Գլխավոր տեղեկություն
Համար
N 1112-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.10.2006-30.08.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1038
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.08.2009

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1112-Ն

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՄԵԿ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 30
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1112-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՄԵԿ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհեր) վրա` անկախ ուսուցման ձևից (առկա, հեռակա), իրականացվող կրթական ծրագրերից (բակալավրիատ, դիպլոմավորված մասնագետ, մագիստրատուրա) և մասնագիտություններից:

2. Ուսանողի փոխադրումը մեկ բուհից մյուսը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ նախարար) թույլտվությամբ` 2 բուհերի ռեկտորների համաձայնությամբ, կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթների ընթացքում: Հայաստանի Հանրապետության (այլ պետությունների) այլ պետական բուհերից ուսանողների փոխադրումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություն կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» N 1184-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության (այլ պետությունների) այլ պետական բուհերից Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատություն ուսանողների (կուրսանտների) փոխադրումը կատարվում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի թույլտվությամբ և Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության ռեկտորի համաձայնությամբ: Անվճար համակարգում ուսանողների փոխադրումը թույլատրվում է ակադեմիական խմբում անվճար տեղերի առկայության դեպքում: Վճարովի ուսուցման համակարգում ուսանողների փոխադրումը չի սահմանափակվում: Օտարերկրյա բուհերից փոխադրված ուսանողները հրամանագրվում են միայն վճարովի համակարգ: Փոխադրումներ կատարելիս պետք է պահպանել ուսումնական ծրագրերի միջև եղած տարբերությունը` մեկ ուսումնական տարին չգերազանցելու պարտադիր պահանջը:

(2-րդ կետը լրաց. 18.08.06 N 1285-Ն)

3. Չի թույլատրվում ուսանողների փոխադրումն առաջին և ավարտական կուրսերում: Բուհերի հեռակա բաժիններից առկա բաժիններ փոխադրումը թույլատրվում է առաջին, երկրորդ կուրսերն ավարտելուց հետո` առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի:

4. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկի կամ իրավաբանական անձանց հետ ուսուցման համար և դրա ավարտից հետո ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքած ուսանողի փոխադրումն այլ ուսումնական հաստատություն կամ մի մասնագիտությունից մյուսը կատարվում է միայն նշված պայմանագիրն օրենքով սահմանված կարգով փոփոխելուց կամ լուծելուց հետո: Չի թույլատրվում մանկավարժական բուհերի նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ մասնագիտության ուսումնառության:

5. Թերի կամ լրիվ զինվորական (քաղաքացիական) բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողները և Հայաստանի Հանրապետության ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների կուրսանտները (ունկնդիրները), ովքեր իսկական զինվորական ծառայությունից զորացրվել են առողջական վիճակի, տարիքի կամ հաստիքների կրճատման պատճառով, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կարող են փոխադրվել բուհերի համապատասխան մասնագիտությունների 1-ին և հաջորդ կուրսեր:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունից ուսանողը փոխադրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի թույլտվությամբ: Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունից ուսանողը փոխադրվում է այլ ուսումնական հաստատություն` Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության ռեկտորի համաձայնությամբ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի թույլտվությամբ:

(6-րդ կետը լրաց. 18.08.06 N 1285-Ն)

7. Ուսանողների փոխադրումը թույլատրվում է, եթե առարկաների ժամաքանակների 25 տոկոսից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, չի գերազանցում 8-ը: Մասնագիտության փոփոխմամբ թույլատրվող փոխադրումների նպատակահարմարությունը հիմնավորվում և համաձայնեցվում է ընդունող բուհի կողմից: Օտարերկրյա բուհերից ուսանողների փոխադրման դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների թվի մեջ չեն մտնում հայագիտական առարկաները:

8. Տարբեր պատճառներով գոյացած առարկայական տարբերությունները և առարկաների առանձին բաժինները (ուսումնական պլանների տարբերություններ, չհանձնած քննություններ և ստուգարքներ) համարվում են ակադեմիական պարտքեր՝ առարկայական ժամաքանակների տարբերությունը կազմում են 30 և ավելի բարձր տոկոս: Դրանց ցանկը և ծավալները որոշում է ընդունող բուհը: Ուսանողը պետք է ուսումնառի և հանձնի գոյացած տարբերությունները` ընդունող բուհի կողմից սահմանված անհատական ժամանակացույցով, բայց ոչ ուշ, քան տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:

9. Չի թույլատրվում պետական հավատարմագրում չունեցող ոչ պետական բուհերից ուսանողների փոխադրումը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհեր:

10. Հավատարմագրված ոչ պետական բուհից ուսանողի փոխադրումը պետական բուհ կատարում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` ընդունող բուհի ռեկտորի ներկայացմամբ:

11. Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում բուհերը նախարարություն են ներկայացնում հաշվետվություն ուսանողների փոխադրման բոլոր ձևերի վերաբերյալ` տալով մանրամասն տեղեկություն` ըստ կրթական ծրագրի, ուսուցման ձևի, մասնագիտության և ուսուցման կուրսի փոխադրման:


II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԻՑ ԲՈՒՀ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ


12. Ուսանողի բուհից բուհ փոխադրումը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա) և սկզբունքը (վճարովի, անվճար) իրականացվում է ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաև ստուգարքային գրքույկի պատճենը:

13. Հայաստանի Հանրապետության բուհերի ընդունելության կանոններով սահմանված արտոնություններով ընդունված ուսանողները կարող են փոխադրվել միայն նույն պայմաններով ընդունելություն կազմակերպած բուհեր` համապատասխան մասնագիտություններով:

14. Ուսանողը փոխադրման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ նրա գրավոր համաձայնությունն ստանալու համար:

15. Անվճար սկզբունքով ուսումնառող ուսանողն ընդունող բուհում տվյալ մասնագիտությամբ և կուրսում անվճար ազատ տեղերի առկայության դեպքում ուսումը շարունակում է անվճար ուսուցման, իսկ մնացած դեպքերում՝ վճարովի ուսուցման սկզբունքով:

16. Ուսանողը փոխադրվում է ընդունող բուհի հայեցողությամբ՝ ատեստավորման հիմունքով, որը կարող է իրականացվել ուսանողի հանձնած քննությունների գնահատականների հաշվառման, հարցազրույցի, թեստավորման կամ բուհի կողմից սահմանված այլ կարգով: Եթե ընդունող բուհում տվյալ մասնագիտությամբ և կուրսում ազատ տեղերի քանակն ավելի քիչ է, քան փոխադրվել ցանկացողների թիվը, ատեստավորման գործընթացից հետո իրականացվում է մրցույթ, որի արդյունքով ընտրվում են ուսումնառությունը շարունակելու համար առավել պատրաստ ուսանողները: Ատեստավորման և մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է ընդունող բուհը:

17. Ատեստավորման դրական արդյունքի դեպքում ընդունող բուհն ուսանողին տալիս է սահմանված նմուշի տեղեկանք` համաձայն ձևի: Ուսանողը նշված տեղեկանքը ներկայացնում է իր սովորած բուհ, որի ռեկտորը եռօրյա ժամկետում տալիս է հետևյալ ձևակերպմամբ ազատման հրաման՝

«Ուսանող _ _ _ _ _ _ _ _ _ _ - ը ազատված է _ _ _ _ _ _ _ _ բուհ փոխադրման կապակցությամբ»:

Ուսանողին առձեռն տրվում կամ փոստով առաքվում է ազատման հրամանի պատճենը, սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանքը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը, անձնական գործի փաստաթղթերը և ընդունելության քննություններին առնչվող փաստաթղթերը:

Ուսանողի անձնական գործում մնում են ազատման մասին հրամանի և բուհի կողմից հաստատված միջնակարգ կրթության ավարտական վկայականի պատճենները, ուսանողական տոմսը, ստուգարքային գրքույկը և ուղարկված փաստաթղթերի ցուցակը:

18. Փոխադրվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը՝ ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը և ակադեմիական տեղեկանքն ստանալուց հետո (մինչ այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի և ստուգարքային գրքույկի պատճենի համապատասխանությունը): Մինչև նշված փաստաթղթի ստանալն ընդունող բուհի ռեկտորն իրավասու է տալ ուսանողի ակադեմիական խմբին կցագրման հրամանը և նրան թույլատրել մասնակցելու ուսումնական պարապմունքներին:

Փոխադրման հրամանում կատարվում է հետևյալ գրառումը՝

« _ _ _ _ _ _ _ -ին _ _ _ _ բուհից փոխադրման կարգով ընդունել _ _ _ _ _ _ _ ֆակուլտետի_ _ _ _ _ _ _ մասնագիտության _ _ կուրս _ _ _ _ ուսուցման ձևով, վճարովի (անվճար) սկզբունքով»:

Հրամանում նշվում են նաև ակադեմիական պարտքերի ցանկը, առարկաների (բաժինների) ծավալները, դրանց ուսումնառության և ակադեմիական պարտքերի մարման անհատական ժամանակացույցը:

Ընդունող բուհում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ: Ուսանողին տրվում է նոր ուսանողական տոմս և ստուգարքային գրքույկ:


III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲՈՒՀԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ


19. Ուսանողների փոխադրումն օտարերկրյա պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերից Հայաստանի Հանրապետության բուհեր իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Բացառության կարգով (առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառով) օտարերկրյա բուհ նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողները՝ ընդունող բուհում տվյալ մասնագիտության համապատասխան կուրսում անվճար ուսուցման ազատ տեղերի առկայության դեպքում, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ և նախարարության հետ համաձայնեցված, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:

20. Ուսանողի փոխադրման գործընթացին չի ազդում օտարերկրյա բուհ ընդունվելու կարգը (հարցազրույց, թեստավորում, քննություն, քննությունների թիվը և մրցույթի կարգը), ուսուցման ձևը և համակարգը:

21. Ընդունող բուհի դրական կարծիքի դեպքում ուսանողը նախարարություն է ներկայացնում փաստաթղթերի փաթեթը (ստուգման գրքույկ կամ ակադեմիական տեղեկանք, բուհերի համաձայնությունը): Փոխադրման մասին որոշումն ընդունում է նախարարը:

22. Ուսանողի փոխադրումն իրականացվում է սույն կարգի 7, 16-18 և 21-րդ կետերով սահմանված ընթացակարգերով: Եթե ուսանողի անձնական գործն առաքման ենթակա չէ, ապա դրա մասին ընդունող բուհին հղվում է համապատասխան փաստաթուղթ, իսկ ուսանողի հրամանագրումը կատարվում է նրա դիմումի և ակադեմիական տեղեկանքի հիման վրա:

Ակադեմիական տեղեկանքների ձևաթերթերը բուհերն ստանում են նախարարությունից՝ համաձայն իրենց հայտերի և պահում են որպես խիստ հաշվառման փաստաթուղթ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Ձև

Ընդունող բուհի անկյունային կնիքը,

ամսաթիվը, գրանցման համարը

(կամ բուհի բլանկը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է ______________________________________________ առ այն, որ

(անունը, ազգանունը, հայրանունը՝ լրիվ)

 

 

նրան __________________________ կողմից տրված ___________________

                            (բուհի լրիվ անվանումը)                                                    (ստուգարքային գրքույկի գրանցման)

 

 

______________________ ստուգարքային գրքույկի պատճենի և դիմումի համաձայն

(թիվը և ամսաթիվը)

 

 

թույլատրվել էր մասնակցելու ատեստավորման գործընթացին, որը հաջողությամբ նա անցել է:

 

 

______________________________ -ի փոխադրումը կհրամանագրվի

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

____________________________________________________ուսուցման

(ընդունող բուհի և ֆակուլտետի լրիվ անվանումը, առկա, հեռակա)

 

________ կուրս _______________________________ մասնագիտության գծով

(մասնագիտության լրիվ անվանումը)

 

________________ սկզբունքով, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կրթության

(անվճար, վճարովի)

 

ավարտական վկայականը ներկայացնելուց հետո:

 

 

Ռեկտոր _____________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

 

Զինանշանային կնիք                                         _____ __________________ 200 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.07.2009, N 938-Ն 27.08.2009, N 1112-Ն
24.07.2008, N 794-Ն 07.08.2008, N 1112-Ն
16.08.2007, N 921-Ն 30.08.2007, N 1112-Ն
18.08.2006, N 1285-Ն 05.10.2006, N 1112-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան