Գլխավոր տեղեկություն
Համար
N 947-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.07.2006-13.10.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/48(420) Հոդ. 921
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի  N 947-Ն

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտի հիման վրա քննարկել զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով ֆ‎ինանսական միջոցների նախատեսման հնարավորության հարցը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 20-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել տվյալներ Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքի մասին:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել համայնքների (Երևան քաղաքի թաղային համայնքների) ղեկավարներին ստեղծել բնակարանային հարցերի հանձնաժողով` ուսումնասիրելու և ստուգելու զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային պայմանները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 2
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 947-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ) ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների (այսուհետ` կարիքավոր ընտանիքներ) բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային խնդիրների լուծման (բնակարանի ձեռքբերման) նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված գումարների շրջանակներում անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ` աջակցություն) տրամադրելու պայմանները:

2. Աջակցություն ստանալու իրավունք ունեն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ զինվորական ծառայության ժամանակ վնասվածքներից, խեղումներից և առաջացած հիվանդություններից հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքները, որոնց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրվել է զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի կամ հաշմանդամի կարգավիճակը հավաստող տեղեկանք: 

3. Սույն կարգի իմաստով կարիքավոր` անօթևան են համարվում սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող (ժամանակավորապես դպրոցներում, մանկապարտեզներում, ժամանակավոր կացարաններում, 4-րդ աստիճանի վթարային, խարխուլ տներում, նկուղային շենքերում և բնակության համար ոչ պիտանի շինություններում, ազգականների մոտ, ապօրինի զբաղեցրած բնակարաններում, հանրակացարաններում, հյուրանոցներում, վարձով կամ պետական բնակարանային ֆոնդի տներում բնակվող) կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքները, որոնց բնակարանում հաշվառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի` բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 5 ու 5-ից պակաս քառակուսի մետր կամ բնակելի սենյակների և ընտանիքի անդամների սեռից, համատեղ բնակվող անձանց թվից ելնելով անհրաժեշտ է լրացուցիչ բնակմակերես, ինչպես նաև այն ընտանիքները, որոնց անդամներից մեկը տառապում է հետևյալ հիվանդություններից մեկով` բոլոր օրգանների և համակարգերի տուբերկուլոզի ակտիվ ձևերը` տուբերկուլոզային ցուպիկների արտադրությամբ, մտագարություն, մոլագար դեպրեսիվ պսիխոզ, ընկնավորություն, պրեսենիլային և սենիլային պսիխոզներ, կենտրոնական ներվային համակարգի օրգանական ախտահարումները` վերջույթների ֆունկցիայի և կոնքի օրգանների ֆունկցիայի կայուն ծանր խախտումներով (կրած գանգուղեղային ծանր վնասվածքների հետևանքները, տարածուն սկլերոզ, կողային ամիոտրոֆիկ սկլերոզ, սիոինգոմելիա, ուղեղային կաթված), բրոնխային ասթմայի ծանր ձևը` հաճախակի նոպաներով, 2-րդ և 3-րդ աստիճանների բարդացած շնչառական անբավարարությամբ, եթե հիվանդին առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակմակերես հատկացվելու դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կմնա 5 և 5-ից պակաս քառակուսի մետր բնակելի մակերես:

(3-րդ կետը լրաց. 16.06.06 N 892-Ն)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրված  զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի կամ հաշմանդամի կարգավիճակը հավաստող տեղեկանքում նշված անձը (անձինք) բնակարանային խնդիրների լուծման (բնակարանի ձեռքբերման) նպատակով աջակցություն ստանալու ցուցակներում ընդգրկվելու համար դիմում են ներկայացնում իրենց բնակության վայրի համայնքի ղեկավարին` դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը`

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրվածզոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի կամ հաշմանդամի կարգավիճակը հավաստող տեղեկանք,

տեղեկանքներ բնակարանային պայմանների, ընտանիքի կազմի վերաբերյալ, որտեղ պետք է նշված լինեն բնակարանի սեփականատիրոջ, բնակարանի բնակելի մակերեսի, սենյակների քանակի, այդ հասցեում հաշվառված անձանց և նրանց ազգակցական կապի մասին տվյալներ (եթե ընտանիքի չափահաս անդամները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա նմանօրինակ տեղեկանք պետք է ներկայացվի բոլորի հաշվառման վայրերից) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման և տեղեկատվական կենտրոնի կողմից` սեփականության մասին,

