Գլխավոր տեղեկություն
Համար
N 715
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.09.2006-15.09.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.09.2012

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 6 նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2000 թվականի N 715

քաղ. Երևան

 

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ 3-ամսյա ժամկետում հաստատել տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկնիլիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու մասին կարգը, դիահերձման մասին արձանագրության ձևն ու լրացման կարգը, հերձումն ընդհատելու մասին արձանագրության և մահվան էպիկրիզի ձևերը, ինչպես նաև սույն որոշման կիրարկումն ապահովող այլ գերատեսչական նորմատիվ ակտերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 710 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
նոյեմբերի 6 -ի N 715 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է ախտաբանաանատոմիական հերձումների կատարման կարգը:

2. Ախտաբանաանատոմիական հերձումները կատարվում են լիցենզավորված բուժհաստատությունների ախտաբանաանատոմիական ստորաբաժանումներում, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության հիմնարկներում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

 

II. Ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը ԵՎ պայմանները

 

3. Ստացիոնար բուժհաստատություններում մահացած հիվանդների դիակները ենթակա են պարտադիր դիահերձման, բացառությամբ այն դեպքերի, երբ մահացածի ընտանիքի անդամները գրավոր հրաժարվում են հերձումից կամ էլ դա մահացողի կամքն է կենդանության օրոք (գրավոր ձևակերպված):

4. Հերձումից հրաժարվելու դեպքում բուժհաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան պատասխանատու անձը (այդ թվում՝ հերթապահ բժիշկը) կատարում է համապատասխան գրառում՝ հիվանդության պատմության նկարագրում նշելով դիահերձում չկատարելու պատճառը:

5. Դիահերձումից հրաժարվելն արգելվում է՝

ա)  երբ պարտադիր են ախտաբանաանատոմիական հերձումները՝

երբ հիվանդը մահացել է բուժհաստատություն ընդունվելուց հետո՝ առաջին 24 ժամվա ընթացքում,

վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության կասկածի դեպքում,

չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան),

շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում,

հղիների, ծննդկանների և ծննդաբերների  մահվան (մայրական մահացության) դեպքերում.

հանկարծամահության դեպքում (անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից), եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը:

բ) երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով՝

երբ մահացածի անձը ճանաչված չէ,

երբ ախտորոշումը հայտնի չէ (անկախ տարիքից և բուժհաստատությունում գտնվելու տևողությունից),

երբ բուժանձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացված իրավապահ մարմիններ,

բռնի մահվան դեպքում՝ սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),

բռնի մահվան կասկածի դեպքում (անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից),

մանկասպանության կասկածի դեպքում,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ հղիության արհեստական ընդհատման (աբորտի) դեպքում:

(5-րդ կետը փոփ., լրաց. 24.08.06 N 1209-Ն)

6. Եթե մահը հաջորդել է սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերին կամ, եթե ցուցումներ կան նշված պատճառներից որևէ մեկի հնարավորության մասին, ապա բուժհաստատության  ղեկավարը, իսկ նրա  բացակայության  դեպքում՝ պատասխանատու անձը (այդ թվում՝ հերթապահ բժիշկը), պարտավոր է յուրաքանչյուր նման դեպքի մասին անհապաղ տեղեկատվություն ներկայացնել իրավապահ մարմիններ՝ կատարելով համապատասխան գրանցում:

7. Եթե մահը տեղի է ունեցել շտապ օգնության մեքենայում, ապա հերձումը կատարվում է ստացիոնար բուժհաստատության համար սահմանված կարգին համապատասխան:

8. Եթե մահը տեղի է ունեցել տանը և առկա են սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքերը կամ տանը տեղի ունեցած հանկարծամահության դեպքում, եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը, տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունը պարտավոր է արձանագրել մահվան փաստը և շտապ օգնության դիակային բրիգադի միջոցով կազմակերպել դիակի տեղափոխումն ու դիահերձումը` սույն կարգին համապատասխան:

(8-րդ կետը խմբ. 24.08.06 N 1209-Ն)

9. Ախտաբանաանատոմիական հերձումը կազմակերպվում է մահվանը հաջորդող 24 ժամվա, իսկ շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում՝ 12 ժամվա ընթացքում, բնական լուսավորության պայմաններում:

10. Ախտաբանաանատոմիական հերձում կատարելու համար բուժհաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան պատասխանատու անձը (այդ թվում՝ հերթապահ բժիշկը), պետք է դիակը հիվանդության (ծննդաբերության) պատմության նկարագրի հետ միասին ուղարկի ախտաբանաանատոմիական բաժանմունք ոչ շուտ, քան կենսաբանական մահը գրանցելուց 2 ժամ հետո՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:

11. Հիվանդության (ծննդաբերության) պատմության նկարագիրը պետք է վերջնականապես ձևակերպված ու ստորագրված լինի համապատասխան բաժնի վարիչի և բուժող բժշկի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ հերթապահ բժշկի կողմից: Շապիկի վրա պետք է գրանցված լինեն բոլոր ախտորոշումները (հիմնական հիվանդությունը, ուղեկցող հիվանդությունները) և տեղեկություններ կատարված միջամտությունների մասին:

12. Հիվանդության (ծննդաբերության) պատմության նկարագրում պետք է արտացոլված լինի մահվան մանրամասն էպիկրիզը, ինչպես նաև կցվի բուժհաստատության ղեկավարի որոշումը՝ ախտաբանաանատոմիական հերձում կատարելու մասին:

13. Դիահերձման ժամանակ արգելվում են մարմնի բաց մասերի խեղումները (այլանդակումները):

14. Հերձման տվյալները պարտադիր գրանցվում են հիվանդների հաշվառման հատուկ քարտադարանում՝ ըստ օրգանների և հիվանդագիտական (նոզոլոգիական) ձևերի:

15. Ախտաբանաանատոմիական հերձմանը մասնակցում են հիվանդի բուժող բժիշկը, բաժնի վարիչը, դեպքին առնչվող այլ մասնագետներ:

16. Մահացածի հարազատներն իրավունք ունեն ծանոթանալու ախտաբանաանատոմիական հերձման եզրակացությանը:

 

III. Հերձող ախտաբանաանատոմի իրավունքները, պարտականությունները ԵՎ պատասխանատվությունը

 

17. Ախտաբանաանատոմն իրավունք ունի՝

ա) հերձումն իրականացնելու համար պահանջելու անհրաժեշտ պայմաններ (տարածք, գործիքային սարքավորումներ, արտահագուստ և այլն).

բ) բուժող բժիշկների հետ համատեղ քննարկելու հերձման և հյուսվածքաբանական (հիստոլոգիական) հետազոտության արդյունքները.

գ) մեթոդական խորհրդատվությամբ օգնելու բուժող բժիշկներին:

18. Ախտաբանաանատոմը պարտավոր է՝

ա) հերձումից հետո կազմել արձանագրություն՝ նշելով մահացածի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, տարիքը, մասնագիտությունը, բուժհաստատություն ընդունվելու, մահվան և հերձման տարեթիվը, ամսաթիվն ու ժամը, կլինիկական ախտորոշումը, օպերատիվ միջամտության անվանումը, դրա տարեթիվն ու ամսաթիվը, հիմնական կլինիկական ախտանիշները, բուժման հիմնական միջոցները, գործիքային ու լաբորատոր հետազոտությունների, ինչպես նաև դիակի հյուսվածքաբանական, մանրէաբանական և մյուս քննությունների արդյունքները.

բ) ձևակերպել վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշումը, որում պետք է արտացոլվեն հիմնական հիվանդությունը, հիվանդության բարդությունները, ուղեկցող հիվանդությունները և ախտաբանական վիճակները.

գ) կազմել ախտաբանաանատոմիական եզրակացություն՝ սահմանելով մահվան հիմնական և նպաստող պատճառները.

դ) ընդհատել հերձումը, եթե ախտաբանաանատոմիական հերձման ընթացքում առաջանում է բռնի մահվան կասկած, և կազմել արձանագրություն՝ հիմնավորելով դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտությունը.

ե) ձեռնարկել համապատասխան միջոցներ մահացածի մարմինն ու օրգաններն անփոփոխ պահելու և հետագա դատաբժշկական փորձաքննությանը տրամադրելու համար.

զ) ընդհատված հերձման մասին հայտնել բուժհաստատության ղեկավարին՝ իրավապահ մարմիններին անհապաղ տեղեկացնելու համար:

19. Ախտաբանաանատոմիական հերձումից հետո ախտորոշումը և եզրակացությունը գրանցվում են հիվանդության (ծննդաբերության) պատմության նկարագրում:

20. Հերձման մասին արձանագրությունն ստորագրում է ախտաբանաանատոմը:

21. Մահվան դեպքում բուժհաստատության (ախտաբանաանատոմի) կողմից տրվում է մահվան փաստը հավաստող վկայական:

22. Ախտաբանաանատոմի կողմից սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

(կարգը խմբ., փոփ., լրաց. 24.08.06 N 1209-Ն)