում է Եվրոպական միության ինտեգրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության և եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի իրականացման 2006-2009 թվականների ազգային ծրագրի (այսուհետ` ազգային ծրագիր) իրականացմանն աջակցելու նպատակով:

2. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Խորհրդի նպատակներն են`

ա) ազգային ծրագրի իրականացման ընթացքի քննարկումը և գնահատումը.

բ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի վերաբերյալ քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների դիրքորոշումների քննարկման, ինչպես նաև պետական մարմինների հետ վերջիններիս երկխոսության ապահովումը։

5. Խորհրդի խնդիրներն են`

ա) Եվրոպական միության ինտեգրման գործընթացի հետ կապված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների միջև փոխհարաբերությունների համակարգմանը և դիրքորոշումների քննարկման արդյունավետ մեխանիզմի ստեղծմանն աջակցելը.

բ) ինտեգրման գործընթացի և ազգային ծրագրի իրականացման մասին տեղեկատվության` հասարակությանը տրամադրման ապահովումը.

գ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցության ապահովումը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով։ Հերթական նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ:

7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անմիջականորեն:

Եթե խորհրդի անդամը չի կարող տվյալ նիստին մասնակցել անմիջականորեն, ապա դա կարող է անել հեռակա կարգով:

9. Խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են` հաշվի առնելով նիստին ներկա չգտնվող խորհրդի անդամների քվեարկության արդյունքները:

10. Խորհրդի նախագահի բացակայության կամ նրա հանձնարարության դեպքում խորհրդի նիստը վարում է նրա կողմից լիազորված խորհրդի անդամը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Խորհրդի նիստի օրակարգն առաքվում է խորհրդի անդամներին և հրավիրված անձանց` գումարվող խորհրդի նիստից առնվազն 10 աշխատանքային օր (արտահերթ նիստի դեպքում` 3 աշխատանքային օր) առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն 20 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնելու առաջարկություն` օրակարգում ներառելու համար:

12. Խորհրդի անդամի` օրակարգի վերաբերյալ առաջարկությունն ընդգրկվում է նիստի օրակարգում` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ:

13. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ: Հերթական նիստում լսվում են նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումները:

14. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է նիստը վարողի կողմից:

15. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

16. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

17. Խորհրդի նախագահը`

ա) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահին առնվազն տարեկան երկու անգամ զեկուցում է խորհրդի կողմից կատարված աշխատանքների մասին:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ

 

18. Խորհրդի անդամներն ընդգրկվում են խորհրդի կազմում` մշտական և ռոտացիոն կարգով:

19. Խորհրդի մշտական անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը, և նրա փոխարեն խորհրդի կազմում ընդգրկվում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

20. Խորհրդի մշտական անդամները պարտավոր են անմիջականորեն կամ հեռակա կարգով մասնակցել խորհրդի նիստերին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում` դրա մասին գրավոր տեղյակ պահել քարտուղարությանը:

21. Խորհրդի ռոտացիոն անդամների անհատական կազմը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

22. Ռոտացիոն անդամները գործում են նվազագույնը մեկ տարի ժամկետով:

23. Ռոտացիան կատարվում է նվազագույնը տարեկան մեկ անգամ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի (ներկայացուցիչների) կողմից ներկայացված առաջարկության (առաջարկությունների) հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամանով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

24. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրման չափորոշիչներն են` կազմակերպության փորձը և կանոնադրական նպատակները:

25. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Խորհրդի քարտուղարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներից մեկը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամանով:

27. Խորհրդի քարտուղարությունը`

ա) նախապատրաստում է խորհրդի նիստերն ու օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

բ) արձանագրում է խորհրդի նիստերը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 Հավելված N 2 
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1282-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

