Գլխավոր տեղեկություն
Համար
N 1416-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2006-26.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.25/55(510) Հոդ.1136
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.02.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1416-Ն

ՄԵՂՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1416-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԵՂՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) իրականացման կարգը և պայմանները:

2. Մեղրի փորձաքննություն կատարում են լիցենզավորված անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

3. Փորձաքննության չենթարկված մեղր մթերելու, վերամշակելու, իրացնելու համար ֆիզիկական ու իրավաբանական անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

4. Մեղրի փորձաքննության իրականացումը մեղրի մթերման, վերամշակման, իրացման գործընթացներում, ցուցահանդեսներում ապահովում են մեղր մթերող, վերամշակող, իրացնող ֆիզիկական ու իրավաբանական անձինք:

5. Մեղրը փորձաքննության է ենթարկվում, եթե առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր տալու կարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշմամբ հաստատված անասնաբուժական ուղեկցող համապատասխան փաստաթուղթը:

 

II. ՄԵՂՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Մեղրը փորձաքննության ենթակա է հեղուկ կամ բյուրեղացված վիճակում կամ ամբողջական մեղրախորսխով, եթե սերեկված է (մեղրախորսխի բջիջների` մեղրով լցվածությունը և փակվածությունը) մեղրախորսխի առնվազն 2/3-ը:

7. Մթերման, վերամշակման, իրացման ենթակա է փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն ստացած մեղրը, որը լինում է`

ա) ըստ ծագման` ծաղկային` նեկտարային և մեղրացողային` բույսերի առողջ մասերի կամ բույսերով սնվող միջատների արտազատուկներից ստացված.

բ) ըստ արտադրության տեսակի`

մեղրամոմային` թարմ կառուցված, չձվադրված մեղրախորսխի բջիջներում մեղուների կողմից պաշարված մեղր, որն իրացվում է փակ ամբողջական մեղրահացի կամ դրա կտորների տեսքով,

չորացրած` մեղրով լցված, չձվադրած, չծածկված, չորացված մեղրամոմը,

ճնշված` 450 C-ից ոչ բարձր ջերմաստիճանում չձվադրած մեղրամոմի սեղմումից ստացված մեղր,

զտված` օտար անօրգանական և օրգանական նյութերից մաքրման միջոցով ստացված մեղր,

արդյունաբերական` անծանոթ համ և հոտ ունեցող կամ մակարդված կամ գերտաքացված մեղր:

8. Մեղրի փորձաքննությունը ներառում է զգայորոշման՝ սենսոր և լաբորատոր արագացված հետազոտությունները:

9. Վարակիչ հիվանդությունների, մեղրի բնականության բացահայտման համար կիրառվում են նաև հետազոտման մանրադիտակային և լաբորատոր այլ եղանակներ:

10. Փորձաքննության համար մեղրի նմուշները վերցվում են ապրանքախմբի յուրաքանչյուր միավորից կամ տարայից` մինչև 3 կիլոգրամ միավոր քաշի դեպքում` 100, 3 կիլոգրամից ավելի միավոր քաշի դեպքում` 200 գրամի չափով: Մեղրամոմից նմուշները վերցվում են ապրանքախմբի յուրաքանչյուր երրորդ ամբողջական միավորից, մինչև 3 մեղրամոմի դեպքում` յուրաքանչյուրից` 5 X 5 սմ չափով կտորներ: Փորձաքննության համար նմուշներ վերցնելիս կազմվում է արձանագրություն, որում նշվում են նմուշներ վերցնելու նպատակը, վայրը, նմուշների քանակը: Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից, որոնք ստորագրվում են նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, և մեկ օրինակը տրվում է վերջինիս:

11. Նմուշառումից հետո փորձաքննությունը կատարվում է 3 ժամվա ընթացքում:

12. Փորձաքննության արդյունքների հիման վրա 2 ժամվա ընթացքում տրվում է եզրակացություն մեղրի անասնաբուժասանիտարական պիտանիության մասին, որը կազմվում է 2 օրինակից: Դրա մեկ օրինակը տրվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Եզրակացության օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

13. Փորձաքննության դրական եզրակացության արդյունքում պիտանի ճանաչված մեղրի իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանիությունը հավաստող պիտակ, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

14. Մեղրը փորձաքննության արդյունքների հիման վրա անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի (թույլատրվում է օգտագործել վերամշակումից հետո կամ միայն սեփական կարիքների համար) կամ ոչ պիտանի (ենթակա է օգտահանման կամ ոչնչացման) ճանաչվելու դեպքում եզրակացության մեջ նշվում է վերամշակման, օգտահանման կամ ոչնչացման եղանակը:

15. Փորձաքննության արդյունքների հիման վրա իրացման համար ոչ պիտանի ճանաչված մեղրը վերադարձվում է իրացնողին:

16. Անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի է համարվում արդյունաբերական մեղրը:

17. Ամերիկյան և եվրոպական փտախտով, պարկավոր մեղվաորդով, պարալիչով, սեպտիցեմիայով, հաֆնիոզով, ասպերգիլոզով, ասկոսֆերոզով, ակարոզով, վարոատոզով, տրոպիլելապս ինֆեստացիայով հիվանդ փեթակներից ստացված, խմորման կամ մակարդման նշաններով, կեղծված, տաքացման արդյունքում ֆերմենտային ակտիվությունը կորցրած, մեխանիկական խառնուրդներ, հակաբիոտիկներ պարունակող, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով կամ միջազգային չափորոշիչներով սահմանված ջրի, դիաստազայի, ընդհանուր թթվայնության, ինվերտ շաքարների, սախարոզայի, ծաղկափոշու, հանքային աղերի, ռադիոակտիվության թույլատրելի մակարդակը գերազանցող, հիդրոօքսիլմեթիլֆուրֆուրոլի նկատմամբ դրական հակազդած մեղրն անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի է, և այդպիսի մեղրի իրացումն արգելվում է:

18. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերում, երբ հնարավոր չէ հետազոտությունների միջոցով լիարժեք բացահայտել մեղրի անասնաբուժասանիտարական անվտանգությունը և պիտանիությունը` մեղուների վարակիչ հիվանդությունների հարուցիչներով մեղրի վարակվածությունը կամ փորձաքննության արդյունքների անհամապատասխանությունը մեղրի բնական լինելու ցուցանիշներին, ախտորոշումը հաստատելու նպատակով՝ մեղրի փորձաքննության արդյունքները 1-3 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված եզրակացությամբ:

Լաբորատոր հետազոտության նպատակով մեղրի նմուշներն ուղարկվում են ամուր խցանված ու կնքված` անջրաթափանց տարաներով, կից` արձանագրությամբ, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը: Արձանագրությունում նշվում են մեղրի նմուշները փորձաքննության ներկայացրած ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ինչպիսի նմուշներ են ուղարկվում, նմուշների քանակը, ստացման վայրը և ժամկետը, նմուշառման ամսաթիվը, փորձաքննության արդյունքում ենթադրվող ախտորոշումը, անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների տեսակը, ուղարկողի ստորագրությունը: Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որոնք ստորագրվում են մեղր մթերող, վերամշակող, իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, և մեկ օրինակը տրվում է վերջինիս:

19. Եթե մեղրի նմուշների ուղարկումը հետաձգվում է, ապա դրանք պահպանվում են փորձաքննության իրականացման վայրում, սառնարանային՝ +40C-ից ոչ ցածր պայմաններում: Մեղրի նմուշների մնացորդները հետազոտություններից հետո օգտահանվում են կամ վնասազերծվելուց հետո ոչնչացվում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան