Գլխավոր տեղեկություն
Համար
N 812
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.12.2000-19.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1999/4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2015

040.0812.21.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 1998 թվականի N 812

քաղ. Երևան

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների դրանց մասերի կամ համալիրների (այսուհետև` շենք) կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման (ներառյալ քանդման), արդիականացման նախագծերը ճարտարապետաշինարարական փաստաթղթեր են:

Շենքի նախագծի մշակման պատվիրատու են հանդիսանում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված սուբյեկտները:

 

II. Շենքի նախագծի մշակումը

 

2. Պատվիրատուն`

ա) սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) հանձնում է համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետի) կողմից տրված ճարտարապետահատակագծային և իր նախագծային առաջադրանքները.

բ) կատարողին տրամադրում է նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

գ) կատարողի հետ օրենքով սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

 

III. Շենքի նախագծի փորձաքննությունը

 

3. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է փորձաքննության ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված կազմով:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի ու փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

Ճարտարապետահատակագծային առաջադրանքում համապատասխան պահանջ չառաջադրվելու դեպքում պարտադիր է նախագծի փորձաքննությունը կառույցի (բացառությամբ ժամանակավոր կառույցների) հուսալիության, սեյսմակայունության, ինչպես նաև սանիտարահիգիենիկ, բնապահպանական և հակահրդեհային անվտանգության առումով:

Պարտադիր համալիր փորձաքննության ենթակա են`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (այդ թվում` վարկային) հաշվին կամ դրանց ներգրավմամբ կառուցվող օբյեկտների նախագծային փաստաթղթերը,

բ) հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների` սահմանված կարգով հաստատված ցանկում ընդգրկված օբյեկտների նախագծային փաստաթղթերը,

գ) փորձարարական, բազային և կրկնակի օգտագործման օբյեկտների նախագծային փաստաթղթերը,

դ) սահմանված կարգով հաստատված ցանկում ընդգրկված պետական պահպանության ենթակա հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների նախագծային փաստաթղթերը:

(3-րդ կետը փոփ., լրաց. 16.12.00 N 826)

 

IV. Շենքի նախագծի համաձայնեցումը

 

4. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի վարչական սահմաններում իրականացվող շենքի նախագիծը ներկայացնում է համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին)` համաձայնեցման: Համայնքի ղեկավարը մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը:

(4-րդ կետը խմբ. 16.12.00 N 826)

5. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացվող շենքի նախագիծը ներկայացնում է մարզպետին` համաձայնեցման: Մարզպետը մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը:

(5-րդ կետը խմբ. 16.12.00 N 826)

6. Նախագիծը պետք է համաձայնեցվի ներկայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում, իսկ հասարակայնությանն իրազեկելու դեպքերում` ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում:

Դիտողություններով վերադարձված նախագծերի համաձայնեցման համար նշված ժամկետը հաշվարկվում է դրանք կրկին ներկայացվելու օրվանից:

(6-րդ կետը լրաց. 21.10.99 N 644, 16.12.00 N 826)

7. Պատվիրատուն նախագծի չհամաձայնեցման հիմնավորումը կարող է բողոքարկել դատական կարգով:

 

V. Շենքի նախագծի հաստատումը

 

8. Պատվիրատուն շենքի նախագիծը հաստատում է համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո:

 

VI. Շենքի հաստատված նախագծի փոփոխությունը

 

9. Շենքի հաստատված նախագծի փոփոխությունը կատարվում է սույն կարգին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար

Է. ԹԱԴևՈՍՅԱՆ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան