Գլխավոր տեղեկություն
Համար
N 996-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2006-16.08.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.03/14(47) Հոդ.907
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 996-Ն

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի և 20-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները` համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնի և գործատուի միջև կնքվող աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրի, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի և աշխատավարձի փոխհատուցման ծրագրով աշխատող անմրցունակ անձանց մասին գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքի ձևերը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 18
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 996-Ն որոշման




ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) զբաղվածության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ տարածքային կենտրոն) կողմից աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագրում (այսուհետ՝ փոխհատուցման ծրագիր) ընդգրկված` աշխատաշուկայում անմրցունակ աշխատանք փնտրող անձանց (այսուհետ՝ անմրցունակ անձ) հետ կապված հարաբերությունները:

2. Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

3. Փոխհատուցման ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` զբաղվածության ամենամյա պետական ծրագրի համար հատկացված միջոցների հաշվին:

4. Աշխատավարձի փոխհատուցումը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար: Ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով աշխատած օրերի թվով: Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց ժամանակավոր անաշխատունակության, ոչ աշխատողի մեղքով պարապուրդի և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար փոխհատուցում չի տրամադրվում:

5. Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

6. Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իսկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով:

7. Աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի աշխատավարձի փոխհատուցման գումարը յուրաքանչյուր ամիս` վճարման հանձնարարականով, փոխանցվում է գործատուի բանկային հաշվի համարին:

8. Աշխատավարձի փոխհատուցումը դադարեցվում է`

ա) սույն կարգի 13-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում.

բ) սույն կարգի 6-րդ կետում նշված փոխհատուցման ծրագրի ժամկետը լրանալու դեպքում:


II. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
 

9. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը տարածքային կենտրոնի վարչական շենքի տեսանելի վայրում տեղադրում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվող փոխհատուցման ծրագրի մասին` նշելով ծրագրի նպատակը, ուղղվածությունը, փոխհատուցվող գումարի չափը և ծրագրում ընդգրկման ենթակա անմրցունակ անձանց խմբերը:

10. Փոխհատուցման ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն:

11. Եթե փոխհատուցման ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի` տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությամբ հաշմանդամին և առավել երկար ժամկետով հաշվառված անմրցունակ մյուս անձանց:

12. Տարածքային կենտրոնը թափուր աշխատատեղի համար պահանջվող աշխատողի հայտ ներկայացրած գործատուի հետ փոխհատուցման ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց մասնակցությամբ բանակցում է անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելու և նրանց աշխատավարձը փոխհատուցելու հարցերով:

Բանակցությունների արդյունքում գործատուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագիր` այն անմրցունակ անձանց համար, որոնց գործատուն համաձայնել է ընդունել աշխատանքի:

13. Գործատուն անմրցունակ անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ գործատուի և տարածքային կենտրոնի միջև կնքված աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրում նշված պայմաններով և գործողության ժամկետով:

14. Գործատուն պայմանագիրը կնքելուց հետո 5 օրվա ընթացքում պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն:

15. Տարածքային կենտրոնը գործատուի հետ կնքած պայմանագրի օրինակը և աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց ցուցակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գործակալություն:

Աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց ցուցակում նշվում է անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անմրցունակ անձի խումբը, կրթությունը և աշխատանքային ստաժը:


III. ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
 

16. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում իր մոտ սույն կարգի 13-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրով աշխատող անմրցունակ անձանց մասին:

17. Գործատուից ստացած` սույն կարգի 16-րդ կետում նշված տեղեկանքի հիման վրա տարածքային կենտրոնը կազմում և մինչև տվյալ ամսվա 5-ը գործակալություն է ներկայացնում ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց աշխատավարձի փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ` ըստ գործատուների կազմված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:

18. Գործակալությունը տարածքային կենտրոններից ստացված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և հիմնադրամ է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների ամփոփված փոխհատուցման ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:

19. Հիմնադրամը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:

20. Աշխատակազմը սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո այն 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է գործատուի բանկային հաշվի համարին:


IV. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
 

22. Տարածքային կենտրոնը փոխհատուցման ծրագրի գրանցամատյանում կատարում է փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձի հաշվառում` նշելով`

ա) անձի անունը, ազգանունը և հայրանունը.

բ) ծննդյան տարեթիվը.

գ) անմրցունակ անձի խումբը.

դ) հաշվառման քարտի համարը.

ե) աշխատանքի ընդունած գործատուի լրիվ անվանումը, իսկ ֆիզիկական անձ գործատուի դեպքում` անունը, ազգանունը.

զ) աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրի վավերապայմանները.

է) գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վավերապայմանները.

ը) անձի զբաղեցրած պաշտոնը կամ աշխատանքի տեսակը.

թ) ծրագրի տևողությունը.

ժ) աշխատավարձի չափը.

ժա) փոխհատուցվող գումարի չափը՝ ըստ ամիսների:

23. Գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու օրվանից տարածքային կենտրոնը դադարեցնում է գործազրկության նպաստի իրավունք ունեցող անմրցունակ անձի գործազրկության նպաստի վճարումը և գործազուրկի կարգավիճակը:

24. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև գործատուի կողմից նպատակային չօգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
 

25. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացնում գործակալության պետին փոխհատուցում ստացած գործատուների, փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց, տրամադրված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ:

26. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում ամփոփ հաշվետվություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և հիմնադրամ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան