Գլխավոր տեղեկություն
Համար
N 321
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.05.1997-01.01.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
07.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 1995 թվականի N 321

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողների ստույգ հաշվառման, տարբերակման, պետական մարմինների, ինչպես նաև դրանց և հարկ վճարողների միջև տեղեկատվական հոսքերի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանել հարկ վճարողների հաշվառման համարների (ՀՎՀՀ) համակարգ:

2. Սահմանել, որ հարկ վճարողների հաշվառման համարը միակն է և ենթակա չէ որևէ ընթացիկ փոփոխման: Հարկ վճարողների հաշվառման համարը կազմված է ութանիշ թվից: Հարկ վճարողների հաշվառման համարների մասնատումն ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, տրամադրումը կատարում, ինչպես նաև տրամադրված համարների ընթացիկ ստուգման և մարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը:

3. Հարկ վճարողների հաշվառման համարները պարտադիր կարգով ստանում են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ունեցող և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններում հաշվառման ենթակա բոլոր ձեռնարկությունները` անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից, ըստ գտնվելու վայրի, ինչպես նաև անհատ ձեռներեցները` ըստ բնակության վայրի.

բ) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններում հաշվառման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` ըստ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության վայրի.

գ) պետական իրավասու մարմինների կողմից գրանցված կազմակերպություններն ու հիմնարկները` ըստ գտնվելու վայրի:

Մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը հարկ վճարող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կնիքների և դրոշմակնիքների վրա պարտադիր նշվում են հարկ վճարողների հաշվառման համարները: 1997 թվականի հուլիսի 1-ից առանց հարկ վճարողների հաշվառման համարի նշման կնիքները և դրոշմակնիքները համարվում են անվավեր:

(3-րդ կետը լրաց. 16.08.96 N 252, փոփ. 18.04.97 N 88)

4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը`

ա) մինչև 1995 թվականի հունիսի 10-ը մշակել հարկ վճարողների հաշվառման համարների միասնական համակարգ.

բ) սույն որոշման կիրարկման պահից կատարել հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցված ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին.

գ) սույն որոշման կիրարկման պահից կատարել հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրում պետական իրավասու մարմինների կողմից գրանցված կազմակերպություններին և հիմնարկներին.

դ) 1995 թվականի հոկտեմբերի 1-ից կատարել հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրում հարկ վճարող ֆիզիկական անձանց.

ե) 1995 թվականի օգոստոսի 1-ից Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը նրանց իրավասության շրջանակներում տրամադրել հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի ամփոփ տվյալներ:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սահմանել շրջանառության մեջ գտնվող մաքսային փաստաթղթերում հարկ վճարողների հաշվառման համարների նշման կարգ:

6. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը տրամադրել ձեռնարկությունների պետական ռեգիստրում 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ գրանցված բոլոր ձեռնարկությունների (անվանումը, պետական գրանցման համարը և ամսաթիվը, գտնվելու վայրը (հասցեն)) և անհատ ձեռներեցների (ազգանունը, անունը, հայրանունը, պետական գրանցման համարը և ամսաթիվը, բնակության վայրը, (հասցեն)) վերաբերյալ տվյալներ` ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների.

բ) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային պետական տեսչությանը պարբերաբար (ամսական մեկ անգամ) տրամադրել 1995 թվականի հուլիսի 1-ից հետո լուծարված ձեռնարկությունների (ՀՎՀՀ, անվանումը, պետական գրանցման համարը և ամսաթիվը, գտնվելու վայրը (հասցեն)) և գործունեությունը դադարեցրած անհատ ձեռներեցների (ՀՎՀՀ, ազգանունը, անունը, հայրանունը, պետական գրանցման համարը և ամսաթիվը, բնակության վայրը (հասցեն)) վերաբերյալ տվյալներ` ըստ վարչատարածքային միավորների:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը տրամադրել 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ գրանցված հասարակական (այդ թվում` բարեգործական հասարակական-քաղաքական կազմակերպությունների, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների, սպառողական ընկերությունների և դրանց միավորումների վերաբերյալ տվյալներ (անվանումը, գրանցման համարը և ամսաթիվը, գտնվելու վայրը (հասցեն))` ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների:

8. Սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերում չնշված և պետական գրանցման իրավասություն ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, գործադիր իշխանության տեղական մարմիններին` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը տրամադրել 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ իրենց կողմից գրանցված (հաշվառված) կազմակերպությունների և հիմնարկների (այդ թվում` բյուջետային) վերաբերյալ տվյալներ (անվանումը, գրանցման համարը և ամսաթիվը, գտնվելու վայրը (հասցեն))` ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների:

9. Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման և հարկ վճարողների հաշվառման համակարգի կիրարկման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության վրա: Սույն որոշման կիրարկման հրահանգները հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը:

10. Սույն որոշման 4-րդ կետի «բ» և «զ» ենթակետերում նշված հարկ վճարողների համար` 1995 թվականի օգոստոսի 1-ից, իսկ 4-րդ կետի «դ» ենթակետում նշված հարկ վճարողների համար` 1996 թվականի հունվարի 1-ից, առանց հարկ վճարողների հաշվառման համարի ստացման կամ փաստաթղթերում նշման կատարվող բոլոր տեսակի գործառնությունները ըստ սահմանված կարգի չեն իրականացվում համապատասխան իրավասու մարմինների կողմից` մինչև հարկ վճարողների հաշվառման համարի ստանալը կամ փաստաթղթերում նշելը:

11. Հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ ձևով կատարման դեպքում պետական մարմինների պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնակա բանկին`

ա) մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը սահմանել բանկային փաստաթղթերում հարկ վճարողների հաշվառման համարների պարտադիր նշման կարգ.

բ) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը տրամադրել 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված բանկերի ու ֆինանսավարկային կազմակերպությունների վերաբերյալ տվյալներ (անվանումը, գրանցման համարը և ամսաթիվը, գտնվելու վայրը (հասցեն)).

գ) հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի պահանջների չկատարման դեպքում կամ ոչ պատշաճ ձևով կատարման դեպքում բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

դ) բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից սպասարկվող ձեռնարկություններից, կազմակերպություններից և հիմնարկներից (բացառությամբ ֆիզիկական անձանց) պահանջել ստանալ հարկ վճարողների հաշվառման համարներ, իսկ 1995 թվականի օգոստոսի 1-ից հետո սահմանված կարգով դադարեցնել առանց հարկ վճարողների հաշվառման համարների ստացման կամ փաստաթղթերում նշման իրականացվող գործառնությունները:

13. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանն ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 1996 թվականի հունվարին անդրադառնալ ՀՎՀՀ-ի և պետական ռեգիստրի կողմից օգտագործվող ծածկագրերի միասնականացման նպատակահարմարությունը և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