Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2006-08.08.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.11.01/27(204)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.08.2006
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

N 03-Ն

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասը, 19-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է`

 

Հաստատել դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ և բաց մրցույթների կարգը՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ դատարանների
նախագահների
խորհրդի նախագահ
Հ. Մանուկյան

 

Հավելված
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 10 օգոստոսի 2006 թ.
թիվ 03-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը և պայմանները:

2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

3. «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով /այսուհետ` Օրենք/ սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվում են փակ և բաց մրցույթներ:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարությունը հրապարակում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը:

5. Հայտարարությունը հրապարակվում է Օրենքով սահմանված կարգով: Փակ մրցույթի մասին հայտարարությունը դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինն ուղարկում է ՀՀ դատական դեպարտամենտի բոլոր առանձնացված ստորաբաժանումներին: Առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները հայտարարության տեքստը փակցնում են դատական ծառայողների համար մատչելի վայրում:

6. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

- համապատասխան մարմնի անվանումը,

- դատական ծառայության թափուր պաշտոնի անվանումը և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը,

- դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները,

- փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը,

- մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը,

- մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

7. Դատական ծառայության մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է դատական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կադրերի բաժինը, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար` համապատասխան առանձնացված ստորաբաժանման կադրերի գծով պատասխանատուն:

ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կադրերի բաժինը:

8. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմին ներկայացնում են՝

- գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում են,

- դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

- տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին,

- երկու լուսանկար՝ 3X4 սմ չափի,

- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական:

9. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

10. Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է մրցութային հանձնաժողովին /այսուհետ` Հանձնաժողով/:

11. Հանձնաժողովը մինչև մրցույթի անցկացման սկիզբը գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝ մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մասնակցությունը չթույլատրելու մասին: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների ցուցակը: Հանձնաժողովի մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մասնակցությունը չթույլատրելու մասին որոշումը տրամադրվում է մրցույթի մասնակցին:

12. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

 

IV. ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԸ

 

13. Դատական ծառայության թափուր պաշտոնի համար հայտարարված փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող դատական ծառայողները և Օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

14. Փակ մրցույթն անցկացվում է սույն կարգով նախատեսված հարցազրույցի միջոցով:

15. Փակ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում դատական դեպարտամենտի ղեկավարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում դատական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին:

 

V. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԸ

 

16. Դատական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթին մասնակցելու իրավունք ունեն դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

17. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

- դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

- դատական կարգով զրկվել է դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից,

- դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

- խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից,

- տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը:

18. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

 

VI. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ

 

19. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է տվյալ մրցույթի թեստավորումն անցկացնելու համար հարցեր և կազմում է թեստեր հետևյալ չափաբաժիններով.

- դատական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 50 հարց,

- դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 40 հարց,

- դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 30 հարց,

- դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 20 հարց:

20. Թեստային առաջադրանքների հարցերը ընդգրկում են հետևյալ բնագավառները.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 տոկոս.

- «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենք և այլ իրավական ակտեր՝ 30 տոկոս.

- դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներ՝ 30 տոկոս.

- համապատասխան դատական իշխանության մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 20 տոկոս.

- տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն՝ 10 տոկոս:

21. Թեստավորումն անցկացվում է համակարգչի միջոցով կամ գրավոր:

22. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:

23. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

24. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, այլ տեխնիկական սարքեր կամ տպագիր, մեքենագիր կամ ձեռագիր նյութեր:

25. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին:

26. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է ամփոփաթերթ՝ երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից՝ գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

27. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

28. Գրավոր թեստավորման ժամանակ մասնակիցները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխան է:

29. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում՝ ընտրելով (իր կարծիքով ճիշտ) պատասխանը:

Թեստավորումը համակարգչով անցկացնելու դեպքում մասնակիցը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:

30. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում հուշել, խոսել, հարցեր տալ միմյանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից, եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

31. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

32. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

33. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է.

- դատական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 100 րոպե.

- դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 80 րոպե.

- դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 60 րոպե.

- դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 40 րոպե:

34. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

 

VII. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

35. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

36. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները: Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը, որոնք հաստատվում են հանձնաժողովի կնիքով:

37. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:

38. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:

39. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն անմիջապես արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

40. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանուն, անուն, հայրանունները: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչը նույնպես արձանագրվում է, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները /տոկոսը/:

41. Մասնակիցների հավաքած միավորները հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

42. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է: Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա` տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով: Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

43. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

44. Հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցը:

Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ մասնակիցները հրաժարվել են հարցազրույցին մասնակցելուց, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում՝ մրցույթում հաղթող չճանաչելու մասին: Տվյալ որոշումը Հանձնաժողովն ուղարկում է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին:

 

VIII. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ

 

45. Հարցազրույցն անցկացվում է թեստավորման փուլում հաղթող ճանաչված մասնակցին գնահատելու և մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով, ինչպես նաև փակ մրցույթի ժամանակ:

Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է:

Հարցազրույցն անցկացնում է Հանձնաժողովը:

46. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների վերաբերյալ նրանց գործնական կարողություններն ստուգելու համար:

47. Հանձնաժողովը գնահատում է յուրաքանչյուր դատական ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջների համապատասխանությունը 1-ից 5 միավորային կարգով:

48. Հարցազրույցն անցկացնելուց հետո Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

49. Գաղտնի քվեարկություն անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր:

50. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

Քվեարկության արդյունքներն ամփոփվում են Հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

51. Հանձնաժողովի անդամների գնահատականներն ամփոփվում են մրցույթի անցկացման օրը: Ամփոփման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող: Եթե միավորների առավելագույն քանակ հավաքել են մեկից ավելի թեկնածուներ, ապա հաղթողին որոշում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը:

52. Փակ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո Հանձնաժողովը կազմում է ամփոփիչ արձանագրություն մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ և ներկայացնում տվյալ պաշտոնի նշանակման համար Օրենքով սահմանված կարգով ներկայացման իրավունք ունեցող պաշտոնատար անձին:

53. Եթե մասնակիցներից ոչ մեկը գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամներից կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին և այն անմիջապես ուղարկում է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին:

 

IX. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

54. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո անհապաղ:

Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

55. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են՝

- համապատասխան մարմնի անվանումը և դատական ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

- մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

- մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը:

 

 X. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

56. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող մարմինն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու համար ներկայացման իրավունք ունեցող պաշտոնատար անձին:

57. Եզրակացության մեջ պետք է նշվեն՝

- դատական ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

- մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

- հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.

- հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը թեստավորման փուլում.

- հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

58. Եզրակացությունը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

59. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված եզրակացությունը տալուց հետո:

60. Ներկայացման իրավունք ունեցող պաշտոնատար անձը Հանձնաժողովի եզրակացությունը ստանալու հաջորդ օրը այն ներկայացնում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին: Առավելագույն քանակ հավաքած մեկից ավելի թեկնածուների դեպքում ներկայացման իրավունք ունեցող պաշտոնատար անձը եզրակացությանը կցում է իր մասնավոր կարծիքը:

61. Եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դատական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

62. Տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին եզրակացություն տալու հաջորդ օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներն այդ պաշտոնատար անձին ներկայացնում են՝

- դիմում

- լրացված անձնական թերթիկ

- ինքնակենսագրություն

- իրենց կրթության և գիտելիքների մակարդակը հավաստող այլ փաստաթղթեր:

 

XI. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

63. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:

 

XII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

64. Օրենքով սահմանված դեպքերում անցկացվում է կրկնակի մրցույթ, եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել, դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, մրցույթը դատական կարգով ճանաչվել է անվավեր, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն կրկնակի մրցույթ անցկացնելու մասին:

Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

65. Եթե կրկնակի մրցույթը, Օրենքի համաձայն, համարվում է անվավեր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա կրկնակի մրցույթի անցկացնելուց երկու ամիս հետո հայտարարվում է նոր մրցույթ: Նոր մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

 

XIII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

66. Մինչև Օրենքով սահմանված կարգով դատական ծառայության պաշտոնի նշանակվելու համար ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը ՀՀ կառավարության կողմից սահմանելը նման հիվանդությունների համար հիմք ընդունել ՀՀ կառավարության 27.06.2002թ. թիվ 908-Ն որոշմամբ հաստատված ցանկը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2019, ԲԴԽ-53-Ն-8 08.08.2019, N 03-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան