«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2005 թվականի N 948-Ն
«ԾԱՂԿԱՁՈՐԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԾԱՂԿԱՁՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ
I. ՆԱԽԱԲԱՆ
Զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության դինամիկ զարգացող և հեռանկարային ճյուղերից է, որն իր զարգացումներով ոչ միայն մեծ դեր կարող է խաղալ Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլև նպաստել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Հայաստանի զբոսաշրջության զարգացման ներուժը վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ վերջինում լուրջ դեր ունի կուրորտային զբոսաշրջությունը, որի զարգացումը լուրջ խթան է հանդիսանում զբոսաշրջության ոլորտում ապակենտրոնացման, այդ թվում` տարածքային, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ու զարգացման համար:
Գնահատելով առկա զբոսաշրջային ռեսուրսները` կարելի է առանձնացնել զբոսաշրջության այն հիմնական ձևերը, որոնք պատմամշակութային և ճանաչողական զբոսաշրջությանը զուգընթաց Հայաստանում իրական զարգացման ներուժ ունեն: Մասնավորապես, կարելի է առանձնացնել ձմեռային սպորտաձևերը և առողջարանային զբոսաշրջությունը: Այս առումով Ծաղկաձորը բավականին նպաստավոր է և ամառային և հատկապես ձմեռային ակտիվ զբոսաշրջության զարգացման համար:
Ունենալով նպաստավոր բնակլիմայական պայմաններ, ինչպես նաև պատմամշակութային, բնական և զբոսաշրջության այլ ռեսուրսներ, պահպանված ժողովրդական ավանդույթներ և սովորույթներ, Ծաղկաձորը կարող է դառնալ Հայաստանի ակտիվ հանգստի գոտիներից մեկը:
Միջազգային շուկայում Ծաղկաձորի նկատմամբ պահանջարկ ձևավորելիս (որպես տուրիստական ապրանք) այն անհրաժեշտ է դիտարկել, որպես հայաստանյան տուրիստական ապրանքի մի մաս, որը չպետք է սահմանափակվի միայն ձմեռային մարզաձևերով, այլև պետք է համակցվի Հայաստանի ավանդական տուրիզմի մյուս բաղադրիչների (պատմամշակութային, կրոնական, գյուղական, էկոտուրիզմ և այլն) հետ, քանզի առկա են դեռևս մրցունակության բազմաթիվ անլուծելի խնդիրներ, որոնք ներկայացված են «Շուկայի վերլուծություն» հատուկ բաժնում:
Հայաստանը ներկայումս տուրիզմի միջազգային շուկաներում քիչ թե շատ ներկայանում է երկիր, որն ապահովում է տուրիզմի 3 սեզոններ, այդ իսկ պատճառով սկզբնապես անհրաժեշտ է ուղղակի լսելի դարձնել շուկաներում Հայաստանը, որպես 4 սեզոնների երկրի գաղափարը` համեմելով այն ավանդական այսպես կոչված «branding»-ի չափանիշներով:
II. ԾՐԱԳՐԻ ԳՈՎԱԶԴԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Բավականին ակտիվ մարքեթինգային աշխատանք պետք է իրականացվի տուրիզմի պրոֆեսիոնալ վեբ-կայքերում, քանզի գովազդային աշխարհում հատկապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը տուրիզմի բնագավառում արդյունավետությամբ մի քանի անգամ գերազանցում է այլ տիպի գովազդները:
Գովազդային արշավը լիարժեքորեն անցկացնելու համար անհրաժեշտ է իրականացնել նաև հետևյալ քայլերը`
ա) գովազդային նյութերի պատրաստում և տարածում պահանջարկի շուկաներում, մասնավորապես «Travel Guide-եր անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով,
բ) Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության /WTO/ ակտիվ մասնակցությամբ տուրիզմի մասնագիտացված ամսագրերի լրագրողների և մասնագիտացված տուրօպերատորների մի քանի ճանաչողական այցերի կազմակերպում,
գ) մասնակցություն մասնագիտացված կոնֆերանսներին և ցուցահանդեսներին,
դ) Զբոսաշրջության ինժեներիայի ֆրանսիական գործակալության /AFIT/ տեխնիկական աջակցության ծրագրի իրականացումը:
III. ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Միջազգային կուրորտների շուկան բավականին բազմազան է, բազմաշերտ և այդ առումով սույն վերլուծությամբ միջազգային շուկաների ուսումնասիրությունը սահմանափակված է միայն ձմեռային տուրիզմի մասով և ընդգրկում է այն շուկաները, որոնք պահանջարկի առումով էական դեր կարող են խաղալ:
Վերջին տարիների ընթացքում այն բոլոր շուկայական սեգմենտները, որոնք ավանդապես համարվում են պահանջարկի առումով ակտիվ, ի տարբերություն առաջարկի, համակարգային փոփոխություններ հիմնականում չեն ունեցել: Դրանք են ԱՄՆ-ի և Կանադայի , ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի շուկաները: Փոփոխություններ տեղի են ունեցել ավելի նեղ սեգմենտներում, մասնավորապես, եթե վերջին տարիների ընթացքում նվազել են լեռնադահուկորդների այցելություններն ակտիվ ձմեռային կուրորտներ (մոտ 12 տոկոսով), ապա զգալի ավելացել են այցելություններն այլընտրանքային ձմեռային ժամանցի այլ ձևերի մասով՝ սնոուբորդ, ազատ դահուկավազք, ֆրիստայլ և այլն (մոտ 32 տոկոս): Փոխվել է ժողովրդագրական կազմը. այցելությունները «երիտասարդացել են», այսինքն շուկայի առավել ակտիվ սեգմենտը 18-35 տարեկաններն են: Փոխվել է նաև որակային պահանջարկը. առավել մեծ ուշադրության են արժանանում այն ձմեռային կուրորտները, որոնք ապահովում են`
առավելագույն անվտանգություն
հաղորդակցային մատչելիություն
գնային մատչելիություն
վիզային մատչելիություն
բարձր որակ՝ ծառայությունների տրամադրման շղթայի յուրաքանչյուր օղակում
արհեստավարժ հրահանգիչներ
ենթակառուցվածքների բազմազանություն (հյուրանոցային հատվածի բազմազանություն, ընտրության հնարավորություն սննդի սեկտորում, զվարճանքների և հասարակական ծառայությունների ոլորտում):
Այժմյան պահանջարկին բնորոշ է նաև նոր կուրորտների «հայտնաբերումը»:
Պահանջարկի շուկաները հատկապես Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գերադասում են
մատչելի ձմեռային կուրորտներ՝ ենթակառուցվածքների և սպասարկման բարձր որակով և արևմտյան չափանիշներով,
այլընտրանքային ձմեռային ժամանցի ձևերի գերակշիռ պարունակությամբ,
պահպանողական բովանդակությամբ,
առավելագույնս մոտեցված արևմտյան կենսակերպին տուրիստական ապրանք:
Սպառողներն ունեն վճարունակության բարձր մակարդակ, իրենց սեփական մարզագույքը և գույքի վարձակալման կարիք չունեն:
ԱՊՀ և Ռուսաստանի տուրիստական շուկաներն առավելապես գերադասում են.
գնային առումով մատչելի և արկածային էկզոտիկայի բաղադրիչներով հարուստ,
սպասարկման միջին որակով,
հաղորդակցման լեզվի մատչելիությամբ տուրիստական ապրանք:
1) Առաջարկի տեսանկյունից մատչելիության բարձրացման խնդիրների լուծման առումով տարանջատվում են հետևյալ հիմնական ուղղությունները.
ա) ավիափոխադրումների մրցունակության բարձրացում՝ ինչպես տարածքային ու ժամանակային հարմարավետության առումով, այնպես էլ գնային մակարդակներով: Արևմտյան շուկաներում Եվրոպական յուրաքանչյուր ուղղության հասնելու համար գոյություն ունի տրանսպորտային կապի մեծ ընտրություն, մասնավորապես, ավանդական օդային հաղորդակցության երթուղիներից բացի, այսպես կոչված էժանագին ավիաընկերություններով (low-cost airlines) թռիչքները, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտը: Այսպես, եվրոպական յուրաքանչյուր կուրորտային բնակավայր հասնելու համար ճամփորդական սակագները օդային տրանսպորտով սկսվում են 30 եվրոյից (Ryanair, Easyյet, Volareweb, Air Berlin և այլն): Իհարկե դա արդյունք է Եվրոպական Միության օդային հաղորդակցությունների ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված ազատականացման: Ռուսաստանի սպառողը եվրոպական կուրորտներ հասնելու համար օդային ճանապարհորդությունը գնում է` սկսած 200 եվրոյից:
բ) վիզային քաղաքականության բարելավում և բավարար ազատական ռեժիմի ապահովում` մասնավորապես, առկա են խնդիրների հետևյալ ոլորտները.
վիզաների տրամադրման աշխարհագրական սահմանափակ բաշխվածությունը,
սահմանային ձևակերպումների ոլորտում աշխատող մասնագետների օտար լեզուներին չտիրապետելը,
հյուպատոսական ծառայությունների համար լրացուցիչ գանձումների առկայությունը,
վիզաների ոչ մրցունակ գները մրցակիցների համեմատ: Չնայած որ, վերջին տարիների ընթացքում Հայաստանի վիզաների գներն իջեցվել են և ներդրվել է e-visa, սակայն հարևան պետությունների հետ մրցակցության պայմաններում այժմ ռեժիմների բարելավման կարիք կա (կից ներկայացվում է առաջարկների փաթեթը):
Օրինակ, վիզային սակագները ներկայումս իրենց գնային մակարդակով ավելի բարձր են, քան Վրաստանի և Թուրքիայի սակագները, ինչպես նաև ավելի բարդացված են Հայաստանում գործող ռեժիմները:
Ճապոնիայի նման կարևորագույն շուկայի համար Հայաստանի մուտքի վիզաների խնդիրը լուծվում է բացառապես սահմանի վրա, քանի որ ի տարբերություն նախկինում իրականացվող գործընթացի ներկայումս Ռուսաստանի հյուպատոսական ծառայությունները չեն իրականացնում վիզային ապահովումը.
գ) տեղեկատվական մակարդակի ապահովում՝ տեղեկատվությունը սահմանափակ է ոչ միայն միջազգային շուկաներում, այլև մեր հանրապետությունում, մասնավորապես, ձմեռային ժամանակահատվածում օդանավակայանում անհրաժեշտ է Հայաստան այցելող յուրաքանչյուր այցելուի համար տեսանելի դարձնել այն իրողությունը, որ Ծաղկաձորը գործում է, որպես ձմեռային կուրորտ:
2) Ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում առաջնային են հետևյալ ուղղությունները.
ա) կապ
Ծաղկաձորի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում սահմանափակ է կամ իսպառ բացակայում է միջքաղաքային հեռախոսակապը, ինչը բացի այն, որ անվտանգության ապահովման համար բացասական ազդեցություն ունի, այն ուղղակիորեն ազդում է սպառողների սպասարկման համակարգի վրա և հեռախոսային և ինտերնետային կապի առումով: Պետք է նշել նաև այն փաստը, որ բջջային կապը հատկապես սեզոնային ժամանակահատվածում ծայրահեղ անորակ է.
բ) ջրային ռեսուրսներ
Ջրային ռեսուրսները խիստ սահմանափակ են և անհրաժեշտություն կա գտնելու անխափան ջրամատակարարման լրացուցիչ հնարավորություններ.
գ) էներգետիկ ռեսուրսներ
Էներգետիկ ռեսուրսների խնդիրն առայժմ էական դեր չի խաղում, սակայն հարկավոր է լուծել քաղաքի և հարակից ճանապարհների արտաքին լուսավորման հարցը, ինչպես նաև հստակ հաշվարկել այսպես կոչված capacity building-ը, որը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել ոչ միայն էներգետիկ, այլև ընդհանրապես ռեսուրսային օգտագործման կրիտիկական արժեքը.
դ) ճոպանուղի
Ճոպանուղու ներկայիս ֆիզիկական վիճակը համապատասխանում է միջազգային չափանիշներին և անհրաժեշտ է մշակել դրա զարգացման հեռանկարային ծրագիրը, որը պետք է ընդգրկի ոչ միայն Ծաղկաձորը, այլև Հանքավանը, այնուհետև, Աղվերանը և այլն:
Ճոպանուղու կառավարումը ցանկալի է տրամադրել այդ բնագավառում մասնագիտացված միջազգային կառույցի, ընդ որում, այդ պարագայում կլուծվեն բազմաթիվ խնդիրներ՝ կապված անվտանգության, մարդկային ռեսուրսների մասնագիտական և սպասարկման համակարգերի, վաճառքի և մարքեթինգի քաղաքականության և այլ համապատասխան գործառույթների հետ:
Տեխնիկական առումով հեռանկարում անհրաժեշտ է ձեռք բերել արհեստական ձյուն պատրաստող և ձյան անհրաժեշտ խնամքն ապահովող սարքավորումներ, որոնք առկա են համարյա բոլոր ձմեռային կուրորտներում.
ե) տեղաբաշխման սեկտոր
Տեղաբաշխման սեկտորի ներկա վիճակը սահմանափակում է հնարավորությունները շուկաների առումով: Որակային չափանիշների տեսանկյունից՝ գործող սեկտորում որոշակի փոփոխություններից հետո, կարելի է ունենալ ընդամենը առավելագույնս 3 աստղանի եզակի օբյեկտներ, որոնք արևմտյան շուկաների համար այնքան էլ գրավիչ չեն: Այդ սեկտորում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, կապված հիմնականում մարդկային ռեսուրսների հետ: Անձնակազմը չի տիրապետում օտար լեզուների, կառավարման համակարգը չի օգտագործում միջազգային կոմերցիոն մեթոդիկաները, պասսիվ է աշխատանքը տուրօպերատորների հետ, ստեղծված չեն համագործակցության ճկուն մեխանիզմներ և ընդհանուր առմամբ ի տարբերություն Հայաստանի այլ քաղաքների, թույլ է նաև տեղաբաշխման սեկտորի ինտեգրման մակարդակը հայաստանյան տուր. ինդուստրիայի մյուս օղակների հետ.
զ) զվարճալիքներ
Ծաղկաձորում և հարակից բնակավայրերում բացակայում են զվարճանքի և ժամանցի օբյեկտները: Նմանատիպ բնակավայրերի համար բնորոշ ծառայություններից չկան օդապարիկների, պարապլանների տրամադրման ծառայություններ, սպասարկման ենթակառուցվածքներ` ընտանեկան հանգստի համար: Ճամբարային հարուստ ենթակառուցվածքներ ունեցած քաղաքի համար խիստ անբավարար են մանկական և երիտասարդական զվարճանքների կազմակերպման համակարգերը և այլն.
է) սպասարկման համակարգ
Կարևոր խնդիր է կրեդիտ-քարտերով վճարումների ընդունման հնարավորությունը, որը նույնպես բացակայում է.
ը) ճանապարհներ
Մատչելիությունը ճանապարհային ենթակառուցվածքների առումով հիմնականում ապահովված է, սակայն ճանապարհային նշանները բավարար չափով տեղադրված չեն և չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Ձմռան ամիսներին կանոնակարգված չէ մոտորասայլակներով երթևեկը քաղաքի կենտրոնական փողոցներում, որը նաև անվտանգության և սպասարկման խնդիր է, հատկապես օտարերկրյա այցելուների համար:
թ) տեղեկատվական ենթակառուցվածքներ
Քաղաքը փաստացիորեն չունի տեղեկատվական ենթակառուցվածքներ, ինչը հնարավորություն կտար այցելուներին ինքնուրույնաբար ծանոթանալու քաղաքին և կուրորտային բնակավայրին ընդհանրապես, ինչպես նաև անհատապես օգտվելու բոլոր անհրաժեշտ ծառայություններից.
ժ) սննդի սեկտոր
Քաղաքը և հարակից տարածքը չունի որևէ սննդի ենթակառուցվածք, որը կբավարարի օտարերկրյա այցելուներին, այդ թվում` ռեստորաններ, սրճարաններ, արագ սննդի օբյեկտներ, մանկական սրճարաններ, բարեր և այլն.
ժա) խանութներ
Քաղաքում և հարակից տարածքներում գործում են ընդամենը մի քանի մթերային խանութներ` սահմանափակ տեսականիով.
ժբ) հասարակական ծառայություններ
Քաղաքը չունի բարձրակարգ վարսավիրանոցներ (գեղեցկության սրահներ), գործում է ընդամենը մեկ հասարակական սանհանգույց, չկան միջազգային մակարդակի բուժական կենտրոններ, ատամնաբուժարան և այլն:
3) Գրավչությունների առաջարկի հատվածում առաջնային են հետևյալ ուղղությունները.
ա) հուշարձաններ
Կուրորտային բնակավայրն ընդգրկում է մի քանի պատմական գրավչություններ, այդ թվում՝ Կեչառիսի վանական համալիրը, Մաքրավանքի համալիրը, մի քանի եկեղեցիներ և սրբատեղիներ: Հանքավանում կա հունական եկեղեցի.
բ) թեմատիկ թանգարաններ
Քաղաքը չունի թեմատիկ թանգարաններ և ցանկալի է, որ ստեղծվեն հատկապես բնության և մշակութային թանգարաններ.
գ) լանդշաֆտ
Լանդշաֆտն ընդգրկում է հիմնականում անտառային և ալպիական զանգվածներ, որոնցում ռելիկտային տեսակներ համարյա թե չկան.
դ) մշակութային միջավայր
Մշակութային միջավայրը բավականին պասսիվ է, քաղաքը չունի ավանդական տոներ, մշակութային եզակի միջոցառումները կազմակերպվում են առանձին կոնֆերանսների ժամանակ և կրում են լոկալ բնույթ:
Բնակավայրում սեզոնների ընթացքում անցկացվում են հիմնականում մարզական միջոցառումներ, որոնք մասսայական բնույթ չեն կրում, և չեն ընդգրկում զանգվածային այցելություններ այլ վայրերից:
4) Շրջակա միջավայրի առաջարկի հատվածում առաջնային են հետևյալ ուղղությունները.
ա) կլիմա
Կլիման ընդգծված մեղմ բնույթ ունի ամբողջ տարվա ընթացքում: Արևային օրերի քանակը 2500 օր, ձյունածածկույթը 120-150 օր միջին տևողություն, ձմռան միջին ջերմաստիճանը -6, միջին տարեկան տեղումները 600-700մմ.
բ) էկոլոգիա
Էկոլոգիական առումով ցանկալի է, որպեսզի բարձր էկոլոգիական պահանջներ ներկայացվեն տարածքում գործող ձեռնարկությունների, մասնավորապես, ցեմենտի գործարանի նկատմամբ: Անտառների պահպանման առումով նույնպես էկոլոգիական խնդիրները կարևորագույն նշանակություն ունեն, քանի որ օտարերկրյա այցելուները մեծ ուշադրություն են դարձնում դրանց.
գ) մարդկային մշակույթ և կրթություն
Հյուրասիրությունը և տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքը այցելուների նկատմամբ տուրիստական ապրանքի գրավչության տեսանկյունից չափազանց կարևոր է:
Անհրաժեշտություն կա տեղի բնակչությանն առավելագույնս մասնակից դարձնել բիզնես պրոցեսներին, հայտնաբերել այն պոտենցիալը, որը հնարավոր է օգտագործել տուրիստական պրոդուկտի ձևավորման գործընթացում: Այս առումով աշխատանք պետք է իրականացվի մասնավորապես երիտասարդության ներգրավման ուղղությամբ: Տարածաշրջանի ուսումնական հաստատություններում մեծ տեղ պետք է հատկացնել տուրիզմի ոլորտին առնչվող մասնագետների պատրաստման և վերապատրաստման խնդիրներին:
5) Մարքեթինգի և վաճառքի հատվածում առաջնային են հետևյալ ուղղությունները.
Մարքեթինգային աշխատանքները ներկայումս հիմնականում սահմանափակվում են երևանյան առանձին տուրօպերատորների և Ծաղկաձորի որոշ հյուրանոցային համալիրների նվազագույն աշխատանքներով: Վաճառքի համակարգը ձևավորված և համակարգված չէ և կրում է հախուռն բնույթ: Ընդհանուր առմամբ հայաստանյան արդյունքի` դրսի շուկաներում ներկայացնելը նույնիսկ ցուցահանդեսների մասնակցության պարագայում զգալիորեն հետ է մնում նույնատիպ ներկայացումներից հարևան բոլոր երկրների հետ համեմատությամբ, որտեղ ընդհանուր տուրիզմի ոլորտի ֆինանսավորումը պետության կողմից մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի տուրիզմի ոլորտի բյուջեն:
IV. ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս համարյա բոլոր եվրոպական երկրներում գործում են ձմեռային կուրորտներ: Դրանք մոտ 25 երկրների ավելի քան 150 կուրորտներ են: Մրցունակության որոշակի պատկեր ունենալու համար բերենք մի օրինակ.
Ֆրանսիական Մերիբել կուրորտում հունվար ամսին 6 անձից բաղկացած խմբի համար տեղաբաշխման գինը 605 եվրո է մեկ շաբաթվա ընթացքում, այսինքն, օրական մեկ մարդու համար տեղաբաշխումն արժե մոտ 18 ԱՄՆ-ի դոլար, այն դեպքում, երբ Ծաղկաձորում նույն ժամանակահատվածում, տեղաբաշխումը համարժեք սեկտորում թանկ է մոտ 2 անգամ: Իհարկե, այստեղ համեմատելի չեն կարող լինել օրինակ, ճոպանուղու գները, սակայն համեմատության մեջ օդային (հատկապես սակագների մասով) և տրանսպորտի այլ ձևերի մատչելիության առումով Ծաղկաձորը խիստ զիջում է:
Մրցակցային առումով խիստ հագեցված է նաև տարածաշրջանը: Ձմեռային կուրորտներ են գործում Լիբանանում, Թուրքիայում, Իրանում և Իսրայելում: Իսկ ԱՊՀ երկրներից ձմեռային սպորտաձևերի զբոսաշրջությունը զարգացած է Ուկրաինայում՝ Կարպատները, Ռուսաստանում՝ Մերձբայկալը, Դոմբայը, Էլբրուսի տարածքը, Կրասնայա Պոլյանան, Վրաստանում` Գուդաուրին, Բակուրիանին և Ղազախստանում` Չիմբուլակը:
Տարածաշրջանային կտրվածքով առավելագույն զարգացվածություն ունեն Թուրքիայի կուրորտները, որոնք համեմատաբար նոր են և շատ ակտիվ մուտք են գործում միջազգային շուկա: Դրանք են Պակլանդուկեն, Սարիղամիշը և Էրզրումը:
Վերոհիշյալ բոլոր ուղղությունները հիմնականում սարքավորված են միջազգային մակարդակի ճոպանուղիներով, ստեղծված են համապատասխան ենթակառուցվածքներ և գնային ու մատչելիության առումով գերազանցում են Ծաղկաձորին:
Այնուհանդերձ, հարկ է նշել, որ Ծաղկաձորի հիմնական առավելությունները կարող են լինել`
ԱՊՀ շուկայի համար`
ազատ վիզային ռեժիմը,
նոստալգիկ հոգեբանական ֆակտորը նախկին օլիմպիական բազայի նկատմամբ՝ միայն մասնագետների մոտ:
Բոլոր շուկաների համար`
նոր ուղղության ֆակտորը՝ բացահայտելու առումով,
մարդկային հյուրասիրության և անվտանգության ֆակտորը,
համակցումների հնարավորությունը պատմամշակութային, ազգագրական, կրոնական, գաստրոնոմիկ և տուրիզմի այլ ձևերի հետ:
Սակայն այստեղ լուրջ աշխատանք պետք է տարվի ազգային մակարդակով և հիմնական մարքեթինգային աշխատանքն անհրաժեշտ է իրականացնել առավելագույնս շեշտը դնելով վերը նշված իրողությունների վրա:
V. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի ընդունման և իրականացման հիմնական նպատակը Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոնի վերածումն է, որը կնպաստի`
Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճին,
Հայաստանի զբոսաշրջային ակտիվ սեզոնի երկարաձգմանը,
տարածքային սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը,
ներքին զբոսաշրջության զարգացմանը,
ձմեռային սպորտաձևերի զարգացմանը:
VI. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԸ
«Ծաղկաձորը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագրի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 21-ի N 1975 հանձնարարականը:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
«Ծաղկաձորը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(ցանկը լրաց. 06.10.05 N 1606-Ն, 07.09.06 N 1273-Ն) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Մ. Թոփուզյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||