Գլխավոր տեղեկություն
Համար
N 8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.10.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 1996 թ. N 8

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման ԵՎ լեռնային հսկողության վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության խորհրդի անդամների թվաքանակը` 7 անդամ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության մասին» N 427 որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
հունվարի 10-ի N 8 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման ԵՎ լեռնային հսկողության վարչության (Հայլեռտեխհսկողություն)

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը (այսուհետև` գերատեսչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որը պետական տեխնիկական հսկողություն է իրականացնում հանրապետության տնտեսության օբյեկտներում աշխատանքների անվտանգ կատարման, իր իրավասության սահմաններում ընդերքի պահպանման և օգտակար հանածոների հանքավայրերի արդյունավետ օգտագործման նկատմամբ, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը (այսուհետև` վերադաս պետական կառավարման մարմին):

Գերատեսչությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի, դրա հեռանկարային զարգացման, ձեռնարկություններում ու կազմակերպություններում հսկողական աշխատանքի ժամանակին և ճիշտ կազմակերպման համար:

Գերատեսչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Գերատեսչության խնդիրներն ու գործառույթները

 

2. Գերատեսչության գլխավոր խնդիրներն ու գործառույթներն են`

ա) հսկողական-կանխարգելիչ աշխատանքի կազմակերպումն արտադրության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և օգտակար հանածոների հանքավայրերի արդյունավետ օգտագործման բնագավառներում.

բ) գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների հիման վրա արտադրության մեջ անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման պահանջների սահմանումը և կատարելագործումը.

գ) աշխատանքների անվտանգության մակարդակի գնահատումը, փորձաքննության կազմակերպումը, հսկողության ենթակա օբյեկտների ստեղծման և շահագործման համար թույլտվություն տալը.

դ) հսկողության ենթակա օբյեկտների անվտանգ շահագործման գծով նախարարությունների, գերատեսչությունների, պետական և ոչ պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետ կատարման նկատմամբ հսկողությունը.

ե) ձեռնարկություններում տեխնիկական ուսուցման կազմակերպման և աշխատողների գիտելիքների ստուգման նկատմամբ հսկողության իրականացումը, արտադրությունն սպասարկող անձնակազմի` անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով վերապատրաստումը.

զ) մասնակցությունն աշխատանքի անվտանգ կազմակերպման, բնական և տեխնոլոգիական աղետների կանխման, օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ ու արդյունավետ շահագործման գծով հանրապետական և տարածքային ծրագրերի մշակմանն ու ներդրմանը.

է) համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և ԱՊՀ անդամ պետությունների հետ աշխատանքների անվտանգ կատարման և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման հսկողության բնագավառներում:

3. Գերատեսչությունը պետական տեխնիկական հսկողություն է իրականացնում լեռնահանքային, ոչ հանքային, մետաղագործական, քիմիական, նավթաքիմիական, էներգետիկ, պարենի և մթերումների, սննդի, թեթև արդյունաբերության, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ՌԱՀ-ի հետ) հրդեհապայթյունավտանգ արտադրությունների, երկրաբանահետախուզական աշխատանքների, բոլոր տեսակի հիդրոտեխնիկական կառույցների ու թունելաշինական օբյեկտների հորատապայթեցման աշխատանքների կատարման նկատմամբ, կաթսայատեղակայանքների, ամբարձիչ սարքավորումների, ճնշման տակ աշխատող անոթների, գազի տնտեսության և ջրային փոխադրամիջոցների շահագործման ժամանակ: Նշված օբյեկտներում պետական տեխնիկական հսկողությունն իրականացվում է պետական և ոչ պետական ձեռնարկություններում` դրանց հիմնադրման, շահագործման, տեղափոխման ու կոնսերվացման բոլոր փուլերում կատարվող աշխատանքների կատարման նկատմամբ:

4. Լեռնահանքային և ոչ հանքային արդյունաբերության, երկրաբանահետախուզական աշխատանքների, հիդրոտեխնիկական շինությունների կառուցման ու շահագործման, ինչպես նաև ընդերքի պահպանման և օգտագործման բնագավառներում գերատեսչության խնդիրներն են`

ա) հսկողությունը`

կառուցվող, վերակառուցվող և շահագործվող ստորերկրյա հանքահորերում, բաց հանքերում, հարստացուցիչ ֆաբրիկաներում, թունելներում, բոլոր տեսակի հիդրոտեխնիկական շինություններում, երկրաբանահետախուզական արշավախմբերում և ոչ լեռնային բնույթի այլ օբյեկտներում սարքավորումների անվտանգ շահագործման, լեռնային և պայթեցման աշխատանքների անվտանգ կատարման, փոշեգազային, հակահրդեհային, օդափոխիչ համակարգերի ռեժիմների պահպանման, գազադինամիկ երևույթների ու լեռնահարվածների կանխման, ոչ արդյունահանման նպատակներով լեռնային փորվածքների ու ստորերկրյա դատարկությունների օգտագործման, լեռնային աշխատանքների անվտանգ կատարման սահմանների ճշտության, մարդկանց առողջության, շրջակա միջավայրի, շենքերի և կառուցվածքների վրա այդ աշխատանքների վնասակար ազդեցության, ինչպես նաև հանքահորերում ստորերկրյա դատարկություններում ջրի ներխուժումների կանխման միջոցառումների ճշտության և ժամանակին իրականացման նկատմամբ.

իր իրավասության սահմաններում հանքային հումքի (այդ թվում` հիդրոմիներալային ռեսուրսների) հարստացման ու վերամշակման տեխնոլոգիական գործընթացների, ինչպես նաև հարստացուցիչ ֆաբրիկաների պոչամբարային տնտեսությունների պահպանության, դրանց անվտանգ շահագործման պահանջների կատարման, լեռնահանքային ձեռնարկությունների կամ դրանցում առանձին լեռնային փորվածքների, նավթի ու գազի, հանքային ջրերի հորատանցքերի փակման և կոնսերվացման ճշտության նկատմամբ.

ռազմականացված լեռնափրկարար զորամասերի և դրանց ստորաբաժանումների գործունեության նկատմամբ. արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների հաշվառման, պահպանման և օգտագործման նկատմամբ.

գազի և փոշու խտության գծով հանքերի համապատասխան կատեգորիաների սահմանման, գազի հանկարծակի արտանետվածքների ու լեռնահարվածների գծով վտանգավորների շարքը դրանց դասման, հանքերի` գազայնության գծով մեկ կատեգորիայից մյուսը փոխադրման հաստատման նկատմամբ.

բ) թույլտվությունը`

օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման, լեռնային փորվածքներում և ստորերկրյա դատարկություններում տնտեսական օբյեկտների շինարարության համար.

պայթեցման աշխատանքների կատարման համար:

Ղեկավար ինժեներատեխնիկական աշխատողներին տալիս է լեռնային և պայթեցման աշխատանքների կատարման իրավունք.

գ) լեռնահատկացման ակտի տրամադրումը.

դ) հանքավայրերի մշակման նորմատիվ փաստաթղթերի, նախագծերի, լեռնային աշխատանքների զարգացման պլանների, արդյունահանման ժամանակ իր իրավասության սահմաններում օգտակար հանածոների կորուստների և աղքատացման նորմատիվների համաձայնեցումը:

5. Քիմիական, նավթաքիմիական, մետաղագործական, սննդի, թեթև, պարենի արդյունաբերության մեջ և մթերող ձեռնարկություններում գերատեսչության խնդիրներն են`

ա) հսկողությունը`

տեխնոլոգիական սարքավորումների անվտանգ շահագործման, տեխնոլոգիական գործընթացների` կանոնակարգով և տեխնիկական հրահանգներով սահմանված պարամետրերի պահպանման և դրանց կատարելագործման նկատմամբ.

հրդեհապայթյունավտանգ արտադրությունների` ըստ պայթյունավտանգության մակարդակի դասակարգման և այդ արտադրությունները մեկ կատեգորիայից մյուսը փոխադրելու ճշտության նկատմամբ.

հրդեհապայթյունավտանգ արտադրությունների հուսալի էներգամատակարարման, էներգետիկ սարքավորումների և շանթարգելային համակարգերի անվտանգ շահագործման ու նորոգման նկատմամբ:

Հրդեհապայթյունավտանգ արտադրությունների` հակավթարային ավտոմատ պաշտպանիչ համակարգերով ու չափիչ-ստուգիչ սարքերով համալրման և դրանց անխափան շահագործման նկատմամբ.

բնագավառի ձեռնարկությունների, արդյունաբերական կոյուղիների, սարքավորումների, տեխնոլոգիական հետադարձ ջրամատակարարման համակարգերի, գազի արտանետումների այրման և օգտաբերման կայանների նկատմամբ.

հեղուկ քլորի տեղափոխման, պահպանման և օգտագործման նկատմամբ.

համագործարանային և արտադրամասային օդափոխման համակարգերի, պոմպային, ճնշակային (կոմպրեսորային) կայանների և սառցարանային կայանքների նկատմամբ.

ռազմականացված գազափրկարար ջոկատների աշխատանքների նկատմամբ.

բ) քիմիայի բնագավառի պետական և ոչ պետական ձեռնարկությունների` ճնշման տակ աշխատող անոթների ու խողովակաշարերի գրանցումը և դրանց անվտանգ շահագործման ու նորոգման հսկումը:

6. Ջերմաէներգետիկ համակարգի ձեռնարկությունների և ամբարձիչ կառուցվածքների անվտանգ շահագործման գծով գերատեսչության խնդիրներն են`

ա) հսկողությունը պետական և ոչ պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների շոգեկաթսաների, ջրատաքացուցիչ կաթսաների (անկախ դրանց պարամետրերից), 0,7 կգ/սմ. քառ.-ից բարձր մթնոլորտային ավելցուկային ճնշման տակ աշխատող անոթների, գոլորշու և տաք ջրի խողովակաշարերի, գլանանոթների (բալոնների) լցավորման կայանների և դրանց փորձարկման կետերի, բեռնաբարձ կռունկների, վերելակների, շարժասանդուղքների, ամբարձիչների և կախովի ճոպանուղիների պատրաստման, նորոգման և անվտանգ շահագործման նկատմամբ.

բ) սույն կանոնադրության 6-րդ կետի «ա» ենթակետում նշված օբյեկտների գրանցումը, դրանց պատրաստման, նորոգման և շահագործման համար թույլտվություն տալը:

Գերատեսչությունը սույն կանոնադրության 6-րդ կետին համապատասխան հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր պետական, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից, և ոչ պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ներքին գործերի նախարարության ձեռնարկությունների:

7. Գազի տեղափոխման, պահպանման և օգտագործման բնագավառում գերատեսչության խնդիրներն են`

ա) հսկողությունը`

մայրուղային, քաղաքային, գյուղական և այլ բնակավայրերի գազատարների, բոլոր ձեռնարկությունների ու օբյեկտների (անկախ սեփականության ձևից) գազացանցերի, դրանց վրա տեղադրված ճնշակային կայանների, գազաբաշխիչ, էլեկտրապաշտպանիչ կառույցների, գազակարգավորիչ սարքավորումների, հասարակական սննդի, կոմունալ-կենցաղային օբյեկտներում, բնակելի և հասարակական շենքերում տեղակայված կենցաղային գազասարքերի, այդ շենքերը սնող ցածր ճնշման գազատար մուտքագծերի նախագծման, շինարարության, կարգաբերման և շահագործման նկատմամբ.

ստորերկրյա գազապահեստարանների, հեղուկ (պրոպան-բութան) գազի լցավորման կայանների ու կետերի, սեղմված (բնական), հեղուկ (պրոպան-բութան) գազերի անշարժ ու շարժական լցավորման կայանների և կետերի նկատմամբ.

գազասարքերի արտադրությամբ զբաղվող պետական և ոչ պետական ձեռնարկությունների, հեղուկ (պրոպան-բութան), սեղմված (բնական) գազերով աշխատող ավտոմեքենաների, գազագլանանոթային սարքավորումների, մետաղների` գազով կտրման կետերի նկատմամբ.

բ) պետական և ոչ պետական ձեռնարկությունների գազի օբյեկտների գրանցումը և դրանց նախագծման, շինարարության, նորոգման, կարգաբերման և շահագործման համար թույլտվություն տալը:

8. Գերատեսչությունն ապահովում է նաև բոլոր տեսակի ջրային փոխադրամիջոցների անվտանգ շահագործման և նորոգման նկատմամբ տեխնիկական հսկողությունն ու դրանց հաշվառումը, տալիս դրանց շահագործման թույլտվություն, ստուգում նշված փոխադրամիջոցները շահագործող անձնակազմերի գիտելիքները և մեքենայացված լողամիջոցների վարման համար տալիս վկայական:

Նշված հսկողությունն ու հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության լճերում և ջրավազաններում լողացող` պետական և ոչ պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող ջրային փոխադրամիջոցների նկատմամբ:

9. Արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս գերատեսչության մարմինները`

ա) իրենց իրավասության մեջ մտնող հարցերի գծով ցանկացած ժամանակ կատարում են ստուգումներ հսկողության ենթակա ձեռնարկություններում և կազմակերպություններում.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարություններ, գերատեսչություններ և պետական կառավարման տարածքային մարմիններին ներկայացնում են առաջարկություններ իրենց ենթակայության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքների անվտանգ կատարման, պայթուցիկ նյութերի և ընդերքի օգտագործման կանոնների ու նորմերի խախտումների և դրանք ծնող պատճառների վերացման վերաբերյալ.

գ) մասնակցում են հսկողության ենթակա ձեռնարկություններն ու օբյեկտները շահագործման ընդունող պետական հանձնաժողովների աշխատանքներին.

դ) նախարարություններից, գերատեսչություններից, գիտահետազոտական հիմնարկներից և բարձրագույն ուսումնական հաստատություններից ներգրավում են մասնագետ-փորձագետների` հսկողության ենթակա օբյեկտների անվտանգությանն ու ընդերքի օգտագործմանը վերաբերող նյութերի փորձաքննությանը մասնակցելու համար.

ե) հսկողության ենթակա արդյունաբերական ձեռնարկությունների համար մեքենաներ և սարքավորումներ արտադրող ձեռնարկություններ ներկայացնում են առաջարկություններ սարքավորումների պատրաստման ու մոնտաժման գործում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ կամ արգելում են դրանց կիրառումը.

զ) շահագրգիռ կողմերի հետ համատեղ արգելում են օգտակար հանածոների հանքավայրերի տարածքներում ինքնակամ կառուցապատումները.

է) հսկողության ենթակա օբյեկտներում անցկացնում են արտադրական վնասվածության և վթարների, ինչպես նաև պայթուցիկ նյութերի հափշտակման ու կորուստների դեպքերի տեխնիկական հետազոտություններ, դրանց արդյունքների հիման վրա կազմում համապատասխան ակտեր, եզրակացություններ, ընդունում որոշումներ, մեղավոր անձանց վերաբերյալ նյութերն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում իրավապահ մարմիններին` նրանց համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար.

ը) ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին տալիս են կարգադրագրեր, առաջարկություններ ու ցուցումներ այն աշխատանքների դադարեցման վերաբերյալ, որոնք կատարվում են անվտանգության տեխնիկայի, ինչպես նաև ընդերքի օգտագործման կանոնների խախտումներով: Մարդկանց կյանքին վտանգ սպառնացող վթարային իրավիճակների դեպքում անմիջապես դադարեցնում են աշխատանքները, արտադրությունից դուրս բերում մարդկանց.

թ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարներին ներկայացնում են առաջարկություններ անվտանգության տեխնիկայի, ընդերքի օգտագործման կանոններն ու նորմերը պարբերաբար խախտող անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով չուսուցանված, քննություններ չհանձնած, աշխատանքները ղեկավարելու համապատասխան տեխնիկական մասնագիտություն չունեցող մարդկանց բուն արտադրության մեջ աշխատելն արգելելու վերաբերյալ.

ժ) Հայաստանի Հանրապետության նախարարություններ, գերատեսչություններ, պետական կառավարման տարածքային մարմիններին, ձեռնարկություններ ու կազմակերպություններ ներկայացնում են տեղեկատվություն հսկողության ենթակա օբյեկտների աշխատանքների անվտանգության և ընդերքի օգտագործման մասին, այդ նպատակով օգտագործելով նաև զանգվածային լրատվության միջոցները.

ի) անվտանգության տեխնիկայի, ընդերքի օգտագործման կանոնների խախտման համար օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական տույժեր են կիրառում հսկողության ենթակա օբյեկտների պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ:

10. Ձեռնարկությունները, հիմնարկները, պետական կառավարման տարածքային մարմինները գերատեսչության մարմիններին ապահովում են ծառայողական շենքերով, կապի միջոցներով, ինչպես նաև արտադրական վթարների, դժբախտ պատահարների քննության և օբյեկտների տեխնիկական զննման ժամանակ գերատեսչության աշխատողներին տրամադրում են տրանսպորտ և պաշտպանական միջոցներ:

 

III. Գերատեսչության աշխատանքի կազմակերպումը

 

11. Գերատեսչության համակարգն իր ենթակայության ճյուղային ու տարածքային տեսչությունների ամբողջությունն է:

12. Գերատեսչությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, նախարարությունների ու գերատեսչությունների հետ իրականացնում գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

13. Գերատեսչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության և վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթներ: Գերատեսչությունն իր տարածքային տեսչություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

14. Գերատեսչությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է իր և հսկողության ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) վերադաս պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելով, մյուս գերատեսչությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, մշակում է օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք, վերադաս պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելով, ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է գերատեսչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը:

15. Գերատեսչությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

16. Գերատեսչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով համապատասխան նախարարի հետ:

Գերատեսչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով համապատասխան նախարարի ու գերատեսչության պետի հետ:

17. Գերատեսչության պետը`

ա) պատասխանատվություն է կրում գերատեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է պետի տեղակալի, բաժինների պետերի ու գերատեսչության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի կազմակերպությունների գործունեության համար.

գ) վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը.

դ) առաջարկում է գերատեսչության խորհրդի անդամների թվաքանակը և, պետական կառավարման վերադաս մարմնի հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը.

ե) կազմակերպում և ղեկավարում է գերատեսչության խորհրդի նիստերը:

18. Գերատեսչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալը:

19. Գերատեսչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են պետը (նախագահ), պետի տեղակալը` ի պաշտոնե, գերատեսչության այլ ղեկավար աշխատողներ:

20. Գերատեսչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և գերատեսչության գործունեության այլ հարցեր, քննարկում հսկողության ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` իր իրավասությանը վերաբերող, ինչպես նաև ոլորտի գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների, հրահանգների նախագծերը, լսում գերատեսչության կենտրոնական ապարատի և կառուցվածքային մյուս ստորաբաժանումների հաշվետվությունները:

Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով: Պետի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով պետական կառավարման վերադաս մարմնին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել պետական կառավարման վերադաս մարմնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

21. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու համար գերատեսչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից: Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է վերադաս պետական կառավարման մարմինը:

22. Գերատեսչությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

23. Պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ գերատեսչությունը ստեղծում, վերակազմում և լուծարում է իր համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

24. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:

25. Գերատեսչությունն իրականացնում է համակարգի կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և դրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

26. Գերատեսչության ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական կառավարման վերադաս մարմնի միջոցով:

27. Գերատեսչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` գերատեսչության համակարգի և հսկողության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
հունվարի 10-ի N 8 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը

1. Միջճյուղային հսկողության և տեխնիկական տեղեկատվության բաժին

2. Օգտակար հանածոների հանքավայրերի պահպանման և շահագործման հսկողության բաժին

3. Տեխնիկական նորմատիվ ակտերի մշակման բաժին

4. ֆինանսատնտեսական բաժին

5. Անալիտիկ տեղեկատվական բաժին

(Կառուցվածքը լրաց. 30.09.98 N 572)