Հայաստանի Հանրապետության վարչապետ -խորհրդի նախագահ
Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի փոխնախագահ
- անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության առևտրի և
տնտեսական զարգացման նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության Նախագահի
տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
-անդամ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր հարկային պետական ծառայության պետ
-անդամ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
-անդամ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական   
բանկի նախագահ
- անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
- անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության ազգային
վիճակագրական ծառայության նախագահ
- անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի
խորհրդական
-անդամ
Հայաստանի Հանրապետության Նախագահի
օգնական
-անդամ
Քաղաքացիական հասարակության
(հասարակական կազմակերպությունների)
յոթ ներկայացուցիչ
- անդամներ (համաձայնությամբ)
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1282-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Եվրոպական միության ինտեգրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության և եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի իրականացման 2006-2009 թվականների ազգային ծրագրի (այսուհետ` ազգային ծրագիր) իրականացման աշխատանքների կազմակերպման և համակարգման նպատակով:

2. Հանձնաժողովի գործունեությունը դադարում Է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի նպատակն է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի իրականացման քաղաքականության և ռազմավարության ուղղությունների մշակումը:

5. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) աջակցելը`

ա) ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը,

բ) Եվրոպական միության ինտեգրմանն առնչվող որոշումների ընդունմանը,

գ) Եվրոպական միության ինտեգրման գործընթացում ներգրավված պետական մարմինների միջև համագործակցության խթանմանը,

դ) Եվրոպական միության ինտեգրման գործընթացի շրջանակներում պետական մարմինների աշխատանքների համակարգմանը.

2) ապահովելը`

ա) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման հետ կապված ռազմավարական որոշումների քննարկումը և առաջարկություններ ներկայացնելը,

բ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի մասին տեղեկատվության` հասարակությանը տրամադրումը.

գ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման ազգային խորհրդին համապատասխան տեղեկատվության տրամադրումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով։ Հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

7. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Հանձնաժողովի անդամները նիստերին մասնակցում են անմիջականորեն:

Եթե հանձնաժողովի անդամը չի կարող տվյալ նիստին մասնակցել անմիջականորեն, ապա դա կարող է անել հեռակա կարգով:

9. Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են` հաշվի առնելով նիստին ներկա չգտնվող հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքները:

10. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա հանձնարարության դեպքում հանձնաժողովի նիստը վարում է նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Հանձնաժողովի նիստի օրակարգն առաքվում է հանձնաժողովի անդամներին և հրավիրված անձանց` գումարվող նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է նիստից առնվազն 10 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնելու առաջարկություն` օրակարգում ներառելու համար:

12. Հանձնաժողովի անդամի` օրակարգի վերաբերյալ առաջարկությունն ընդգրկվում է նիստի օրակարգում` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ:

13. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ: Հերթական նիստում լսվում են նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումները:

14. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է նիստը վարողի կողմից:

15. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

16. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է ստեղծել աշխատանքային խումբ, որի աշխատանքային կանոնակարգը սահմանելու է հանձնաժողովը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

18. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահին առնվազն տարեկան երկու անգամ զեկուցում է հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

19. Հանձնաժողովի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է հանձնաժողովին անդամակցությունը, և նրա փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

20. Հանձնաժողովի այն անդամը, որը համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներից մեկը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամանով:

22. Հանձնաժողովի քարտուղարությունը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերն ու օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին.

բ) արձանագրում է հանձնաժողովի նիստերը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1282-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հայաստանի Հանրապետության վարչապետ -հանձնաժողովի նախագահ
Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի փոխնախագահ
-անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության առևտրի և
տնտեսական զարգացման նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարար
-անդամ
Հայաստանի Հանրապետության
Նախագահի տնտեսական հարցերով
գլխավոր խորհրդական
-անդամ
Հայաստանի Հանրապետության վարչապետի
խորհրդական
-անդամ
Հայաստանի Հանրապետության Նախագահի
օգնական
-անդամ
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2022, N 357-Ն 25.03.2022, N 1282-Ն
03.12.2009, N 1391-Ն 26.12.2009, N 1282-Ն
02.07.2009, N 795-Ն 30.07.2009, N 1282-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան