Գլխավոր տեղեկություն
Համար
N 1187-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.06.2006-05.01.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.31/56(428) Հոդ.1079
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 1187-Ն

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 91-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) աշխատանքային ծրագիրը (եռամսյակային բաշխմամբ)` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) 2002-2004 թվականներին մինչև 500 մլն դրամի չափով իրացման միջին տարեկան շրջանառություն ունեցող 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ընկերության կանոնադրությամբ և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության կանոնակարգով սահմանված` վերստուգող հանձնաժողովների իրավասությունները դրվում են վերստուգողի վրա,

բ) վերստուգող հանձնաժողովների անդամները և վերստուգող հանձնաժողովների իրավասություններն իրականացնող վերստուգողներն ընտրվում են մրցութային կարգով:

Ժողովի որոշմամբ` վերջին 3 տարում արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից 25 մլն դրամից ավելի միջին տարեկան հասույթ ապահոված (բացառությամբ նոր հիմնադրված) ընկերության վերստուգողի կամ վերստուգող հանձնաժողովների անդամների ընտրության մրցութային պայման կարող է սահմանվել լուծարման գործընթացում գտնվող և (կամ) վերջին 3 տարում արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից մինչև 25 մլն դրամ միջին տարեկան հասույթ ապահոված` մինչև 3 ընկերության վերստուգողների պարտականությունների կատարումը (առանց մրցույթի անցկացման)` այդ ընկերությունների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով լրացուցիչ վարձատրությամբ:

Ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակով պայմանավորված (գտնվում են լուծարման գործընթացում, և (կամ) վերջին 3 տարում ընկերության արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից միջին տարեկան հասույթը կազմում է մինչև 25 մլն դրամ)` սույն որոշման պահանջներին համապատասխան վերստուգողների վարձատրման համակարգի կիրառման անհնարինության (անարդյունավետության) դեպքում բաժնետիրական ընկերություններում վերստուգողների իրավասությունները ժողովի որոշմամբ կարող են վերապահվել բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմինների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների (ներքին աուդիտի, ֆինանսական, տնտեսագիտական, իրավաբանական) աշխատողներին` անհրաժեշտության դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրերում կատարելով համապատասխան լրացում,

գ) վերստուգող հանձնաժողովի անդամները կամ վերստուգողներն աշխատանքի են նշանակվում մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ՝ բաժնետերերի տարեկան ժողովի կամ բաժնետերերի հրավիրած արտահերթ ժողովի որոշմամբ,

դ) վերստուգող հանձնաժողովի անդամի (վերստուգողի) լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ժողովի որոշմամբ՝ վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ՝ հսկող մարմին) ներկայացմամբ, և ընկերության խորհրդի և (կամ) գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությամբ՝ հսկող մարմնի ներկայացմամբ:

Մինչև վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) լիազորությունների` օրենքով սահմանված ժամկետի ավարտը բաժնետիրական ընկերության վերակազմակերպման դեպքում՝ նոր վերստուգող հանձնաժողովի ձևավորման կամ հանձնաժողովի լիազորությունները հանձնաժողովի անդամներից մեկին վերապահելու և մյուս անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, ինչպես նաև ընկերության լուծարման դեպքում՝ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումն ընդունում է ընդհանուր ժողովը,

ե) վերստուգող հանձնաժողովի նախագահի և վերստուգող հանձնաժողովի իրավասություններն իրականացնող վերստուգողի վարձատրության չափը սահմանվում է ժողովի որոշմամբ՝ տվյալ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավարի աշխատավարձի 80-90 տոկոսի չափով,

զ) մասնավոր կառավարչի ներգրավմամբ` կոնցեսիոն պայմանագրով, հավատարմագրային կամ այլ եղանակով կառավարման հանձնված ընկերությունում վերստուգող հանձնաժողովի նախագահի վարձատրության չափը սահմանվում է նմանատիպ գործունեություն իրականացնող և իրացման միջին տարեկան շրջանառության համապատասխան ծավալ ունեցող ընկերության գործադիր մարմնի ղեկավարի աշխատավարձի 80-90 տոկոսի չափով,

է) վերստուգող հանձնաժողովի անդամի վարձատրության չափը սահմանվում է ժողովի որոշմամբ և չի կարող գերազանցել վերստուգող հանձնաժողովի նախագահի աշխատավարձի 75 տոկոսը (հանձնաժողովի քարտուղարի գործառույթներ իրականացնող անդամի աշխատավարձը` հանձնաժողովի նախագահի աշխատավարձի 80 տոկոսը),

ը) վերստուգող հանձնաժողովի անդամների առավելագույն թվաքանակը` ընկերության խորհրդի (այդպիսին չլինելու դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի) առաջարկությամբ հաստատում է ժողովը,

թ) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության ապահովման տարեկան առավելագույն ծախսերը սահմանվում են վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) աշխատավարձի տարեկան ֆոնդի 25 տոկոսի չափով,

ժ) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության ապահովման ծախսերի նախահաշիվը` վերստուգող հանձնաժողովի նախագահի (վերստուգողի) ներկայացմամբ և ընկերության խորհրդի (գործադիր մարմնի ղեկավարի) եզրակացությամբ հաստատում է ընդհանուր ժողովը,

ժա) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության ապահովման ծախսերը, նախահաշվի հաստատումից հետո, արտացոլվում են ընկերության համապատասխան ծախսային հոդվածներում,

ժբ) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային տարածքը և աշխատելու համար բավարար պայմաններն ապահովում է ընկերությունը:

(2-րդ կետը խմբ., լրաց. 11.05.06 N 791-Ն) 

3. Բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝

ա) ապահովել 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և նրանց գործունեությունը կանոնակարգել սույն որոշմանը համապատասխան,

բ) 100 տոկոսից պակաս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների առաջիկա հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովների քննարկմանը ներկայացնել այդ ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը սույն որոշմանը համապատասխան կանոնակարգելու հարցը:

(3-րդ կետը լրաց. 11.05.06 N 791-Ն) 

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության մրցութային հանձնաժողովի ձևավորման և մրցույթի անցկացման կարգն ու մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները (չափանիշները):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 21
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 1187-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(օրինակելի ձև)

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կանոնակարգով սահմանվում են 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում (այսուհետ՝ ընկերություն) վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործառույթներն ու լիազորությունները, ինչպես նաև նրանց աշխատանքի կազմակերպման և կառավարման մարմինների հետ փոխգործողության կարգը:

2. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) ընկերության գործունեության ներքին վերահսկողության մշտապես գործող մարմին է, որն իրականացնում է ընկերության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև ստուգում է ընկերության կառավարման մարմինների որոշումների և ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու ընկերության կանոնադրությանը:

3. Իր գործունեության ընթացքում վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) անկախ է ընկերության կառավարման մարմինների պաշտոնատար անձանցից: Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) առաջնորդվում է գործող օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կանոնակարգով:

 II. ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ



4. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) սահմանված կարգով ընտրվում է 3 տարի ժամկետով:

5. Վերստուգող հանձնաժողովի անդամներին (վերստուգողին) ներկայացվող պահանջները (մասնագիտական պատրաստվածություն, աշխատանքային փորձ և այլն) սահմանվում են վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի)՝ սույն որոշմամբ նախատեսված ընտրության կարգով:

6. Վերստուգող հանձնաժողովի յուրաքանչյուր նորընտիր կազմի առաջին նիստում ընտրվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

7. Վերստուգող հանձնաժողովի նախագահը և քարտուղարն ընտրվում են վերստուգող հանձնաժողովի կազմից, հանձնաժողովի անդամների կողմից, հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Վերստուգող հանձնաժողովի անդամի (վերստուգողի) պաշտոնավարման ընթացքում վերստուգող հանձնաժողովի անդամին (վերստուգողին) ներկայացվող պահանջների խախտման, նրա մահվան, նոր հանգամանքներ ի հայտ գալու, կամ սեփական դիմումի ներկայացման հիմքերով հետագա պաշտոնավարման անհնարինության դեպքում վերստուգող հանձնաժողովը (վերստուգողի դեպքում՝ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը) դրա մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է ժողովին` վերստուգող հանձնաժողովի անդամի (վերստուգողի) թափուր մնացած տեղը սահմանված կարգով լրացնելու կամ հանձնաժողովի անդամին (վերստուգողին) փոխարինելու առաջարկությամբ:

III. ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


9. Վերստուգող հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նիստերը,

բ) հաստատում է վերստուգող հանձնաժողովի նիստերի օրակարգը, ինչպես նաև լուծում է հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և անցկացման հետ կապված բոլոր հարցերը,

գ) կազմակերպում է վերստուգող հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը,

դ) բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում և խորհրդի նիստերում ներկայացնում է վերստուգող հանձնաժողովը,

ե) ստորագրում է վերստուգող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և վերստուգող հանձնաժողովի անունից ելքագրվող այլ փաստաթղթեր,

զ) իրականացնում է սույն կանոնակարգով, ընկերության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված` վերստուգող հանձնաժողովի անդամի գործառույթները:

10. Վերստուգող հանձնաժողովի նիստերին նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր առանձին դեպքի համար ընտրված այլ անդամ։

11. Վերստուգող հանձնաժողովի քարտուղարը`

ա) կազմում է վերստուգող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

բ) վերստուգող հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընկերության կառավարման մարմիններին տեղեկացնում է անցկացված ստուգումների արդյունքների մասին, ինչպես նաև տրամադրում է վերստուգող հանձնաժողովի ստուգումների արդյունքների մասին տեղեկանքների պատճենները,

գ) ձևակերպում է ստուգումների տեղեկանքները և վերստուգող հանձնաժողովների եզրակացությունները,

դ) կազմակերպում է վերստուգող հանձնաժողովի գործավարությունը, փաստաթղթաշրջանառությունը, ինչպես նաև փաստաթղթերի պահպանումը,

ե) վերստուգող հանձնաժողովի անդամներին ծանուցում է հանձնաժողովի նիստերի, ընկերության գործունեության ծրագրային և արտածրագրային ստուգումների անցկացման մասին,

զ) իրականացնում է սույն կանոնակարգով, ընկերության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված վերստուգող հանձնաժողովի անդամի գործառույթները:

IV. ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԻ) ԵՎ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


12. Ընկերության վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) պարտավոր է`

ա) տարեկան ծրագրով նախատեսված յուրաքանչյուր ստուգման (վերստուգման) օրվանից առնվազն 3 օր առաջ դրա մասին տեղեկացնել ստուգվող (վերստուգվող) ստորաբաժանմանը,

բ) առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել ստուգման ընթացքում իրեն հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և դրա մասին ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել և ստուգում իրականացնող անձինք տեղյակ են կամ կարող են տեղյակ լինել այդ մտադրության մասին, ինչպես նաև առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ,

գ) պահանջել գումարել բաժնետերերի արտահերթ ժողով, եթե առկա է ընկերության բաժնետերերի շահերին սպառնացող իրական վտանգ,

դ) բաժնետերերի ընդհանուր ժողովին (բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմին) ներկայացնել տեղեկանք` ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության ստուգումների արդյունքների, ինչպես նաև խորհրդի անդամների ու կառավարման համակարգի այլ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ընկերության կանոնադրության և ներքին փաստաթղթերի պահանջների հայտնաբերված խախտումների մասին (դրանց հայտնաբերումից հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում),

ե) ընկերության տարեկան ընդհանուր ժողովին ներկայացնել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության, ինչպես նաև տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման մասին եզրակացությունը,

զ) պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները վերազանցելու, չարաշահումների, չհիմնավորված ծախսերի, հափշտակությունների, նյութական և դրամական միջոցների անօրինական տնօրինման և այլ չարաշահումներ, խախտումներ, անօրինականություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ իրազեկել խորհրդին (այդպիսին չլինելու դեպքում՝ ժողովին), իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստել ստուգման (վերստուգման) նյութերը` խորհրդի (ժողովի) որոշմամբ քննչական մարմիններին հանձնելու համար,

է) անհարկի և անհիմն չխոչընդոտել ստուգվող (վերստուգվող) օբյեկտի (աշխատողների) բնականոն աշխատանքը,

ը) վերահսկողություն իրականացնել ստուգումների (վերստուգումների) արդյունքում հայտնաբերված թերությունների, չարաշահումների, ապօրինությունների և այլ խախտումների վերացման և այդ ուղղությամբ հանձնաժողովի (վերստուգողի) առաջարկությունների կատարման ընթացքի նկատմամբ,

թ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» N 1923-Ն որոշմամբ նախատեսված տեղեկատվությունը` սահմանված ժամկետներում:

13. Վերստուգող հանձնաժողովների անդամները պարտավոր են`

ա) մասնակցել հանձնաժողովի նիստերին,

բ) կատարել հանձնաժողովի որոշումները,

գ) մասնակցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներին,

դ) անհարկի և անհիմն չխոչընդոտել ստուգվող օբյեկտի (աշխատողների) բնականոն աշխատանքը,

ե) խախտումների հայտնաբերման դեպքում վերստուգող հանձնաժողովի նախագահին ներկայացնել գրավոր դիմում խախտումների բնույթի և դրանք թույլ տված անձանց մասին,

զ) չհրապարակել ստուգման ընթացքում իրենց հայտնի դարձած` տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների, գործունեությանը վերաբերող ցանկացած ծրագրի կամ գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և դրա մասին ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, և ստուգողը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության մասին, ինչպես նաև առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ:

V. ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԻ) ԵՎ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

14. Ընկերության վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իրավունք ունի`

ա) ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունն ստուգելու սեփական նախաձեռնությամբ, ժողովի կամ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև ընկերության` քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով,

բ) պատճենահանելու առանձին փաստաթղթեր,

գ) ընկերության կառավարման մարմինների պաշտոնատար անձանցից, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից և աշխատողներից պահանջելու պարզաբանումներ ստուգումների ժամանակ առաջացած հարցերի վերաբերյալ,

դ) բացահայտված խախտումների վերացման ուղղությամբ անհետաձգելի միջոցների ձեռնարկման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու ընկերության կառավարման մարմնի պաշտոնատար անձանց, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներին,

ե) պահանջելու բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի և խորհրդի նիստերի գումարում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ընկերության կանոնադրությանը և սույն կանոնակարգին համապատասխան,

