Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-639
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1980 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 

16 հունիսի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագայում ստորագրված` Արդարադատության միջազգային մատչելիության մասին կոնվենցիայում (կից վերապահումներով և հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Կոնվենցիայի նպատակն է մասնակից պետությունների քաղաքացիներին և դրանց տարածքներում սովորաբար բնակվող անձանց իրավական օգնություն տրամադրելու միջոցով դյուրացնել արդարադատության միջազգային մատչելիությունը:

Ըստ կոնվենցիայի՝ նշված անձանց՝ յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում քաղաքացիական և առևտրային գործերով դատական ընթացակարգերում իրավական օգնություն տրամադրվում է ազգային ռեժիմով:

Իրավական օգնության վերաբերյալ ներկայացված դիմումներն ստանալու և ընթացք տալու համար մասնակից պետությունները պետք է ստեղծեն ինստիտուցիոնալ կառույց` Կենտրոնական մարմին:

Իրավական օգնության համար դիմումները փոխանցվում են առանց որևէ այլ իրավասու մարմնի միջամտության՝ կոնվենցիայով նախատեսված նմուշի ձևով կամ դիվանագիտական ուղիներով: Իրավական օգնության համար դիմումների փոխանցման, ընդունման կամ դրանց վերաբերյալ որոշում կայացնելու համար որևէ վճարում չի կատարվում: Նշված դիմումները պետք է քննարկվեն անհապաղ:

Կոնվենցիան առանձնացնում է այն կոնկրետ իրավահարաբերությունները, որոնց առնչությամբ միայն մասնակից պետությունները կարող են  հայտարարությամբ հանդես գալ կամ վերապահում անել:

Համաձայն կոնվենցիայի` այն իրավահարաբերություններ կառաջացնի միացած պետության և միայն այն Պայմանավորվող պետությունների միջև, որոնք սահմանված կարգով առարկություններ չեն ներկայացրել նրա միանալու դեմ:

Կոնվենցիան ունի  հավելվածներ:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի վերաբերյալ ներկայացրել է հայտարարություն և վերապահում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագայում ստորագրված` Արդարադատության միջազգային մատչելիության մասին կոնվենցիայում (կից վերապահումներով և հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


16 հունիսի 2006 թվականի
 ՍԴՈ-639

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան