Գլխավոր տեղեկություն
Համար
N 150
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.08.1997-12.10.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.10.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

15 մայիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 1996 թվականի N 150

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1996 թվականի
մայիսի 15-ի N 150 որոշմամբ

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատությունը (այսուհետև` հաստատություն) անընդհատ կրթության համակարգի հիմնական օղակն է, որը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում իրականացնելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորված իրենց կրթության իրավունքը:

Հաստատությունն իրականացնում է տարրական, հիմնական և միջնակարգ կրթության պետական հանրակրթական ծրագրեր (այսուհետև` հանրակրթական ծրագրեր):

2. Հաստատության հիմնական նպատակներն են հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման հման վրա սովորողների անհատականության ձևավորումը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքի և աշխատանքի, հասարակական համակեցության, մասնագիտական կրթական ծրագրերի գիտակցական ընտրության և դրանց հետագա յուրացման հիմքերի ստեղծումը, քաղաքացիության և հայրենասիրության դաստիարակումը:

3. Հաստատությունն ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար:

4. Հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, համամարդկային և ազգային արժեքների զուգորդման, անհատի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:

5. Հաստատությունում չի թույլատրվում հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը:

6. Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին համապատասխան հանրակրթական պետական ծրագրերի իրագործման, սովորողների տարիքային-ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին, ընդունակություններին, նրանց կյանքի և առողջության պահպանմանը, գիտական պահանջներին համապատասխան կրթական մեթոդների և ձևերի ընտրության համար:

Հաստատությունում երկու սեռի սովորողների ուսուցումը, որպես կանոն, տարվում է համատեղ:

7. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սահմանված կարգով հաստատված իր կանոնադրությամբ:

Հաստատության կանոնադրությունը կազմվում է սույն օրինակելի կանոնադրության հիման վրա` հաշվի առնելով տվյալ հաստատության առանձնահատկությունները:

8. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է օտարերկրյա կրթական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ:

9. Հաստատությունն իրավաբանական անձ է, ունի իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

10. Հաստատությունը վկայագրվում և հավատարմագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Հաստատության ստեղծումը, վերակառուցումը, լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաստատության լուծարումը կամ վերակառուցումն իրականացվում է բացառապես ուսումնական տարվա վերջում: Այդ դեպքում համապատասխան վերադաս պետական կառավարման մարմինը պարտավոր է սովորողներին տեղավորել այլ հաստատություններում` ծնողների համաձայնությամբ:

 

II. Հաստատության կառավարումը

(բաժինը խմբ. 11.07.97 N 263)

 

12. Հաստատության կառավարման բարձրագույն մարմինը հաստատության խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ): Խորհրդի քանակական կազմը, որը չի կարող լինել երեք անդամից պակաս և ինն անդամից ավելի, սահմանում է պետական կառավարման վերադաս մարմինը, համապատասխանաբար, ըստ ենթակայության` մարզպետը (Երևանի քաղաքապետը) կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` վերադաս մարմին):

Խորհրդի լիազորությունների ժամկետը երեք տարի է:

13. Խորհրդի կազմում թեկնածուներ են առաջադրում`

ա) հաստատության մանկավարժական խորհուրդը.

բ) հաստատության ծնողական խորհուրդը.

գ) վերադաս մարմինը:

14. Սահմանված կարգով ներկայացված թեկնածուներից խորհրդի անհատական կազմը նշանակում և դրանում փոփոխություններ է կատարում վերադաս մարմինը` ապահովելով հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առնվազն մեկական թեկնածուների ընդգրկումը խորհրդի կազմում:

15. Խորհուրդը`

ա) համաձայն նախարարության հաստատած չափորոշիչների և մրցութային կարգի` ընտրում է հաստատության գործադիր տնօրեն (այսուհետև` տնօրեն) ու սահմանված կարգով նրա հետ կնքում կոնտրակտ, որով սահմանվում է տնօրենի վարձատրության, փոխհատուցումների վճարման կարգը, ինչպես նաև այլ պայմաններ.

բ) որոշում է կայացնում հաստատության աուդիտն անցկացնելու մասին և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.

գ) տնօրենի ներկայացմամբ`

հաստատում է հաստատության աշխատանքային ներքին կարգապահական կանոններն ու կառուցվածքը.

հաստատում է հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը.

մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը հաստատում և տնօրենի միջոցով սահմանված կարգով ներկայացնում է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

հաստատում է հաստատության ամենամյա ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

16. Սահմանված կարգի խախտմամբ տնօրեն ընտրելու և նրա հետ կոնտրակտ կնքելու, հաստատության ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության ընթացքում խախտումների կապակցությամբ տնօրենի հետ կնքված կոնտրակտի չդադարեցման դեպքերում վերադաս մարմինը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի լիազորությունները: Այդ դեպքում նշանակվում է տնօրենի պաշտոնակատար և մեկամսյա ժամկետում սահմանված կարգով նշանակվում խորհրդի նոր կազմ:

17. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

բ) գումարում է խորհրդի նիստերը.

գ) կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը:

Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի որոշմամբ նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:

18. Խորհրդի նիտստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի նախագահի, ինչպես նաև տնօրենի և խորհրդի անդամի նախաձեռնությամբ:

19. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:

Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

20. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում:

Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է նիստը նախագահողի կողմից:

21. Հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը:

22. Տնօրենը`

ա) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, հաստատության բնականոն գործունեությունը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, հանդիսանում է վարկի կարգադրիչ.

գ) տնօրենը հաստատության գույքի օտարման, վարձակալության պայմանագրերը կնքում է նախապես համաձայնեցնելով խորհրդի և վերադաս մարմնի հետ.

դ) ներկայացնում է հաստատությունը պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կրթական հաստատություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.

ե) առանց լիազորագրի գործում է հաստատության անունից.

զ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

է) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հաստատության աշխատանքային ներքին կարգապահական կանոնները և կառուցվածքը.

ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հաստատության աշխատողներին.

ժ) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական ներգործության միջոցներ.

ժա) հաստատում է հաստատության ուսումնական պլանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) սահմանած օրինակելի ուսումնական պլանին համապատասխան.

ժբ) ապահովում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը, անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

ժգ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման նկատմամբ.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանում է հաստատության աշխատողների պարտականությունները, ապահովում աշխատանքային ներքին կարգապահական կանոնների, սանիտարաառողջապահական ռեժիմի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

23. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք առանց խորհրդի համաձայնության:

24. Տնօրենը կարող է ունենալ տեղակալ (տեղակալներ): Տնօրենի տեղակալին (տեղակալներին) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում տնօրենը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Տնօրենի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է տնօրենի տեղակալը` տնօրենի հրամանով:

25. Հաստատության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`

ա) պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների համար.

բ) վերահսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքում սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնավորում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

գ) հրահանգավորում է հաստատության մանկավարժական անձնակազմին, դասղեկներին, հաստատությունում կազմակերպում մեթոդական աշխատանք, կազմում ուսումնական պարապմունքների դասացուցակ և ուսումնադաստիարակչական աշխատանքի վիճակի մասին հաշվետվություններ.

դ) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում լավագույն ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին:

26. Հաստատության դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`

ա) կազմակերպում և ղեկավարում է սովորողների արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները.

բ) ապահովում է հաստատության և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

գ) կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու ուղղությամբ:

27. Հաստատության տնտեսական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`

ա) պատասխանատու է հաստատության շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, հաստատության սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, հաստատության ուսումնական պարապմունքներին ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար.

բ) միջոցներ է ձեռնարկում հաստատության ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:

28. Հաստատության դասղեկը`

ա) դաստիարակչական աշխատանք է տանում իրեն հանձնված դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս ուսուցիչների հետ.

բ) ապահովում է սովորողների նկատմամբ դպրոցի և ընտանիքի մանկավարժական պահանջների միասնությունը.

գ) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն.

դ) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, հաստատության ղեկավարությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի վերաբերյալ տեղեկություններ.

ե) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային շրջագայություններ, կանոնավորում օրվա ռեժիմը, հետևում տնային հանձնարարությունների կատարմանը, ուսման և հանգստի նպատակային կազմակերպմանը.

զ) հաստատության մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում վարքի կանոնները կոպտորեն խախտած սովորողի հարցը.

է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն ձեռնարկումները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների կենսագործումը:

29. Համայնքի, ծնողների հետ հաստատության արդյունավետ համագործակցության, դրա գործունեությանն աջակցելու նպատակով հաստատությանը կից կարող են ստեղծվել հոգաբարձուների, ծնողական և այլ խորհուրդներ:

Նշված խորհուրդների իրավասության շրջանակները սահմանվում են նախարարության հաստատած օրինակելի կանոնադրություններով:

30. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծվում են հաստատության մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց օրինակելի կանոնադրությունները հաստատում է նախարարությունը:

31. Հաստատության ղեկավարը (տնօրենը, տնօրենի տեղակալը), ինչպես նաև մանկավարժական աշխատողներն ատեստավորվում են նախարարության սահմանած կարգով:

 

III. Հաստատության կառուցվածքը և տեսակները

 

22. Հաստատությունը հանրակրթական ծրագիրն իրականացնում է անընդհատ կրթության հարաբերականորեն ինքնուրույն 3 աստիճանով`

տարրական կրթության (յուրացման նորմատիվ ժամկետը` 4 տարի).

հիմնական կրթության (յուրացման նորմատիվ ժամկետը` 4 տարի).

միջնակարգ կրթության (յուրացման նորմատիվ ժամկետը` 2 տարի):

Առանձին սովորողների համար հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետները կարող են փոփոխվել նախարարության սահմանած կարգով` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան գիտելիքների ստուգմամբ:

32. Հաստատությունը հանրակրթական ծրագրին համապատասխան ստորաբաժանվում է կրտսեր, միջին և ավագ դպրոցների, որոնք կարող են ունենալ ինքնուրույն կարգավիճակ կամ երկուսը-երեքը միասին` ընդգրկվել մեկ հաստատության մեջ:

(32-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

33. Հաստատությունը կարող է ունենալ մասնաճյուղեր, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(33-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

34. Հաստատությունը կարող է գործել որպես կրթահամալիր` ներառելով տարբեր կրթական ծրագրեր իրականացնող լուսհաստատություններ: Կրթահամալիրի կանոնադրությունը հաստատում է նախարարությունը:

(34-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

35. Կրթության և դաստիարակության, ինչպես նաև առողջության պահպանման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ծնողազուրկ և ծնողական խնամքից զուրկ երեխաների համար ստեղծվում է հատուկ հտաստատություն (դասարան, խումբ), այդ թվում` երկարօրյա և գիշերօթիկ, որի կանոնադրությունը հաստատում է նախարարությունը` համաձայնեցնելով պետական կառավարման համապատասխան մարմնի հետ:

(35-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

36. Կրտսեր դպրոցը տարրական կրթության ծրագրին համապատասխան երեխայի գործունեության ձևերի ընդլայնման միջոցով ապահովում է նրա ընդհանուր զարգացումը, կարդալու, գրելու, հաշվելու հմտությունների և կարողությունների, բարեկիրթ խոսքի և վարվելաձևի, ինքնավերահսկման պարզագույն հմտությունների, անձնական հիգիենայի և առողջ կենցաղի հիմունքների տիրապետումը:

(36-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

37. Միջին դպրոցը տարրական կրթության հիման վրա ապահովում է հիմնական կրթության ծրագրերի յուրացումը, սովորողների անձի ձևավորումն ու կայացումը, բարենպաստ միջավայր ստեղծում սոցիալական ինքնահաստատմանը և ինքնադրսևորմանը նպաստող ընդունակությունների, նախասիրությունների և հակումների զարգացման համար:

Հիմնական կրթությունը պարտադիր է և ավարտվում է որակավորմամբ:

(37-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

38. Ավագ դպրոցը հիմնական կրթության հիմքի վրա ապահովում է սովորողների միջնակարգ կրթության ծրագրերի յուրացումը, ճանաչողական հետաքրքրությունների զարգացումն ու ստեղծագործական ունակությունների ձևավորումը, տարբերակված ուսուցման հիման վրա` նախամասնագիտական ծրագրի յուրացումը:

Ավագ դպրոցն ավարտվում է պետական քննություններով:

Ավագ դպրոցի տեսակները սահմանում է նախարարությունը:

(38-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

39. Նախասիրական կրթական ծրագրերն իրականացվում են ինչպես տարբեր աստիճանների հանրակրթական դպրոցներում, այնպես էլ նախասիրական կրթական հաստատություններում:

(39-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

40. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հաստատությանը կարող է ամրակցվել համայնքի որոշակի բնակելի տեղամաս: Հաստատությունը միջոցներ է ձեռնարկում այդ տեղամասում ապրող` պարտադիր ուսուցման ենթակա բոլոր երեխաներին ուսման մեջ ընդգրկելու համար:

(40-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

 

IV. Հաստատության ուսումնադաստիարակչական գործունեության կազմակերպումը

 

41. Հաստատության ուսուցման լեզուն գրական հայերենն է:

Ազգային փոքրամասնությունների համար բացված դպրոցներում (դասարաններում) ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

(41-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

42. Հաստատության ընդունելության կարգը, ինչպես նաև դպրոցական արձակուրդների ժամկետները սահմանում է նախարարությունը:

(42-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

43. Հաստատության բուժսպասարկումն ապահովում է առողջապահական մարմինների կողմից ամրակցված բուժանձնակազմը, որը տնօրինության և մանկավարժական անձնակազմի հետ միասին պատասխանատվություն է կրում բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար:

(43-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

44. Հաստատության դասարանի միջին խտությունը սահմանվում է 25-30 սովորող` կրտսեր և միջին դպրոցի համար 20-25 սովորող` ավագ դպրոցի համար` սանիտարական նորմերի պահպանմամբ: Ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել նախարարության թույլտվությամբ:

(44-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

45. Առանձին առարկաների պարապմունքների անցկացման ընթացքում դասարանը կարող է կիսվել երկու խմբի` նախարարության սահմանած կարգով, համաձայնեցված Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

(45-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

46. Հաստատությունում ուսումնական տարին, որպես կանոն, սկսվում է սեպտեմբերի 1-ին: Ուսումնական տարվա տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 34 շաբաթ, իսկ կրտսեր դպրոցի 1-ին դասարանում` 30 շաբաթ:

Հաստատությունում ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների կամ քառորդների:

(46-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

47. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է, բացառիկ դեպքերում այն կարող է փոփոխվել նախարարության կողմից:

(47-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

48. Հաստատության տարեկան ուսումնական օրացուցային ժամկետացանկը (գրաֆիկը), սովորողների գիտելիքների գնահատման համակարգը, առաջադիմության և հաճախումների գրանցման, դասարանից դասարան փոխադրման և պետական ավարտական քննությունների անցկացման կարգը սահմանում է նախարարությունը:

(48-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

49. Ուսուցման կազմակերպման ձևերն են`

ցերեկային

երեկոյան

հեռակա (անհատական, ընտանեկան և այլն):

(49-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

50. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանների և ուսումնական ծրագրերի հիման վրա:

(50-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

51. Հաստատության ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի պետական օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:

(51-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

52. Ավագ դպրոցում ուսումնառության մեջ բացառիկ հաջողությունների հասած շրջանավարտները պարգևատրվում են ոսկե կամ արծաթե մեդալներով` նախարարության սահմանած կարգով:

Տարեկան գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք, ինչպես նաև առանձին ուսումնական առարկաներից գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները նախարարության սահմանած կարգով պարգևատրվում են գովասանագրերով:

(52-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

53. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի տեսչավորումն իրականացնում է նախարարության տարածքային տեսչությունը` նախարարության սահմանած կարգով:

(53-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

54. Հաստատությունում գործավարությունը տարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և նախարարության հաստատած հրահանգի համաձայն:

(54-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

 

V. Հաստատության սովորողը, մանկավարժը և ծնողը

 

55. Սովորողն իրավունք ունի`

անվճար ստանալու տարրական, հիմնական և միջնակարգ կրթություն.

անկախ բնակության վայրից, սահմանված կարգով ընտրելու հաստատությունը և ուսուցման ձևը.

անվճար օգտվելու հաստատության գրադարանից.

հաստատությունում յուրացնելու նախասիրական, այդ թվում` վճարովի կրթական ծրագրեր, ստանալու վճարովի ծառայություններ.

ազատ արտահայտելու սեփական հայացքներն ու համոզմունքները:

(55-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

56. Հաստատությանն արգելվում է առանց ծնողների և սովորողների համաձայնության սովորողներին ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն հանրակրթական ծրագրերով և հաստատության կանոնադրությամբ:

(56-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

57. Հաստատությունում արգելվում է սովորողների նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնության գործադրումը:

(57-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

58. Սովորողը պարտավոր է`

բարեխղճորեն սովորել.

խնամքով վերաբերվել հաստատության գույքին.

հարգել հաստատության սովորողների և աշխատողների իրավունքներն ու արժանապատվությունը.

պահպանել հաստատության ներքին կարգապահական կանոնները:

(58-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

59. Հաստատության ներքին կարգապահական կանոնները խախտելու համար թույլատրվում է, որպես ծայրահեղ միջոց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սովորողին հեռացնել հաստատությունից:

(59-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

60. Ծնողն իրավունք ունի`

պաշտպանելու երեխայի օրինական շահերն ու իրավունքները.

