Գլխավոր տեղեկություն
Համար
N 1131-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2006-03.10.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1131-Ա

 

«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) առանձնահատուկ կարևորությունն ու ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու և անհրաժեշտ ներդրումային ծրագիր (որը կհանգեցնի ընկերության արտադրանքի թողարկման և արտահանման ծավալների կտրուկ ավելացմանը, որակի բարձրացմանն ու ինքնարժեքի նվազեցմանը) իրականացնելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ու Հյուսիսային Իռլանդիայի «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» («Rhinoville Property Limited», UK) կազմակերպության (այսուհետ` գնորդ) առաջարկությունը, ինչպես նաև ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը`

ա) սեփականության իրավունքով իրեն պատկանող ընկերության կանոնադրական կապիտալի 90 տոկոս բաժնեմասը` 40,0 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր շուկայական արժեքով, ուղղակի եղանակով վաճառել գնորդին` նրա հետ կնքվող բաժնետոմսերի առուվաճառքի մասին պայմանագրում նախատեսելով դրույթներ այն մասին, որ գնորդը գնման գնից 20,0 մլն ԱՄՆ-ի դոլարը կվճարի անմիջապես` պայմանագրի կնքման պահին, իսկ մնացած 20,0 մլն ԱՄՆ-ի դոլարը` ընկերության փաստացի ունեցած ակտիվների, պասսիվների և նրա հարկային ու ֆինանսական պետական հաշվետվություններում արտացոլված ակտիվների, պասսիվների համապատասխանության ստուգման ակտի ստորագրումից հետո, իսկ մինչև այդ կներկայացնի «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության պահանջները բավարարող երաշխավորագիր.

բ) «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան առուվաճառքի պայմանագիր նրան սեփականության իրավունքով պատկանող «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնեմասը (այսուհետ` գույք) օրենքով սահմանված կարգով գնահատված 13600,0 մլն դրամ շուկայական արժեքով ձեռք բերելու մասին: Ընդ որում, որպես ձեռք բերվող գույքի գնի վճարում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը`

ընկերության հաշվին է փոխանցում 2515,0 մլն դրամ գումար, վերջինս, իր հերթին, ստացված գումարն ուղղում է աշխատավարձի և սոցիալական վճարների գծով առկա պարտավորությունների մարմանը,

պարտքի փոխանցման պայմանագրերի կնքմամբ ստանձնում է ընկերության հետևյալ կրեդիտորական պարտավորությունները`

«Արարատ բանկ» փակ բաժնետիրական
ընկերությունից ներգրավված վարկի պարտավորություն`

500,0 մլն դրամ,

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
նախարարության ենթակայության բաժնետիրական
ընկերությունների հանդեպ պարտավորություններ
(ներառյալ` փոխառությունների գծով)`
7710,0 մլն դրամ,
բնական գազի գծով «ՀայՌուսգազարդ» փակ
բաժնետիրական ընկերության հանդեպ պարտավորություն`

755,0 մլն դրամ,

«Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերությունից ներգրավված փոխառության գծով
պարտավորություն`
2120,0 մլն դրամ:

«Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը նշված կրեդիտորական պարտավորությունները կմարի սույն կետի «ա» ենթակետում նշված ընկերության բաժնետոմսերի օտարման գործարքից ստացվող միջոցներով:

2. Սահմանել, որ «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապարտ պատասխանատվություն են ստանձնում գնորդի առջև սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքման օրվան նախորդող ժամանակաշրջանում ընկերության գործունեության հետևանքով առաջացած այն հարկային պարտավորությունների համար (ներառյալ դրանց գծով հաշվարկված տույժերը և տուգանքները), որոնք ստուգում իրականացնող պետական լիազորված մարմինների կողմից կհայտնաբերվեն կամ կարձանագրվեն բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքման պահից հետո:

3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» («Rhinoville Property Limited», UK) կազմակերպության (գնորդի) միջև կնքվող համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) նախագծին` համաձայն հավելվածի:

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 3-րդ կետում նշված համաձայնագիրը:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` մինչև 2007 թվականի տարեվերջը` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված կրեդիտորական պարտավորությունների մարումներից (վճարումներից) հետո ընկերության մնացած առևտրային կրեդիտորական պարտավորությունների կառավարման նպատակով գնորդի հետ համատեղ իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 21
Երևան

 



* - Ծանոթություն -

Հավելվածը չի բերվում: