Գլխավոր տեղեկություն
Համար
N 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.03.1998-03.09.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.1995
Ստորագրող մարմին
Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 1995 թվականի N 116

 

քաղ. Երևան

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` բռնադատվածներին կենսաթոշակ նշանակելիս բռնադատվածի (սկսած 14 տարեկանից) ազատազրկման, աքսորի և արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ անօրինական կարգով բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամկետները մտցնել տարիքային արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մեջ` եռակի չափով, պահպանելով նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 և 20 հոդվածների պահանջները:

Բռնադատվելու հետևանքով անաշխատունակ դարձած անձինք, անկախ աշխատանքային ստաժից, ապահովվում են աշխատանքային կենսաթոշակով` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով:

2. Բոլոր կարգի գործատուները (անկախ սեփականության ձևից), ինչպես նաև համապատասխան պետական մարմինները բռնադատվածների պահանջով պարտավոր են նրանց ապահովել կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերով:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` վերականգնել բռնադատվածի զինվորական և հատուկ կոչումները` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումների հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովին` վերականգնել բռնադատման հետևանքով գիտական աստիճաններից զրկված բռնադատվածի գիտական աստիճանները` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումների հիման վրա:

5. Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) բնակտարածությունը կորցրած բռնադատվածին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով հողամաս հատկացնել նախկին բնակության վայրում` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով ու չափերով:

Բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար սահմանված արտոնյալ պայմաններով վարկը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով.

բ) բռնադատվածներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն` կապված կենսաթոշակային, աշխատանքային, բնակարանային և այլ արտոնությունների իրականացման հետ:

6. (կետն ուժը կորցրել է 10.02.98 N 77)

7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձավճարից ազատվելու` բռնադատվածներին օրենքով վերապահված արտոնության գծով ծախսերը փոխհատուցվում են համապատասխան տեղական բյուջեի միջոցների հաշվին:

8. Բռնադատվածներին մեկ հավելյալ սեփականաշնորհման սերտիֆիկատ ստանալու իրավունքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. (կետն ուժը կորցրել է 10.02.98 N 77)

10. Սահմանել, որ դեղորայքի արժեքը 50 տոկոս զեղչով վճարելու` բռնադատվածներին օրենքով վերապահված արտոնության գծով ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին: Բռնադատվածին տրված դեղատոմսի վրա դրվում է բժշկական հիմնարկի գլխավոր բժշկի ստորագրությունը և հաստատվում հիմնարկի կնիքով:

11. Սահմանել, որ բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվող միանվագ դրամական փոխհատուցումը` վճարման պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկի չափով, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բռնադատվածի ներկայիս բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքի միջոցով:

(11-րդ կետը փոփ. 27.06.97 N 228)

12. Այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի կամ մահացել է ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո, սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետով և 7-րդ կետով նախատեսված արտոնություններից օգտվում են բռնադատվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված առաջին հերթի ժառանգները:

13. Բռնադատվածները և նրանց առաջին հերթի ժառանգները օրենքով նախատեսված արտոնություններից օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» N 551 որոշմամբ սահմանված ձևերի` բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի վկայականի կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի առաջին հերթի ժառանգների վկայականի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