Գլխավոր տեղեկություն
Համար
N 587-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.09.2006-17.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.570
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2006 թվականի N 587-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների ներկայացման թերթիկի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների ու մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 13
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 587-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

1. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքերում, երբ մարզիկը`

ա) գրավել է`

1-8-րդ տեղ` օլիմպիական խաղերում,

1-6-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

1-3-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

1-2-րդ տեղ` ուսանողական համաշխարհային  մարզական խաղերում,

1-2-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

1-ին տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,

1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում` 2 անգամ` տարբեր տարիների ընթացքում, և առնվազն մեկ անգամ նորմատիվային պահանջի կատարում` աթլետիկա, ծանրամարտ, նետաձգություն, հեծանվասպորտ մարզաձևերից միջազգային մրցումներում.

բ) սահմանել է օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի ռեկորդ.

գ)  խաղային մարզաձևերում  մասնակցել է`

օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի մրցումներին,

Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունների, գավաթի խաղարկությունների 1/8-րդ եզրափակիչ փուլին:

2. «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքերում, երբ մարզիկը`

ա) ձեռք է բերել օլիմպիական խաղերի մասնակցի վարկանիշ.

բ) գրավել է`

3-5-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

2-3-րդ տեղ`  Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,

1-2-րդ տեղ` աշխարհի պատանեկան առաջնությունում,

1-ին տեղ` Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում,

1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում` 2 անգամ` տարբեր տարիների  ընթացքում,  կամ  մեկ  անգամ` 1-ին,  և  2  անգամ`  2-3-րդ տեղ` հունահռոմեական և ազատ ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, սեղանի թենիս, թենիս, բադմինթոն, սուսերամարտ մարզաձևերում և մարմնամարզության բացարձակ առաջնության մրցաձևում.

1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում` 2 անգամ` տարբեր տարիների ընթացքում, և առնվազն մեկ անգամ նորմատիվային պահանջի կատարում աթլետիկա, բայդարկաներով և կանոեներով թիավարություն, լող, ծանրամարտ, հեծանվասպորտ, հրաձգություն, նետաձգություն և ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևերից,

1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում` 3 անգամ` տարբեր տարիների ընթացքում, կամ 2 անգամ` 1-ին, և 2 անգամ` 2-3-րդ տեղ` մնացած մարզաձևերում.

գ) խաղային մարզաձևերում գրավել է 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում` 4 անգամ` տարբեր տարիների ընթացքում, կամ 3 անգամ` 1-ին, և 2 անգամ` 2-3-րդ տեղ:

3. «Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքերում, երբ մարզիկը գրավել է`

1-6-րդ տեղ`  Հայաստանի Հանրապետության առաջնությունում,

1-3-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների, Երևանի մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում,

1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում:

4. «Պատանեկան կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքերում, երբ մարզիկը գրավել է`

1-6-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնությունում,

1-3-րդ տեղ` մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների, Հայաստանի Հանրապետության մարզերի, մարզական ընկերությունների, միությունների, ակումբների առաջնությունում,

1-2-րդ տեղ` մանկապատանեկան մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի  պետական մարզական քոլեջների առաջնություններում:

(4-րդ կետը փոփ. 24.08.06 N 1204-Ն)

5. Մարզական կոչումներ և մարզական կարգեր շնորհվում են միայն այն դեպքում, երբ մրցումներին տվյալ քաշային կարգում, վարժությունում, մրցատարածությունում մասնակցել են առնվազն 8 մարզիկ, իսկ ծանր քաշային կարգում` 6 մարզիկ, և, ովքեր ունեն առնվազն 2 հաղթանակ, իսկ խաղային մարզաձևերի առաջնություններին մասնակցել է առնվազն 6 թիմ:

6. Նշված չափորոշիչները հավասարապես կիրառվում են հաշմանդամության տարբեր խմբերի` հենաշարժողական ապարատի  շեղումներ ունեցող, կույր և խուլ-համր մարզիկների նկատմամբ` համաձայն գրաված տեղի:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 587-Ն որոշման

 Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են մարզական բարձր արդյունքներ ցուցաբերած ու Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների (այսուհետ` չափորոշիչներ) պահանջները կատարած մարզիկներին մարզական կոչումներ և մարզական կարգեր շնորհելու պայմանները:

 

I. ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման մասին միջնորդագիրը և սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության հասարակական մարզական կազմակերպությունները` մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաները, միություններն ու ընկերությունները, մարզական ակումբները, ինչպես նաև օլիմպիական  հերթափոխի պետական մարզական քոլեջները և մանկապատանեկան մարզադպրոցները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե (այսուհետ` կոմիտե):

3. Մարզական կոչումների շնորհման փաստաթղթերը ներկայացվում են ոչ ուշ, քան չափորոշիչների պահանջների կատարումից 2 ամիս հետո:

4. Միջնորդագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների ներկայացման թերթիկ.

բ) մարզական ցուցանիշները հաստատող պաշտոնական փաստաթղթերի` հրամանների, մրցումների արձանագրությունների, դիպլոմների և հավաստագրերի պատճենները.

գ) 3 X 4 սմ չափսի 2 լուսանկար:

5. Կոմիտեում ստացված միջնորդագրին ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Միջնորդագիրը մերժվում է սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված պահանջների խախտմամբ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում:

Միջնորդագրի մերժման վերաբերյալ գրությունը ներկայացված փաստաթղթերի պատճենների հետ միասին ուղարկվում է միջնորդագիրը ներկայացնող կազմակերպություն` միջնորդագրի մերժման օրվանից հետո  2 օրվա ընթացքում:

 

II. ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումները շնորհվում են կոմիտեի նախագահի հրամանով:

8. Մարզական կոչումների արժանացած անձանց տրվում են համապատասխան ձևի վկայական և կրծքանշան, որոնք հանձնվում են հանդիսավոր պայմաններում` կոմիտեի նախագահի կամ նրա  լիազորած անձի կողմից:

Վկայականի և կրծքանշանի ձեռքբերման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով կոմիտեի համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

9. Կոմիտեի կողմից «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման մասին միջնորդագրի մերժման դեպքում փաստաթղթերը պահպանվում և արխիվացվում են` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Հայաստանի Հանրապետության մարզական առաջին կարգ շնորհում են մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաները, մարզական ընկերություններն ու միությունները, մարզական ակումբները, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները:

Մարզական պատանեկան կարգ շնորհում են մանկապատանեկան մարզադպրոցները:

11. Հայաստանի Հանրապետության մարզական առաջին կարգ և մարզական պատանեկան կարգ շնորհելիս` մարզիկներին տրվում են համապատասխան ձևի վկայական և կրծքանշան:

Վկայականի և կրծքանշանի ձեռքբերման ծախսերը կատարվում են համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի ֆինանսական միջոցների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության մարզական կոչման և մարզական կարգի շնորհման վկայականը կորցնելու դեպքում տրվում է վկայականի կրկնօրինակը` դիմումի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 587-Ն որոշման

Ձև  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

 

 

3 x 4 սմ չափսի լուսանկար

 

 

 

 

 

 

 

 

 

Թ Ե Ր Թ Ի Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ

ՎԱՐՊԵՏ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ»

ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Մարզական կոչման անվանումը ________________________________

2. Մարզաձևը ____________________________________________

3. Մարզիկի ազգանունը ________________ անունը ________________

4. Մարզը, քաղաքը, համայնքը __________________________________

5. Ծննդյան տարեթիվը ____________, կրթությունը __________________

6. Աշխատանքի (ուսման) վայրը, զբաղեցրած պաշտոնը ___________________

_____________________________________________________

 

7. Մարզական կազմակերպությունը _______________________________

 

8. Բնակության վայրը, հեռախոսահամարը ___________________________

 

9. Անձնական մարզիչը _______________________________________

(անունը, ազգանունը)

 

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ`

______________

 _________________

 

 

 (ստորագրությունը) 

 (անունը, ազգանունը)

                              

 

Կ. Տ.


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան