«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2006 թվականի N 1132-Ա
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 6509419 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող` Երևանի Նոր Նորքի Գյուրջյան 6 հասցեում գտնվող ծննդատան շենքի 1330 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, այդ թվում՝ ցոկոլային հարկից` 39 քառ. մետր, առաջին հարկից` 225 քառ. մետր, և երկրորդ հարկից` 1066 քառ. մետր (այսուհետ՝ գույք), և այն հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տնօրինությանը՝ համապատասխան չափով բաժնետոմսերի ձեռքբերմամբ և մարմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
Գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված կարգով:
2. Երևանի քաղաքապետին՝
ա) ապահովել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով` սահմանված կարգով նվազեցումը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված աշխատանքների կատարումից հետո` նշված գույքն ընտանեկան բժշկության երկրորդ կրթական կենտրոնին հատկացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել նշված գույքն «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնելու աշխատանքների և ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացման գործընթացի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 24 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.11.2008, N 1333-Ա | 25.11.2008, N 1132-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|