զ) ընկերության կառավարման մարմնի պաշտոնատար անձանցից, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներից պահանջելու և ստանալու վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից ընկերության, նրա մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ու հիմնարկների ֆինանսական և տնտեսական գործունեության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու համապատասխան նյութերը,

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրավական ակտերի, ընկերության կանոնադրության և ներքին փաստաթղթերի պահանջների խախտման դեպքում ընկերության կառավարման մարմնի պաշտոնատար անձանց քննարկմանը ներկայացնելու ընկերության աշխատողներին (ներառյալ պաշտոնատար անձանց) կարգապահական և նյութական պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու հարցը,

ը) համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների համաձայնությամբ` ստուգումների (վերստուգումների) իրականացման աշխատանքներում ներգրավելու ընկերության աշխատողներին, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրելու համապատասխան ոլորտների (իրավական, տնտեսական, ֆինանսական, հաշվապահական հաշվառման, կառավարման և այլն) փորձագետների (ժողովի որոշմամբ` ընկերության կամ ստուգվող ստորաբաժանման հաշվին նախատեսվող վարձատրությամբ),

թ) ծանոթանալու ընկերության գաղտնի փաստաթղթերին, արտաքին աուդիտի արդյունքներին և աուդիտն իրականացրած անձի կարծիքին:

15. Վերստուգող հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

ա) հանձնաժողովի որոշմամբ մասնակցելու ծրագրային և արտածրագրային ստուգումներին,

բ) հանձնաժողովի նիստում հանդես գալու զեկույցներով և հայտարարություններով,

գ) ներկայացնելու նիստի օրակարգի և աշխատանքային ծրագրի ձևավորման, ստուգման արդյունքների ամփոփման, ինչպես նաև եզրակացությունների վերաբերյալ առաջարկություններ,

դ) վերստուգող հանձնաժողովի որոշումների հետ իր անհամաձայնության դեպքում հայտնելու և պնդելու իր կարծիքը` դրա մասին գրավոր տեղեկացնելով ընկերության խորհրդին ու ընդհանուր ժողովին,

ե) ստուգման արդյունքներով կազմված տեղեկանքի առանձին դրույթների վերաբերյալ իր հատուկ կարծիքը ներկայացնելու տեղեկանքին կից փաստաթղթի ձևով:

VI. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԻ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


16. Ընկերության վերստուգող հանձնաժողովը և վերստուգողն իրենց գործունեությունն իրականացնում են աշխատանքային ծրագրի հիման վրա՝ ծրագրային ստուգումների (վերստուգող հանձնաժողովը՝ նաև նիստերի գումարման), ինչպես նաև արտածրագրային ստուգումների անցկացման եղանակով:

17. Նորընտիր վերստուգող հանձնաժողովի աշխատանքային առաջին ծրագիրը կազմվում է վերստուգող հանձնաժողովի առաջին՝ կազմակերպական նիստում, որը պետք է գումարվի ոչ ուշ, քան վերստուգող հանձնաժողովի նոր կազմի ձևավորումից հետո 15 օրվա ընթացքում:

18. Նորընտիր վերստուգող հանձնաժողովի աշխատանքային առաջին ծրագիրն ընդգրկում է վերստուգող հանձնաժողովի առաջին կազմակերպական նիստի օրվանից մինչև ընթացիկ տարվա ավարտն ընկած ժամանակահատվածը:

19. Վերստուգող հանձնաժողովի աշխատանքային առաջին ծրագիրը (եռամսյակային բաշխմամբ) հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը` ծրագիրը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:

20. Սույն կանոնակարգի 19-րդ կետում նշված ժամկետում աշխատանքային առաջին ծրագիրը չհաստատվելու (կամ փաստարկված առարկություններ չներկայացվելու) դեպքում այն համարվում է ընդունված:

21. Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) տարեկան աշխատանքային ծրագիրը (եռամսյակային բաշխմամբ) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից կազմվում և բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմնի հաստատմանն է ներկայացվում մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 1-ը:

22. Մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ը վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) տարեկան աշխատանքային ծրագիրը չհաստատվելու (կամ փաստարկված առարկություններ չներկայացվելու) դեպքում ծրագիրը համարվում է ընդունված:

23. Մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը` բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններն ընկերության վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) տարեկան աշխատանքային ծրագրերը (ըստ ընկերության, եռամսյակային բաշխմամբ) ամփոփում և ներկայացնում են հսկող մարմին (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն):

24. Պետական կառավարման լիազորված մարմինները վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) աշխատանքային առաջին ծրագրերը հսկող մարմին են ներկայացնում այդ ծրագրերի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում:

25. Աշխատանքային ծրագրում ստուգումների անցկացման և նիստերի գումարման ժամանակացույցը սահմանվում է` հաշվի առնելով ընկերության եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ու ֆինանսական փաստաթղթերի հաստատման ժամկետները:

26. Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) աշխատանքային ծրագիրը ներառում է`

ա) ծրագրային ստուգումների օբյեկտները (ֆինանսական և տնտեսական գործունեության տեսակները, առանձին տեղամասերը),

բ) ծրագրային ստուգումների ժամկետային ժամանակացույցը, ստուգումների անցկացման ժամկետները,

գ) ընկերության վերստուգող հանձնաժողովի նիստերի գումարման և ստուգումների անցկացման կազմակերպման հետ կապված այլ հարցեր:

VII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ


27. Ընկերության վերստուգող հանձնաժողովի նիստերը գումարվում են վերստուգող հանձնաժողովի աշխատանքային ծրագրով նախատեսված ժամկետներում, ինչպես նաև ծրագրային կամ արտածրագրային ստուգում անցկացնելուց առաջ և դրա անցկացման արդյունքներով, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

28. Յուրաքանչյուր ստուգումից առաջ ընկերության վերստուգող հանձնաժողովի նիստում քննարկվում են առաջիկա ստուգման նախապատրաստման և անցկացման հետ կապված հետևյալ խնդիրները՝

ա) ստուգման օբյեկտի որոշում (հաշվապահական և վիճակագրական հաշվետվություն և այլն),

բ) ստուգումն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի ցանկը, դրանք ստանալու միջոցներն ու աղբյուրները,

գ) այն անձանց ցանկը, որոնց անհրաժեշտ է ներգրավել ստուգումն անցկացնելու համար (բացատրություններ տալու, առանձին հարցեր պարզաբանելու համար),

դ) ստուգման արդյունքների ամփոփման համար վերստուգող հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետի որոշում,

ե) ստուգման արդյունքների ամփոփման վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի նիստին վերստուգող հանձնաժողովի ստուգման արդյունքների մասին տեղեկանքի նախագծի նախապատրաստման համար պատասխանատու վերստուգող հանձնաժողովի անդամի որոշում,

զ) այլ հարցեր:

29. Յուրաքանչյուր ստուգման արդյունքներով անցկացվող ընկերության վերստուգող հանձնաժողովի նիստում քննարկվում են հետևյալ հարցերը՝

ա) ստուգման անցկացման ընթացքում ստացված տեղեկատվության և դրա ստացման աղբյուրների քննարկում,

բ) ստուգման արդյունքների ամփոփում,

գ) ստուգման արդյունքների հիման վրա առաջարկությունների ձևավորում,

դ) ստուգման արդյունքների հիման վրա վերստուգող հանձնաժողովի տեղեկանքի հաստատում և ստորագրում,

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ընկերության կանոնադրության խախտման պատճառների հայտնաբերում և վերլուծություն, դրանց կանխարգելման և վերացման հնարավոր տարբերակների քննարկում,

զ) ստուգմամբ հայտնաբերված խախտումների վերացման անհրաժեշտության, խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ ընկերության կառավարման մարմիններին դիմելու մասին որոշման ընդունում,

է) ստուգման արդյունքների ամփոփման հետ կապված այլ հարցեր:

30. Ընկերության վերստուգող հանձնաժողովի նիստը հրավիրում է վերստուգող հանձնաժողովի նախագահը` սեփական կամ վերստուգող հանձնաժողովի անդամի նախաձեռնությամբ, ինչպես նաև բաժնետերերի ընդհանուր ժողովի, ընկերության խորհրդի որոշմամբ, ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով:

31. Ընկերության վերստուգող հանձնաժողովի նախագահը վերստուգող հանձնաժողովի նիստի նախապատրաստման ընթացքում՝

ա) որոշում է նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը,

բ) նախապատրաստում է նիստի օրակարգի նախագիծը,

գ) կազմում է նիստի օրակարգի հարցերի քննարկման համար անհրաժեշտ նյութերի և փաստաթղթերի (տեղեկատվության) ցանկը,

դ) որոշում է նիստին հրավիրվող անձանց ցանկը,

ե) որոշում է նիստի անցկացման նախապատրաստման հետ կապված այլ հարցեր:

32. Վերստուգող հանձնաժողովի անդամները նիստի անցկացման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան նիստի անցկացումից 5 օր առաջ:

33. Ընկերության գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ընկերության կանոնադրության և այլ ներքին փաստաթղթերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում վերստուգող հանձնաժողովի նախագահը պարտավոր է գումարել վերստուգող հանձնաժողովի նիստ` արտածրագրային ստուգում անցկացնելու հարցը քննարկելու համար:

34. Վերստուգող հանձնաժողովի անդամը, սույն կանոնակարգի 33-րդ կետում նշված խախտումների հայտնաբերման դեպքում, պարտավոր է վերստուգող հանձնաժողովի նախագահին ներկայացնել գրավոր դիմում խախտումների բնույթի և դրանք թույլ տված անձանց մասին, ոչ ուշ, քան դրանց հայտնաբերման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

35. Սույն կանոնակարգի 33-րդ և 34-րդ կետերով նախատեսված դեպքերում վերստուգող հանձնաժողովի նախագահը պարտավոր է գումարել վերստուգող հանձնաժողովի նիստ` հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

36. Վերստուգող հանձնաժողովի նիստը ներառում է հետևյալ փուլերը՝

ա) հանձնաժողովի նախագահի կողմից նիստի բացում,

բ) նիստի քվորումի որոշում,

գ) նիստի օրակարգի նախագծի հրապարակում և օրակարգի հաստատում,

դ) զեկույցներ, հայտարարություններ և հաշվետվություններ` նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ, դրանց քննարկում,

ե) վերստուգող հանձնաժողովի նախագահի կողմից օրակարգի հարցերի գծով որոշման նախագծի ձևակերպում,

զ) նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ քվեարկություն,

է) քվեարկության արդյունքների ամփոփում,

ը) օրակարգի հարցերի մասին վերստուգող հանձնաժողովի որոշումների ընդունում:

37. Վերստուգող հանձնաժողովի նիստը իրավազոր է (ունի քվորում), եթե դրան մասնակցում է ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Քվորումի բացակայության դեպքում վերստուգող հանձնաժողովի նիստը հետաձգվում է, բայց ոչ ավելի, քան 10 օրով:

38. Վերստուգող հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերի մասին որոշումներն ընդունվում են ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

Վերստուգող հանձնաժողովի նիստում հարցերի լուծման ժամանակ վերստուգող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Ձայների հավասարության դեպքում վերստուգող հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

39. Վերստուգող հանձնաժողովի նիստում վերստուգող հանձնաժողովի քարտուղարը վարում է արձանագրություն:

40. Վերստուգող հանձնաժողովի անդամները, վերստուգող հանձնաժողովի որոշման հետ իրենց անհամաձայնության դեպքում, իրավասու են նիստի արձանագրությանը կցել գրավոր հատուկ կարծիք` դրա մասին տեղեկացնելով խորհրդին և բաժնետերերի ընդհանուր ժողովին:

41. Ընկերության վերստուգող հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ պետք է նշվեն`

ա) նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը,

բ) վերստուգող հանձնաժողովի անդամների և նիստին ներկա (հրավիրված) անձանց ցանկը,

գ) նիստի քվորումի մասին տեղեկատվություն,

դ) նիստի օրակարգում ընդգրկված հարցերը,

ե) ելույթների, զեկույցների և հաշվետվությունների հիմնական դրույթներն օրակարգի հարցերի մասին,

զ) քվեարկության արդյունքները,

է) վերստուգող հանձնաժողովի ընդունած որոշումները:

42. Ընկերության վերստուգող հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմվում է 2 օրինակից, նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում և ստորագրվում է ընկերության վերստուգող հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

43. Ընկերությունը պարտավոր է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում պահպանել վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) ներքին փաստաթղթերը, ստուգման մասին տեղեկանքները, եզրակացությունները, աշխատանքային ծրագրերը, վերստուգող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

VIII. ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ


44. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ստուգումներ իրականացնելիս` վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) ղեկավարվում է աշխատանքի հաստատված ծրագրով:

45. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արտածրագրային ստուգումներ իրականացնելիս վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) հիմք է ընդունում ընկերության վերստուգող հանձնաժողովի որոշումը, բաժնետերերի ընդհանուր ժողովի և խորհրդի որոշումները, ինչպես նաև ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջը:

46. Արտածրագրային ստուգումներն սկսվում են այդ ստուգումների իրականացման պահանջը ներկայացվելուց (նախաձեռնելուց) ոչ ուշ, քան 7 օր հետո:

47. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) արտածրագրային ստուգումների արդյունքներն այդ ստուգումների իրականացման նախաձեռնողին է ներկայացնում ստուգումների ավարտից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

48. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման աշխատանքների կազմակերպումը ներառում է՝

ա) նորմատիվ-իրավական բազայի որոշումը, որով կարգավորվում է ընկերության ստուգվող հատվածի (ոլորտի) գործունեությունը,

բ) ընկերության ֆինանսական և տնտեսական փաստաթղթերի, ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունների ցուցանիշների, այլ փաստաթղթերի հավաքագրումը և վերլուծությունը, ստուգվող օբյեկտին վերաբերող գրավոր ու բանավոր պարզաբանումների ստացումը,

գ) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հետ ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության անհամապատասխանության հայտանիշների, ֆինանսական, վիճակագրական և այլ տիպի հաշվետվություններում ու փաստաթղթերում ընկերության գործունեության խեղաթյուրված և անարժանահավատ արտացոլման հայտնաբերումը,

դ) սույն կանոնակարգով ամրագրված` վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) իրավասությունների սահմաններում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության համալիր և օբյեկտիվ ստուգումն ապահովող այլ գործողությունների կատարումը:

49. Ստուգման անցկացման ժամանակ վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) ընկերության կառավարման մարմիններից, առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներից և այլ անձանցից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր ու նյութեր:

Պահանջվող փաստաթղթերը և նյութերն ընկերության վերստուգող հանձնաժողովին (վերստուգողին) պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

50. Ընկերության վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իրավունք ունի ծանոթանալու համապատասխան ստուգման օբյեկտին վերաբերող գրքերին, հաշվառման գրառումներին, ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին և նյութերին:

51. Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողները) ստուգումն անցկացնելու ժամանակ պարտավոր են պատշաճ ձևով ուսումնասիրել ստուգման օբյեկտին վերաբերող բոլոր ստացված փաստաթղթերը և նյութերը:

52. Ընկերության կառավարման մարմինների պաշտոնատար անձինք, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են`

ա) ստուգումն արդյունավետ անցկացնելու նպատակով ստուգողների համար ստեղծել պայմաններ, վերստուգող հանձնաժողովի անդամներին (վերստուգողներին) տրամադրել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերը, ինչպես նաև նրանց պահանջով (բանավոր կամ գրավոր) տալ պարզաբանումներ ու բացատրություններ (բանավոր կամ գրավոր),

բ) օպերատիվ կերպով վերացնել վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից հայտնաբերված բոլոր խախտումները:

IX. ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԻ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ


53. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման ընթացքում վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) ստուգում է`

ա) Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը (բաժնետիրական ընկերությունների մասով),

բ) ընկերությունների գործունեության մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների և նախորդ ստուգումների արդյունքներով կազմված տեղեկանքներում առկա առաջարկությունների կատարումը,

գ) խորհրդի, գործադիր մարմնի որոշումների և կանոնադրության պահանջների կատարումը,

դ) ընկերության գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ընկերության կանոնադրությանը և ներքին փաստաթղթերին,

ե) հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման համապատասխանությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին,

զ) խնայողության ռեժիմի և ֆինանսական կարգապահության պահպանումը,

է) շահութաբաժնի չափի հաշվարկման հիմնավորվածությունը,

ը) ակտիվների և պարտավորությունների գույքագրման արժանահավատությունը,

թ) հաստատված նախահաշիվներին համապատասխան դրամական միջոցների ծախսման օրինականությունը,

ժ) հիմնադրամների կազմավորումը և դրանց նպատակային օգտագործումը,

ժա) այլ օբյեկտներ:

X. ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ


54. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) յուրաքանչյուր ստուգման արդյունքների հիման վրա կազմում է ստուգման մասին տեղեկանք, որը պետք է բովանդակի`

ա) տեղեկանքի կազմման օրը և վայրը,

բ) ստուգման անցկացման ժամկետները և ձևը,

գ) ստուգման հիմքը,

դ) ստուգման նպատակը և օբյեկտը,

ե) հայտնաբերված խախտումները,

զ) նախորդ ստուգումների արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքներում ներկայացված առաջարկությունների կատարման արդյունքները,

է) հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ առաջարկությունները:

55. Ստուգման մասին տեղեկանքն ստորագրում են վերստուգող հանձնաժողովի նախագահը և ստուգումն իրականացրած անդամները (կամ վերստուգողը), ընկերության տնօրենը (կամ նրա հանձնարարությամբ` ֆինանսական գծով փոխտնօրենը) և գլխավոր հաշվապահը:

Առանձնացված ստորաբաժանումներում կատարված ստուգումների մասին տեղեկանքները, հանձնաժողովից (վերստուգողից) բացի, ստորագրում են ստորաբաժանման ղեկավարը (կամ նրա տեղակալը) և գլխավոր (ավագ) հաշվապահը:

56. Տեղեկանքի առանձին դրույթների վերաբերյալ հատուկ կարծիք ունեցող վերստուգող հանձնաժողովի անդամներն իրենց դիրքորոշումը պետք է շարադրեն տեղեկանքին կից փաստաթղթի ձևով:

XI. ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԻ) ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ


57. Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացությունը պետք է բաղկացած լինի 3 մասից՝ ներածական, վերլուծական և եզրափակիչ:

58. Եզրակացության ներածական մասը պետք է բովանդակի`

ա) փաստաթղթի լրիվ անվանումը,

բ) եզրակացության կազմման օրը և վայրը,

գ) ստուգումների անցկացման ժամկետները և վայրը (ոլորտը),

դ) ստուգումների հիմքերը (վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) նախաձեռնությամբ, ժողովի կամ խորհրդի որոշմամբ, քվեարկող բաժնետոմսերի առնվազն  10 տոկոսի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով),

ե) ստուգման նպատակը (ընկերության հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների հավաստիության հաստատումը, կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվության համապատասխանության հաստատումը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին և այլն),

զ) ստուգման օբյեկտները (ընկերության որոշակի գործունեությունը, ֆինանսական և տնտեսական փաստաթղթերը` ներառյալ ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունը և այլն),

է) ընկերության գործունեությունը կարգավորող այն նորմատիվ-իրավական և այլ փաստաթղթերի ցանկը, որոնք օգտագործվել են ստուգումների իրականացման ժամանակ:

59. Վերլուծական մասը պետք է բովանդակի ընկերության ֆինանսատնտեսական վիճակի օբյեկտիվ գնահատականը և ներառի`

ա) ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը, այդ թվում՝

հաշվապահական հաշվառման վարման և հաշվետվությունների, ֆինանսատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի ստուգումների ամփոփ արդյունքները,

ֆինանսատնտեսական գործարքների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման ստուգման ընդհանուր արդյունքները,

բ) ընկերության հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծությունը,

գ) ստուգումների առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկություններ:

60. Եզրակացության եզրափակիչ մասը վերստուգող հանձնաժողովի փաստարկված կարծիքն է և պետք է բովանդակի`

ա) ընկերության հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների հավաստիության հաստատումը,

բ) տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման վարման և հաշվետվության ներկայացման կարգի, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի խախտման փաստերի մասին,

գ) առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ընկերության կանոնադրության և ներքին փաստաթղթերի պահանջների խախտումների պատճառների ու հետևանքների վերացման վերաբերյալ:

61. Ընկերության վերստուգող հանձնաժողովի եզրակացությունն ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Նշված եզրակացությունը ոչ ուշ, քան բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ տրամադրվում է խորհրդին և (կամ) գործադիր մարմնի ղեկավարին, ինչպես նաև մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` դրան կցելով ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների և դրանց վերացման համար ընկերության կառավարման մարմինների կողմից ձեռնարկված միջոցների մասին տեղեկանքը:

62. Եզրակացության առանձին դրույթների վերաբերյալ հատուկ կարծիք ունեցող հանձնաժողովի անդամներն իրենց դիրքորոշումը պետք է շարադրեն եզրակացությանը կից փաստաթղթի ձևով:

63. Ընկերությունը պարտավոր է պահպանել վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացությունը և ապահովել դրան ծանոթանալու՝ բաժնետերերի՝ օրենքով վերապահված իրավունքը:



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 1187-Ն որոշման

Հաստատում  եմ՝
____________________________________________________
           (համապատասխան նախարար, մարզպետ, գերատեսչության ղեկավար)

____________________________________________________

(ստորագրությունը)

_______ ___________________ 200 թ.

Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) աշխատանքային ծրագիր (եռամսյակային բաշխմամբ)
____________________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________________
(լիազորված մարմինը)
__________________________________________
(ծրագրի ընդգրկման ժամանակահատվածը)

NN ը/կ

Ստուգման  օբյեկտները

Եռամսյակները

I
եռամսյակ

II
եռամսյակ

III
եռամսյակ

IV
եռամսյակ

1.

Հայաստանի Հանրապետության  օրենքների և այլ  իրավական ակտերի պահանջների  կատարումը (բաժնետիրական  ընկերությունների  մասով)

 

 

 

 

2.

Ընկերությունների  գործունեության վերաբերյալ   բաժնետերերի ընդհանուր  ժողովի որոշումների  և  նախորդ ստուգումների  արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքներում  առկա  առաջարկությունների   կատարումը

 

 

 

 

3.

Խորհրդի, գործադիր մարմնի  որոշումների  և  կանոնադրության պահանջների   կատարումը

 

 

 

 

4.

Ընկերության կառավարման  մարմինների պաշտոնատար  անձանց գործունեության  համապատասխանությունը  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կազմակերպության կանոնադրությանը և ներքին  փաստաթղթերին

 

 

 

 

5.

Հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական  հաշվետվությունների  կազմման համապատասխանությունը   հաշվապահական հաշվառումը  կարգավորող օրենքների և այլ  իրավական ակտերի  պահանջներին

 

 

 

 

6.

Խնայողության ռեժիմի  և  ֆինանսական  կարգապահության   պահպանումը

 

 

 

 

7.

Շահութաբաժնի չափի  հաշվարկման  հիմնավորվածությունը

 

 

 

 

8.

Ակտիվների և  պարտավորությունների  գույքագրման  արժանահավատությունը

 

 

 

 

9.

Հաստատված նախահաշիվներին  համապատասխան դրամական  միջոցների ծախսման  օրինականությունը

 

 

 

 

10.

Հիմնադրամների  կազմավորումը և դրանց  նպատակային օգտագործումը

 

 

 

 

11.

Այլ  օբյեկտներ, այդ թվում՝

 

 

 

 

ա)

 

 

 

 

 

բ)

 

 

 

 

 

գ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

12.

Նիստերի թիվն ըստ  եռամսյակների

 

 

 

 

Ծրագիրը հաստատման է ներկայացվել

Վերստուգող հանձնաժողովի նախագահ (վերստուգող)

____   _____________ 200  թ.

___________________

___________________

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան