«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2006 թվականի N 1134-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունման և հանձնման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ
ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունման և հանձնման հետ կապված փոխհարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
փոխկապակցում` տարբեր փոստային կապի օպերատորների կողմից օգտագործվող փոստային կապի երկու ցանցերի կապակցում, որի արդյունքում մեկ փոստային կապի օպերատորն ապահովում է մեկ այլ փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գործընթացը.
փոխկապակցման պայմանագիր` փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գործընթացն իրականացնելու նպատակով կնքվող պայմանագիր:
3. Փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունումն ու հանձնումն իրականացվում են պայմանագրային հիմունքներով` ապահովելով հանձնվող և ընդունվող փոստային առաքանիների և դրամական միջոցների ճշգրիտ վերջնահաշվարկը:
4. Փոստային կապի օպերատորների միջև փոխկապակցման պայմանագիրը կնքվում է փոխհարաբերությունների իրականացման և կարգավորման նպատակով:
5. Փոխկապակցման պայմանագրում ներառվում են հետևյալ դրույթները`
ա) փոխկապակցման ժամկետները և պայմանները,
բ) կողմերի իրավունքները և պարտականությունները,
գ) փոխկապակցվող փոստային կապի օպերատորների փոխադարձ պատասխանատվությունը` մատուցվող փոստային կապի ծառայությունների որակի համար,
դ) փոխկապակցման սակագները, որոնք պետք է լինեն խելամիտ, զարգացման հեռանկարով և ոչ խտրական,
ե) փոստային կապի օպերատորների միջև հարաբերությունների առանձնահատուկ պայմանները, որոնց շնորհիվ կապահովվի փոստային կապի ծառայությունների արդյունավետ և բարենպաստ շուկայական մրցակցություն,
զ) փոստային կապի օպերատորների միջև փոխհաշվարկների պայմանները` մատուցվող ծառայությունների համար,
է) փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ծավալների վերաբերյալ ամենօրյա պարտադիր տեղեկատվության փոխանակումը` էլեկտրոնային տարբերակով,
ը) փոստային կապի օպերատորների միջև փոխկապակցման հարցերի վերաբերյալ տարաձայնությունների լուծումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Փոստային կապի օպերատորների միջև փոխկապակցման պայմանագրի կնքման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան:
7. Փոստային կապի ազգային օպերատորը փոխկապակցման պայմանագիր է կնքում ցանկացած դիմող փոստային կապի օպերատորի հետ` վերջինիս կողմից գրավոր դիմում ներկայացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, իսկ փոխկապակցումն իրականացվում է գրավոր դիմում ներկայացնելու օրվանից եռամսյա ժամկետում:
8. Փոխկապակցման համար դիմում ներկայացրած օպերատորին տրվող տեխնիկական պայմանները, ծառայությունների որակը, փոխկապակցման պայմանները և ժամկետը չպետք է տարբերվեն փոստային կապի ազգային օպերատորի մասնաճյուղերի համար սահմանված պայմաններից և որակից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|