Գլխավոր տեղեկություն
Համար
N 213
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.08.1997-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 1995 թ. N 213

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄՈՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով հաստատված ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգի 13-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում կազմակերպություններում և անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ նշված կարգը տարածվում է գործունեության բոլոր տեսակներով զբաղվող ձեռնարկությունների, հիմնարկների,կազմակերպությունների և անհատ ձեռներեցների վրա, բացառությամբ սննդամթերքի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվողների, որոնց գործունեության թե առաջին և թե երկրորդ ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի թույլտվությամբ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թ.
ապրիլի 17-ի N 213 որոշմամբ


 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄՈՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ


 I. Ընդհանուր դրույթներ

 

1.Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպաիրավական տեսակի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (այսուհետև` ձեռնարկություններ), ինչպես նաև անհատ ձեռներեցների վրա, որոնց գործունեության նկատմամբ վերահսկողությունը` իրենց իրավասության շրջանակներում և պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման առումով, դրված է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների վրա:

2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններ (այսուհետև` հարկային մարմիններ) են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը, ինչպես նաև նրա շրջանային (քաղաքային) և տարածաշրջանային մարմինները:

3. Սույն կարգին համապատասխան ստուգումը, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համաձայն, ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների մոտ տնտեսական ու այլ առևտրային գործունեության, ֆինանսական և այլ արտաիրացումային գործառնությունների ուսումնասիրություն է, վերլուծություն, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների (իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև այլ պարտավորությունների) կատարման առումով արդյունքների ամփոփում, ձևակերպում, սահմանված կարգով ներկայացում:

Ստուգումները տարբերակվում են`

ա) ըստ իրականացման վայրի` ներքին (կամերալ), որն իրականացվում է հարկային մարմնում, և արտաքին, որն իրականացվում է ստուգվող օբյեկտի գտնվելու կամ գործունեության իրականացման վայր այցելության ձևով: Արտաքին ստուգումը ենթադրում է ստուգվող օբյեկտի գործունեության ստուգում նրա սկզբնական հաշվապահական և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ընդգրկումով.

բ) ըստ պարբերականության` սկզբնական և լրացուցիչ.

գ) ըստ իրականացման` համատարած (բոլոր սկզբնական և հաշվետվական փաստաթղթերի դիտարկմամբ) և ընտրանքային.

դ) ըստ ընդգրկման աստիճանի` ֆինանսատնտեսական գործունեության (կոմպլեքս) ստուգումներ և մասնակի ստուգումներ:

Սույն կարգին համապատասխան հարկային մարմինների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների նպատակը ձեռնարկությունների կողմից պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների կատարման ստուգումն է, որն իրականացվում է ըստ անհրաժեշտության և իրենից ներկայացնում է արտաքին փաստաթղթային ստուգում, որի ժամանակ իրականացվում է (համատարած կամ ընտրանքային ձևով) ձեռնարկության արտադրական և այլ առևտրային ողջ գործունեության, ֆինանսական և տնտեսական բոլոր տիպի գործառնությունների ստուգում` օգտագործելով փաստաթղթային և փաստացի ստուգման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են նորմատիվային համադրումը, հանդիպակաց ստուգումները, գույքագրումը, չափագրումները, փաստաթղթերի տրամաբանական և փորձագիտական վերլուծությունը և այլն:

Սույն կարգին համապատասխան մասնակի ստուգումը հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների հիմնական տեսակն է և իրենից ներկայացնում է արտաքին փաստաթղթային, ստուգվող օբյեկտի կողմից իրականացվող գործունեության կամ գործառնությունների մի մասի, որոշակի պարտավորությունների կատարման ստուգում:

4. Սույն կարգին համապատասխան հարկային մարմինների կողմից ուսումնասիրությունն անցկացվում է միայն կոնկրետ հարցերով և ընտրանքային ձևով` պետական բյուջեի պարտավորությունների կատարման նկատմամբ օպերատիվ և ռեալ վերահսկողության ապահովման համար: Հարկային մարմինների կողմից իրենց իրավասության շրջանակներում կարող են անցկացվել պարբերական ուսումնասիրություններ հետևյալ նպատակներով`

եկամուտների և այլ հարկվող օբյեկտների վերաբերյալ տեղեկությունների հաստատում և հավաքագրում, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջկառավարական համաձայնագրերով և պայմանագրերով նախատեսված դեպքերում.

պետական բյուջեի եկամտային մասի պլանային առաջադրանքների թերակատարման, ինչպես նաև բյուջեի ապառքների պատճառների ուսումնասիրություն.

հարկային օրենսդրության կատարելագործման առաջարկությունների նախապատրաստում.

Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականների կատարում.

հարկային արտոնություններ հայցող ձեռնարկությունների պարտավորությունների կատարման վերլուծություն.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված հաշվառման և (կամ) գրանցումների ձևերի կիրառում:

(4-րդ կետը խմբ. 21.07.97 N 285)

 

II. Ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպումը

 

5. Ներքին (կամերալ) ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կողմից սահմանված կարգով:

6. Արտաքին ստուգումներին (այսուհետև` ստուգումներ) նախորդում են հարկային մարմնում իրականացվող նախապատրաստական աշխատանքները (հարկ վճարողի հաշվետվությունների, հաշվարկների, տեղեկանքների, ինչպես նաև նրան վերաբերող այլ տեղեկությունների` ուսումնասիրության հատուկ եղանակներով կատարվող վերլուծություններ) և ստուգման ծրագրի կազմումը:

7. Հարկային պետական տեսչության մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) հրապարակում է հրաման, կարգադրություն կամ հանձնարարագիր (այսուհետև` հանձնարարագիր) ստուգման մասին, որտեղ նշվում են ստուգման ընդգրկման աստիճանը, ժամանակահատվածը, նպատակը, ժամկետը, ստուգումն իրականացնող հարկային մարմնի անվանումը, պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը: Հանձնարարագրի բնօրինակը ներկայացվում է ստուգվող օբյեկտի ղեկավարին (փոխարինող պաշտոնատար անձին), իսկ երկրորդ օրինակը, վերջինիս կողմից ստորագրվելուց հետո, ենթակա է վերադարձման հարկային մարմնին:

Ուսումնասիրության անցկացման դեպքում հարկային մարմնի ղեկավարը հրապարակում է ուսումնասիրության մասին հանձնարարագիր, որտեղ նշվում են ուսումնասիրության նպատակը, ժամկետը, հարկային մարմնի անվանումը, պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը: Այն ծանոթացման նպատակով ցույց է տրվում ստուգվող օբյեկտի ղեկավարին (փոխարինող պաշտոնատար կամ այլ պատասխանատու անձին):

8. Ստուգումները և ուսումնասիրություններն իրականացվում են միայն հանձնարարագրում նշված նպատակների հետ առնչվող հարցերի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (այսուհետև` հարկային պետական տեսուչ) գրավոր հիմնավորմամբ հարկային մարմնի ղեկավարը կարող է սույն կարգի 7-րդ կետի առաջին պարբերությունում նշված կարգով լրացում կատարել նախկին հանձնարարագրի մեջ և փոխել ստուգման նպատակը:

Ուսումնասիրություն անցկացնող հարկային պետական տեսուչը, ելնելով անհրաժեշտությունից, հարկային մարմինների` օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարման համար և ուսումնասիրության հանձնարարագրում հատուկ նշված լինելու դեպքում կարող է ընդունել որոշում մասնակի ստուգում սկսելու մասին: Այդ դեպքում հարկային պետական տեսուչը պարտավոր է մեկօրյա ժամկետում գրավոր հիմնավորում ներկայացնել հարկային մարմնի ղեկավարին և վերջինիս կողմից ստուգումը շարունակելու նպատակահարմարության հաստատման դեպքում ստուգվող օբյեկտ ներկայացնել սույն կարգի 7-րդ կետի առաջին պարբերությունում նշված կարգով լրացված ստուգման հանձնարարագիր:

9. Ստուգումների ժամկետը (տևողությունը) չի կարող գերազանցել 15 օրացուցային օրը:

Կոնկրետ ժամկետը նշվում է հանձնարարագրի մեջ և այն կարող է անհրաժեշտության դեպքում հարկային պետական տեսուչի գրավոր հիմնավորմամբ փոխվել, համաձայն սույն կարգի 7-րդ կետում նշված կարգի (մինչև 15 օրվա սահմանում) կամ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի կողմից (15 օրից ավելի ժամկետ սահմանելու անհրաժեշտության դեպքում)` տեղեկացնելով ստուգվող օբյեկտի ղեկավարին (փոխարինող պաշտոնատար անձին):

10. Միևնույն ստուգվող օբյեկտում իրականացվող ստուգումների պարբերականությունը սահմանում է հարկային մարմինը: Ընդ որում, ստուգվող օբյեկտում տարվա ընթացքում մեկից ավելի անգամ (իսկ Հայաստանի Հանրապետություն սննդամթերք ներմուծող և իրացնող կազմակերպություններում նաև առաջին անգամ) ստուգումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի թույլտվությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Միևնույն ստուգվող օբյեկտում ֆինանսատնտեսական գործունեության (կոմպլեքս) ստուգումներ հարկային մարմինների կողմից կարող են իրականացվել, որպես կանոն, տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ: Ֆինանսատնտեսական գործունեության կրկնակի ստուգումներ կարող են իրականացվել հետևյալ դեպքերում`

ա) օբյեկտի լուծարման դեպքում.

բ) օբյեկտի ղեկավարի խնդրանքով.

գ) պետական կամ պետական բաժնեմաս ունեցող օբյեկտի պետական կառավարման վերադաս մարմնի խնդրանքով.

դ) ստուգումն իրականացնող պետական մարմնի ղեկավարի թույլտվությամբ.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:

 

 III. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձի և հարկային պետական տեսուչի իրավունքներն ու պարտականությունները

 

11. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձը իրավունք ունի`

ա) արգելելու հարկային պետական տեսուչի մուտքն ստուգվող օբյեկտ, եթե վերջինիս կողմից խախտվել են սույն կարգի 7-10-րդ կետերի պահանջները.

 բ) չկատարելու հարկային պետական տեսուչի իրավասությունից, ինչպես նաև ստուգման (ուսումնասիրության) նպատակներից չբխող պահանջներ.

գ) ծանոթանալու ստուգումների ակտերի հետ, ինչպես նաև ուսումնասիրության արդյունքով կազմված տեղեկանքի (արձանագրության) հետ.

դ) ստուգվող օբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգումներին մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, աուդիտային ծառայության ներկայացուցիչների, փաստաբանների.

ե) ներկայացնելու բացատրություններ, հարուցելու միջնորդություններ, սահմանված կարգով գանգատարկելու հարկային պետական տեսուչի գործողությունները.

զ) պահանջելու հարկային պետական տեսուչի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցումը:

12. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձը պարտավոր է`

ա) ստեղծել անհրաժեշտ պայմաններ ստուգումը (ուսումնասիրությունը) իրականացնելու համար.

բ) կատարել հարկային պետական տեսուչի օրինական պահանջներն ու ցուցումները` չխոչընդոտելով ստուգման (ուսումնասիրության) ընթացքը, ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, այլ տեղեկություններ ու իրականացնել պահանջվող գործողությունները.

գ) հարկային պետական տեսուչի պահանջով ապահովել համապատասխան մասնագետների մասնակցությունն ստուգման (ուսումնասիրության) աշխատանքներին:

13. Ստուգման (ուսումնասիրության) ընթացքում հարկային պետական տեսուչն իր իրավասության շրջանակներում իրավունք ունի`

ա) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, այլ տեղեկություններ ու տեղեկատվություն, գործողությունների կատարում, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման (ուսումնասիրության) հետ.

բ) անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավելու ձեռնարկության համապատասխան մասնագետների (աշխատակիցների).

գ) իրականացնելու ստուգման (ուսումնասիրության) նպատակի հետ կապված գույքագրումներ, չափագրումներ, հսկիչ ստուգումներ և այլն.

դ) ստուգվող օբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու ստուգվող օբյեկտ և դրա արտադրական, գրասենյակային, պահեստային ու այլ տարածք.

ե) վերցնելու փաստաթղթեր, իրեր (փորձանմուշ և այլ գույք), որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակների հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում իրականացնելու դրանց առգրավումը.

զ) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ և ներգործության համապատասխան միջոցներ:

14. Ստուգման (ուսումնասիրության) ընթացքում հարկային պետական տեսուչը պարտավոր է`

ա) ծանոթացնել ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց իրենց իրավունքներին ու պարտականություններին.

բ) պահպանել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը. ստուգվող օբյեկտի օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը.

գ) ապահովել պետական բյուջե և արտաբյուջետային ֆոնդեր վճարման ենթակա հարկերի և այլ պարտադիր վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճիշտ հաշվարկումը և մուծումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հարկային մարմինների վրա դրված այլ պարտականությունների կատարումը.

դ) չհրապարակել ստուգվող օբյեկտի մասին ցանկացած, այդ թվում` առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

ե) չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքը:

 

IV. Ստուգման և ուսումնասիրության անցկացումը և արդյունքների ձևակերպումը

 

15. Ստուգման ընթացքում հարկային պետական տեսուչը վերլուծում է նախորդ ստուգումների ու ուսումնասիրությունների նյութերը և դրանց մեջ նշված առաջարկությունների, հանձնարարականների կատարումը, սկզբնական փաստաթղթերի և հաշվետվությունների հիման վրա ստուգում տնտեսական գործառնությունների օրինականությունն ու արժանահավատությունը, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների, ֆինանսական և հաշվարկային գործարքների ճշտությունը, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների ժամանակին կատարումը և ստուգմամբ նախատեսված այլ հարցեր` իրենց իրավասության շրջանակներում:

16. Ստուգման ժամանակ հարկային պետական տեսուչի կողմից փաստաթղթերը և այլ գույք ժամանակավորապես վերցնելու կամ սահմանված կարգով առգրավելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող օբյեկտի ղեկավարին: Հարկային պետական տեսուչը պատասխանատվություն է կրում ժամանակավորապես վերցված կամ առգրավված փաստաթղթերի ու իրերի պահպանման համար:

Ստուգման ու ուսումնասիրության ընթացքում արգելվում է կապարակնքել պահեստները, շինությունները, դրամարկղերը, էներգիայի աղբյուրները, սարքավորումները, սարքերը, եթե դրա հետևանքով խաթարվելու է ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքը: Գույքագրման նպատակով և դրա ընթացքում կապարակնքված պահեստների, դրամարկղերի և այլնի ամենօրյա հաշվառման և շահագործման համար ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով` ստուգվող օբյեկտի և ստուգումն իրականացնող անձանց մասնակցությամբ:

17. Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտով: Հարկային մարմնում իրականացվող ներքին (կամերալ) ստուգումների արդյունքները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կողմից սահմանված կարգով:

Ստուգման արդյունքներով բյուջեի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ չառաջանալու կամ այլ պարտադիր գործողություններ կատարելու անհրաժեշտություն չառաջանալու դեպքում կարող է կազմվել համապատասխան տեղեկանք:

Ուսումնասիրության մասին հարկային պետական տեսուչի կողմից կազմվում է տեղեկանք կամ արձանագրություն:

18. Ստուգման ակտի (տեղեկանքի) մեջ արտացոլվում են հետևյալ տվյալները`

ակտի հերթական համարը և ամսաթիվը

հանձնարարագրի համարը և ամսաթիվը 

ակտի կազմման վայրը

ակտի օրինակների քանակը

ստուգման ժամկետը

հարկային մարմնի անվանումը, հարկային պետական տեսուչի (տեսուչների) ազգանունը, անունը հայրանունը

պաշտոնը

ստուգվող օբյեկտի լրիվ անվանումը

ստուգվող օբյեկտի` ստուգմանը մասնակցած ներկայացուցիչների անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնները

ստուգման նպատակը

ստուգմամբ ընդգրկված ժամանակաշրջանը

ստուգվող օբյեկտի ներկայացուցչի բացատրությունները (հատուկ կարծիքը) ստուգման արդյունքները:

Ստուգումներն ընդգրկում են նախորդ ստուգման ժամանակահատվածից մինչև տվյալ ստուգման ժամանակն ընկած հերթական հաշվետու ժամանակաշրջանը, եթե հարկային մարմնի հանձնարարագրում այլ բան չի նշված:

Հարկային պետական տեսուչն ստուգման արդյունքներն ակտում արտացոլելիս պետք է պարզորոշ նկարագրի խախտումները, դրանց թույլտրման պատճառները, խախտման կոնկրետ ժամանակը, համապատասխան սկզբնական փաստաթղթերը և պայմանները, դրանց վերացման (ուղղումների) համար անհրաժեշտ գործողությունները, համապատասխան պատասխանատվության կիրառման իրավական հիմքերը:

Ելնելով ստուգման նպատակից, հարկային պետական տեսուչի կողմից ակտում արձանագրվում են հարկերի և այլ պարտադիր վճարների հաշվարկմանն ու վճարմանը, հաշվապահական հաշվառման վարմանը, դրամական գործառնություններին, հաշվետվությունների և հաշվարկների կազմմանն ու ներկայացմանը, ինչպես նաև նախորդ ստուգումների ու ուսումնասիրությունների նյութերին և դրանց հանձնարարականներին վերաբերող ու այլ հարցեր:

Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության սահմանած կարգով հարկային պետական տեսուչի կողմից իրականացված ստուգման նյութերը նախապես քննարկվում են հարկային մարմնում, եթե այլ բան չի նախատեսված հանձնարարագրով:

Ուսումնասիրության տեղեկանքում (արձանագրությունում) նշվում են հանձնարարագրի համարը, ամսաթիվը, տեղեկանքի կազմման վայրը և ստուգվող օբյեկտի լրիվ անվանումը, հարկային մարմնի անվանումը, հարկային պետական տեսուչի ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը, ուսումնասիրության նպատակը և արդյունքները, ինչպես նաև համապատասխան առաջարկությունները:

19. Հարկային պետական տեսուչի (տեսուչների) կողմից կազմված ստուգման ակտն ստորագրվում է տեսուչի և ստուգվող օբյեկտի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) և գլխավոր հաշվապահի կողմից:

Տեսուչների միջև ստուգման արդյունքների մասին տարաձայնություններ լինելու դեպքում նրանց կարծիքներն ակտում արձանագրվում են առանձին:

Ստուգվող օբյեկտի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) և գլխավոր հաշվապահի կողմից ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում, հարկային պետական տեսուչն այդ մասին ակտում կատարում է համապատասխան գրառում:

Ակտի առաջին օրինակը (օրինակներից մեկը) հանձնվում է ստուգվող օբյեկտին, երկրորդ օրինակը (օրինակներից մեկը)` հարկային մարմնին:

Եթե ստուգվող օբյեկտը պետական (պետական բաժնեմաս ունեցող) ձեռնարկություն է, ապա նա ակտի օրինակի պատճենն ուղարկում է համապատասխան պետական կառավարման վերադաս մարմնին:

Ուսումնասիրության տեղեկանքը (արձանագրությունը) ներկայացվում է ստուգվող օբյեկտին` ստորագրության համար: Ստուգվող օբյեկտի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար կամ այլ պատասխանատու անձի) խնդրանքով նրան կարող է տրամադրվել տեղեկանքի (արձանագրության) օրինակ:

Ձեռնարկություններում ուսումնասիրության անցկացումը (և դրա արդյունքներով տեղեկանքի (արձանագրության) կազմումը) բյուջեի նկատմամբ պարտավորությունների կամ այլ պարտադիր գործողությունների անմիջականորեն կատարում չի կարող առաջացնել:

20. Հարկային պետական տեսուչի կողմից կազմված ստուգման ակտում նշված փաստերի հետ համաձայն չլինելու դեպքում ստուգվող օբյեկտի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) և գլխավոր հաշվապահը պարտավոր են գրավոր բացատրություն (հատուկ կարծիք) ներկայացնել հարկային պետական տեսուչին` ակտը ստորագրելուց հրաժարվելու պատճառների մասին:

21. Ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

22. Ստուգվող օբյեկտի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից հարկային պետական տեսուչի գործողությունները կարող են գանգատարկվել այն հարկային մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է հարկային տեսուչը: Գանգատները քննության են առնվում և դրանց վերաբերյալ հարկային մարմինը որոշում է ընդունում ոչ ուշ, քան գանգատն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում: Նշված ժամկետում գանգատի վերաբերյալ որոշում չընդունելու դեպքում գանգատում բերված պատճառաբանությունները հարմարվում են ընդունված:

Հարկային մարմնի կողմից 30-օրյա ժամկետում գանգատը մերժելու դեպքում ստուգվող օբյեկտի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) իրավունք ունի հարկային մարմնի որոշումը գանգատարկելու Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն կամ դատարան` այդ որոշման կրկնօրինակն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:

23. Ստուգվող օբյեկտին պատճառված վնասը, այդ թվում նաև բացթողնված օգուտը, ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: