Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-645
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ 2005-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

4 օգոստոսի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի փետրվարի 24-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև 2005-2009 թվականների համագործակցության ծրագրի գործողությունների պլանում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համագործակցության ծրագրի գործողությունների պլանը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. 2005-2009 թթ. համագործակցության ծրագրի գործողությունների պլանը (այսուհետ` Գործողությունների պլան) ստորագրվել է 2005 թ. փետրվարի 24-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև Հազարամյակի զարգացման նպատակների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների և համաժողովների որոշումների իրականացման համար:

2. Գործողությունների պլանը նախատեսում է ապահովել Հայաստանի Հանրապետությունում նկատելի առաջընթաց` երեք ուղղություններով`

ա) կայուն սոցիալական ուղղվածություն ունեցող տնտեսական աճի հիմքերի ապահովում,

բ) հաշվետու, թափանցիկ և արդյունավետ կառավարման հաստատությունների խթանում,

գ) բնական պաշարների հստակ կառավարման ապահովում:

3. Գործողությունների պլանի իրականացման նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կներդնի 25.272.000 ԱՄՆ դոլար, որի 10 տոկոսի չափով` առնվազն 2.500.000.ԱՄՆ դոլար, իր մասնակցությունը կբերի ՀՀ կառավարությունը:

4. Գործողությունների պլանով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում`

ա) կատարել 1995 թ. մարտի 8-ի «Կառավարությանը ցուցաբերած օժանդակության և նրա հետ համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված իր պարտավորությունները,

բ) կիրառել «ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին» կոնվենցիայի դրույթները ՄԱԶԾ-ի սեփականության, միջոցների, գույքի, պաշտոնյաների և խորհրդատուների նկատմամբ,

գ) տրամադրել ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներին և պաշտոնյաներին 1995 թ. մարտի 8-ի «Կառավարությանը ցուցաբերած օժանդակության և նրա հետ համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված արտոնությունները, անձեռնմխելիությունը և աջակցությունը,

դ) նշանակել Գործողությունների պլանի ապահովման համար պատասխանատու Ազգային համակարգող մարմին,

ե) անցկացնել ծրագրի պարբերական վերանայման, պլանավորման և ռազմավարության որոշման հետ կապված հանդիպումներ, դոնորների և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` համակարգման ֆորումներ, ինչպես նաև մոնիտորինգի, շահառուների հետ հանդիպումների, առաջընթացի գնահատման և ծրագրային միջոցների օգտագործման արդյունավետության նպատակով կազմակերպել ՄԱԶԾ-ի աշխատակիցների այցելություններ,

զ) ժամանակին տեղեկացնել ՄԱԶԾ-ին Գործողությունների պլանի իրականացման ընթացքում տեղի ունեցած և գործողությունների պլանով նախատեսված համագործակցության իրականացման վրա հնարավոր ազդեցություն ունեցող քաղաքական և օրենսդրական փոփոխությունների մասին:

5. Գործողությունների պլանով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ բխում են միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թվականի փետրվարի 24-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև 2005-2009 թվականների համագործակցության ծրագրի գործողությունների պլանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


4 օգոստոսի 2006 թվականի
ՍԴՈ-645