մասնակցելու հաստատության կառավարմանը:

(60-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

61. Ծնողը պարտավոր է`

կատարել հաստատության կանոնադրությամբ` սահմանված իր պարտականությունները.

ապահովել երեխայի կրթության համար անհրաժեշտ պայմաններ:

(61-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

62. Հաստատությունում մանկավարժական աշխատանքի կարող է ընդունվել մանկավարժի որակավորում ունեցող մասնագետը: Ոչ մանկավարժական կրթությամբ մասնագետի` հաստատությունում աշխատելու կարգը և պայմանները սահմանում է նախարարությունը:

(62-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

63. Հաստատության մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

(63-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

64. Հաստատության մանկավարժական աշխատողները կարող են ընտրել և կիրառել նախարարության երաշխավորած ուսուցման և դաստիարակության ձևերից ու մեթոդներից, ուսումնական նյութերից ու ձեռնարկներից որևէ մեկը:

(64-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

65. Հաստատության մանկավարժական աշխատողները պարտավոր են ապահովել կրթական ծրագրերի կատարումը, հանրակրթական պետական չափորոշիչներով որոշվող ծրագրերի նվազագույնի յուրացումը սովորողների կողմից:

(65-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

66. Հաստատության աշխատողները պետք է համապատասխանեն սահմանված տարիֆաորակավորման բնութագրին և անընդհատ բարձրացնեն իրենց որակավորումը:

(66-րդ կետը փոփ. 11.07.97 N 263)

 

VI. Հաստատության ֆինանսատնտեսական գործունեությունը և գույքը

(վերնագիրը խմբ. 11.07.97 N 263)

(բաժինը խմբ. 11.07.97 N 263)

 

68. Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և արտաբյուջետային միջոցներից:

Հաստատության բյուջետային միջոցները գոյանում են մեկ աշակերտի հաշվարկով պետական պատվերի կատարումից և դրանք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

69. Հաստատության բյուջետային ֆինանսավորման նորմացույցները սահմանում է նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

70. Հաստատության արտաբյուջետային միջոցները գոյանում են`

ա) հաստատության գույքի (տարածքի) սահմանված կարգով օտարումից, վարձակալությունից ստացված միջոցներից.

բ) բարեգործական, նպատակային ներդրումներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվություններից.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված այլ միջոցներից:

Նշված աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները չեն կարող հիմք հանդիսանալ բյուջետային միջոցներից հատկացումների նվազեցման համար:

71. Հաստատության բյուջետային միջոցներն սպասարկվում են հաստատության համար Հայաստանի Հանրապետության գանձապետարանի տեղական գանձապետական բաժանմունքներում բացվող հաշվով, իսկ արտաբյուջետային դրամական միջոցները` բանկերում բացվող հաշվարկային, դեպոզիտային (այդ թվում` տարադրամային) հաշիվներով:

72. Նպատակային գիտափորձ և մանկավարժական ծրագիր իրականացնող հաստատությանը նախարարության կամ համայնքի բյուջեից կարող են հատկացվել լրացուցիչ միջոցներ:

73. Հաստատությունն ինքնուրույնաբար տնօրինում է իր ֆինանսական միջոցները:

74. Հաստատության կողմից մատուցվող վճարովի ծառայությունները չպետք է իրականացվեն բյուջեից ֆինանսավորվող գործունեության փոխարեն և դրա որակի հաշվին:

75. Հաստատությունում, խորհրդի որոշմամբ, արտաբյուջետային միջոցների հաշվին աշխատողների դրույքաչափերի ու աշխատավարձի նկատմամբ կարող են կիրառվել տարբերակված հավելումներ` մասնագիտական վարպետության, որակյալ աշխատանքի, մասնագիտությունների համատեղման և այլնի համար:

76. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություն է ներկայացնում համապատասխան պետական, այդ թվում` վերադաս մարմին:

Հաստատության գործունեությանը վերաբերող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությամբ չնախատեսված տեղեկությունները պետական մարմիններին տրամադրվում են հաստատության հայեցողությամբ:

77. Հաստատությունն իրավունք չունի իրականացնել վարկային գործառնություններ:

(կանոնադրությունը խմբ. 30.04.97 N 106, խմբ., փոփ. 11.07.97 N 263)