«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2006 թվականի N 995-Ն
ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լողամիջոցների շահագործման և վարման հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել լողամիջոցների շահագործման և վարման ժամանակավոր կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակավոր կանոնների կատարման նկատմամբ հսկողությունը համատեղ իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով ժամանակավորապես կանոնակարգվում են լողամիջոցների վարման և շահագործման, լողամիջոցների վարման համար ջրային տարածքների հատկացման և այլ հարցեր, ինչպես նաև դրանց չկատարման համար վարչական ներգործության միջոցները:
2. Սույն կանոններում կիրառվող հիմնական հասկացությունը`
լողամիջոց` ինքնագնաց ու ոչ ինքնագնաց` մետաղե, փայտե, ռետինե և այլ նյութերից պատրաստված իրանով նավեր ու նավակներ, ջրացիկլեր, ջրային հեծանիվներ և այլ լողամիջոցներ:
3. Սույն կանոնների խախտման համար կիրառվում են վարչական ներգործության հետևյալ միջոցները`
ա) լողամիջոցի շահագործման արգելում.
բ) լողամիջոցը ժամանակավոր արգելանքի տակ վերցնել:
Սույն կետում նշված միջոցների կիրառման ժամանակ լրացվող ձևաթղթերը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 30-ի «Լողամիջոցների ձեռքբերման, օգտագործման և վարման հարցերը կանոնակարգող ու վերահսկող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» N 495-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
4. Սույն կանոնների 3-րդ կետով ամրագրված վարչական ներգործության միջոցները կիրառվում են հանձնաժողովի կամ այդ հանձնաժողովի կողմից լիազորված պաշտոնատար անձանց կողմից:
II. ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
5. Արգելվում է օրենքով և այլ իրավական ակտերով չնախատեսված կերպով վերասարքավորված լողամիջոցների շահագործումը:
6. Արգելվում է համապատասխան ռեեստրում չգրանցված, տեխնիկական անձնագիր չունեցող լողամիջոցների շահագործումը:
7. Արգելվում են հաշվառման համարներ չունեցող լողամիջոցների շահագործումը և վարումը:
8. Չի թույլատրվում լողամիջոցների շահագործումը և վարումը այն անձանց, ովքեր չեն անցել համապատասխան ուսուցում, ատեստավորում կամ հրահանգավորում:
9. Ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է լողամիջոցների վարձով տրամադրումը մինչև 16 տարեկան անձանց, ինչպես նաև համապատասխան ուսուցում, ատեստավորում կամ հրահանգավորում չանցած անձանց:
10. Արգելվում է առանց փրկարարական միջոցների և համապատասխան ազդանշանային միջոցների լողամիջոցների շահագործումը:
11. Լողամիջոցի երկարությունը, լայնությունը, բարձրությունը, ջրում նստվածքը, արագությունը, շարժիչի հզորությունը, դրանով միանգամից երթևեկող մարդկանց թիվը չպետք է գերազանցի արտադրողի կողմից տրված տեխնիկական տվյալները:
12. Արգելվում են լողամիջոցի վարումը, ինչպես նաև լողամիջոցի տրամադրումը` ոչ սթափ վիճակում գտնվող անձանց:
13. Արգելվում է լողամիջոցի վարումը` դրա համար առանձնացված ջրային տարածքներից դուրս:
14. Չի թույլատրվում լողամիջոց վարելու համար առանձնացված ջրային տարածք տանող միջանցքում գերազանցել 5 կմ/ժամ արագությունը:
15. Արգելվում է լողամիջոցի վրա դյուրավառ, հրդեհապայթյունավտանգ, ինչպես նաև լողամիջոցի լողունակության և անձնակազմի անվտանգության համար վտանգավոր նյութեր, առարկաներ վերցնելը:
16. Չի թույլատրվում օրվա մութ ժամանակ, մառախուղի, մթնոլորտային տեղումների և այլ անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ լողամիջոց վարելը:
17. Լողամիջոցի վթարի դեպքում ազդանշաններ տալու նպատակով առնվազն
4-տեղանոց լողամիջոցը պետք է հագեցված լինի ձայնային, լուսային կամ ռադիոազդանշանային միջոցներով:
18. Ջրային տարածքներում երթևեկությունն աջակողմյան է:
19. Թույլատրվում է լողամիջոց վարողին վազանց կատարել միայն վազանցվող լողամիջոցի ձախ կողմով:
20. Լողամիջոցների վարման համար հատկացված երկկողմանի երթևեկություն ունեցող տարածքում վազանցի ժամանակ լողամիջոցների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 50 մետր, իսկ կողային հեռավորությունը` 25 մետր:
21. Հանդիպակաց երթևեկության ժամանակ լողամիջոցների բախման վտանգի դեպքում յուրաքանչյուր լողամիջոց վարող պարտավոր է շարժման ուղղությունը շեղել դեպի իր աջ կողմը:
22. Եթե լողամիջոցների երթուղիները հատվում են, ապա առաջինն անցնում է`
ա) շարժիչ ունեցող լողամիջոցների դեպքում` աջից հարված չունեցողը.
բ) շարժիչ ունեցող և շարժիչ չունեցող լողամիջոցների դեպքում` շարժիչ չունեցողը.
գ) շարժիչ չունեցող լողամիջոցի և շարժիչ չունեցող, առագաստ ունեցող լողամիջոցի դեպքում` շարժիչ չունեցող, առագաստ ունեցող լողամիջոցը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.09.2006, N 1945-Ն | 21.07.2007, N 995-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|