Գլխավոր տեղեկություն
Համար
N 958-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2006-19.09.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.883
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.09.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2006 թվականի N 958-Ն

ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնաիրային օգնության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 12
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 22-ի N 958-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով (այսուհետ` գործակալություն) միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները և սույն կարգի դրույթները չեն տարածվում այլ իրավական ակտերով կարգավորվող բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա:

2. Որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնությունը (այսուհետ` բնաիրային օգնություն) տրամադրվում է նպատակային և հասցեական` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին` նրանց հիմնական պահանջմունքների բավարարման համար:

3. Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձևով:

4. Գործակալությունը բնաիրային օգնության տրամադրման ժամանակ համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ:

5. Յուրաքանչյուր բնաիրային օգնության տրամադրման համար հաստատվում է բնաիրային օգնության ծրագիր` գործընթացն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:

 

II. ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

6. Բնաիրային օգնության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`

ա) ծրագրի անվանումը և նպատակները.

բ) բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը (համաձայնությամբ).

գ) ծրագրի իրականացման մյուս մասնակից և պատասխանատու կազմակերպությունների անվանումները.

դ) ծրագրի իրականացման վայրը (մարզ, համայնք, բնակավայր).

ե) մեկ բաժին օգնության նկարագիրը (տեսականի, չափի միավոր, մեկ չափաբաժնի պարունակություն).

զ) բնաիրային օգնության ծրագրի ընդհանուր ծավալը (չափաբաժինների թիվը).

է) հաճախորդների թիվը և տրամադրման հիմքը.

ը) ծրագրի ժամկետները` սկիզբը և ավարտը:

7. Ծրագիրը հաստատում է.

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, որպես սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ծրագիրն իրականացնելիս` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության լիազոր ներկայացուցչի կամ ֆիզիկական անձի հետ (համաձայնությամբ) համատեղ.

բ) տարածքային կառավարման մարմնի հետ ծրագիրն իրականացնելիս` Հայաստանի Հանրապետության մարզպետը (Երևանի քաղաքապետը) կամ Հայաստանի Հանրապետության մարզպետը (Երևանի քաղաքապետը)` բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության լիազոր ներկայացուցչի կամ ֆիզիկական անձի հետ (համաձայնությամբ) համատեղ:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված համապատասխան մարմինը հաստատում է բնաիրային օգնության տեղափոխման, բեռնաթափման, պահեստավորման, պահպանման և բաշխման աշխատանքների իրականացման կարգը և սահմանում պատասխանատուներին:

9. Ծրագրի հաճախորդների հիմնական ցուցակով բաշխման աշխատանքների ավարտից հետո գործակալությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում` սույն կարգի 7-րդ կետով նախատեսված համապատասխան մարմին է ներկայացնում ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն, որը պարունակում է տեղեկատվություն բնաիրային օգնության` ստացված, բաշխված և չբաշխված քանակների մասին, ինչպես նաև բնաիրային օգնությունը չստացած հաճախորդների ցանկը:

10. Ծրագրի ավարտից հետո չբաշխված բնաիրային օգնության տրամադրման համար հաճախորդների ցանկը կազմվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ` գործակալության պետի կողմից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

III. ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Գործակալությունը, ծրագրի իրականացման մյուս մասնակից կազմակերպությունները բնաիրային օգնության ծրագրի իրականացումից առնվազն 10 օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում են բնակչությանը` նշելով ծրագրի իրականացման ժամկետները, դիմելու կարգը և հաճախորդների շրջանակը:

12. Բնաիրային օգնությունը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք բնաիրային օգնությունը տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.08.2015, N 984-Ն 19.09.2015, N 958-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան