Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
05.05.1998
Ստորագրման ամսաթիվ
05.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2004

Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիային կից Միջտարածքային համագործակցության մասին


 թ ի վ  2  Ա ր ձ ա ն ա գ ր ու թ յ ու ն


Ն ա խ ա բ ա ն

Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիային կից թիվ 2 Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

հաշվի առնելով 1995 թվականի նոյեմբերի 9-ին կնքված Շրջանակային կոնվենցիայի Լրացուցիչ արձանագրությունը, որը վերաբերում է  անդրսահմանային համագործակցության շրջանակներում կատարված գործողությունների իրավական հետևանքներին և անդրսահմանային համագործակցության  համաձայնագրերով ստեղծված մարմիններին,

հաշվի առնելով, որ տարածքային համայնքները կամ իշխանությունները իրենց գործառույթները արդյունավետ իրականացնելու համար զարգացնում են համագործակցությունը ոչ միայն հարևան պետությունների իշխանությունների հետ /անդրսահմանային համագործակցություն/, այլ նաև օտարերկրյա ոչ հարևան այլ իշխանությունների հետ, որոնք ունեն ընդհանուր շահեր /միջտարածքային համագործակցություն/, և դա իրականացնում են ոչ միայն անդրսահմանային համագործակցության մարմինների և տարածքային համայնքների կամ իշխանությունների միավորումների շրջանակում, այլ նաև երկկողմ մակարդակով,

նկատի ունենալով 1993 թվականի` անդամ պետությունների և Կառավարությունների ղեկավարների Վիեննայի հռչակագիրը, որը ճանաչել է Եվրոպայի խորհրդի դերը տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության միջոցով հանդուրժող և բարգավաճող Եվրոպա ստեղծելու գործում,

նշելով, որ միջտարածքային համագործակցության բնագավառում չկա այլ փաստաթուղթ, որը համեմատելի է Շրջանակային կոնվենցիայի հետ,

ցանկանալով, որ միջտարածքային համագործակցությունը իրականացվի միջազգային իրավական շրջանակներում,

 

համաձայնեցին հետևյալ դրույթների մասին.

 

Հոդված 1

Սույն Արձանագրության նպատակների համար «միջտարածքային համագործակցություն» հասկացությունը նշանակում է` երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի  տարածքային համայնքների կամ իշխանությունների միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված որևէ համաձայնեցված գործողություն` այլ, քան հարևան իշխանությունների միջև անդրսահմանային համագործակցության հարաբերություններն են, ներառյալ այլ պետությունների տարածքային համայնքների կամ իշխանությունների հետ համագործակցության համաձայնագրերի կնքումը:

 

Հոդված 2

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ճանաչի և հարգի Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիայի (այսուհետ` Շրջանակային կոնվենցիա) 1-ին և 2-րդ հոդվածներում նշված և իր իրավազորության ներքո գտնվող  տարածքային համայնքների կամ իշխանությունների իրավունքը` ընդգրկվելու քննարկումների մեջ և կազմելու միջտարածքային համագործակցության համաձայնագրեր` իրենց ընդհանուր իրավասության ոլորտներում, իրենց կանոնադրություններում սահմանված ընթացակարգերին և իրենց ազգային օրենսդրության համապատասխան և տվյալ Կողմի ստանձնած միջազգային պարտավորությունները հաշվի առնելով:

2. Միջտարածքային համագործակցության համաձայնագիրը պարտավորեցնում է միայն դրանք կնքած տարածքային համայնքներին կամ իշխանություններին:

 

Հոդված 3

 

Սույն Արձանագրության Պայմանավորվող կողմերը կկիրառեն Շրջանակային կոնվենցիան, mutatis mutandis, միջտարածքային համագործակցության նկատմամբ:

 

Հոդված 4

 

Սույն Արձանագրության Պայմանավորվող կողմերը, որոնք նաև Շրջանակային կոնվենցիայի Լրացուցիչ արձանագրության (այսուհետ` Լրացուցիչ արձանագրություն) Պայմանավորվող կողմեր են, mutatis mutandis, կկիրառեն վերը նշված Արձանագրությունը միջտարածքային համագործակցության նկատմամբ:

 

Հոդված 5

 

Սույն Արձանագրության նպատակների համար «mutatis mutandis» նշանակում է, որ Շրջանակային կոնվենցիայում և Լրացուցիչ արձանագրության մեջ «անդրսահմանային համագործակցություն» տերմինը հասկացվում է որպես  «միջտարածքային համագործակցություն», և որ Շրջանակային կոնվենցիայի և Լրացուցիչ արձանագրության հոդվածները պետք է կիրառվեն, եթե սույն Արձանագրությունը այլ բան չի նախատեսում:

 

Հոդված 6

 

1. Շրջանակային կոնվենցիայի և Լրացուցիչ արձանագրության յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույն Արձանագրությունը ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելիս հայտարարում է, որ ինքը կիրառելու է Լրացուցիչ արձանագրության 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները, սույն Արձանագրության 4-րդ հոդվածին համապատասխան, կամ այդ հոդվածներից միայն մեկը:

2. Այդպիսի հայտարարությունը կարող է հետագայում փոփոխվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարության միջոցով:

 

Հոդված 7

 

Սույն Արձանագրության դրույթների վերաբերյալ ոչ մի վերապահում չի թույլատրվում:

 

Հոդված 8

 

1. Սույն Արձանագրությունը  ստորագրման համար բաց է Շրջանակային կոնվենցիան ստորագրած պետությունների համար, որոնք կարող են արտահայտել իրենց համաձայնությունը հետևյալ ձևով.

ա/ ստորագրությամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ

բ/ ստորագրությամբ` վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու պայմանով:

2. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող ստորագրել սույն Արձանագրությունը առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ ավանդապահին ի պահ հանձնել վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը, եթե նա ավանդապահին արդեն չի հանձնել կամ միաժամանակ չի հանձնում Շրջանակային կոնվենցիայի վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը:

3. Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 9

 

1. Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին Եվրոպայի խորհրդի անդամ չորս պետությունների՝ 8-րդ հոդվածի դրույթների համաձայն` համաձայնությունը հայտնելուց սկսած` երեք ամիսը լրանալուց հետո:

2. Այն անդամ պետությունների համար, որոնք հետագայում համաձայնություն կարտահայտեն Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին, այն ուժի մեջ կմտնի ստորագրման կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ հանձնելուց սկսած` երեք ամիսը լրանալուց հետո:

 

Հոդված 10

 

1. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո Շրջանակային կոնվենցիային միացած յուրաքանչյուր պետություն կարող է միանալ նաև Արձանագրությանը:

2. Ցանկացած միացած պետության համար սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալուց սկսած` երեք ամիսը լրանալուց հետո:

 

Հոդված 11

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը՝ այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Չեղյալ հայտարարումը ուժի մեջ կմտնի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս հետո:

 

Հոդված 12

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և յուրաքանչյուր պետության, որը միացել է սույն Արձանագրությանը`

ա/ 6-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող կողմերի կատարած յուրաքանչյուր հայտարարության մասին,

բ/ յուրաքանչյուր ստորագրման մասին,

գ/ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթն ի պահ տալու մասին,

դ/ 9-րդ ու 10-րդ հոդվածների  համաձայն՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ժամկետի մասին,

ե/ սույն Արձանագրությանը վերաբերող յուրաքանչյուր այլ միջոցառման, ծանուցման կամ հաղորդակցության մասին:

 

Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Ստրասբուրգում 1998 թվականի մայիսի 5-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և յուրաքանչյուր այլ պետության, որը հրավիրվել է՝ միանալու սույն Արձանագրությանը:

 

*Համաձայն թիվ 2 Արձանագրության 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ նա, Արձանագրության 4-րդ հոդվածին համապատասխան, կկիրառի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները:

 

**Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 1-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան