Գլխավոր տեղեկություն
Համար
N 1182-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.06/47(502) Հոդ.996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 18 օգոստոսի 2006 թվականի N 1182-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2074-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը հաստատելու մասին» N 2074-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Հայաստանի Հանրապետության թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում, սույն կարգի 2-րդ բաժնում նշված ծառայությունների մատուցման դեպքերում, սույն կարգի պահանջներին համապատասխան սահմանված սակագների հիման վրա հաշվարկված գումարների գանձումներ չեն կատարվում (թռիչքներն ազատվում են գանձումներից) հետևյալ թռիչքների համար`

ա) երկու տոննայից պակաս առավելագույն թույլատրելի թռիչքային քաշ ունեցող ինքնաթիռներով իրականացվող թռիչքներ.

բ) իշխող միապետերի և նրանց ընտանիքի անմիջական անդամների, պետությունների նախագահների, վարչապետների և պետական նախարարների պաշտոնական թռիչքներ, որոնց թռիչքային պլանում առկա է թռիչքի կարգավիճակի վերաբերյալ համապատասխան նշում.

գ) որոնողափրկարարական աշխատանքների նպատակով իրականացվող թռիչքներ.

դ) թռիչքային անձնակազմի անդամի ատեստավորման վկայական կամ որակավորման նիշ ստանալու նպատակով իրականացվող ուսումնական թռիչքներ, որոնց թռիչքային պլանում առկա է դրա մասին համապատասխան նշում և որոնք չեն ծառայում ուղևորների և (կամ) բեռների փոխադրման, ինչպես նաև օդանավի կայանման կամ տեղափոխման նպատակներին.

ե) թռիչքներ, որոնք իրականացվում են բացառապես աերոնավիգացիոն նպատակներով օգտագործվող վերգետնյա սարքավորումների ստուգման կամ փորձարկման նպատակներով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 23
Երևան