ընտանիքի չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջերով, ամուսնության (ամուսնալուծության) և անչափահաս երեխաների  ծննդյան վկայականների պատճենները,

բնակարանի կամ բնակելի տան սեփականության վկայականի պատճենը, անհրաժեշտության դեպքում` կարիքավորությունը հիմնավորող  այլ փաստաթղթեր:

(4-րդ կետը լրաց. 16.06.06 N 892-Ն)

5. Կարիքավոր ընտանիքների ներկայացրած դիմումները հաշվառվում են համայնքի ղեկավարի աշխատակազմում: Համայնքի ղեկավարը բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունում այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են տվյալ բնակավայրում, ընդ որում, Երևան քաղաքում` առնվազն վերջին 10 տարին, իսկ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող բնակավայրերում` առնվազն վերջին 5 տարին: Բնակության ժամանակը որոշվում է տվյալ բնակավայրում հաշվառման առկայությամբ:

Այն քաղաքացիները, որոնք բնակարանային պայմաններն արհեստականորեն վատթարացրել են փոխանակելու, օտարելու միջոցով, կարող են բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդունվել իրենց բնակարանային պայմանները վատթարացնելու օրվանից 5 տարի անցնելուց հետո: Նշված կանոնը չի կիրառվում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա բնակտարածության օգտագործման իրավունքը կորցրած ճանաչվելու և բնակարանը (բնակելի տունը) հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով վատթարացման դեպքերում: Դիմումում նշված տեղեկությունները և կարիքավոր ընտանիքների բնակարանային պայմանները ստուգում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովը, որի եզրակացության հիման վրա կազմվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների ցուցակներ (այսուհետ` կարիքավոր ընտանիքների ցուցակներ): Կարիքավոր ընտանիքների ցուցակները հաստատում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:

(5-րդ կետը լրաց. 16.06.06 N 892-Ն)

6. Կարիքավոր ընտանիքների ցուցակները և անհրաժեշտ փաստաթղթերը տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացնում են համապատասխան մարզպետարաններ, որտեղ վերջիններս ամփոփելով, վերջնական կազմված կարիքավոր ընտանիքների ցուցակները (Երևան քաղաքում` թաղապետարանները) ուղարկում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` կարիքավոր ընտանիքներին աջակցություն տրամադրող հանձնաժողովի քննարկմանը:

Հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: 

7. Կարիքավոր ընտանիքներին բնակարանի ձեռքբերման համար աջակցություն  տրամադրելու չափը որոշվում է նրանց ընտանիքի անդամների և հասանելիք սենյակների թվից`

1-սենյականոց բնակարան` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին,

2-սենյականոց բնակարան` ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին,

3-սենյականոց բնակարան` 4-5 մարդուց բաղկացած ընտանիքին,

4-սենյականոց բնակարան` 6-7 մարդուց բաղկացած ընտանիքին:

Բնակելի տարածության չափը որոշելիս հաշվի է առնվում նաև հաշվառման վերցված և աջակցություն տրամադրելու մասին որոշումն ընդունելու պահին կանանց 20-շաբաթյա հղիությունը, որը հաստատվում է համապատասխան բժշկական տեղեկանքով:

8. Աջակցության չափը հաշվարկվում է` ելնելով աջակցություն տրամադրելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակարանի ձևավորված շուկայական միջին արժեքից` հետևյալ հաշվարկով`

Երևան քաղաքում` թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով,

Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքով,

Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների կամ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով:

Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքի մասին տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:  

9. Տրամադրվող աջակցությունը վճարվում է աջակցություն տրամադրող հանձնաժողովի որոշման հիման վրա` ընտանիքի չափահաս անդամներին կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցչին՝ աջակցությունն ստանալու համար նոտարական կարգով վավերացված լիազորագիրը հանձնաժողովին ներկայացվելուց հետո: Աջակցությունն ընտանիքին տրամադրվում է միայն մեկ անգամ:

(9-րդ կետը լրաց. 16.06.06 N 892-Ն)

10. Աջակցություն ստացած ընտանիքների ցուցակները հանձնաժողովի կողմից ուղարկվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ՝ նրանց բնակարանային հաշվառումից հանելու համար:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն աջակցություն ստացած ընտանիքների մասին հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան